HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Անձնական մեդիան` պայքարի գործիք։ Մաս I

Ազատության հրապարակն առավոտյան

Հատկապես այս ժամերին հրապարակում հաստատված ճամբարը եւ առհասարակ ժողովրդական ընդվզումի ալիքը թվում է առավել խոցելի։

Առավոտ է, հնչում է երաժշտությունը, երբեմն արվում են կարճ հայտարարություններ, շատերն արդեն դուրս են եկել վրաններից, մի քանիսը պարում են։ Նստարաններին նստած են հոգնած դեմքով մարդիկ. ոմանք թերթ են կարդում, ուրիշները փակ աչքերով վայելում են ձմռան վերջին օրերի արեւի թույլ ջերմությունը։ Մի կին ավլում է ասֆալտը, իսկ արեւածաղկի սերմեր վաճառողը, որն արդեն տեղավորվել էր իր կարճ նստարանին, հանկարծ պարի հրապարակ է մտնում` հանդարտ թափահարելով հնամաշ զգեստի փեշերը։ Տնային հողաթափերով տղան, դատարկ պլաստիկե շշերը երաժշտության ռիթմով գլխավերեւում թափահարելով, շարժվում է դեպի ցայտաղբյուրը, անշտապ անցնում ոստիկանական մեքենայի մոտ խմբված ոստիկանների կողքով….

Միանգամայն առօրեական, պայքարի պաթոսից զերծ այս պահի մեջ փորձում եմ նշմարել շարժման հետագա ընթացքը հուշող ինչ-որ նշաններ։ Իբր թե, չլինելով այս առտնի իրադարձության անմիջական մասնակիցը, իր հերթական օրը սկսող համայնքի անդամը, կարող եմ դիտողի հեռավորությունից կարդալ ինչ-ինչ նշաններ, կռահումներ անել… Սիրտս սեղմվում է այս ամենի դյուրաբեկության ու վաղանցիկության զգացումից։ Դանդաղ քայլում եմ վրանների արանքով` աշխատելով կիսաբաց դռներից ներս չնայել։ Կարդում եմ արձանների պատվանդաններին եւ վրանների պատերին օրեցօր ավելացող մակագրությունները, կոչերը։ Թելից կախված թերթիկների վրա 1980-ականների վերջի համազգային շարժման պատկերներն են, տեքստեր…. Որքան էլ հասկանալի լինի ակունքներին փարելու այս ժեստը, այդուհանդերձ, նոր շարժումը նախորդի հետ իրեն համեմատելու հնարավորությամբ իսկ տարբեր է եւ այս կարճ ժամանակահատվածում տենդագին փնտրում է ինքնության հին ու նոր նշաններ, որոնք բազմաթիվ են` սկսած աղջիկների այտերին նկարված եռագույնից ու ճակատներին գրված «հիմա» կոչից, վերջացրած հաղորդակցության եւ տեղեկատվության նպատակով նոր տեխնոլոգիաների լայնածավալ օգտագործմամբ։

Շարժման բնութագրական նշանաբան-կոչերից մեկը` «հիմա», որ մատնանշում էր շարժման ամեն պահ սպասվող հիմնական գործողությունը, քիչ-քիչ դարձավ մարմնացումը այն ըմբռնումի, որ բուն նպատակը հենց այն է, որ անհասանելի է «հիմա» եւ պահանջում է երկարատեւ պայքար…

Եւ հիմա, երբ ավարտին է մոտենում արտակարգ դրության 20-օրյա շրջանը, իմ կարծիքով, հետագա պայքարի կարեւոր բաղադրիչներից մեկը պետք է լինի իրադարձությունների մանրամասն եւ բազմակողմանի վերլուծությունը։ Շարժման ամենացայտուն առանձնահատկություններից մեկը անձնական էլեկտրոնային մեդիայի (բջջային հեռախոս, DVD, թվանշային ֆոտո եւ վիդեո, զանազան ինտերնետաին ծառայություններ) տարաբնույթ գործածությունների փաստն էր, նոր մեդիայի մուտքը սոցիալական եւ քաղաքական պայքարի ասպարեզ (այս նշանակությամբ` Հայաստանում աննախադեպ)։ Այս տեխնոլոգիաները, տրամադրելով տեղեկատվության հորիզոնական տարածման մեծ հնարավորություններ, լուրջ նպաստ բերին շարժման կազմավորման ընթացքին եւ շրջանակի ընդլայնմանը։ Դրանք շոշափելի դեր խաղացին նաեւ հասարակական կարծիքի ձեւավորման եւ համերաշխության նոր սկզբունքների կառուցման գործում։ Շարժման շարքեր երիտասարդության սրընթաց մուտքը բացատրելիս նույնպես չպետք է մոռանալ նոր տեղեկատվամիջոցների մասին։ Չէ՞ որ հենց նրանք են այս տեխնոլոգիաների ամենաոգեւորված եւ հետեւողական օգտագործողները։

Անձնական մեդիայի պատմության դրվագներ

Վերջին չորս տասնամյակի ընթացքում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կատարված բուռն զարգացուների շնորհիվ մարդկանց ձեռքում հայտնվեցին մի շարք տեխնոլոգիաներ, որոնք ընդունված է անվանել անձնական մեդիա` դյուրակիր մագնիտոֆոններ եւ տեսախցիկներ, անձնական համակարգիչներ, որոնք մոդեմների օգնությամբ կարող են իրար միանալ հեռախոսային ցանցում, ավելի ուշ` CD-ներ եւ DVD-ներ, բջջային հեռախոսներ ու տարաբնույթ ինտերնետային ծառայություններ։ Բազմաթիվ մեկնաբաններ համակարծիք են այն բանում, որ այս տեխնոլոգիաները տարիների ընթացքում սասանեցին եւ շարունակում են սասանել տարբեր հասարակություններում հաստատված սոցիալական եւ քաղաքական պատնեշներ։ Այս տեղեկատվամիջոցները դարձան թե սոցիալական եւ քաղաքական մոբիլիզացման, թե անհատների եւ խմբերի ակտիվ եւ իմաստալից քաղաքական գործունեության միջոցներ։ Հատկանշական է եւ այն, որ անձնական էլեկտրոնային մեդիայի գալուստը համընկավ ամբողջ աշխարհում լայնածավալ քաղաքական տեղաշարժերի դարաշրջանի հետ` դառնալով դրանց ընթացքի անքակտելի մասը։ Ի թիվս այլ բաների, այլընտրական տեղեկատվամիջոցները, որ օգտագործվում էին տեղեկատվություն ստանալու, ստեղծելու, պահելու եւ տարածելու համար, նշանակում էին նաեւ տեղեկատվության նկատմամբ մամուլի մենաշնորհի վերջը։ Ավելին` հաճախ ամենահեղինակավոր զանգվածային տեղեկատվամիջոցներն անգամ ուրախ են հեռարձակելու սիրողական տեսանյութեր եւ լրատվություն։

Հիշենք անձնական մեդիայի քաղաքական օգտագործման մի քանի օրինակ։ 1970-ականներին, իրանական հեղափոխությունից առաջ, երկրից արտաքսված Այաթոլլա Խոմեյնին քաղաքական պայքարի համար օգտագործում էր այն ժամանակի ամենաարդիական հաղորդակցական տեխնոլոգիաները, թեեւ նրա նպատակը հենց զարգացման բուռն ընթացքի մեջ գտնվող Իրանի ապաարդիականացումն էր։ Նա իր ուղերձներն Իրան էր հասցնում հեռախոսի եւ ձայներիզների միջոցով, որոնք տեղում բազմացվում էին եւ հազարավոր օրինակներով տարածվում ամբողջ երկրում։

1989-ին Չինաստանում տեղի ունեցած խռովությունների եւ դրանց հաջորդած իրադարձությունների մասին տեղեկությունները սիրողական տեսաերիզների եւ նորությունների թողարկումների միջոցով մատակարարվում էին Արեւմուտքի զանգվածային տեղեկատվամիջոցներին` նպաստելով համաշխարհային հանրության տեղեկացվածությանը եւ միջազգային կարծիքի ձեւավորմանը։

Զապատիստա շարժումը, որ Մեքսիկայում ծավալվեց 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին, ըստ Մանուել Կաստելսի, առաջին տեղեկատվական պարտիզանական շարժումն էր։ Շարժման անդամները` Սուբկոմանդանտե Մարկոսի ղեկավարությամբ, ձգտում էին խուսափել արյունահեղությունից, քանի որ պատերազմն իրենց ռազմավարությունը չէին համարում։ Անխուսափելի ռազմական գործողություններին զուգահեռ, նրանք պայքարում էին տեղեկատվամիջոցների ճակատում։ Ինչպես ներկայացնում է Մանուել Կաստելսը` Ինտերնետի լայնածավալ օգտագործումը զապատիստաներին թույլ էր տալիս ակնթարթորեն աշխարհով մեկ տարածել տեղեկատվություն եւ կոչեր` ստեղծելով միջազգային հասարակական կարծիքի շարունակական արտահայտություն, որը բառացիորեն անհնար դարձրեց Մեքսիկայի կառավարության կողմից լայնածավալ ճնշումների գործադրումը։ Կաստելսը նաեւ նշում է, որ շարժումը եւ նրա շուրջը ձեւավորված ցանցի տարածած պատկերները եւ տեղեկատվությունը հզոր ազդեցություն ունեցան Մեքսիկայի տնտեսության եւ քաղաքականության վրա։

Խրուշչովյան ձնհալին հաջորդած ճնշումների ժամանակ ողջ սոցիալիստական ճամբարում լայն տարածում ստացավ «սամիզդատը» (ինքնահրատ տպագիր նյութերը), որն այլախոհության տարածման միջոց եւ այլընտրական տեղեկատվության աղբյուր էր։ Ավելի մշակութային նպատակների էին ծառայում մագնիտոֆոնային ձայնագրությունները, որոնց միջոցով խորհրդային քաղաքացիները ծանոթանում էին արեւմտյան զանգվածային երաժշտության նորագույն հոսանքներին։

Վերը հիշատակված տեխնոլոգիաների մեծ մասը Հայաստան մուտք գործեց միայն ետխորհրդային տարիներին, եւ 2008 թվականի նախագահի ընտրությանը նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մեջ դրանց ներգրավումը անձնական տեղեկատվամիջոցների քաղաքական օգտագործման առաջին դեպքն է։ Այս առնչությամբ ավելացնեմ, որ ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» ընթացքում նույնպես ինտերնետը եղել է այլընտրական հաղորդակցության կենսական միջոց։

2007 թվականի աշնանը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին հանրահավաքներն էր անցկացնում, հանրային եւ մասնավոր հեռուստակայանների լիակատար լռության կամ ակնհայտ կողմնակալության պայմաններում, նրա կողմնակիցները սկսեցին տեղեկատվություն տարածել DVD-ների միջոցով։ Սա առաջին քայլն էր։ Նախընտրական եւ հատկապես ետընտրական հանրահավաքների ժամանակ պաշտոնական ապատեղեկատվությունը շրջանցող եւ հարյուր հազարավոր մարդկանց հավաստի տեղեկատվություն հասցնող, շարժման համակիրների շրջանակն ընդլայնող միջոց դարձան բջջային հեռախոսները (միտինգների ժամանակ կարելի էր տեսնել բազմաթիվ մարդկանց, որոնք հեռախոսով իրենց ընկերներին ու ծանոթներին ժամանակ առ ժամանակ տեղեկացնում էին հրապարակում կատարվող իրադարձությունների մասին), ինչպես նաեւ` լուսանկարները եւ տեսագրությունները, որոնք արագորեն տարածվում էին նաեւ Ինտերնետի միջոցով եւ դառնում շատերի սեփականությունը։

Իրադարձությունների այսպիսի ընթացքի համար որոշակիորեն պարտական ենք Հայաստանի հասարակության մեջ անձնական տեղեկատվամիջոցների եւ դրանց օգտագործման համար անհրաժեշտ բավարար գիտելիքների ու հմտությունների տարածմանը, հասարակության հետագա մեդիականացմանը։ Առաջին հերթին խոսքը բջջային հեռախոսների եւ թվանշային լուսանկարչական սարքերի ու տեսախցիկների մասին է, իհարկե, բայց նաեւ Ինտերնետի այնպիսի ծառայությունների, որոնք ընձեռում են պատկերային եւ տեքստային տեղեկատվություն տարածելու, քննարկումների եւ բանավեճերի մասնակցելու հնարավորություններ։ Հասկանալի է, որ առավելապես անհատական հմտությունները այս դեպքում, առնչվելով զանգվածային իրադարձության ընթացքին, հասարակական նշանակալիություն են ստանում։

Հանրահավաքների ու ցույցերի մասնակիցների ջանքերով հավաքված տեսողական նյութը ծառայում է հատկապես վերջին օրվա իրադարձությունների մասին հանրությանը տեղեկացնելու, իշխանությունների եւ նրանց ծառայող տեղեկատվամիջոցների կողմից տարածվող կեղծիքը կասկածի տակ առնելու գործին։ Անհնար է հաշվի չնստել այդ նյութի գոյության հետ։ Օրինակ` պաշտոնապես հետեւողականորեն հերքվում է այն փաստը, որ մարտի 1-ին, օրվա երկրորդ կեսին, ցուցարարների մեջ է մխրճվել եւ երկու հոգու լուրջ վնասվածքներ հասցրել մի ոստիկանական մեքենա։ Պարզվեց, սակայն, որ կան այդ անսպասելի եւ կարճատեւ պատահարն արձանագրած մի քանի սիրողական տեսագրություններ, եւ դժվար է պատկերացնել, թե այս անգամ իշխանությունները խուսանավության ի՞նչ ձեւեր են գտնելու։

Բայց սրանք ոչ միայն «ազատության տեխնոլոգիաներ» են (օգտագործելով Իթհիել դե Սոլա Փուլի գրքի վերնագիրը), այլեւ վերահսկման եւ սահմանափակման ազդեցիկ միջոցներ։ Ետընտրական հանրահավաքների առաջին օրերին, երբ արդեն մեծ ծավալով տեսողական նյութ էր հավաքվել եւ տարածվել, «Հետք»-ի իմ գործընկերների հետ զրուցելիս հիշեցի Միլան Կունդերայի «Գոյության անտանելի թեթեւությունը» գրքի այն հատվածը, որտեղ պատմվում է 1968 թվականին Պրահա խորհրդային զորքերի մուտքին հաջորդած խռովությունների մասին։

Բախումների ժամանակ կատարված լուսանկարները, որոնց մեծ մասի հեղինակները հակախորհրդային պայքարի կողմնակիցներն էին, հետագայում Չեխոսլովակիայի իշխանությունների համար հետապնդումների եւ ձերբակալությունների հիմք դարձան։ Մարտի 1-ից հետո նման մի բան տեղի ունեցավ նաեւ Հայաստանում, երբ մարդկանց հարցաքննության են հրավիրում եւ մեղադրանք ներկայացնում լուսանկարների, տեսագրությունների եւ անգամ SMS հաղորդագրությունների հիման վրա։

Մենք տեսանք նաեւ, թե ինչպես արտակարգ իրադրության պայմաններում առանց հիմնավորումների արգելափակվեցին ինտերնետային ընդդիմադիր տեղեկատվամիջոցներ եւ այլընտրական տեղեկատվության աղբյուրներ (հայաստանյան եւ արտերկրյա)։ Երկար տարիներ հռետորական թվացող այն հարցը, թե որքանո՞վ է պաշտպանված մեր ինտերնետային հաղորդակցությունը անցանկալի միջամտություններից, որքանո՞վ է հարգված մեր մասնավորության իրավունքը, այսօր հստակ պատասխան ստացավ։ Այլեւս ակնհայտ է, որ այստեղ նույնպես իշխանությունները ոչ մի միջոցից չեն խորշում։

Հեգնական է այն հանգամանքը, որ հենց այս օրերին, այս գործողությունների իրականացման շրջանում հայտարարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր հայեցակարգի ընդունման մասին (այդ հարցին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը)։ Իսկ եթե հաշվի առնենք այն, որ այժմ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները լուրջ քայլեր են ձեռնարկում ինտերնետային հաղորդակցության նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու համար (սա, մասնավորապես, նշանակում է բավական թանկարժեք սարքերի ձեռքբերում), ապա պարզ կդառնա, թե որն է հայաստանյան զարգացումների առավել հավանական սցենարը, եւ ինչ արժե այս նոր հայեցակարգը։

Այլընտրական կարծիքի ձեւավորման արենա

Ի՞նչն էր մարդկանց բերում Ազատության հրապարակ։ Սոցիալական ծայրահեղ անհավասարության եւ անօրինականության ծնած բողո՞քը, վայրենի ձեւերով կեղծված ընտրություննե՞րը, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իրականացվող աննախադեպ կողմնակալ լուսաբանումը եւ անամոթ ապատեղեկատվությո՞ւնը, իրապես ընդդիմադիր եւ շարժումն առաջնորդելու ընդունակ գործչի ներկայությո՞ւնը…. Այո՛։ Ուրի՞շ։

Լատինաամերիկյան տեսաբան Մարտին Բարբերոն, նկարագրելով քաղաքների զարգացման այն փուլը, երբ դրանք դառնում են «օգտագործման համար ոչ պիտանի», քանի որ կազմալուծվել, ոչնչացվել են մարդկանց հավաքվելու ավանդական տեղերը, պնդում է, որ այդ պայմաններում տեսողական տեղեկատվամիջոցները եւ հատկապես հեռուստատեսությունը դարձան «քաղաքը մեզ վերադարձնելու, քաղաքի «երեւակայական տարածքներում» մեզ վերստին զետեղելու», քաղաքը իշխանական վերնախավից ետ խլելու գործիքները։ 

Վերջին տասնամյակում Երեւանում կատարվեց ավելի սարսափելի մի բան։ Մարդկանցից նախ խլվեց քաղաքային տարածությունը` զբոսայգիներն ու հրապարակները (ժամանցի արդյունաբերությանը տրամադրված Օղակաձեւ զբոսայգին եւ Օպերայի շրջակա տարածքը դրա օրինակներն են), որտեղ մարդիկ հավաքվում եւ զրուցում էին, խորհրդածում եւ կարծիքներ փոխանակում։ Այնուհետեւ նրանց առաջ փակվեցին էլեկտրոնային տեղեկատվամիջոցների դռները, որոնք դադարել են հանրային կարեւորություն ունեցող անաչառ տեղեկատվության, մարդկանց հանդիպման, քաղաքական եւ մտավորական բանավեճի, կարծիքների ազատ արտահայտման տեղ լինելուց։

Մյուս կողմից` նույն ընթացքում կատարվեց հասարակության ֆրագմենտացում, որը հանգեցրեց ոչ միայն երկու բեւեռների` շատ հարուստների եւ ծայրահեղ աղքատների, այլեւ տարաբնույթ շահեր եւ հետաքրքրություններ ունեցող խավերի եւ խմբերի առաջացման։ Միեւնույն ժամանակ, խորհրդային տարիներին հասարակական համերաշխություն ապահովող եւ արդեն անհետացած արժեքների եւ նորմերի փոխարեն մարդկանց առաջարկվում էին այնպիսի իդեալներ, ինչպիսիք են սպառողական ունակությունները, ծայրահեղ պատեհապաշտությունն ու հարմարվողականությունը։

Այդ օրերին Ազատության հրապարակ գնացող հարյուր հազարավոր մարդկանց ձգում էր լսելու, խոսելու, մեկնաբանելու, իրադարձությունների մասին պաշտոնականից տարբեր կարծիքներ իմանալու հնարավորությունը։ Հրապարակը դարձել էր մի մեծ արենա, որտեղ կարելի էր ձեւավորել հասարակական կարծիք` սեփական իմաստները վերագրելով իրադարձություններին եւ առաջ քաշելով նոր արժեքներ, «հանրային» տեղեկատվամիջոցների նկատմամբ ունեցած անվստահությունը վերափոխելով հանրային նշանակություն ունեցող այլակարծության։

Կարծում եմ, որ շատերը տեսնում էին նաեւ հասարակական համերաշխությունը վերագտնելու նոր հնարավորություններ մինչ այդ արհամարված կամ գիտակցաբար արժեզրկված գաղափարների ու պրակտիկաների շուրջ (օրինակ` արդարությունը եւ քաղաքացիական մի շարք իրավունքներն ընդդեմ կլանային շահերով եւ պատեհապաշտությամբ առաջնորդվող համերաշխության)։

Եւ նոր տեխնոլոգիաները դարձան այն միջոցը, որի օգնությամբ հանրային կարծիքի ձեւավորման ու նոր արժեքների կուլտիվացման ընթացքը դուրս էր գալիս հրապարակից, իր մեջ առնում բազաթիվ նոր մարդկանց, ընդլայնում սոցիալական դիմադրության եւ ըմբոստության շրջանակներն ու եղանակները։

Ինձ թվում է, որ, այս ամենի հետ միասին, երիտասարդներին շարժումը գրավեց նաեւ որպես անձնական ինքնության ձեւավորման եւ որոշակի հանրության պատկանելության հաստատման համար չափազանց գրավիչ զանգվածային իրադարձություն։ Գրավիչ թե իր պաթոսով ու տոնականությամբ, թե ներշնչող հեռանկարով, թե զանազան կոչերով ու պրակտիկաներով (ցույցեր, երթեր եւ այլն)։

շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter