HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Երեւան. ուրիշ քաղաք կամ «ուրիշը»` քաղաքում

Երեւանը շատ է փոխվել` ահա մի պնդում, որ կլսես ամենատարբեր մարդկանցից։ Դեպի լա՞վը, թե՞ վատը. այստեղ կարծիքները կարող են տարբերվել, կարող են ավելացվել պարզաբանումներ ու վերապահումներ, կատարվել համեմատություններ…

Հստակ է, սակայն, որ շատ բաներ` առնվազն իրենց ծանոթ տեսքով, անվերադարձ հեռացել են, իսկ նորամուծությունների հախուռն ընթացքը եւ առայժմ կարճատեւ կյանքն ավելի շատ ապակողմնորոշում են ինչ-որ բան հասկանալու, վերլուծելու ցանկություն ունեցողներին։ Այդուհանդերձ, ակներեւ է քաղաքային նոր իրողությունները նկարագրելու, պատմելու գայթակղությունը, եւ պատահական չէ, որ Երեւանի մասին ավելի ու ավելի շատ է գրվում` լրագրային հոդվածներից մինչեւ հետազոտական աշխատանքներ։ Ընդ որում` հետաքրքրականը ոչ միայն նորն ու անծանոթն է, այլեւ հինը, որը նոր իրադրության մեջ պատասխանի կարոտ բազմաթիվ հարցեր է ծնում։

Հաճախ արդիականացումը նույնացվել է ուրբանացման հետ, ուստի քաղաքի` որպես միանգամայն նոր կենսական տարածության եւ սոցիալական փոխհարաբերությունների արենայի փիլիսոփայական, սոցիոլոգիական, մշակութաբանական եւ այլ ուսումնասիրություններն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեն։ Երբ ճարտարապետական շինությունները ներառվում են քաղաքային կյանքի բարդ հյուսվածքի մեջ, հնարավոր է դառնում ճարտարապետությունը դիտարկել քաղաքային միջավայրի փորձառության լեզվով` կիրառելով համապատասխան տեսական մոտեցումներ։ Այդպիսի մոտեցման օրինակ է նշանագիտությունը. ինչպես ցանկացած այլ բան, ճարտարապետական կառույցը կարող է դիտարկվել նշանի մակարդակում` մեկնաբանության հարցը դուրս բերելով «ճարտարապետությունը որպես արվեստ» ավանդական տեսակետի շրջանակից։ Քաղաքային շինությունների զետեղումը ուրբան փորձառության ընդարձակ համատեքստում հարստացնում է ճարտարապետությունը քաղաքական եւ սոցիալական չափումներով` այն բաց պահելով իմաստային նորանոր վերագրումների եւ մեկնաբանությունների առաջ։

Այս դեպքում քաղաքը կարող է ընկալվել որպես տեքստ, որի ընթերցումն իր հերթին ծնում է նոր տեքստեր, իսկ, ինչպես հայտնի է, քաղաքի` տարբեր միջոցներով (գրականություն եւ լրագրություն, կինո եւ լուսանկարչություն) կատարված նկարագրություններն օգնում են կազմելու քաղաքի նկարագիրը, դառնում նրա պատմության եւ հիշողության մասը։

Գեորգ Զիմմելը քաղաքային կյանքի մասին

Քսաներորդ դարի սկզբին աշխարհում արդեն կային մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքներ։ Ամենամեծը Լոնդոնն էր (7 միլիոն), իսկ Գեորգ Զիմմելի փորձառությունը կապված էր 19-րդ դարի վերջի Բեռլինի հետ։ Նա առաջիններից մեկն էր, որ փորձեց բացատրել մեծ քաղաքների բնակիչների վարքի որոշ աննախադեպ առանձնահատկություններ։ 20-րդ դարի սկզբի իր մի շարք աշխատանքներում` «Մետրոպոլիսը եւ մտավոր կյանքը» (1903), «Օտարը» (1908), «Ոճի խնդիրը» (1908) եւ այլն, Զիմմելը, արդի ժամանակների փորձառությունը մեծապես պայմանավորելով մերձության եւ հեռվության փոփոխվող հարաբերություններով, փորձում է բացատրել շատ մեծ քաղաքների բնակիչների զարմանալի վարքը։ Ի հակադրություն փոքր քաղաքների, մետրոպոլիսներն իրենց բնակիչների մեջ ստեղծում էին կամավոր անեսթեզիայի վիճակ, քաղաքային կյանքի գիտակցաբար բթացված ընկալում։

Նրա մոտեցման հիմքում այն ենթադրությունն էր, որ քաղաքային միջավայրը` տպավորությունների եւ ազդակների բազմազանությամբ, իրադարձությունների արագությամբ եւ փոխազդեցությունների առատությամբ, մարդկանց կարող էր հասցնել ծայրահեղ գրգռվածության, անտանելի նյարդային վիճակի։

Ինչպես նկատում է Զիմմելի ժամանակակից մեկնաբանը, «իրադարձությունների մետրոպոլիական ռիթմերի ստեղծած վիճակի լուծումը կամ, ավելի շուտ, այն դիմագրավելու ռազմավարությունն ընկած էր նրանում, որ մարդիկ ձգտում էին հեռավորություն ստեղծել իրենց եւ ուրիշների միջեւ, իսկ ավելի ընդհանուր առմամբ` հեռավորություն հենց քաղաքի ռիթմերից։ Պահանջվում էր զգացմունքների որոշակի անջատում կամ զսպում, որպեսզի հնարավոր լիներ քաղաքի կյանքի շարունակությունը» (Ջոն Ալլեն)։

Զիմմելը նոր մետրոպոլիական իրադրությունը բացատրում է մի խումբ փոխկապակցված հասկացությունների օգնությամբ` հեռավորություն (դիստանցիա), տարբերություն, օտարություն եւ ոճ։ Ըստ այդմ` քաղաքային կյանքը կարելի է սահմանել որպես «կյանք հեռավորության վրա» կամ «գոյությունն օտարի հետ», որտեղ օտար ասելով` չպետք է հասկանալ «մարգինալ» մարդկանց։ Օտարի կերպարը օգնում է որսալ հակասական փորձառությունն այն բանի, թե ինչ է նշանակում սոցիալապես փոխազդել մեկի հետ, որը տարածական իմաստով մոտ է, մինչդեռ սոցիալական իմաստով` հեռու։ Այստեղ օտարությունը հանդես է գալիս որպես մեծ քաղաքի համար անխուսափելի, անօտարելի տարբերության մարմնացում։

Ինչպես ընդգծվում է, «օտարության» դրսեւորումներ կամ աստիճաններ կան բոլոր տեսակի փոխհարաբերություններում, եւ կարեւոր է հասկանալ, որ հանրային կյանքում «մերձության եւ հեռվության միջեւ լարվածությունը մի բան է, որ կարող է ավելի շուտ ապրվել, քան անհրաժեշտաբար լուծվել…. Այն քաղաքային կյանքի փաստ է…. Այդուհանդերձ, հեռավորի ներկայությունը ընդունելը չի սասանում Զիմմելի ըմբռնումը, թե մոտի եւ հեռուի միջեւ լարվածությունը` դրոշմված սոցիալական փոխազդեցությունների ձեւերի վրա, կարող է ապրվել որպես ներառված տարբերություն։ Եթե դրան մոտենանք տարբեր տեսանկյունից եւ դիտարկենք ժամանակակից քաղաքը որպես մի տեղ, ուր բոլորը կարող են իրար համար օտար լինել, ապա պետք չէ ունենալ մեծ երեւակայություն` հասկանալու, որ այստեղ չենք կարող խոսել «տանտեր» խմբերի մասին. յուրաքանչյուր ոք պատկանում է տեղին, համայնքին, բայց դա բոլորին նույնը չի դարձնում, կամ չի մեղմում սոցիալական հեռավորությունը» (Ջոն Ալլեն)։

Այս նույն տեսանկյունից եւ բավական անսպասելի ձեւով է մեկնաբանվում ոճը։ Ըստ Զիմմելի` ոճը ոչ թե բացահայտում, այլ քողարկում է անձնականը, իսկ որոշակի ոճով կազմակերպված վարքը, արտաքինը եւ արտահայտությունը ես-ը ծածկող սոցիալական դիմակ են. «Թվում էր, թե այլեւս էգոն անկարող էր կրել ինքն իրեն կամ առնվազան այլեւս չէր ցանկանում ցույց տալ իրեն…. Ոճավորված արտահայտումը, կենսակերպերը, ճաշակը` սրանք բոլորն էլ սահմանափակություններ են եւ հեռավորություն ստեղծելու ձեւեր, որոնցում մեր ժամանակների չափազանցված սուբյեկտիվությունը գտնում է հակակշիռ եւ քողարկում»։

Տարբերությունը` «մեր» մեջ

Ինձ թվում է, որ Զիմմելի մտքերը մերձության եւ հեռվության, տարբերության (օտարի, ուրիշի) եւ ոճի վերաբերյալ, կարող են օգտակար լինել այժմ Երեւանում առաջ եկող քաղաքային նոր իրավիճակը հասկանալու փորձերի համար։ Իհարկե, խոսք չի կարող լինել նրա տեսական գործիքների ուղղակի կիրառության մասին. չափից ավելի շատ են իրադրությունների տարբերությունները, որոնք ստիպում են բազմաթիվ վերապահումներ անել։

Ժամանակը, երբ Զիմմելն արձանագրում էր արեւմտյան մետրոպոլիսի կայունացող դիմագիծը, արդիական հասարակության հասունացման շրջանն էր (որ դեռ նոր պիտի հայտնվեր ամենածանր ճգնաժամերի մեջ), եւ, ի թիվս այլ բաների, արեւմտյան քաղաքում որոշակի հանգրվանի էր հասել հասարակության շերտավորման երկարատեւ ընթացքը, որի արդյունքը սոցիալական տարբերությունների կայունացած համակարգն էր։ Մասնավորապես սա էր, որ հնարավոր էր դարձնում տարբերության վերը նկարագրված ընկալումը, քաղաքային ռիթմերի նկատմամբ հեռավորության հաստատման եւ սոցիալական զսպության` որպես քաղաքային կյանքի էական բաղադրիչների, կուլտիվացումը։ Հասկանալի է, որ այսօրվա Երեւանում (որն, ի միջի այլոց, նույնպես մեկ միլիոնից ավելի բնակչություն ունի) դեռ չեն նշմարվում այդպիսի տարբերություններ, տեղին չէ խոսել նաեւ քաղաքային կյանքի խելահեղ ռիթմերի մասին։ Մյուս կողմից, ինչպես նկատում են մեկնաբանները, սոցիալական եւ ֆիզիկական սահմաններն այժմ, տեղեկատվական եւ հաղորդակցական նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, ավելի բաց են հաղորդակցության համար, իսկ անհատի փոխհարաբերությունների եւ նրա վրա գործող ազդեցությունների շրջանակն ընդունում է գլոբալ մասշտաբներ։

Իսկ հիմա փորձեմ ի մի բերել այն նախադրյալները, որոնք, իմ կարծիքով, հուշում են վերը նկարագրված լեզվի օգտագործման հնարավորության մասին։ Բայց նախ` խիստ համառոտ կնկարագրեմ խորհրդային ժամանակից ստացած ժառանգության մասին։ Մինչխորհրդային արեւելահայությունը քաղաքներ չի ունեցել եւ կապիտալիստական զարգացման հետ չի առնչվել։ Խորհրդային տարիներին այս վիճակն արմատապես փոխվեց, Հայաստանն ուներ խորհրդային չափանիշներով զարգացած արդյունաբերություն, բայց, մյուս կողմից, անդասակարգ հասարակության սոցիալիստական իդեալը տեղ չէր թողնում հասարակության շերտավորման եւ էական սոցիալական տարբերությունների առաջացման համար։ Սա եւ Հայաստանի համար խիստ բնութագրական մոնոէթնիկությունը, այլազգիների գրեթե իսպառ բացակայությունը հատկապես Երեւանում, նախապայման էին հասարակության մի պատկերի, որտեղից արտաքսված էր օտարը, տարբերը, տարբերի հնարավորության գաղափարն իսկ (սոցիալիստականը նույնպես չէր ընկալվում որպես սպառնալիք ազգայինի նկատմամբ, բայց սա արդեն այլ թեմա է)։

Ռադիոյով եմ լսել Հյուսիսային պողոտայի տարածքի (թե՞ Բուզանդի փողոցի) իր բնակարանից վտարված տարեց կնոջ բացականչությունը` «ինչի՞, ես հայ չե՞մ», որն ակնհայտորեն արդարության կոչ էր. կարծես հայ լինելը դեռ ինչ-որ բան նշանակում էր, առավել եւս` հավասարություն։ Խորհրդային տարիներին շատ խոսուն, այսօր արդեն մոռացվող հարց-պնդումը` «Մենք հայ չե՞նք», նույնպես խոսում է էթնիկական ընդհանրության փաստի կարեւորության մասին։

Շարունակելով խոսել խորհրդային ժամանակի մասին` պետք է միաժամանակ ընդգծել մեկ այլ հանգամանք։ Արդյունաբերացման եւ գյուղի քայքայման ընթացքը ստեղծել էր քաղաքային կյանքի ուրիշ նախադրյալներ, որոնցից էր «բնիկության», տեղի հետ կապվածության կորուստը (Հրանտ Մաթեւոսյանի գրականության կարեւոր թեմաներից մեկը)։ Ետխորհրդային շրջանը նաեւ թուլացրեց կապը «հայրենի հողի» հետ, ամբողջովին բացեց երկրի սահմանները` ծանոթացնելով հայությանը գլոբալ շարժունության հաճույքներին։ Այսօր երեւանցին փոխված է` իր ավելի հարուստ եւ բազմազան, հաճախ ծանր փորձառությամբ, անծանոթ, օտար միջավայրերում գործելու եւ ապրելու` խորհրդային տարիների համար աներեւակայելի կենսափորձով, ինչպես նաեւ` իր հետագա կյանքի մասին ունեցած պատկերացումներով, որ թույլ է տալիս գլոբալացող աշխարհը։

Փոխվել է եւ շարունակում է փոխվել քաղաքի ոչ միայն ֆիզիկական, այլեւ սոցիալական լանդշաֆտը։ Այլեւս ակներեւ են սոցիալական շերտավորման նշանները։ Շերտավորում ասելով` չեմ հասկանում դասակարգեր (թեեւ ակնհայտ է հասարակության ծայրահեղ բեւեռացումը խիստ հարուստների եւ խիստ աղքատների միջեւ), այլ այն, ինչ արտահայտվում է սոցիոլոգիայում ընդունված ստատուսային խմբերի հասկացությամբ։ Այսպիսի խմբերն իրարից տարբերվում են ըստ տվյալ հասարակության մեջ սոցիալապես որոշված սկզբունքների, ինչպես նաեւ` տարբերակված կենսաոճերի, սպառողական ունակությունների եւ մշակութային նախասիրությունների միջոցով։

Ինչպես նշեցի, սոցիալական տարբերության առաջացումն ակներեւ է առնվազն իր ծայրագույն դրսեւորումների մեջ. մի կողմից` անօթեւանները եւ կեցության պայմաններով նրանց մոտ գտնվող շերտերը, իսկ մյուս կողմից` թանկարժեք մեքենաները, ֆիրմային խանութներն ու ժամանցի վայրերը, վերջապես` այսպես կոչված էլիտային շենքերը եւ մի ամբողջ Հյուսիսային պողոտա։ էլիտային բառն օգտագործում եմ պայմանականորեն` գուցե սրանք ավելի շատ առասպելական- երկար սպասվող եւ այդպես էլ չհայտնվող, «միջին խավը» սահմանող նշաններից են։

Շատ խոսուն է նաեւ այն հանգամանքը, որ սոցիալական այս խումբը քաղաքի կենտրոնի տեղադրությունն օգտագործում է որպես տարբերակման ձեւ, երբ աշխարհագրական տեղը դառնում է նաեւ սոցիալական տեղադրություն։ Իհարկե, Երեւանի կենտրոնի վերակառուցումն առաջին հերթին կապված է կասկածելի ծագում ունեցող կապիտալի օրինականացման, այստեղ կենտրոնացված ժամանցի արդյունաբերության շահութաբերության մեծացման, անշարժ գույքի ձեռքբերման եւ դրա գնի արհեստական բարձրացման եւ այլ բաների հետ։ Բայց բնութագրական է եւ հեգնական, որ Հյուսիսային պողոտան` եվրոպական քաղաքային ստանդարտ միջավայրի գավառական պատճենը, դառնում է երեւանյան ուրիշի, տարբերի մարմնացումը կամ կարեւոր նշաններից մեկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter