Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որը տևել է շուրջ երեքուկես ժամ: Ասուլիսին մասնակցել են ավելի քան 50 զանգվածային լրատվության միջոցի գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 5 տասնյակ հարց:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ անմիջականորեն շփվելու, ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու այս հնարավորության համար: Ուրախ եմ նաև, որ դահլիճում գտնվում են ոչ միայն հայտնի լրագրողներ զանգվածային լրատվական դաշտից, փորձառու, հայտնի դեմքեր, այլ նաև ապագա լրագրողներ, որոնց համար սա հնարավորություն է նաև ավագ գործընկերներից սովորելու, թե ինչ է ժամանակի լրագրողի աշխատանքը և այսպիսի միջոցառումներն ինչպես են անցկացվում:
Համեցեք, կարող ենք անմիջապես անցնել հարցերին:
«Շանթ» հեռուստաընկերություն հեռուստաընկերություն հեռուստաընկերություն-Պարոն վարչապետ, Դուք կառավարություն եկաք 2008 թվականին, երբ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանի բնակչության 20 տոկոսը աղքատ էր, իսկ այժմ, նույնպես պաշտոնական տեղեկության համաձայն, բնակչության ավելի քան 30 տոկոսն է աղքատության պայմաններում ապրում: Դա հաշվի առնելով ինչպե՞ս կարելի է բացատրել ձեր նախարարների լավատեսությունը և նվաճումների մասին ամենամյա զեկուցումները, որոնք նաև այս տարի են առկա: Շնորհակալություն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար: Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մեր նախարարները խոսում են ոչ միայն հաջողությունների մասին. մեր քաղաքական դաշտի, մեր կառավարության նորամուծությունն այն է, որ մենք ինքներս բաց խոսում ենք մեր բացթողումների և թերությունների և այն արատավոր երևույթների մասին, որոնք այսօր, ցավոք, դեռևս Հայաստանում առկա են: Եվ քաղաքական դաշտի այս նորամուծությունը ցույց տվեց, որ շատ ընդդիմախոսներ դրան պատրաստ չէին, որովհետև փորձ էր կատարվում «մոգոնել» ինչ-որ երևույթներ, և դա բավականին աժիոտաժային իրավիճակներ էր ստեղծում նաև լրատվական դաշտում: Այժմ անդրադառնամ ձեր բուն հարցին:
Մեր կուսակցության և մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը աղքատության հաղթահարումն է, որովհետև այն ցուցանիշների հետևում, որ դուք թվարկեցիք, հազարավոր մարդիկ են կանգնած և հազարավոր ընտանիքներ, որոնց կենսամակարդակը բավականին ցածր է: Այս խնդիրը մեր երկրում առաջացել է 1992-93 թվականներին, երբ մենք ունեցանք սոցիալ-տնտեսական կոլապս և մեր քաղաքացիների կենսամակարդակը անկում ապրեց: 1992-93 թվականներին այս ցուցանիշը մոտեցել էր 94 տոկոսին: Հետագայում զարգացումների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեց մի փոքրիկ խավ, որը կարողացավ լուծել իր սոցիալական, տնտեսական խնդիրները, բայց այս 23 տարիների ընթացքում մեզ դեռևս չի հաջողվել լուծել ամենակարևոր խնդիրը` երկրում ձևավորել միջին խավ, որը ցանկացած քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն է: Եվ եթե մենք խոսում ենք 20-30 տոկոս աղքատության ցուցանիշի մասին, պետք է հասկանանք, թե այդ ցուցանիշներն ինչպես են որոշվում, և ծայրահեղ աղքատության շեմը, միջին աղքատության շեմը ինչ ցուցանիշներ են: Այսօր ծայրահեղ աղքատության շեմը մոտավորապես 20 հազար դրամ է, իսկ աղքատության շեմը` 30 հազարից մի քիչ ավելի: Հասկանալի է, որ եթե մենք միայն այս վիճակագրական տվյալներով գնահատենք աղքատության երևույթը Հայաստանի Հանրապետությունում, ճշգրիտ պատկերը չենք ստանա, որովհետև այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ նույնիսկ 20 հազար դրամով հայ քաղաքացին կարող է իր խնդիրները լուծել: Հասկանալի է, որ եթե ավելի խիստ չափանիշներ սահմանենք, ապա ոչ միայն սննդի, այլև բարեկեցիկ կյանքով ապրելու խնդիրը ապահովելու համար Հայաստանի Հանրապետության միջին քաղաքացին ինչ եկամուտ պետք է ունենա, ապա հասկանալի կդառնա, որ խոսքը ոչ թե 32,5 տոկոսի մասին է, այլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների քանակը առնվազն երկու անգամ ավելի շատ է, քան 32,5 տոկոսը: 2 Մանավանդ, որ ընտանիքների մեծամասնությունը մինչև Սովետական Միության փլուզումը ապրել է ավելի բարձր կենսամակարդակի պայմաններում և, բնականաբար, այս խնդիրը համարվում է լրջագույն մարտահրավերը, որ կանգնած է մեր կառավարության առջև: Հարցը, որ դուք տալիս եք, ունի նաև հետևյալ հարթությունը. ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը և ինչ պետք է անենք, որ այն հիմնարար ձևով լուծվի: Առաջին հերթին դա աշխատատեղերի ստեղծումն է, ընդ որում այնպիսի աշխատատեղերի, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի, որպեսզի կարողանանք արձանագրել, որ իսկապես, մեր քաղաքացիների կենսամակարդակը փոխվում է:
Եթե 300 հազարից ավելի ընտանիքներ այսօր առնչվում են աղքատության խնդրի հետ, ապա համար մեկ պատճառը համապատասխան վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է: Եվ սա մեր թիրախն է: Այս հինգ տարիների ընթացքում մենք արմատական փոփոխություններ ենք կատարել, որովհետև առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մենք համարձակություն ունեցանք հայտարարելու, որ պետությունը նույնպես մասնավոր հատվածի հետ պատասխանատվություն է կրում արդյունաբերական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար: Մենք գիշերային պահակ չենք, ինչպես որ ներկայացվում էր Հայաստանի Հանրապետությունում, որ պետությունը ունի մեկ պարտավորություն` ստեղծել միայն միջավայր, և դա է գլխավոր պատասխանատվությունը, իսկ մնացածը բիզնեսի մրցակցության շնորհիվ կկարգավորվի: Այս քաղաքական փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ է համարձակություն և մենք մեր վրա վերցրեցինք պատասխանատվության բեռը: Մենք մասնավոր հատվածի հետ մշակել ենք արդյունաբերական քաղաքականություն, մասնավոր-պետություն համագործակցության նոր պլատֆորմ և այդ պլատֆորմի հիման վրա 12 ոլորտներում իրականացնում ենք ծրագրեր, որոնք արդեն իսկ տալիս են արդյունքներ: Ես այսօր կարող եմ զեկուցել ձեզ, որ դեղագործության ոլորտը, որն առաջին ոլորտներից էր, որտեղ մենք մասնավոր հատվածի հետ ստորագրեցինք համագործակցության համաձայնագիր, արդեն երկրորդ տարին է, ինչ արձանագրում ենք էական և շոշափելի աճ և արտահանման ծավալն էլ 2013թ. աճել է 35 տոկոսով:
Մենք ստեղծում ենք ժամանակակից հեռանկարային աշխատատեղեր և սա է աղքատության խնդիրը լուծելու ռազմավարությունը: Երկրորդ կարևորագույն խնդիրը, որի լուծմամբ կարելի է պայքարել աղքատության դեմ, գիտելիքն է, կրթության հասանելիությունն է: Արմատական փոփոխությունը, որ մենք մտցրեցինք այդ թվում նաև սոցիալական քաղաքականության մեջ, հետևյալն է. այսուհետև ֆինանսական միջոցների բացակայությունը չի կարող պատճառ լինել, որ մեր երիտասարդը կրթություն չստանա, այդ թվում նաև պարտադիր բարձրագույն կրթություն, միջնակարգ կրթություն, մասնագիտական կրթություն, այսինքն ցանկացած ուսումնական հաստատություն. Եթե աղքատ ընտանիքի երիտասարդը ընդունվում է, ապա պետությունը երաշխավորում է, որ նա կարող է կրթություն 3 ստանալ: 2014 թվականի համար արդեն 4,5 հազար երիտասարդների համար մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացրել պետական բյուջեում, և ուսումը հասանելի է լինելու բոլորի համար: Աղքատություն ծնող հիմնական պատճառները այս երկուսն են` աշխատատեղերի բացակայությունը, աշխատանքի անհասանելիությունը և կրթությունը, և հենց այս երկու խնդիրն էլ մենք լուծելու ենք: Այն ծրագրերը, որ արդեն սկսել ենք իրականացնել, արդյունք տալիս են և շոշափելի արդյունք տալու են ապագայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել