HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Նոր հայեցակարգ, չլուծված հին խնդիրներ

Վերջին տասը տարում մշակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացմանը եւ հարակից հարցերի վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր։ Նախաձեռնողները եւ հեղինակները եղել են թե Հայաստանի կառավարությունը, թե տարբեր տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ։

Կարելի է հիշատակել, օրինակ, «ՀՀ պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման եւ ներդրման» ծրագիրը (1999), որն ավելի ուշ, երբ Հայաստանն արդեն Եվրախորհրդի անդամ էր, վերանվանվեց «Էլեկտրոնային Հայաստան» (դառնալով Եվրամիության eEurope նախագծի (1999) արձագանքներից մեկը)։ 2001 թվականին հաստատվեց «ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը», որը հետեւեց տվյալ ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու մասին կառավարության որոշմանը։ Կարելի է հիշել հաջորդ տարիներին Կրթության եւ գիտության նախարարության մշակած «Կրթության որակի եւ համապատասխանության» ծրագիրը, որի մի բաժինը նվիրված է հանրակրթական ոլորտում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը, Կապի եւ տրանսպորտի նախարարության մշակած «Կապի եւ տեղեկատվայնացման ոլորտի զարգացման հայեցակարգը» (2004)։ Այս թվարկումը կարելի է շարունակել՝ հիշատակելով Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) ընդարձակ հետազոտությունը՝ «Հայաստանի Հանրապետություն. ՏՀՏ-ի գնահատում» (2000), McKinsey&Company ընկերության՝ Armenia 2020 նախագծի համար կատարած բազմակողմանի հետազոտությունը (2003), որը վերաբերում էր նաեւ Հայաստանի ՏՏ-ի արդյունաբերությանը։

Այս եւ նույն տարիներին առաջադրված նմանատիպ այլ փաստաթղթեր ունեցել են որոշակի ուղղվածություն՝ ՏՏ-ի արդյունաբերություն, կառավարման համակարգ, կապի կամ կրթության համակարգ եւ այլն, բայց անխուսափելիորեն առնչվել են նաեւ տեղեկատվության դարաշրջանում հասարակության փոխակերպման ավելի ընդհանուր խնդրին։ Փաստաթուղթը հեղինակած գերատեսչության կամ կազմակերպության նպատակներն ու խնդիրները, դրանցով թելադրված մոտեցումները եւ այլ հանգամանքներ պայմանավորել են տվյալ փաստաթղթի լեզուն եւ տերմինաբանությունը, եւ այսօր այդ առումով կարելի է արձանագրել նույն կամ հարակից տիրույթներին վերաբերող ծրագրային փաստաթղթերի ակնհայտ տարասեռությունը, նպատակների չհամաձայնեցվածությունը եւ ընդհանուր հայացքի բացակայությունը, մեթոդաբանական եւ տերմինաբանական անհետեւողականությունը։ Հայաստանում ՏՀՏ-ի զարգացման ազգային ռազմավարության կամ մեկ այլ համապարփակ ծրագրի բացակայությունը, թերեւս լինելով այդ իրադրության արդյունքը, ավելի է ընդգծում այդ խառնաշփոթը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր հայեցակարգն ի հայտ է գալիս այսպիսի իրադրության մեջ՝ շարունակելով այս ավանդությունը եւ իր վրա կրելով բազմաթիվ չլուծված խնդիրների, չպարզաբանված հարցերի կնիքը։ Փաստաթուղթը կարելի է գտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։

Հայեցակարգ առանց հայացքի

Թեեւ փաստաթղթի անվանումը հղում է միայն ՏՏ-ի արդյունաբերությանը, բայց փորձ է արվում ներկայացնել նաեւ տեղեկատվական հասարակության (ՏՀ) կառուցման հարցը։ Իհարկե, ՏՏ-ի զարգացման հայեցակարգը կարող էր ՏՀ-ի ձեւավորման ծրագրի մաս կազմել կամ համաձայնեցվել դրա հետ, բայց այս դեպքում ստացվել է հակառակը. փորձ է արվել ՏՀ-ի շատ ավելի ընդհանուր խնդիրը տեղավորել ավելի մասնավոր նպատակներ հետապնդող փաստաթղթի լուսանցքում։ Չմոռանանք նաեւ այն մասին, որ այս երկու նպատակները կարող են այնքան էլ համատեղելի չլինել, եւ Հայաստանում մինչեւ հիմա հենց այդպես էլ եղել է։ Բազմիցս ընդգծել ենք, որ ծրագրային ապահովման արտահանման արդյունաբերությունը Հայաստանում մեծ չափով զարգանում է ներքին շուկայի հաշվին, հասարակության տեղեկատվական կարիքների ձեւավորման եւ բավարարման, այսինքն՝ ՏՀ-ի կառուցման հաշվին։

Ահա մի հատված հայեցակարգից. «Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ շուկաներում, ինչպես նաեւ ունենալ զարգացած եւ առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն: Իր վերջնական նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ արտադրանք եւ ծառայություններ տրամադրող երկիր: Ունենալ հասարակություն, որը ձեւավորված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող տեխնիկական կրթության, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքի եւ համակարգչային գրագիտության հիման վրա:

Սույն Հայեցակարգը հստակորեն ձեւակերպված ուղղվածություն ունեցող ռազմավարական մոտեցումների վրա հիմնված գործողությունների ծրագիր է, որի նպատակն է խթանել երկրում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) կտրուկ զարգացումը` ապահովելով աշխարհում Հայաստանի առաջատար դիրքն ու երկրում Տեղեկատվական հասարակության կայացումը»:

Հասկանալի է, որ փաստաթղթում չկա ՏՀ-ին վերաբերող որեւէ հայեցակարգային պնդում։ Հավանաբար ենթադրվում է, որ ՏՀ-ի մասին ամեն բան հայտնի է, բայց հայտնի է նաեւ, որ Հայաստանում ՏՀ-ը նույն բանը չէ, ինչ, օրինակ, Եվրոպայում, եւ խոսելով Հայաստանում ՏՀ-ի կայացման մասին` չի կարելի բավարարվել ամենաընդհանուր բնույթի ձեւակերպումներով։ Իրականում այս փաստաթուղթը ոչ միայն ՏՀ-ի, այլ նաեւ ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգ չէ։ Այն ավելի շուտ գործողությունների ծրագիր է, ինչպես գրված է վերը մեջբերված հատվածում։

Այս առումով տեղին է հիշել ԱՊՀ տեղեկատվական տարածության կառուցման հայեցակարգը, որը ընդունվել է 1995-ին։ Թեեւ «տեղեկատվական հասարակություն» անունն այնտեղ չէր հիշատակվում, հավակնությունները՝ հասարակության տեղեկատվայնացումը, ԱՊՀ-ի միասնական տեղեկատվական տարածության ստեղծումը, մոտ էին դրան, քանի որ փաստաթուղթն առաջ էր քաշվել ի պատասխան ՏՀ-ի կառուցման ԱՄՆ-ի եւ Եվրամիության ծրագրերի (ընդունված՝ համապատասխանաբար 2003 թ. եւ 2004 թ.)։ Այդ փաստաթուղթն ուներ երկու բաժին՝ բուն «Հայեցակարգը» եւ ավելի ընդարձակ «Հեռանկարային պլանը»։ Մեկ այլ օրինակ է տեղեկատվական հասարակության գլոբալ նախաձեռնության ծրագիրը (Ժնեւ, 2003), որը նույնպես բաղկացած է երկու մասից՝ «Սկզբունքների հռչակագիր» եւ «Գործողությունների պլան»։ Հայաստանը եւս մասնակցել է Ժնեւի գագաթաժողովին եւ պաշտոնապես միացել նախաձեռնությանը՝ ի միջի այլոց, ստանձնելով որոշակի պարտավորություններ, որոնց մասին ներկա հայեցակարգի հեղինակները կամ չգիտեն կամ գիտակցաբար լռում են։

Ցավոք, այս դեպքում նույնպես բախվում ենք ավանդական դարձած խնդրին՝ յուրաքանչյուր նոր փաստաթուղթ սկսում է դատարկ տեղում. չեն մեկնաբանվում նախորդ փաստաթղթերը, չեն քննարկվում ձեռքբերումներն ու ձախողումները, այսինքն՝ լուրջ չի ընդունվում նախընթաց աշխատանքը, ինչը խոսում է տվյալ աշխատանքի լրջության պակասի մասին։ Սա, կարծում եմ, նաեւ հստակ նշան է այն բանի, որ, իր հերթին, այս հայեցակարգը պիտի անտեսվի հաջորդների կողմից։

Մարտահրավերների մասին

Եթե հիշենք ՏՏ-ի ոլորտում Հայաստանի տարիներ շարունակ թմբկահարվող «մեծ ներուժի» մասին, ապա կնկատենք, որ այս փաստաթղթում առկա է գնահատականների որոշակի սթափություն. «Այնուամենայնիվ, հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չի կարելի համարել»:

Բայցեւայնպես, սա չի խանգարում, որպեսզի ձեւակերպվի ՏՏ-ի ոլորտի զարգացման10 տարվա այսպիսի տեսլական. «1) Կայացած տեղեկատվական հասարակություն` ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության եւ ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլ-ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ եւ առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ:

2) Զարգացած եւ համաշխարհային ճանաչում ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ` մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական եւ բարդ ինժեներական լուծումներ եւ ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով»:

Դա մասնավորապես նշանակում է. «Տնային տնտեսությունների համակարգչային հագեցվածությունը (ինչ էլ որ նշանակի այս անորոշ արտահայտությունը — Հ.Բ.) 2006 թվականի 5%-ից 2018 թվականին պետք է հասնի 50-70%-ի։ Կրթական հաստատությունների համակարգչային հագեցվածությունը՝ 10%-ից 80-90%-ի, ինտերնետ հասանելիությունը բնակչությանը (ֆիզիկական, ֆինանսական, բովանդակային հասանելիություն)՝ 5%-ից 90%-ի»։

Ավելորդ է ասել, որ այս տպավորիչ թվերը ոչ մի բանով չեն հիմնավորվում (մի՞թե հնարավոր է այդպիսի տխուր մեկնարկային պայմաններում ակնկալել այդպիսի սրընթաց զարգացումներ եւ հաջողություններ)։ Փոխարենը` ունենք բազմաթիվ մարտահրավերներ։

«Մարտահրավերներ եւ դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներ» գլխում կարդում ենք. «Նշված մարտահրավերները մշակվել են` ելնելով ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացման եւ տեղեկատվական հասարակության կայացման առկա նախադրյալներից եւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների եւ գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձեւավորման կարեւորությունից, այլ նաեւ հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների կողմից այս ոլորտում վարվող նպատակային քաղաքականությունն ու տարածաշրջանում Հայաստանի մրցակցային առավելությունները պահպանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը»: 

Հետաքրքրական է, որ որպես «ՏՏ ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանն ուղղված քաղաքականության հիմնական մարտահրավերներ» ներկայացվում են մեկնարկային վիճակի չգնահատված պայմանները, մեկնաբանության կարոտ իրողությունները։ Այսպես՝ իրավական դաշտի հետ կապված արձանագրվում է. «ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումն ապահովող օրենսդրության եւ կիրարկման մեխանիզմների թերիության կամ բացակայության» փաստը։

Ֆինանսական եւ տնտեսական խթանների վերաբերյալ ընդգծվում է հետեւյալը. «ՏՏ ոլորտի սահմանափակ պետական ֆինանսավորում, մասնագիտացած ֆինանսական կառույցների, ներդրումային ընկերությունների եւ վենչուրային հիմնադրամների բացակայություն։ ՏՏ ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանը նպաստող ուղղակի եւ անուղղակի գֆինանսական եւ տնտեսական խթանիչների բացակայություն»։

Հաջորդ «մարտահրավերը» ոլորտի կառավարման քաղաքականությունն է։ Այստեղ նույնպես արձանագրվում է տխուր իրողությունը. «Ոլորտի եւ դրա ենթակառուցվածքների կենտրոնացված եւ համակարգված կառավարմանն ու զարգացմանն ուղղված քաղաքականության բացակայություն։ Ոլորտի պետական եւ մասնավոր հատվածների, ինչպես նաեւ կրթության, գիտության եւ արդյունաբերության ոչ բավարար համագործակցությունը»։

Կրթության ոլորտում փաստվում է. «Էլեկտրոնային կրթության համեմատաբար ցածր մակարդակ, ՏՀՏ ոլորտի տեխնիկական, շուկայական եւ կառավարման որակյալ մասնագետների անբավարար քանակ»։

Չեմ անդրադառնում առաջարկվող «լուծումներին», բայց ակնհայտ է, որ վերցված են վերացական չափանիշներ, սկզբունքներ ու մոտեցումներ, որոնք ոչ մի ձեւով կապված չեն հայաստանյան իրականության հետ, այլ թելադրված են ինչ-ինչ գլոբալ ընթացքների տրամաբանության յուրահատուկ մեկնաբանությամբ եւ, ըստ էության, անհիմն հավակնություններով։ Ես առաջարկում եմ լրացնել մարտահրավերների ցանկը եւս մի քանիսով. ՀՀ իշխանությունների կոռումպացվածությունը եւ իշխանավորի՝ սեփական (բիզնեսի) շահը հասարակականից, ազգայինից վեր դասելու անբուժելի հիվանդությունը, նրանց ինտելեկտուալ կարողությունների ընդգծված «թերիությունը» եւ անբավարարությունը հատկապես, երբ խոսքը ՏՀ-ի եւ նման բարդ բաների մասին է։

Եզրակացություններ

Իրականում կան շատ ավելի բարդ եւ ընդհանուր բնույթի մարտահրավերներ՝ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, պարտքի դիմաց ունեցած-չունեցածը տալուց հետո էլ կարեւորագույն ենթակառուցվածքները Ռուսաստանին վաճառելը եւ նրա անվերապահ ազդեցության տակ հայտնվելը, նավթի եւ գազի աճող գները, Ադրբեջանի տնտեսական հզորացումը եւ Հայաստանին պարտադրվող ռազմական ծախսերի կտրուկ ավելացումը, Հայաստանի հասարակության աճող սոցիալական բեւեռացումը։ Այս ցանկը կարելի է շարունակել երկար, բայց հիշենք նաեւ վերջին մի քանի տարում Հայաստանում ՏՏ-ի տարածման եւ օգտագործման մակարդակի սրընթաց անկումը, որ փաստված է Համաշխարհային տնտեսական ֆորումի Տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ զեկույցներում։ Ըստ վերջին զեկույցի՝ տարածաշրջանային առաջատարության հավակնող Հայաստանը զիջում է իր բոլոր հարեւաններին։

Մի խոսքով, նոր հայեցակարգը ոչ մի քննադատության չի դիմանում, եւ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ արված չէ առնվազն երկու բան՝ նախընթաց ծրագրերի (հայեցակարգերի, ռազմավարությունների) արդյունքների սթափ գնահատումը եւ առկա իրադրության բազմակողմանի ուսումնասիրությունը։ Երկուսն էլ վեր են ցանկացած «միջգերատեսչական հանձնաժողովի» ուժերից, որ կարելի է գտնել Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter