
Ինչն է՞ խանգարում տնտեսական աճին
Տնտեսական աճի տեմպը Հայաստանում իջել է ռեկորդային ցածր մակարդակի՝ նոյեմբերի դրությամբ այն 3.1% է: Դրանում, իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ, ինչպես գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը: Ըստ կառավարության գնահատականի՝ միայն այդ թանկացումները տնտեսական աճի վրա 1 տոկոսային կետով բացասական ազդեցություն են թողել: Սակայն, բացի օբյեկտիվ պատճառներից, կարող են լինել նաև սուբյեկտիվ պատճառներ, ինչպես օրինակ՝ զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը:
Կառավարության բյուջետային քաղաքականությունը տարվա ընթացքում չափից ավելի զսպողական է եղել: Օրինակ՝ 9 ամսվա կտրվածքով պլանավորվել էր 77 մլրդ դրամ դեֆիցիտ, սակայն ձևավորվել է 46 մլրդ դրամ հավելուրդ: Ծախսերի կատարողականը մոտ 76% է:
Երկրորդ՝ գերավճարների ծավալը հասել է 120 մլրդ դրամի: Գերավճարն այն հարկերն են, որ պետք է վերադարձվեն տնտեսվարողներին (առաջին հերթին՝ արտահանողներին, որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից): Այլ խոսքով՝ գերավճարը կառավարության պարտքն է բիզնեսին: Ու այդ պարտքը տարվա ընթացքում ավելացել է մոտ 21 մլրդ դրամով:
Երրորդ՝ կենտրոնական բանկի հաշիվներում կառավարության չծախսած գումարները շարունակ ավելանում են, ու հոկտեմբերի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ: Այս օրինակները վկայում են, որ կառավարությունը տարվա ընթացքում վարել է զսպողական հարկաբյուջետային քաղաքականություն: Սակայն շուկայի հայտնի կանոններից է՝ ուզում ես զարգանալ, ուրեմն ծախսիր: Սա վերաբերում է բոլորին՝ տնային տնտեսություններից մինչև կառավարություն:
Իր բարձի տակ փողեր պահող քաղաքացին որևէ կերպ չի նպաստում տնտեսության զարգացմանը՝ տնտեսության համար դրանք կորած փողեր են: Նույնը վերաբերում է կառավարությանը:
Տնտեսությունից զգալի ռեսուրսներ հավաքագրել, ու քնեցնել դրանք կենտրոնական բանկում՝ այնքան էլ հասկանալի քաղաքականություն չէ: Առավել ևս այն պարագայում, երբ տնտեսական ակտիվության տեմպը զգալի ետ է մնում կանխատեսվածից: Կառավարության զսպողական քաղաքականությունը տնտեսական ակտիվության վրա առնվազն 2-3% բացասական ազդեցություն է թողել: Եթե սրան ավելացնենք նաև կենտրոնական բանկի մշտական հակումը դեպի զսպողական դրամավարկայինն քաղաքականություն, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Հայաստանի տնտեսական աճը բավարար մակարդակի վրա չէ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել