HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ջավախքը` նախագահի թեկնածուների ծրագրերում

Դժվար չէ նկատել, թե ինչքան նման են իրար Հայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերը։ Պատճառը հասկանալի է. նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվել է ոչ թե ինչ-ինչ քաղաքական դիրքորոշումներով (ասենք` ժողովրդավարական կամ ազգայնական), այլ երկրի համար կարեւոր թվացող, հասարակությանն այս պահին հուզող բոլոր հարցերը ծրագրային դրույթների վերածելու պարզ, հասկանալի ցանկությամբ։

Եւ ոչ մեկն էլ չի պատրաստվում նրանց մեղադրել անհետեւողականության եւ դիրքորոշման երկիմաստության համար։ Սա, ի թիվս այլ բաների, խոսում է նաեւ այն մասին, որ լավ, գեղեցիկ ծրագրերը շատ բան չեն որոշում, որ պայքարի հիմնական արենան բնավ էլ ծրագրերը չեն։ Եւ արդեն գրեթե չեն հնչում ծրագրերն իրականացնելու` թեկնածուների կարողությունների մասին հարցերն ու վերապահումները (ով ինչ «թիմ» ունի եւ այլն)։

Վերջին խորհրդարանական ընտրություններում արդեն նկատելի էր այս միտումը, բայց ընթացիկ նախագահական քարոզարշավն աննախադեպ է ձեւերի բազմազանությամբ եւ, ինչպես կարելի է ենթադրել, ծախսվող միջոցների չափով։ Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչպես են ընդօրինակվում եւ ի ցույց դրվում արեւմտյան ժողովրդավարության որոշ ատրիբուտներ, որոնք (եւ այստեղ խոսքը առաջին հերթին իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի մասին է) վարպետորեն զուգակցվում են ընտրակաշառքների եւ ընտրակեղծիքների տարեցտարի կատարելագործվող համակարգով։

Ծրագրերը` ըստ հրատապության չափանիշների

Շատ հետաքրքիր կլիներ հետեւել քարոզարշավի ընթացքին` հիմնական թեկնածուների երթուղիները, հեռուստատեսային հարցազրույցներն ու տեսահոլովակները, բացօթյա ելույթները եւ դրանց ուղեկցող տարբեր միջոցառումները (երթեր, համերգներ եւ այլն), ազդավահանակներն ու նշանաբանները…. Բայց սա ենթադրում է ծավալուն հետազոտական աշխատանք, ուստի կբավարարվեմ թեկնածուների հրապարակած ծրագրերի որոշ կողմերի վերլուծությամբ։ Առաջին հերթին ինձ հետաքրքրում է Հայաստանից դուրս ապրող հայության թեման։ Այստեղ կդիտարկեմ նրանց մի փոքրիկ հատվածի` վիրահայության, իսկ հաջորդ հոդվածում` Հայաստան-Սփյուռք ընդհանուր հարաբերությունների հարցերը։

Ինչ որ կարելի է քաղել այս ծրագրերից, այն է, թե Հայաստանում այսօր ո՞ր խնդիրներն են գիտակցվում որպես առաջնահերթ, ինչպե՞ս են դրանք առնչվում միմյանց հետ, ինչպե՞ս են կապվում տարածաշրջանային եւ ավելի գլոբալ իրողությունների հետ, վերջապես` ի՞նչ լեզվով են ձեւակերպվում։ Հետաքրքիր է տեսնել, թե որ հարցը, խնդիրը կամ անելիքը ինչ լեզվով է արտահայտվում եւ ինչ թելադրանքների ազդեցության ներքո։ Այս տեսանկյունից դիտված` ծրագրերի լեզուն տարասեռ է, եւ ամենացայտուն արտահայտությունը ազգայնական դիսկուրսի եւ միջազգային կազմակերպությունների դիսկուրսի «խաղաղ գոյակցությունն» է երբեմն նույն պարբերության մեջ։ Պակաս բնութագրական չէ նաեւ ծրագրերում ինչ-որ հարցեր անտեսելու, դրանց մասին առհասարակ ոչինչ չասելու փաստը։

Նախագահի թեկնածուների ծրագրերի կենտրոնում սոցիալական խնդիրներն են։ Կարեւորվում են ծնելիության նվազումը եւ հասարակության ծերացումը, երիտասարդության հարցերը, Երեւանի եւ մարզերի միջեւ առաջ եկած բեւեռացումը, եւ առհասարակ երկրի տարածքների անհամաչափ զարգացումը։ Հակառակ ներկա նախագահ Ռ. Քոչարյանի հավաստիացումներին, թե աղետի գոտին այլեւս վերականգնված է, որոշ թեկնածուներ ընդգծում են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքների իսպառ վերացման անհրաժեշտությունը։ Հաճախ հիշատակվող հարցերի թվում են նաեւ բնապահպանական խնդիրները, բանակի մարտունակության բարձրացումը եւ այլն։

Վերը հիշատակած առումով` առանձնանում են երկու առաջնահերթություններ. պայքարը կոռուպցիայի դեմ եւ աղքատության կրճատումը: Երկուսն էլ գտնվում են միջազգային շահագրգիռ կազմակերպությունների (օրինակ` Համաշխարհային բանկի) ուշադրության կենտրոնում եւ, ըստ էության, նրանց կողմից էլ ձեւակերպվել են թե խնդիրները, թե լուծման ուղիները։ Կարելի է ասել, որ Հայաստանում այս խնդիրները հայտնագործվել եւ մարմին են ստացել հենց միջազգային կազմակերպությունների տեսանկյունից (պետք է հիշել, որ այս կազմակերպությունները Երրորդ աշխարհի երկրներում աղքատության դեմ պայքարի տասնամյակների փորձ ունեն, եւ հարկ է ընդգծել` անհաջող փորձ, ինչպես նաեւ` այդ խնդրի մասին խոսելու միանգամայն ձեւավորված լեզու)։ Այս վերջին հանգամանքն էլ թելադրում է թեկնածուներին` սահմանել կոռուպցիան որպես զուտ ներքին իրողություն, չնկատել կամ աչքաթող անել այն բանը, որ կոռուպցիան միայն ներքին խնդիր չէ (որպես միայն բիզնեսի եւ պետական կառավարման համակարգի սերտաճման արդյունք), այլ նաեւ անխուսափելի հետեւանքը միջազգային կազմակերպությունների իսկ կոռումպացվածության։

Թեկնածուների կողմից գիտակցաբար լռության մատնվող խնդիրներից է նաեւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ձեռնարկությունների ու կառույցների վաճառքը ռուսական ընկերություններին, ինչը սպառնալի չափերի է հասցրել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։

Մյուս կողմից` պարադոքսային պետք է համարել, օրինակ, արտագաղթը սահմանափակելու եւ ներգաղթի շարժում սկսելու մասին թեկնածուների պնդումները, քանի որ ամեն մարդ գիտի Հայաստանում տիրող գործազրկության բարձր մակարդակի եւ այն բանի մասին, թե հասարակության համար ինչ կենսական նշանակություն ունեն արտերկրից կատարվող կանոնավոր դրամական փոխանցումները։ Սա ազգայնական մտածողության մի դրսեւորում է` հայերի հայրենիքը Հայաստանն է, որը չի կարողանում հաշվի նստել գլոբալ իրողությունների հետ։

Թերեւս հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն է պատճառը, որ վերստին հրատապություն ստացավ ղարաբաղյան չկարգավորված հակամարտության հարցը։ Տասը տարի առաջ նա հենց այդ հարցի պատճառով հրաժարական տվեց եւ հեռացավ քաղաքական արենայից։ Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող այս հակամարտության կարգավորման վերաբերյալ նախագահի թեկնածուներն առաջարկելու շատ բան չունեն։ Այդուհանդերձ, տարածաշրջանային այս անլուծելի թնջուկը եւս, ի թիվս վերը նշված հարցերի, ստվերում է վիրահայության խնդիրները։

Նախընտրական ծրագրերի համազգային նշանակություն ունեցող կետերից մեկը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման երկար տարիներ չարչրկված թեման է։ Ձեւականորեն վիրահայության հարցը նույնպես կարող էր դիտարկվել այս շրջանակում, բայց Հայաստանում սփյուռքի վերաբերյալ ընդունված պատկերացումները թույլ չեն տալիս վիրահայությունը համարել սփյուռք։ Այդուհանդերձ, վիրահայության հարցը հետաքրքրական է վերը հիշատակված առումով. ի՞նչ գործոնների ազդեցության դաշտում է այս հարցը եւ, ըստ այդմ, նախագահի թեկնածուներն այդ մասին ի՞նչ լեզվով են խոսում։

Ջավախահայերի խնդիրները

Ջավախահայության ներկա խնդիրների մի մասը հետեւանք է վերջին շրջանում ի հայտ եկած հանգամանքների.

ա) ռուսական ռազմակայանի դուրսբերում Ախալքալաքից, որի պատճառով շատ հայեր զրկվեցին աշխատանքից,

բ) ռուս-վրացական հարաբերությունների շարունակ վատթարացում, որի պատճառով նաեւ ջավախահայերը զրկվեցին Ռուսաստանում արտագնա սեզոնային աշխատանք կատարելու հնարավորությունից: Սակայն նրանց համար սա նույնն է, թե Հայաստանի բնակչության մի մասին զրկես արտասահմանում աշխատող իրենց բարեկամներից կանոնավոր դրամական օգնության հնարավորությունից,

գ) վրացերեն լեզվի չիմացություն, ինչն, իհարկե, խորհրդային տարիների ժառանգություն է ( այն ժամանակ հաղորդակցության հիմնական լեզուն ռուսերենն էր)։ Այժմ վիրահայերի` վրացերենի համատարած չիմացությունը կամ անբավարար տիրապետումը նրանց զրկում է պետական հիմնարկներում աշխատելու հնարավորությունից։

Վիրահայության մեջ կան նաեւ բողոքներ` ուղղված Վրաստանի իշխանություններին։ Օրինակ` կարծիք կա, թե իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որ հայաբնակ տարածքներում փոխեն ժողովրդագրական կազմն ի վնաս հայության` նպաստելով հայերի արտագաղթին եւ պայմաններ ստեղծելով այս տարածքներում վրացիների վերաբնակության համար։

Ինչ վերաբերում է վիրահայության` Հայաստանից ունեցած ակնկալիքներին, ապա պատկերն այստեղ այնքան էլ պարզ չէ։ Հայաստանում ապրող վիրահայերն ունեն կուսակցություն` «Հզոր հայրենիք»-ը, որը վերջին խորհրդարանական ընտրություններում աջակցեց այժմ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությանը։ Դրա շնորհիվ «Հզոր հայրենիք»-ի պատգամավոր դարձած մի քանի անդամներ հնարավորություն ստացան, ինչպես իրենք էլ հայտարարում էին, վիրահայության համար կարեւոր խնդիրներն առաջադրել խորհրդարանի քննարկմանը: Չնայած, որ խորհրդարանական մեծամասնությունը բնավ չի քաջալերում այդ բանը։

Վիրահայությունը` տարածաշրջանային գործընթացների համատեքստում

Այժմ էլ մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, վարչապետ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրում բացարձակապես չի հիշատակվում վիրահայությունը։ Նույնը կարելի է ասել հանրապետության առաջին նախագահի` առավել խոստումնալից թվացող ընդդիմադիր թեկնածուի մասին։ Նրանք բավարարվում են Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին ընդհանուր պնդումներով։

Այդուհանդերձ, հարցն ամբողջովին մոռացության չի մատնվել, եւ նախագահի 9 թեկնածուներից երկուսի ծրագրերում նշվում է առանձին հատվածներով եւ որպես Ջավախքի խնդիր:

Մեջբերեմ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննեսյանի ծրագրի` ջավախահայությանը վերաբերող հատվածն ամբողջությամբ. «Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորումը լավ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար մի շարք առաջնային խնդիրների լուծման համար։ Հայ-վրացական հարաբերությունները կարեւոր են ինչպես տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ կայունության պահպանման, հարավկովկասյան երկրների եվրաինտեգրման գործընթացների խորացման, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության եւ Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հաշվի առնելով Ջավախքի առանձնահատուկ պայմանները եւ նման հարցերում միջազգային փորձը` Հայաստանը պետք է ջանք գործադրի հարեւան Վրաստանի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու` Ջավախքի եւ հարակից շրջաններում ավանդաբար ապրող հայությանը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցելու համար»։

Ընդգծելով, որ վիրահայության խնդիրները պետք է միշտ լինեն ՀՀ-ի ուշադրության կենտրոնում, ԱԺՄ նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր նախընտրական ծրագրում նշում է. «Միջազգային իրավական նորմերը հաշվի առնելով` պետք է Վրաստանի հետ բանակցությունների միջոցով փորձել լուծում տալ Ջավախքում հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցին։ Վրաստանի հետ կնքվելիք մեծ միջպետական պայմանագրի շրջանակում խորացնել ՀՀ-Ջավախք կապերը գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում»։

Դժվարանում եմ քննարկել «հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի» հավանականության հարցը։ Անգամ նմանօրինակ միջազգային փորձի առկայությունն առայժմ հիմքեր չի տալիս` այս դեպքում նույնպես նման ակնկալիքներ ունենալու։ Բայց ցանկանում եմ ընդգծել, որ կամա թե ակամա վիրահայության խնդիրները կապվում են ոչ միայն Վրաստան-Հայաստան հարաբերությունների, այլեւ հարավկովկասյան տարածաշրջանային իրադրության հետ, ինչն ամբողջովին փոխում է այդ խնդիրների բովանդակությունը։

Թերեւս միայն իշխանության թեկնածուն` Ս. Սարգսյանն է սկզբունքորեն խուսափում Հայաստանի տարածաշրջանային աննպաստ դիրքի մասին խոսելուց։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, վերջապես նախատեսվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը տարածաշրջանային խոշոր ծրագրեր են, որոնցից Հայաստանը դուրս է մնացել` հայտնվելով վտանգավոր մեկուսացվածության մեջ։ Այս առումով հատկանշական է, որ նախագահի թեկնածուները խոսում են ոչ միայն Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր գործադրելու մասին, այլեւ ընդլայնում են համագործակցության հնարավոր շրջանակը մինչեւ արաբական երկրներ, Չինաստան ու Հնդկաստան։

Ավելին` անխուսափելի է թեկնածուների ծրագրերում Հայաստան-Վրաստան հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության, կայունության, երկու երկրների հարաբերությունների եւ Հարավային Կովկասի երկրների եվրաինտեգրման ընթացքի միջեւ ընդգծված կապ տեսնելը։ Եվ միանգամայն ակնհայտ է դառնում, թե որքան խճճված համատեքստում է գտնվում վիրահայության հարցը։

Ռուս-վրացական հարաբերությունների սպասվող բարելավումը, որը վիրահայության համար արտագնա աշխատանքի հնարավորություն կբացեր, դեռ հեռու է իրականություն լինելուց:

Ճանապարհների բարեկարգումը, որի շնորհիվ հեշտանում է հայաբնակ վայրերի հաղորդակցությունը թե Վրաստանի կենտրոնի, թե Հայաստանի հետ, կարող է ինչպես բարելավել վիրահայության սոցիալական վիճակը, այնպես էլ նպաստել տարածքի ժողովրդագրական իրադրության այնպիսի փոփոխմանը, որի դեմ այսօր նրանք բողոքում են։

Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը նույնպես կարող է վիրահայության համար նպաստավոր լինել, բայց, ինչպես տեսանք, այն նաեւ ավելի է խորացնում Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը….

Ուստի պատահական չէ, որ նույնիսկ նախընտրական պոպուլիզմն այս դեպքում թույլ չի տալիս նախագահի թեկնածուներին պարզ լուծումներ առաջարկել ջավախահայության հարցում։ Հավանաբար, որովհետեւ նման լուծումներ ուղղակի չկան: Կտեսնենք, թե, մյուս կողմից, թեկնածուներից ոմանք որքա~ն պերճախոս են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավմանն ուղղված իրենց առաջարկություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter