
Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր չեն լինի. Տիգրան Սարգսյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հերքում է, թե Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևը գրավոր հատուկ կարծիք է թողել Մաքսային Միությանն անդամակցելու` Հայաստանի ճանապարհային քարտեզում: Այդ մասին նա այսօր հայտարարեց լրատվամիջոցների հետ տարեմուտյան հանդիպման ժամանակ: Տ. Սարգսյանն ասաց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Ճանապարհային քարտեզում Ղազախստանի կողմից գրավոր առարկություն չի ստացել:
Սակայն Տ. Սարգսյանը փաստեց, որ Մոսկվայում Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը ստորագրելիս Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվել է: Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հարցմանը Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետեր չկան և չեն լինելու: Դրանից հետո ստորագրվել է հուշագիր, 4 երկրների նախագահները հավանության են արժանացրել Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհայինն քարտեզը: Ըստ Տ. Սարգսյանի՝ Մաքսային Միությանն անդամակցումը տնտեսական գործընթաց է, ու չպետք է այն անհարկի քաղաքականացնել: Ոչ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, ոչ էլ Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցելիս Լեռնային Ղարաբաղի հարցը չեն շոշափել:
Ավելի վաղ ռուսական ITAR-TASS գործակալությանը տված հարցազրույցում Նուսուլթան Նազարբաևն ասել է, թե պետք է հստակեցնել, թե Հայաստանով որտեղ է անցնելու Մաքսային Միության սահմանը, այդ պատճառով նա կստորագրի Ճանապարհայինն քարտեզը, սակայն հատուկ կարծիքով:
Մեկնաբանել