HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Նախընտրական սոցիոլոգիա եւ ետընտրական հոգեբանություն

Հայաստանում տխուր ժամանակ է սկսվում։ Նախանշանները շատ են. շարժման հետ որեւէ առնչություն ունեցողների հետեւողական հալածանքը, «ազգի որոշակի հատվածի» եւ նրա առաջնորդների շարունակվող պիտակավորումը….

Հյուսիսային պողոտայում զբոսնող, ընթերցող կամ շախմատ խաղացող մարդկանց բերման ենթարկելը, տեղական ցույցերին մասնակցող վանատուրցի դպրոցականներին հարցաքննելը եւ այլն։ Բայց հատկապես՝ ազգի անունից եւ հանուն ազգի կոչեր անողների, ահազանգողների ու հոխորտացողների քանակի աճը։ Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում նրանց համար բաց էին մամուլի էջերը, ռադիոն ու հեռուստատեսությունը։ 

Մարդիկ մի օր հանկարծ «մեր ազգի» մեջ հայտնաբերել են 21% կազմող «զոմբիացված», «հիշողության կորստով տառապող», «քանդելու» մոլուցքով բռնված, պոտենցիալ դավաճան ազգակիցներ եւ համակվել «արդարացի զայրույթով»։ 

Ահա նրանց խոսքի մի քանի նմուշ. «Կոչ ենք անում ազգասիրական ուժերին՝ պայքարել Տեր-Պետրոսյանի ազգակործան շարժման դեմ», «Պետք է հայրենասիրական եւ ազգային ընդդիմություն ստեղծենք» (Արամ Գ. Սարգսյան եւ Հայկ Բաբուխանյան), «…Ադրբեջանը ոգեւորված է, որ Լեւոնին հաջողվեց հայ ազգին մասերի բաժանել, ազգի ողնաշարը կոտրել։ Դա դավաճանություն է։ Ես այսօր առավելապես մտահոգված եմ, որ տեղի ունեցած դեպքերն ազգապահպանման իմաստով շատ ավելի դաժան հետեւանքներ կարող են ունենալ, քան մենք այսօր պատկերացնում ենք» (Լեւոն Մելիք-Շահնազարյան)։ Մի խոսքով՝ հայրենասիրությունը կամ ավելի ճիշտ՝ ազգասիրությունը նորից մոդա է։ 

Ստացվել է պոստսոցիալիստական պոստմոդեռնիզմի նման մի բան. ցիտվում է խորհրդային ժամանակից ամեն պատահած բան՝ առանց խտրականության (երբեմն գործում է շրջված բանաձեւը՝ «ձեւով սոցիալիստական, բովանդակությամբ ազգային»). համատարած հարցաքննություններից ու ձերբակալություններից, ոմանց «ազգի թշնամի» հայտարարելուց մինչեւ «լճացման տարիների» տարատեսակ անհեթեթություններ։ Տարբերություններ էլ կան. առայժմ այլախոհներին հոգեբուժարան չեն տանում եւ մեծամասամբ բավարարվում են «հոգեբանական դիվերսիայի զոհ» կամ «զոմբիացված» հայտարարելով։ Խորհրդային տարիներին մարդկանց հետապնդում էին արգելված գրքեր կարդալու համար, հիմա կան գիրք կարդալու արգելված վայրեր։ Մյուս կողմից՝ պարզ չէ, թե ինչու չեն հարցաքննում գյումրեցի դպրոցականին, որն իր նախաճաշի հարյուր դրամն է տալիս ԳԱԼԱ-ի օգտին կազմակերպված դրամահավաքին կամ ինչու չեն ձերբակալում գյուղացուն, որը մի քանի կիլոմետր քայլել է, որպեսզի հասնի Գյումրի եւ իր խղճուկ թոշակի մի մասը հատկացնի նույն դրամահավաքին։ Մի՞թե սրանք անհնազանդության պակաս վտանգավոր ձեւեր են։

Հայտնի է, որ Հայաստանում սոցիոլոգիան վաղուց վերածվել է «նախընտրական գիտության»։ Նորություն է հոգեբանության ետընտրական գործառույթը՝ բացատրել այն, ինչ չէր կանխատեսել սոցիոլոգիան։ Այլ կերպ ասած՝ եթե հայկական սոցիոլոգիան բացատրում է «օրինաչափությունները», ապա հոգեբանության եւ հոգեբանների կարիքը զգացվեց վտանգավոր «շեղումները» կամ «անոմալիաները» բացատրելու համար. «Նրանք անքննադատ ընդունում են ամեն մի ասվածը, դա հիպնոսի պես մի բան է, որը դեպի կործանում է տանում» (Կարինե Նալչաջյան)։ Սերժ Սարգսյանի հաջողությունն, այսպիսով, սոցիոլոգիական է, Լեւոն Տեր-Պետրոսյանինը՝ հոգեբանական (եւ բացասական նշանով)։

Կարեւոր չէ, թե ո՞վ դրեց այս հոգեբանական «բացատրությունների» սկիզբը, բայց «Ազգ»-ի փետրվարի 21-ի համարում, այսինքն՝ հենց առաջին ետընտրական հանրահավաքից հետո, թղթակից Սուսաննա Մարգարյանի առաջադրած հարցերի միջոցով հստակորեն ակնարկվում են հոգեբաններից ակնկալվող մեկնաբանությունները։ Ահա այդ հարցերից մի քանիսը. «Կարո՞ղ է առաջնորդի որակներով օժտված մեկը ավելի անցանկալի (չասեմ՝ վնասակար) գաղափարներ կրող լինել, քան մեկ այլ թեկնածու, ով ունի օգտավետ գաղափարներ, սակայն` թույլ խարիզմա», «Առաջարկում եմ խոսել համընդհանուր, հավաքական ներշնչանքի մասին», «Հնարավո՞ր է մեծ ընտրազանգվածին տեւական ներշնչանքի մեջ պահել որոշ ժամանակ»։ Եւ եթե Ալբերտ Նալչաջյանի պատասխաններն ակնհայտորեն չեն համապատասխանում լրագրողի ակնկալիքներին, մի քանի օր անց` փետրվարի 27-ին, Կարինե Նալչաջյանը «Հայացք» ակումբում բացատրեց ամեն ինչ, որ կարող էր բացատրել։ Նա մասնավորապես նկարագրեց հոգեբանական տարբեր հնարքներով հասարակության գիտակցության վրա ազդելու մեթոդները եւ բացատրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տասը տարի շարունակ աշխատելով, այդ հնարքներին տիրապետում է մեծ վարպետությամբ։

Մինչդեռ «Ազգ»-ի նույն թղթակցին պատասխանելով՝ հոգեբան Սամվել Խուդոյանն ասում է հետեւյալը. «Նման մանիպուլյացիաներ իրականացնում է ցանկացած մարդ, եթե ուզում է մեկին օգտագործել իր նպատակների համար։ Ցանկացած երկրում էլ ընտրությունների ժամանակ այս մանիպուլյացիաները կատարվում են։ Ուրիշ բան է, որ քաղաքակիրթ երկրներում կոպիտ մանիպուլյացիաներին (քվեաթերթիկների լցոնում, հոգեբանական ու ֆիզիկական ուժի կիրառում) փոխարինում են նուրբ մանիպուլյացիաները»։

Բայց նման սթափ գնահատականները չէին համապատասխանում պաշտոնական վարկածին։ Գլխավոր դատախազը պնդեց, օրինակ, որ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ողջ ընթացքում հոգեբանական դիվերսիա է իրականացվել։ Նման դեպքերում օգտագործվող ձեւակեպումներից են նաեւ «հիշողության զանգվածային կորուստը», «զանգվածային հիպնոսը»։ Եթե կանխատեսումներ անելիս պետական պաշտոնյաները, քաղաքական եւ կուսակցական գործիչները սոցիոլոգիական գիտելիքներ ցուցադրելու հնարավորություն չունեին, ապա ետընտրական բացատրություններում հոգեբանական գործոնն ակնհայտորեն չարաշահվեց (հասկանալի է, հոգեբանությունը սոցիոլոգիայի պես «ճշգրիտ գիտություն» չէ)՝ ի վերջո հասնելով զավեշտի, եւ այդ առնչությամբ Մեթյու Բրայզայի հեգնական մեկնաբանությունը շատ մեղմ էր։

Չգիտեմ, թե քանի հոգի է հավատում այս հոգեբանական վարկածին, բայց ահա նման բացատրության մի օրինակ։ Թղթակիցը հարց է տալիս. «Ցուցարարների զգալի մասը նախկին նախագահի կողքին հայտնվել էր ոչ թե նրա համար, որ Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն էր, այլ որովհետեւ դժգոհ էր ներկա իշխանությունից»։ Լ. Մելիք-Շահնազարյանը պատասխանում է. «Այո, այդ հիպնոսացած մարդիկ գնում էին Լեւոնի հռետորության հետեւից՝ առանց նրա ասածները ընկալելու»։ Թվում է, որ քաղաքագետը պակաս «հիպնոսացած» չէ, քանի որ չի լսում իրեն ուղղված հարցը։

Այս բացատրություններում անբացահայտ ձեւով եւս մեկ անգամ արժեզրկում է հայերեն լեզուն. գրագետ հայերենը, խելացի եւ տրամաբանված խոսքն ու հռետորական վարպետությունը, ներկա եւ նորընտիր նախագահների խիստ համեստ լեզվական ընդունակություների պայմաններում, հայտարարվում են մանիպուլացման եւ դիվերսիայի միջոցներ։ 

Նույնիսկ խոսելով սոցիալական լուրջ խնդիրների ու դժգոհության բազմաթիվ այլ պատճառների մասին (երկրում տիրող կոռուպցիան, անարդարությունն ու անօրինությունը եւ այլն), որոնք կարող էին հասարակական ընդվզման պատճառ դառնալ, միեւնույն է, նրանք հրաժարվում են շարժմանը որեւէ դրական իմաստ վերագրել։ Նորից Կարինե Նալչաջյանն է. «Իշխանավորները ցնցվեցին ու հասկացան, որ այսպես այլեւս հնարավոր չէ, որ այդ հեղեղը կարող է բարձրանալ եւ ամեն ինչ կործանել»։

Եթե Տեր-Պետրոսյանն ամբողջովին դեմոնացվում է, նույնացվում չարի հետ, ապա նրա շուրջը հավաքվածներին մերժվում են ամենապարզ բաները` տրամաբանությունը (Արամ Գ. Սարգսյան. «Եթե նրանք տրամաբանեին, ուղղակի կբացառեին Տեր-Պետրոսյանի օգտին իրենց քվեն»), մանիպուլացման չենթարկվելու ունակությունը, իրենց երկրի շահերը գիտակցելը եւ այլն։ Ըստ այդմ՝ շարժումն ամբողջովին իռացիոնալ պոռթկում է՝ զուրկ որեւէ կառուցողական հատկությունից։

Իհարկե, իրենց բացատրություններում նրանք մոռանում են հիշատակել այնպիսի պարզ բաներ, ինչպիսին մարտի 1-ի առավոտյան իշխանությունների կողմից Ազատության հրապարակում բացառիկ դաժանությամբ իրականացված գործողությունն է, մոռանում են նկատել, որ հասարակության պառակտումը՝ հարուստների ու աղքատների միջեւ ծայրահեղ բեւեռացումը, տեղի է ունեցել հենց Քոչարյանի օրոք։ Հասկանալի է՝ նրանք չեն խոսում նաեւ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական արժեքների եւ այլ նման բաների մասին։ Հիմնական միավորը «ազգն» է («ազգի դավաճան», «ազգի պառակտում», «ազգի հոգեբանական պաշտպանվածություն»), իսկ էթնիկական ընդհանրությունը՝ միասնության ինքնին հասկանալի եւ բացառիկ սկզբունքը։ Շարունակ շահարկվում է «մենքը», որ գրեթե անգիտակցականորեն գործածվում է շատերի կողմից (եթե հոգեբանական բացատրությունը ազգասերների մենաշնորհը չէ). «մեր ազգը», «մեր ժողովուրդը», «մեր ամոթի գարնանամուտը», «մեր խայտառակությունը»…. Հասարակության մասին եւս մոռացել են։ (Ի միջի այլոց, ի՞նչ գործ ունի այստեղ սոցիոլոգիան, երբ չկա հասարակություն, չկա նվազագույն նմանությունը այն հասարակությանը, որտեղ եւ որը բացատրելու համար առաջացել է սոցիոլոգիան։)

«Ազգ»-ի լրագրողն առաջարկում է եւս մի բացատրություն։ Նկատելով, որ Տեր-Պետրոսյանի «քանդելու եւ ոչնչացնելու խոստումը բավարար եղավ, որպեսզի նա իր շուրջը հավաքի նման պատկառելի ընտրազանգված», հարցնում է. «Որտեղի՞ց է գալիս «քանդելու»՝ սեւեռուն գաղափար հիշեցնող թաքնված կամ անթաքույց մոլուցքը» եւ բացատրում. «Գլխավոր պատճառը դարեր շարունակ պետականության բացակայությունն է» (19 մարտի)։

Ուզում եմ մեջբերել հոգեբան Սամվել Խուդոյանի հետ վերը հիշատակված հարցազրույցից եւս մի հատված։ Նա պնդում է, որ հայերի մեջ շատ են «ասիական մենթալիտետին բնորոշ գծերը»։ Դրանք են՝ «ստրկամտությունը, գավառամտությունը, ճորտի հոգեբանությունը, քծնանքը»։ Միայն մի կարեւոր վերապահում ունեմ։ Իմ կարծիքով՝ պատճառը «ասիական մենթալիտետը» չէ, այլ, եթե «պետականության բացակայություն» մեղմասացության փոխարեն օգտագործեմ ընդունված ու բոլորին հասկանալի բառը, հայ ժողովրդի երկարատեւ գաղութացվածությունը, որ «քանդելու մոլուցքից» ավելի շատերի մոտ դաստիարակել է վերը թվարկված որակները, որ փոխանցվել են սերնդեսերունդ։ Փառք Աստծո, ոչ բոլորի մոտ եւ ոչ բոլորին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter