Նախագահի հանձնարարականը դատապարտված է չկատարման
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարեց հետևյալը. «Այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013 թվականին, 14-ին, 15-ին, 17-ին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Այն կառավարությունը, որ չապահովի աշխատավարձի առաջանցիկ աճ, քան գնաճն է հարապետությունում, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Որքանո՞վ ճիշտ է, երբ նախագահը հրապարակավ նման պահանջներ է առաջ քաշում:
Խնդիրն այն է, որ նախագահը մինչ այդ ստորագրել էր 2013 թ. բյուջեի մասին օրենքը, որի հիմքում 6,2% աճն էր: Հիմա էլ ստորագրել է 2014 թ. բյուջեի մասին օրենքը, որի հիմքում 5,2% աճի կանխատեսումն է: Կառավարության 2014-16 թ.թ. միջինժամկետ ծախսերի ծրագրում նույնպես խոսք չկա 7% աճի սպասումների մասին, օրինակ՝ 2015 թ. կանխատեսվել է 6,3%, 2016 թ.՝ 6,4%: Այսինքն՝ կառավարության որևէ պաշտոնական փաստաթուղթ չի արտացոլում այնպիսի սպասումներ, որոնք կձևավորեին 7% աճ: Ու այդ փաստաթղթերի մի մասը ստորագրվում են հենց նախագահի կողմից: Հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ հիման վրա է նախագահը ավելի բարձր արդյունքներ պահանջում, քան հաշվարկում է կառավարությունը:
Այն պահին, երբ Ս. Սարգսյանը այդպիսի հայտարարություն էր կատարում, տնտեսական աճը գերազանցում էր 8%-ը, իսկ նախորդ տարին փակվել էր 7,2% աճով: Հավանաբար՝ դա էլ լավատեսական տրամադրություններ էր ներշնչել նախագահին: Սակայն նույնիսկ ադ պարագայում նախագահը պարտավոր է հենվել կառավարության կանխատեսումների ու սպասումների վրա, կամ էլ ի սկզբանե պետք է ձևավորի այնպիսի կառավարություն, որի սպասումները համահունչ են իր հայտարարություններին:
Սակայն կա նաև մեկ այլ խնդիր: Տնտեսական աճը ցանկություններով չի ձևավորվում, աշխարհում այնպիսի կառավարություն ու կազմակերպություն չկա, որ կարողանար ճշտորեն հաշվարկել տնտեսական սպասվող աճը: Բոլորը կանխատեսումները պայմանավորված ու կախված են բազմաթիվ գործոններից, ու այդ գործոնները պլանավորել նույնպես հնարավոր չէ: Այդ պատճառով տարվա ընթացքում բոլոր հեղինակավոր կազմակերպություններն էլ, ինչպես Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, առնվազն 2 անգամ վերանայում են տնտեսական աճի բոլոր կանխատեսումները: Հայաստանի կառավարությունը ևս ստիպված է վերանայել աճի կանխատեսումները, ու 2013 թ. սպասում է 4,1%աճ (լավագույն դեպքում): Այսինքն՝ նախագահի հանձնարարականը դատապարտված է չկատարման: Պետք է արդյո՞ք հրաժարական տա կառավարությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, դեկտեմբերի 27-ին պատասխանելով լրագրողների այս հարցին, ասաց, որ նախագահի հանձնարարականը քաղաքական հարթության մեջ էր, ու տարին ամփոփելուց հետո միայն կառավարությունը հանդես կգա բացատրություններով ու վերլուծություններով: Ստացվում է՝ նախագահն արհեստականորեն ու տնտեսապես չհիմնավորված հաշվարկների հիման վրա շատ բարձր նշաձող է սահմանել, ինչը պետք է հոգեբանական ազդեցություն թողներ կառավարության անդամների վրա ու դրդեր նրանց՝ անել առավելագույնը բարձր աճ ապահովելու: Սակայն խոստովանենք՝ կառավարության հրաժական տալու խնդիրը նման հոգեբանական վարժությունների համար այնքան էլ հարմար դաշտ չէ:
Ստեղծված իրավիճակը բավական նուրբ է և ոչ ստանդարտ: Թե ինչպես այն կհանգուցալուծվի՝ կառավարության ու նախագահի խնդիրն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը պլանային տնտեսությամբ երկիր չէ, ու վարչահրամայական մեթոդներով տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել