HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Քաղաքային տարածություն եւ տեղեկատվամիջոցներ – 2

Սկիզբը

Արեւմտյան ակադեմիական-համալսարանական շրջանակներում ձեւավորվել է նախկին սոցիալիստական հասարակությունների հետազոտությանը նվիրված մի ընդարձակ եւ արագ զարգացող բնագավառ։

Փորձենք հաճախ լսվող արտահայտությունը՝ «Երեւանը վերջին տարիներին շատ է փոխվել», պարզաբանել այդ բնագավառում կատարված հետազոտությունների օգնությամբ՝ ետսոցիալիստական քաղաքներում տեղի ունեցող արմատական փոխակերպումների նկարագրությունից ընտրելով հենց այն, ինչ ավելի բնութագրական է թվում այսօրվա Երեւանի համար։

Արդիականացման սոցիալիստական նախագծի մեջ քաղաքներին վերապահված էր վճռական դերակատարություն։ Խորհրդային Միությունում հասարակության վերակառուցման, նոր մարդու ձեւավորման եւ տարատեսակ բարեփոխումների հիմնական տեղը քաղաքն էր եւ առաջին հերթին՝ մայրաքաղաքը, որը, լինելով հանրապետության վարչական եւ արդյունաբերական կենտրոնը, տիրապետող դիրք ուներ մյուս քաղաքների նկատմամբ։ Խորհրդային քաղաքին բնորոշ էր նաեւ ուրբան լանդշաֆտի ընդգծված խորհրդանշականությունը. կոմունիստական գաղափարաբանությունը մարմնացնող շինություններ, արձաններ եւ խորհրդանշաններ։

Ետխորհրդային շրջանում նույնպես քաղաքներն արմատական փոխակերպումների հիմնական ասպարեզն են, բայց այժմ առանձնանում են բոլորովին այլ հատկանիշներով ու գործընթացներով։ Ազգային տնտեսության շուկայականացումը եւ միջազգայնացումը առաջին հերթին դրսեւորվում է մայրաքաղաքի վերակառուցման մեջ։ Ընդարձակվում է տարատեսակ միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա բիզնեսի ներկայացուցիչների խավը, սերտանում են վերջինիս հարաբերությունները տեղական քաղաքական եւ տնտեսական գործիչների հետ։ Միաժամանակ տեղի է ունենում գլոբալ մշակույթի ներխուժումը քաղաքային կյանքի տարբեր ոլորտներ՝ սոցիալիստական քաղաքների համար աներեւակայելի փոփոխություններ հարուցելով քաղաքային լանդշաֆտում։

Քաղաքային միջավայրի կտրուկ փոփոխության մյուս խթանը մասնավոր սեփականության առաջացումն է, ենթակառուցվածքների, գույքի եւ ծառայությունների մասնավորեցման ընթացքը։ Ետխորհրդային առաջին տարիներին սկսված ապաարդյունաբերացումն արդեն արմատապես փոխել էր հասարակության կազմն ու սոցիալական հարաբերությունների բնույթը, եւ սեփականության մասնավորեցումը, զբաղվածության նոր ձեւերի առաջացումը շարունակեցին այդ ընթացքը։

Քաղաքի բնակելի տարածությունը վերաձեւում եւ վերաշինվում է հատկապես կենտրոնում. նոր քաղաքային գործառույթների ի հայտ գալը, գրասենյակային եւ ծառայողական տարածությունների ընդլայնումը, նորահայտ հարուստների եւ օտարերկրացիների ներհոսքն ուղեկցվում է աղքատացած բնակչության արտահոսքով դեպի արվարձաններ։ Օրինականացվում են կեցության պայմանների մասին լիովին տարբեր պատկերացումներ, ինչն ուղեկցվում է սոցիալական ծայրահեղ բեւեռացմամբ, քաղաքներում աղքատության արտահայտության նոր ձեւերով, մինչեւ իսկ գյուղական սոցիալական հարաբերությունների առաջացմամբ։

Քաղաքային տարածության մեջ կատարված այս եւ այլ փոփոխություններ վերակերտեցին սոցիալիստական քաղաքը, վերակազմեցին քաղաքային միջավայրի հյուսվածքը՝ քաղաքին տալով բոլորովին այլ կերպարանք։ Վերանվանված փողոցներում ու հրապարակներում (ի միջի այլոց, հիմնականում ազգային մշակութային ավանդությանը հղող) սոցիալիստական կյանքի նշաններին եւ գաղափարաբանական խորհրդանշաններին փոխարինել են գովազդի պաստառները, ժամանացի հրավիրող ցուցանակները…

Երեւանում կատարված փոփոխությունների նախընթաց նկարագրությունը ընդհանուր առմամբ հաշտ է այս եզրակացությունների հետ, եթե հաշվի առնենք տեղական առանձնահատկությունների՝ երբեմն վճռական գործոնը։ Այս ամենն ուրվագծում է վերջին ամիսների հասարակական ընդվզումի համատեքստը, թեեւ, անշուշտ, ամբողջովին չի բացատրում այն։ Այդուհանդերձ, ինձ համար կարեւոր էր այդ իրադարձությունը զետեղել (եւ փորձել բացատրել) վերոհիշյալ փոխակերպումների համատեքստում` իբրեւ այդ ընթացքով պայմանավորված մի բան եւ միաժամանակ միջամտություն այդ ընթացքին։ Ասելով՝ պայքար քաղաքի համար, բնականաբար, նկատի ունեմ դիմադրությունը նշված գործընթացների պատճառով բնակչության մի մեծ զանգվածի մեծացող օտարմանը «իր» քաղաքից (որ հայաստանյան իրականության մեջ կարող է նշանակել այդ մարդկանց լիակատար մարգինալացումը, մեկուսացումը հասարակական կյանքից, զրկումը քաղաքացիական նվազագույն իրավունքներից եւ այլն)։ Դիմադրություն եւ պայքար՝ խորհրդանշորեն հաղթահարելու այդ մեկուսացումը, վերադարձնելու քաղաքի նկատմամբ ունեցած իրավունքները…

Սպառողականության տարածումը, ժամանցի արդյունաբերության զարգացումը եւ էլեկտրոնային տեղեկատվամիջոցների առեւտրայնացումը Հայաստանի իշխանությունների վերջին տարիների գիտակցված քաղաքականությունն է եղել։ Սպառողականությունը բաժանում է մարդկանց, սպառող մարդը միայնակ է, քանի որ սպառման առարկան մեկուսացնում է նրան (Ժան Բոդրիյար)։ Գուցե Հայաստանի նման երկրում սպառողական ծեսերը (նույն բանը սպառելու բուռն ձգտմամբ առաջնորդվող) կարող են եւ միավորել որոշակի սպառողական կարիքների ձեւավորման եւ բավարարման մեջ ներգրավված մարդկանց զանգվածին, բայց, որպես կանոն, ծնելով հարմարվողականություն եւ քաղաքական անտարբերություն, զրկելով ընդդիմանալու, քննադելու հնարավորությունից։

Տեղեր եւ տեղեկատվամիջոցներ

Մոտ մեկ տարի առաջ գրված «Հեղափոխություն» (http://hetq.am/arm/politics/406/) հոդվածում նշել եմ, որ 1990-ականների վերջին սկսված սոցիալ-մշակութային տեղաշարժերը, քաղաքային տարածության փոխակերպումներն ընդգծված ձեւով դրսեւորվել են Օպերայի հարակից տարածքում, այդ թվում՝ Ազատության հրապարակում։ Մասնավորապես խոսքը վերաբերում էր Ազատության հրապարակի քաղաքական նշանակությունը ջնջելու՝ տարածքը ժամանցի եւ զվարճության վայրի փոխակերպելու ջանքերին։ Նշել էի նաեւ, որ «Իմպիչմենտ»-ի եւ մյուս քաղաքական ուժերի պայքարի նպատակներից մեկը հրապարակի վերաիմաստավորումը, վերաքաղաքականացումն է՝ հատկապես ընդգծելով, որ առանց էլեկտրոնային տեղեկատվամիջոցների աջակցության քաղաքական շարժումն անկարող կլինի հասնել նշանակալի զանգվածային ազդեցության։

«Իմպիչմենտ»-ի գործունեությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի «1+» նախաձեռնությունը փորձ էր նաեւ ինչ-որ նոր ձեւով հնարավոր դարձնել ընդդիմադիր քաղաքական դիրքորոշումը եւ նպատակների ձեւակերպումը մի ժամանակ, երբ իշխանության ջանքերով քաղաքական ընդդիմությունը մեծապես վարկաբեկվել էր, դուրս մղվել թե՛ քաղաքական դաշտից, թե՛ էլեկտրոնային տեղեկատվամիջոցներից։ Այն այլեւս «տեղ» չուներ եւ, թվում է, այս գործողությունների նպատակը քաղաքականության հնարավորության համար տեղ բացելն էր՝ բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։

Այն արտիստական ակցիայի նմանություններ ուներ եւ, գործողության ընդգծված տարածականությամբ, անձնականացված դիմելաձեւով եւ այլ միջոցներով, ձգտում էր ստեղծել մի իրադրություն, որտեղ հանդիսատեսը կամ մասնակիցն անձամբ կներգրավվեր գերիշխող արժեքները հարցականի տակ առնող, ընդդիմադիր կամ քննադատական կեցվածքի հնարավորություն տվող արարքի մեջ՝ ստանձնելով որոշակի հասարակական պատասխանատվություն։ Գուցե սա սպառողական ձգտումներով մեկուսացված մարդկանց ներգրավելու ճիշտ ձեւ էր՝ դժվարանում եմ գնահատել, բայց երիտասարդներից երկուսը, որոնց հետ իմ զրույցներից որոշ հատվածներ տեղ են գտել նախորդ հոդվածներից մեկում, ընդգծել են այդ գործողությունների կարեւորությունն իրենց քաղաքական կողմնորոշման եւ հետագա պահվածքի համար։

Նախագահական ընտրությանը հաջորդած օրերին, երբ հասարակական շարժումն իր ամենազանգվածային փուլը մտավ, Ազատության հրապարակն արդեն «գրավված» էր, կարելի է ասել՝ բնակեցված. մշտապես այնտեղ գտնվող ցուցարարներ, վրաններ, մարդկանց շարունակական հոսք։ Առանց այս տեղի անկարելի կլիներ այդպիսի մասշտաբի շարժում, բայց, ինչպես փորձել եմ ցույց տալ, չէր լինի նաեւ նոր տեղեկատվամիջոցների բացակայության դեպքում։

Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան ձգվող բռնության հետքն ուրվագծում է նաեւ դիմադրության, անհնազանդության տարածքի սահմանները։ Հետաքրքրական է այն, ինչ պատահեց Հյուսիսային պողոտայում եւ պողոտային։ Սա այն ճանապարհն է, որով Հանրապետության հրապարակից (իշխանության հանրահավաքից) հանրահավաքի մասնակիցները տեղափոխվեցին Ազատության հրապարակ, միացան ընդդիմությանը։ Այստեղ էր նաեւ, որ արտակարգ դրության վերացումից հետո, երբ Ազատության հրապարակը շրջապատված էր զորքով, սկսեցին հավաքվել ցուցարարները՝ սկիզբ դնելով անհնազանդության մի նոր ձեւի՝ «քաղաքական զբոսանքների»։

Եթե հրապարակը զանգվածային գործողության տեղ էր, ապա պողոտան՝ հետեւողականության արտահայտության, արարքների իմաստավորման տեւական աշխատանքի։ Եթե առաջինը կապված էր կարճաժամկետ նպատակների հետ («հիմա»), ապա երկրորդը հուշում էր ավելի երկարատեւ պայքարի ձեւերի մասին։

Իրադարձությունները դրոշմվում են քաղաքի մարմնի վրա՝ մարդկանց հիշողության մեջ ընդլայնելով տարածությունը, քաղաքային միջավայրի փորձառությանն ավելացնելով ուրիշ շերտեր, որտեղ նրանք կարող են վերագտնել քաղաքի նկատմամբ ունեցած իրավունքները՝ իրենցից խլված։ Տեղեկատվամիջոցների ինտենսիվ օգտագործումն այս ընթացքի անքակտելի մասն է կազմում։ Իրադարձության իմաստավորումն անհնար է առանց ներկայացման կամ պատկերման, առանց նշանակման պրակտիկաների։ Սյուզեն Զոնթագն էր պնդում՝ իրադարձությունը, որը չի լուսանկարվել, տեղի չի ունեցել։

Հրապարակն այլակարծության արենա էր, որն օժանդակվում էր անձնական տեղեկատվամիջոցներով։ Այս միջոցները ոչ միայն ծառայում էին տեղեկատվության տարածմանը, այլեւ օժանդակում էին պատմելուն եւ մեկնաբանելուն, կռվաններ դառնում բանավեճի մեջ։ Առանց անձնական մեդիայի՝ ձայնագրությունների, լուսանկարների ու տեսագրությունների (եւ ուղեկից խոսքի ու տեքստի), ոչ միայն կխզվեր կամ կպակասեր տեղեկատվության տարածումը, այլեւ բոլորովին անկատար կմնար նշանակության կառուցման ընթացքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter