HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

ԱրմԹեք 2008. բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական երկրորդ համաժողովը

Մի օր առաջ «ԴիջիԹեք 2008»-ը բացած (ավանդության համաձայն` ցուցահանդեսն անցկացվում էր «ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո») վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 5-ի առավոտյան բացման խոսք էր հղում «ԱրմԹեք 2008»-ի մասնակիցներին, իսկ երեկոյան նրան կարելի էր տեսնել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճում՝ «Հայֆեստ» թատերական փառատոնի բացման ժամանակ։

Անշուշտ, այս համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակի ամենակարեւոր միջոցառումներից մեկն է։ Առաջին «ԱրմԹեք» կոնգրեսը տեղի է ունեցել անցյալ տարի Կալիֆոռնիայում, իսկ հիմա արդեն Երեւանում՝ «ՀՀ կառավարության կողմից որդեգրված՝ որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ ամենամյա համաժողով»։

Բացման խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկնեց համաժողովի ծրագրում հրապարակված իր ուղերձի որոշ հատվածներ, մասնավորապես ընդգծելով. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն այսօր ունի որոշակի հաջողություններ, որոնք պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ դա առաջին հերթին բարձրորակ կադրային ներուժն է, նաեւ՝ բարձր տեխնոլոգիաների, հատկապես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում ունեցած ձեռքբերումների հիման վրա նոր եւ արդի պահանջարկը հաշվի առնող նախագծերի հաջողությամբ իրագործումը, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, արտաքին քաղաքական գործոններով եւ սակավ բնական ռեսուրսներով պայմանավորված տնտեսության առանձնահատուկ կառուցվածքը, որը ձգտում է դեպի գիտելիքի վրա հիմնված ոլորտների զարգացում»։

Համաժողովը նվիրված էր առհասարակ բարձր տեխնոլոգիաներին (զեկույցները վերաբերում էին էներգետիկայի, նուրբ օրգանական քիմիայի, դեղագործության եւ այլ տիրույթների), բայց հասկանալի է, որ ուշադրության կենտրոնում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտն էր, որին վերաբերում էր թե լիագումար նիստերի, թե խմբային քննարկումների զգալի մասը։

Համաժողովի ընդհանուր տրամադրությունը կարելի է ձեւակերպել այսպես. արտաքուստ պակասել է մի քանի տարի առաջվա «տեխնոլոգիական խանդավառությունը» (կրկնելու Հնդկաստանի փորձը, առաջատար դիրքեր գրավելու ծրագրային ապահովման գլոբալ շուկայում եւ այլն), բայց աներեր է մնում հավատն առ «Հայաստանի փայլուն ապագան»։ Իհարկե, մարդիկ ստիպված են հաշվի նստել առկա իրողությունների հետ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերության բնավ ոչ սենսացիոն առաջընթացը, վերջին տարիներին Համաշխարհային տնտեսական ֆորումի գրանցած Հայաստանի հետընթացը ՏՏ-ի տարածման եւ օգտագործման ասպարեզում, չքավորության բարձր մակարդակը, աճող կոռուպցիան եւ այլն։ Բայց, միեւնույնն է, ակնհայտորեն չափազանցված ակնկալիքների տոնը չի անհետացել… 

Մյուս կողմից՝ հատկապես խմբային քննարկումների ժամանակ բազմաթիվ ելույթներ եղան միանգամայն որոշակի թեմաներով, այս կամ այն ձեռնարկության փորձառության վրա հիմնված վերլուծություններով ու որոշակի կանխատեսումներով եւ առաջարկներով` «Մուլտիմեդիա ստեղծագործություն. Հայաստանի արտահանման ներուժի զարգացման եզակի լուծում» (Հայկ Խանջյան, «Բի լայն»-ի նախագահ, Հայաստան), «Թումանյան պարկ կենտրոն ստեղծագործական տեխնոլոգիաների համար» (Մարի Լու Փափազյան, «ԻՓիՋի Լաբզ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն» եւ ուրիշներ։

Առաջին նիստի ամենահետաքրքրական զեկույցի հեղինակը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն էր։ Մասնավորապես խոսելով համագործակցության ծրագրերի ընդլայնման եւ միջազգային մեծ անուն ունեցող նոր ընկերություններ (HP, Intel եւ այլն) Հայաստան բերելու մասին՝ նա անդրադարձավ ՏՀՏ-ի ոլորտի զարգացման մի քանի խոչընդոտների։ Առաջինը Ինտերնետի մատչելիությունն է՝ ծառայությունների բարձր գները, կապի ցածր որակը եւ ընդհանուր անվստահելիությունը (Հայաստանը լուսաթելային կապով գլոբալ ցանցին միանում է Վրաստանի տարածքով, ուստի, տրանսպորտային կապի նման, ինտերնետային հաղորդակցությունը եւս կախված է տարածաշրջանային անկայուն իրադրությունից)։ Եզրակացությունը՝ Հայաստանին պետք է անհամեմատ էժան եւ որակյալ կապ, որը կախված չի լինի հարեւան երկրներում կատարվող իրադարձություններից։

Ներդրումների համար անբարենպաստ եւ համաշխարհային առաջատար ընկերությունների մուտքը խոչընդոտող մյուս հանգամանքը Հայաստանի հարկային եւ մաքսային համակարգերն են՝ անկատար օրենսդրությունը եւ համապատասխան ծառայությունների ոչ թափանցիկ գործունեությունը։ Ըստ պարոն Գոլդմանի՝ այս իրավիճակի պատճառով Հայաստանը կորցրել է շատ ներդրումներ, որոնք ուղղվել են այլ տեղեր, մեծապես պակասել է երկրում գործարարության հաջողության նկատմամբ վստահությունը։

Բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հաջողության հասնելու համար մյուս անբարենպաստ հանգամանքը «կառավարություն-բիզնես-գիտություն եւ կրթության համակարգ» համագործակցության անկատարությունն է։

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը խոսեց «գլոբալ թոհուբոհի եւ մեծաթիվ մարտահրավերների մասին», այն մասին, որ այդ մարտահրավերները ուղղված են բոլորին, եւ եթե Եվրոպան եւ ԱՄՆ-ը մի քանի տարին մեկ ստիպված են փոխվել, որդեգրել նոր սկզբունքներ, ապա Հայաստանը եւս կարող է՝ մարտահրավերները վերափոխելով պատեհության։ Եւ առաջին հերթին պետք է փոխել մեր մտածողությունը։ Նրա կարծիքով՝ խնդիրն ավելի շատ հոգեբանական է. բավական է ամեն օր կրկնել, որ մենք կարող ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր, եւ դա տեղի կունենա։ Հայերը աչքի են ընկնում ձեռներեցությամբ եւ նորարարական հատկություններով, եւ եթե կարող են հաջողության հասնել Ամստերդամում, Սինգապուրում եւ այլուր, ապա կարող են նաեւ Հայաստանում։ Չեմ անդրադառնում այլ մանրամասների, քանի որ նախարարի ելույթի էությունը այս ցուցադրական վստահությունն էր։

Հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների զարգացման համար կրթության եւ գիտության համակարգերի սկզբունքային նշանակությունը՝ հրավիրվել էին եւ ելույթներ ունեցան ՀՀ գիտության եւ կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը («Բարձրագույն մասնագիտական կրթությունը որպես բարձր տեխնոլոգիաների զարգացման հիմնաքար») եւ Հայաստանի Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը («Գիտական հետազոտության ներկա վիճակը Հայաստանում եւ հետագա զարգացման ուղիները»)։

Ի տարբերություն ՏՀՏ-ի ոլորտի, կրթության եւ գիտության ասպարեզը ոգեւորության շատ ավելի քիչ հիմքեր է տալիս՝ փոխարենը տրամադրելով իրատեսության համար անհրաժեշտ բոլոր պայմանները. գիտության եւ կրթության խորհրդային համակարգից մնացած ժառանգության ոչ ադեկվատությունը ներկա իրողություններին, գրադարանային եւ լաբորատոր սահմանափակ հնարավորությունները, գիտության եւ կրթության համակարգերի թույլ կապը բիզնեսի եւ արդյունաբերության հետ, երիտասարդ եւ արդիական գիտելիքներով զինված դասախոսների եւ հետազոտողների սակավությունը, գիտության կարիքների համար հատկացվող պետական միջոցների խիստ սահմանափակությունը….

Հստակ տպավորությունն այն է, որ առաջարկվող բարեփոխումները (հետեւողական քաղաքականություն իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման եւ թարմացման ուղղությամբ, կրթության համակարգում ներդնել ժամանակակից ՏՀՏ, մշակել բուհական, ակադեմիական եւ ճյուղային գիտության նոր ռազմավարություն եւ այլն), եթե նույնիսկ արդյունավետ լինեն, չեն կարող շոշափելի բարելավումների հանգեցնել առաջիկա տարիներին։ Այս եզրակացությունն ընդգծում եմ հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են մոտակա տարիներին Հայաստանում կառուցել «կայացած տեղեկատվական հասարակություն» («Հայաստանի ՏՀՏ ոլորտի եւ տեղեկատվական հասարակության զարգացման ռազմավարության» մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՏ վարչության պետ Ժենյա Ազիզյանը)։

Հնարավորություն չունենալով այս հոդվածում անդրադառնալու համաժողովի խմբային քննարկումներին, որոնք վերաբերում էին, օրինակ, Հայաստանում թվանշային մեդիայի զարգացմանը, ՏՏ եւ համակարգչային ծրագրերի մշակմանը, ներկայացնեմ ամփոփիչ նիստի ժամանակ արված եւ մասնակիցների հավանությանն արժանացած հիմնական եզրակացությունները (Ռիչ Գոլդման).

- համաժողովի հաջողության մասին է խոսում մոտ 400 ունկնդիրների մասնակցությունը եւ Հայաստանի տեղեկատվամիջոցների կողմից նրա աշխատանքի լավ լուսաբանումը,

- համաժողովը դարձավ կառավարության, բիզնեսի եւ կրթության ու գիտության համակարգի համագործակցության լավ օրինակ,

- գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումը Հայաստանի զարգացման հիմնական գործոնն է,
 
- պետք է զարգացնել կառավարության, բիզնեսի եւ կրթության ու գիտության համակարգի համագործակցությունը,

- բարելավել կրթության համակարգի բոլոր օղակները, մասնավորապես ՏՀՏ-ի ներդրմամբ, եւ հասնել այն բանին, որ համալսարանները բավարարեն արդյունաբերության պահանջները,

- բարելավել եւ զարգացնել բիզնեսի ենթակառույցները, հասնել ուժեղ ինտերնետային ներկայության,
 
- զարգացնել մարզերը,
 
- բարելավել հարկային եւ մաքսային համակարգերը, ինչպես նաեւ կառավարության բոլոր գերատեսչությունների աշխատանքի թափանցիկությունը եւ այլն։

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ վերը նշվածներին կարելի է ավելացնել ելույթների գրեթե զուտ տեխնոկրատական բնույթը, հասարակագիտական մոտեցման, սթափ քննադատության (որքանո՞վ է տեղին, օրինակ, խոսել տեղեկատվական հասարակության մասին, երբ իշխանությունները շարունակում են խստորեն վերահսկել էլեկտրոնային տեղեկատվամիջոցները եւ «A1+»-ին զրկել հաճախականությունների մրցույթին մասնակցելու հնարավորությունից) եւ «վերլուծական հոռետեսության» պակասը, համաժողովը պետք է համարել հաջողված եւ հուսալ, որ այն իսկապես կդառնա ամենամյա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter