HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«Հայաստան-Սփյուռք հարաբերությունների» թեման նախագահի թեկնածուների ծրագրերում

Տասնամյակներ առաջ «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» անունը ստացած հարցը որոշակիորեն վերաբերում է թե՛ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքների ճակատագրին, թե՛ իրեն այս կամ այն կերպ Հայաստանին առնչող յուրաքանչյուր հայ մարդու ինքնությանը։

21-րդ դարի սկզբի դրությամբ, ազգային պետության գոյության պայմաններում, հայության ճնշող մեծամասնությունն ապրում է Հայաստանից դուրս։ Եթե ոչ տագնապահարույց, ապա առնվազն անբնական կամ տարօրինակ այս հանգամանքը նախագահական ընտրությունների նախաշեմին դարձել է նաեւ մի խումբ թեկնածուների մտորումների առարկան։

Այսօր հայկական սփյուռք ասելով հասկանում ենք նախորդ դարի ընթացքում կատարված հայության երկու մեծ ցրումները։ Առաջինը վերաբերում է արեւմտահայությանը եւ արդյունք է Օսմանյան կայսրության մեջ դարասկզբին իրականացված ցեղասպանության։ Երկրորդը ետխորհրդային ճգնաժամի հետեւանք էր եւ ուներ առավելապես տնտեսական, սոցիալական ազդակներ։ Հարկ է իմանալ, որ Սփյուռքի այս երկու հատվածները շատ քիչ նմանություններ ունեն. տարբեր են ոչ միայն արտագաղթի ժամանակն ու պատճառները, այլեւ աշխարհագրությունը, վերաբնակության երկրներում ունեցած կարգավիճակը եւ շատ այլ բաներ։ Միանգամայն տարբեր են նաեւ Հայաստանի հետ նրանց հարաբերությունների բնույթը։ Չափազանցություն չի լինի, եթե առանց մանրամասնությունների մեջ մտնելու ասեմ, որ հայության ցրումի այս երկու մեծ ալիքների միջեւ առնչություններն առայժմ շատ չեն։

Առաջին կամ ավանդական սփյուռքի՝ Հայաստանին ցուցաբերվող օգնությունն ունի երկար պատմություն (այսօր էլ որոշ դեպքերում ավելի տեղին է խոսել օգնության, քան հարաբերությունների մասին), որը սկսվում է Խորհրդային Հայաստանի գոյության առաջին տարիներից։ Օգնության եւ համագործակցության աշխատանքները բազմաբնույթ են ու մեր օրերում իրականացվում են լավ կազմակերպված հաստատությունների մեծ ցանցի միջոցով՝ Հայկական օգնության ընդհանուր միությունից եւ Ամերիկայի հայկական համագումարից մինչեւ արեւմտյան համալսարաններում գործող բազմաթիվ հայագիտական կենտրոններ։ Բազմաթիվ երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող հաջող պայքարից բացի, հայկական կազմակերպությունները ներդրում ունեն նաեւ իրենց բնակության երկրի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների բարելավման մեջ։ Սա առաջին հերթին վերաբերում է ամերիկահայությանը, որոնց հայկական կազմակերպությունները կարող են հասնել ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի համար նպաստավոր որոշումների ընդունման։ Վերջին տարիներին եվրոպական երկրներում բնակվող հայությունը նույնպես կազմակերպված պայքար է մղում Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների վրա ազդեցության համար՝ փորձելով առաջ մղել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցերը։ Եւ, իհարկե, այս ամենը զգալի գլխացավանք է դառնում Թուրքիայի իշխանությունների համար՝ նրանց մղելով ակտիվ հակազդեցության։

Անկախության տարիների զանգվածային արտագաղթից ծնված սփյուռքը դեռ շատ հեռու է նման կազմակերպվածությունից։ Այդ մարդկանց զգալի մասը շատ շարժուն է հաստատուն համայնքներ կազմելու համար, շատերը զուրկ են անգամ կեցության տարրական պայմաններից, բայց հիմնականում, անհատական վերապրումի ամենօրյա խնդիրը լուծելուց բացի, կարողանում են օգնել Հայաստանում մնացած իրենց հարազատներին, եւ երկրի բնակչության մի շոշափելի հատված հենց այդ արտագաղթին է պարտական իր ներկա բարեկեցության կամ գոնե ծայրը ծայրին հասցնելու համար։ Պարզ է, որ այս արտագաղթը չի եղել միանվագ գործողություն, այլ տեւել է տարիներ, եւ արտագաղթածի ներկա վիճակը պայմանավորող հանգամանքների թվում են թե՛ նրա տարիքը, սեռը, մասնագիտությունն ու վերաբնակության երկիրը, թե՛ արտագաղթի ժամանակը։ Ինչեւէ, մեծ հաշվով նրանց մասին շատ քիչ բան գիտենք՝ հատկապես, եթե ցանկանանք նրանց ներկա եւ ապագա վիճակը գնահատել գլոբալ փոփոխությունների հորձանուտում։

Այնինչ տարիներ շարունակ խոսվում է անելիքների մասին, եւ թվում է, թե «Հայաստան-Սփյուռք» երկու մեծ համաժողովները (1999 թ. եւ 2006 թ.) պետք է այդ առումով պարզություն մտցնեին, բայց կարծեմ դրանց գործնական նպաստը սպասվածից շատ քիչ եղավ։ Գոնե մասնակիցներից շատերի կարծիքը հենց այդ էր վկայում։

Այս անորոշությունների պայմաններում Սփյուռքի վերաբերյալ նախագահի թեկնածուների որոշ վստահ պնդումներ կարող են հեգնական ժպիտ հարուցել (ասենք` առնվազն խիստ պարզունակ է ներգաղթի մասին լուրջ խոսելը. ինչպես խոստանում են վերադարձնել խորհրդային բանկերում ունեցած ավանդները, այդպես էլ խոստանում են վերադարձնել անկախության տարիներին արտագաղթածներին)։ Նրանցից մի քանիսը (Ա. Բաղդասարյան, Վ. Հովհաննեսյան, Ա. Գեղամյան) այս թեմային առանձին գլուխ են տրամադրում իրենց ծրագրերում։ Թեմայի քննարկումը գրեթե անխուսափելիորեն կապվում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին, Հայ առաքելական եկեղեցու միասնության վերականգնմանը։

Հիմնական դրույթները կարելի է բաժանել երկու խմբի. ա) Հայաստանի տնտեսական կյանքին սփյուռքահայության մասնակցության ընդարձակումը եւ արդյունավետության մեծացումը, բ) հայապահպանությունը, Հայաստանի հնարավոր նպաստը (մշակութային, կրթական ոլորտներում) տարբեր երկրներում ապրող հայկական համայնքներին։ Այդուհանդերձ, որոշ խնդիրներ եւ անելիքներ ձեւակերպվում են «համահայկական շահերի» լեզվով։ Թեկնածուներից մի քանիսը միաբան են Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարության կամ նման գործառույթներ կատարող մեկ այլ կառույց հիմնելու հարցում։ Թեմայի քննարկումը հաճախ ընդունում է իշխանություններին ուղղված քննադատության ձեւ՝ արձանագրելով մինչեւ այժմ արվածի անբավարարությունը։

Ցանկանում եմ մեջբերել մի քանի բնութագրական արտահայտություն, որոնք նախընտրական պոպուլիզմի ձեւ չէին ստանա, եթե չամրապնդվեին հասարակական գիտակցության մեջ առկա որոշ ստերեոտիպերով. «Հայաստանը պետք է դառնա հայ մարդու երազանքների երկիրը» (Վ. Հովհաննեսյան), «Մեր մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է» (Ս. Սարգսյան), «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եւ այդ հարաբերությունների իրական զարգացումներն այն ներուժն են, որը Հայաստանի համար կարող է փոխհատուցել նավթային եւ գազային ռազմավարական ռեսուրսների բացակայությունը եւ ոչ նպաստավոր աշխարհագրական դիրքը» (Ա. Բաղդասարյանի այս պնդումը շատ նման է ԱԺՄ նախընտրական համագումարում նույն հարցի վերաբերյալ Վ. Մանուկյանի արտահայտած մտքին), «Հայաստան-Սփյուռք ինտեգրացիայի նախապայմանը պետք է լինի վերջինիս միասնության ապահովումը թե՛ առանձին գաղթօջախներում, թե՛ համասփյուռքյան միասնական ղեկավար մարմիններ ստեղծելու միջոցով» (Ա. Գեղամյան)։ Ա. Գեղամյանն ավելի հեռու է գնում. «Հայ ժողովուրդն ունի համազգային քարոզչական կենտրոնացված մարմնի ստեղծման կարիք, որը կկարողանա համակարգել եւ ուղղություն տալ աշխարհասփյուռ հայության քաղաքական ու հասարակական կազմակերպությունների աշխատանքներին։ Նման կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պետք է ստանձնի պետությունը»։ Ճիշտ ինչպես բարի կոմունիստական ժամանակներում։

Երբեմն (ինքնա)հմայության խոսքեր հիշեցնող այս արտահայտություններում առասպելականացվում են Հայաստանն ու Սփյուռքը, «Հայաստան-Սփյուռք» միասնությանն էլ վերագրվում են մինչեւ այժմ չպեղված խորքեր, չբացահայտված, չապակոդավորված մոգական հնարավորություններ։ Եւ հայն էլ վերպատմական մի էություն է. ժամանակը նրա վրայով անցնում է ամպի պես՝ մերթընդմերթ միայն ստվերելով նրա մշտանույն դեմքը։ Իսկ նման դեպքերում գրեթե անխուսափելի «աշխարհասփյուռ հայություն» արտահայտության մեջ աշխարհը մատնվում է մոռացության՝ վերածվելով ընդամենը հայության սփռումի տեղի (հիշում եմ ՀՀ ԳԱ անդամ պատմաբաններից մեկի խոսքերը. «Ով գոնե մի անգամ եղել է Սփյուռքում, նա գիտի…»)։

Սրանք զուտ հայաստանյան պատկերացումներ չեն, այլ փոխանցվել են բազմաթիվ սփյուռքահայերի (այնուամենայնիվ, ես հակված եմ ենթադրել, որ այդ մտայնության ակունքները Հայաստանում են. բավական է հիշել Եղիշե Չարենցի նշանավոր աքրոստիքոս-պնդումը միասնության՝ որպես հայ ժողովրդի փրկության միակ միջոցի մասին)։ Ֆրանսահայ Ստեփան Պօղոսեանը դժգոհում է, որ նախագահի թեկնածուները մոռացել են սփյուռքահայության՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայության երկու երրորդի մասին. «Ոչ մէկ առաջարկ՝ յաղթութեան պարագային անոր վերաբերեալ նախարարութիւն մը, գերատեսչութիւն մը ստեղծելու մասին, երբ աւելի քան երբեք Հայաստան-Սփիւռք օրգանական կապը ոչ թէ անհրաժեշտ, այլ անյետաձգելի է։ Բաւ չէ՞, որ Սփիւռքի մասին խօսուի միայն թելեթոն-ֆոնեթոնի օրերուն կամ Հայ դատի առթիւ։ Ա՛լ չխօսինք Մեսրոպեան ուղղագրութեան վերականգնումին մասին, որպէս համայն հայութեան հոգեկան ու մշակութային իսկական կապ» (Ազգ, 30 հունվար)։ Բայց հոդվածը սկզբնապես տպագրվել է «Յառաջ»-ում, նախագահի թեկնածուների ծրագրերի հրապարակումից առաջ։ Հիմա պարզ է, որ թեկնածուները ոչ միայն չեն մոռացել Սփյուռքի մասին, այլեւ խնդիրը քննարկում են գրեթե նույն արտահայտություններով։ Ճիշտ է, պարոն Պօղոսեանը գերադասում է խոսել ոչ թե միասնության, այլ օրգանական կամ իսկական կապի մասին։

Հասկանալի է, որ ես դեմ չեմ վերը ձեւակերպված ցանկությունների մի մասին։ Օրինակ՝ շատ կուզենամ, որ Հայաստանը լինի մի երկիր, ուր մարդիկ կցանկանան գալ եւ վերադառնալ։ Իմ առարկությունը, անհամաձայնությունը վերաբերում է այդ ժամանակավրեպ պատկերացումներին, այդ հնամաշ հռետորությանը, որ բացարձակապես անկարող են հաշվի նստել գլոբալացող աշխարհը սահմանող իրողությունների հետ։

Ահա այդ պատկերացումները կասկածի տակ առնող մի քանի դիտարկում։ Նախ՝ «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» արտահայտությունը, շատ այլ բաների նման, գալիս է խորհրդային ժամանակաշրջանից եւ այսօր զրկվել է նախկին իմաստներից։ Թե՛ Սփյուռքն է էապես փոխվել, թե՛ Հայաստանն այլեւս նախկինը չէ՝ չունեն հին օրերի միարժեքությունը, ինչպես չկա այն հստակ սահմանը՝ «երկաթե վարագույրը», որը ոչ միայն Սոցիալիստական ճամբարն էր բաժանում աշխարհից, այլեւ Խորհրդային Հայաստանը` Սփյուռքից։ Գլոբալ փոխակերպումներն էապես փոխում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ավանդական պատկերացումները՝ հուշելով, որ այդ հարաբերություններն այսօր ձեւ են առնում շատ ավելի բարդ, խճճված իրադրության մեջ, որտեղ շատ բան դեռեւս անհասկանալի է։

Ես ցանկանում եմ մատնանշել ամենուրեք՝ սփյուռքահայության մեջ եւ Հայաստանում առկա բազմաբնույթ տարասեռությունը, որն անկարելի է ջնջել միասնական հայության մասին կոչերով։ Վերն արդեն խոսվեց Սփյուռքի ոչ միատարրության մասին (այդ նկարագրությանը կարելի է շատ բան ավելացնել՝ հիշելով, օրինակ, Սփյուռքի ավանդական կուսակցությունների, եկեղեցու պառակտվածության ծնած բաժանումները)։ Այս իմաստով շատ ավելի բարդ է արտագաղթած «հայաստանցիների» վիճակը։

Կասկածից վեր է, որ վերջին տարիներին անշեղորեն աճում է Հայաստանում Ռուսաստանի ներկայության եւ ազդեցության չափը։ Այս պարագայում աննախադեպ դերակատարություն է ստանում ռուսահայ համայնքը։ Ի տարբերություն արեւմտյան սփյուռքի, ռուսահայ սփյուռքն առանձնանում է նաեւ Հայաստանի հետ հատուկ մերձությամբ եւ քաղաքական, տնտեսական եւ այլ ազդեցության հնարավորություններով։ Ռուսահայերի կապիտալը մուտք է գործում Հայաստան մեծ ծավալով եւ ընդգծված քաղաքական ու տնտեսական հավակնություններով՝ կամա թե ակամա ուժեղացնելով ռուսական ազդեցությունը (քանի որ դրանով ուժեղացնում է նաեւ իր ազդեցությունը) եւ մասնավորապես ռուսաց լեզվի նշանակությունը։ Սա խոսում է սփյուռքահայության տարբեր հատվածների շահերի հնարավոր անհամատեղելիության, իչպես նաեւ` տվյալ հատվածի կողմից Հայաստանի շահերի յուրովի մեկնաբանության անխուսափելիության մասին։ Հանգամանք, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։

Նույնը կարելի է ասել Հայաստանի հասարակության, նրա ծայրահեղ բեւեռացվածության, տարամետ շահեր ունեցող խավերի մասին։ Տեղին է թվում հպանցիկորեն անդրադառնալ նորահայտ մի խավի, որի անդամներին ընդունված է անվանել «գլոբալացման ագենտներ»։ Սա յուրաքանչյուր երկրում առաջ եկող մի խավ է, որի կենսական շահերը համընկնում են գլոբալացման ընթացքի, այդ ընթացքի շահագրգիռ դերակատարների (ինչպես, օրինակ, տարբեր տեսակի միջազգային եւ անդրազգային կազմակերպությունները) շահերին։ Մինչդեռ նրանցից ոմանք (սկսած առանձին բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մինչեւ տարբեր տեսակի գրասենյակներ եւ զարգացման գործակալություններ) հաճախ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող վճիռներ կայացնողները, ռազմավարություններ մշակողները եւ իրականացնողները, վիթխարածավալ ֆինանսական միջոցները տնօրինողներն են։

Մյուս կողմից՝ այս ծրագրերում բացահայտ կամ անբացահայտ ձեւով գերագնահատվում է պետության՝ որպես ազգային շահերի երաշխավորի դերը։ Մի ժամանակ, երբ գլոբալ ասպարեզում աստիճանաբար նվազում է ազգային պետության դերը, Հայաստանն անկախություն ստանալու օրից հայտնվել է մեծ տերությունների, միջազգային կազմակերպությունների եւ անդրազգային կապիտալի հարաճուն ազդեցության դաշտում եւ չունի բավարար քաղաքական, տնտեսական, մշակութային ինքնիշխանություն։ Այս պայմաններում բնավ ակնհայտ չէ Հայաստան պետության՝ ազգային շահեր հետապնդելու կարողությունը։

Հետաքրքիր է եւ այն, որ հայության միասնության մասին խոսելիս հաճախ հիշատակվում են ավանդական կամ մեսրոպյան ուղղագրությանը վերադառնալու եւ արդի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ մասնավորապես Համաշխարհային ոստի (WWW) հնարավորություններն օգտագործելու գաղափարները։ Մեսրոպյան ուղղագրության վերականգնման կոչը վերաբերում է Հայաստանին, բայց թեկնածուների ծրագրերում այդ վիճահարույց հարցի մասին խոսք չկա։ Կան հիշատակումներ տեխնոլոգիաների կիրառության անհրաժեշտության՝ «համահայկական էլեկտրոնային համալսարանի» եւ «համահայկական տեղեկատվական դաշտի» ստեղծման մասին։ Հասկանալի է, սակայն, որ նմանօրինակ համահայկական ծրագրերը կարող են հարուցել նաեւ համահայկական ուղղագրության վերականգնման հարցը։ Բայց պարզ է նաեւ, որ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն լեզուների եւ գրականությունների առաջացումը, ապա նաեւ ուղղագրության փոփոխությունները պատմական իրողություններ են, որոնք հնարավոր չէ պարզապես չեղյալ հայտարարել։ Ինձ թվում է, որ հայության երկու հատվածների՝ արեւմտահայերի եւ արեւելահայերի, իսկ այսօր՝ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ մշակութային տարբերություններն արժանի են հարգանքի եւ ուշադրության, այլ ոչ թե անտեսման՝ հանուն երեւակայական միասնության։ Այս տարբերությունը տպագրության դարաշրջանի փաստ է, երբ առաջ եկան երկու գրական լեզուները, եւ այդ բաժանումը հաղթահարելու, կորուսյալ միասնությունը վերագտնելու ձգտումները թե՛ պարզունակացնում են խնդիրը, երբ այն հանգեցնում են միասնական ուղղագրության վերականգնմանը, թե՛ ստանում կիբեռուտոպիականության երանգներ, երբ կապվում են նոր՝ թվանշային տեխնոլոգիաների տրամադրած հնարավորությունների հետ։

Այսինքն՝ Հայաստանի նախագահի թեկնածուների՝ «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները» (եթե շարունակեմ օգտագործել ընդունված արտահայտությունը) զարգացնելու, աշխարհով մեկ հայության շահերին հետամուտ լինելու նպատակով առաջարկված գաղափարները մեծ չափով ժամանակավրեպ են, հնացած։

Իսկ եթե փորձեմ համառոտ ձեւով ամփոփել ջավախահայության (որպես Հայաստանից դուրս ապրող հայերի մի հատվածի) եւ հայկական Սփյուռքի մասին նախագահի թեկնածուների մոտեցումները քննության առնող երկու հոդվածները (առաջինը` «Հետքի» փետրվարի 4-ի համարում), ապա կընդգծեմ հետեւյալը։ Նախ, ինչպես արդեն ասվել է, ծրագրերի լեզվում նկատելի է որոշ տարասեռություն։ Երկրորդ՝ ջավախահայության խնդիրները, ընդգծված աշխարհաքաղաքական շահերի առկայության պայմաններում, ձեւակերպվում են առավելապես միջազգային կազմակերպությունների տրամադրած լեզվով։ Մինչդեռ սփյուռքահայության ընդհանուր խնդիրները, նման ճնշումների ենթակա չլինելով, հիմնականում ներկայացվում են իրենց դարն ապրած գաղափարների օգնությամբ։ Առայժմ բավարարվում եմ այս նախնական եզրակացությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter