HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հայության՝ որպես արդիական ազգի, գաղափարը Թումանյանի հրապարակախոսության մեջ

Սկիզբ

Թումանյանի հրապարակախոսական հոդվածները եւ առավել եւս՝ ելույթները, որպես կանոն սերտորեն առնչված էին նրա ազգային, հասարակական գործունեությանը, ծրագրերին ու ձեռնարկներին։ Աննախադեպ էր նրա մտահոգությունների շրջանակը. աշխարհաքաղաքական, ազգամիջյան եւ ներքին հարցեր, հայ գրականությունն ու թատրոնը, ճարտարապետությունն ու երաժշտությունը, հայոց գավառը, հայ գյուղացու կյանքը, հայ կնոջ վիճակը, հայ դպրոցը եւ ուսուցիչը, հայ մամուլը, գրական լեզուն… Բնութագրելու համար Թումանյանի հասարակական գործունեությունը՝ տեղին է հիշել մի հատված Հայրենակցական միության կենտրոնական խորհրդի քարտուղար Համազասպ Համբարձումյանի հուշերից (Թումանյանն այդ խորհրդի նախագահն էր). «Համազասպ,- ասում էր հաճախ Թումանյանը,- մենք երկուսս կարծես պետություն ենք պետության մեջ։ Մեր ժողովուրդների հասարակական ու կուլտուրական կյանքին վերաբերող որեւէ հարց կա՞ արդյոք, որը մեր իրավասության մեջ չմտնի…. Իսկ ի՞նչ բան է պետությունը, եթե ոչ հենց այդպիսի մի ֆունկցիա, որ մշտապես կատարում ենք մենք երկուսս»։

«Արեւմուտք-Արեւելք» փոխհարաբերությունը

Արեւելահայության արդիականացման եւ ռուսական կողմնորոշման անբաժանելի հարցերն այս կամ այն չափով առնչվում են մի խումբ այլ հարցերի. «Արեւմուտք-Արեւելք», «Արեւմուտք-Ռուսաստան», «Ռուսաստան-Անդրկովկաս-Թուրքիա» եւ այլն, որոնց համատեքստում միայն հնարավոր է ուրվագծել արդիության այն կերպը, որ պատկերանում էր Թումանյանին։

Արեւելահայության ռուսական կողմնորոշումը ձեւավորվում է 18-րդ դարի սկզբից ի վեր, երբ հայության ճակատագրով մտահոգ մարդիկ (առաջին հերթին՝ Իսրայել Օրին), հույսները կտրելով Եվրոպայից, օգնության գտնելու համար դիմեցին Ռուսաստանին։ Բայց դա արդեն Պետրոս Մեծի «եվրոպականացող» (հաճախ՝ բռնությամբ) Ռուսաստանն էր։ Այն Ռուսաստանը, որը 19-րդ դարի կեսին՝ ի դեմս ձեւավորվող ռուսական ինտելիգենցիայի, իրեն արդեն ընկալում էր որպես եվրոպական ազգ։ Իսկ Թումանյանի կողմից Ռուսաստանին վերագրվող՝ Արեւելքը քաղաքակրթելու առաքելությունն ըստ էության համընկնում էր այն միջնորդի դերի հետ, որ Ռուսաստանը ստանձնել էր Արեւմուտքի եւ Արեւելքի մի մեծ հատվածի միջեւ։

Այս առումով՝ ակնհայտ է Թումանյանի աշխարհայացքի արեւմտակենտրոնությունը բազմաթիվ սկզբունքային հարցերում։ «Եվրոպան ժամանակակից քաղաքակրթության հայրենիքն» էր, այնտեղից էին գալիս «լուսավորյալ» եւ «քաղաքակիրթ» մարդ, «լավագույն ազգեր», «ժողովուրդների հառաջադիմություն» եւ բազմաթիվ այլ հասկացություններ ու պատկերացումներ, որոնց շարունակ հղում էր Թումանյանը։

Պետրոս Ադամյանի մասին խոսեր, Թորոս Թորամանյանի, թե Կոմիտասի, Եվրոպան, բացահայտ կամ անբացահայտ ձեւով, ներկա էր նրա գնահատականների մեջ։

Այդ վերաբերմունքը կարող էր նույնիսկ այսպիսի կտրուկ ձեւակերպում ստանալ. «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար։ Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանել, կնշանակի տգետ է»։

Բայց ամեն բան այդքան պարզ եւ միանշանակ չէր, եւ, իհարկե, Թումանյանը գիտեր նաեւ Արեւելքի արժեքը։ Օրինակ՝ բանավիճելով գրական լեզվի ձեւավորման եւ մասնավորպես թույլատրելի լեզվական փոխառությունների շուրջ (ո՞ր լեզուներից կարելի է բառեր փոխ առնել), նա գրում է. «Ձեզ ո՞վ է ասում, որ եվրոպական ազգերն ազգեր են եւ կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական-արեւելյան ազգերն ազգեր չեն եւ միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ»։

Բացառիկ խստությամբ ու հստակությամբ աչքի է ընկնում Եվրոպային ուղղված Թումանյանի մի գնահատականը, որի առիթը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվող բարբարոսություններն էին։ Նա ներողություն է խնդրում քրդերից ու թուրքերից, որ 1878-ին Բեռլինում հայերը նրանց անվանել են բարբարոսներ ու մարդասպաններ, իսկ եվրոպացիներին՝ մարդասեր դատավորներ։

Ըստ նրա՝ եվրոպացիները խորտակել են «մեր սրտի մեջ գտնվող՝ Ռեյմսի տաճարից էլ մեծ տաճարը», որի մեջ կենում էր «քաղաքակիրթ մարդը»՝ առանձին քրդից ու թուրքից։ Եզրակացությունը, որի մեջ անբացահայտ ձեւով ներկա է նաեւ Արեւմուտքի եւ Արեւելքի համեմատությունը, սպառիչ է, առանց վերապահումների. «Էլ չեն խաբիլ մեզ նրանց մեքենաներն ու ճարտար արվեստները։ Ճիշտ է ասել ժողովուրդը, թե դրանք բոլորը «սատանի հնարքներ» են, չոր ուղեղի ծնունդներ, եւ նրա լուսավորության մեջ ոչ աստվածային շունչն է տիրում, ոչ մարդկային խղճմտանքն է թագավորում»։

Բայց Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ այս երկփեղկվածությունը բնորոշ էր նաեւ Թումանյանի՝ մեծ «քեֆ անողի», անգերազանցելի պատմողի ու զրուցողի, իսկ մյուս կողմից՝ պրոֆեսիոնալ գրողի (որը պետք եղած լրջությամբ ու հետեւողականությամբ գրականությամբ զբաղվելու հանավորություն չունեցավ), կյանքին ու կենցաղին։

Ինչ վերաբերում է «Արեւմուտք-Ռուսաստան» հարաբերություններին, ապա Թումանյանի համար այն ունի հստակորեն տարանջատված կողմեր՝ քաղաքական եւ մշակութային։ Քաղաքական առումով՝ հայությունը պետք է ապավինի Ռուսաստանին, որը միշտ պատրաստ է օգնել հայերին, եթե չխանգարեն եվրոպական մեծ տերությունները, որոնք ունեն սեփական շահերը եւ թույլ չեն տալիս, որ Ռուսաստանը զորանա Տաճկաստանի հաշվին եւ դառնա վտանգավոր Եվրոպայի համար։

Մինչդեռ մշակութային նախապատվությունները միանգամայն տարբեր են։ Թումանյանը ընդգծում է. «Ինչպես մի ժամանակ հայերը, թեեւ ենթարկված էին Պարսկաստանի ազդեցությանը, բայց բարձր կուլտուրայի համար դիմում էին հին Հունաստան, այնպես էլ նոր հայությունը, թեեւ Ռուսաստանի սահմաններում ու նրա կուլտուրայի ենթակա, բայց բարձր զարգացման համար միշտ դիմել է Գերմանիա»։ Որպես օրինակներ Թումանյանը հիշատակում է Խ. Աբովյանի եւ Ս. Նազարյանի անունները, որոնք հենց կանգնած էին հայոց արդիականացման գաղափարաբանության ակունքներում։

Հայոց ռուսական կողմնորոշումը

«Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածում (1913) Թումանյանը, պատասխանելով հարցին, թե ե՞րբ է առաջացել «հայկական հարցը, գրում է. «Էն օրից, ինչ որ վտանգվել է հայ ժողովրդի կյանքը, գույքը, պատիվն ու կուլտուրական զարգացումը։ Եւ գոյություն է ունեցել Պարսկաստանում, գոյություն է ունեցել եւ ունի Տաճկաստանում։ Գոյություն չունի եւ չի ունեցել Ռուսաստանում, թեկուզ իշխան Գալիցինի օրերում»։

Մշտապես ենթարկվելով թուրքական կոտորածների, «հայ ժողովուրդը ստեղծեց ու մշակեց իր համար գլխապահություն, ինքնապաշտպանության քաղաքականություն», որ նշանակում էր՝ ունենալ հզոր դաշնակից կամ ավելի ճիշտ՝ հովանավոր։ Այդ հզոր հովանավորը Ռուսաստանն էր, «Արեւելքի մորթվող ժողովուրդների» պաշտպանը։ Ռուսաստանում հայերը ոչ միայն ազատվել են կոտորածից, այլեւ «թվով բազմապատկվել», «տնտեսապես հարստացել» եւ «կուլտուրապես առաջ գնացել»։

Իհարկե, Ռուսաստանն այդ ամենն անում էր՝ ելնելով սեփական շահերից, եւ Թումանյանը եզրակացնում է. «Ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բռնում են իրար։ Հենց դրա մեջ է կայանում հայ ժողովրդի օգնությունը, եւ դրանով է նա հպարտ…. Իսկ Կովկասը, իր բարեկամ ժողովուրդներով, Ռուսաստանի համար թե ռազմական, թե տնտեսական տեսակետից հանդիսանում էր միակ ու հաստատուն կռվանը Արեւելքում»։

Իսկ ի՞նչ կարգավիճակ էր տեսնում Թումանյանը հայության համար։ Պատասխանը հստակ է՝ մշակութային ինքնավարություն Ռուսաստանի կազմում։ 1912 թվականին նա գրում է. «Ես, իմ աշխարհայացքով, հայոց թագավորության կարոտով մաշվողը չեմ։ Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ»։ Ավելի ուշ (1916թ.), պարզաբանելով «ավտոնոմիա» բառի իմաստը, նա գրում է, որ ավտոնոմիան չի նշանակում սեպարատիզմ, եւ «եթե Ռուսաստանը մեզ ավտոնոմիա տար ու ասեր՝ դե, մնաք բարով, ես գնում եմ, գոնե ես շատ կվախենայի»։

Այդուհանդերձ, թեեւ Թումանյանը Անդրկովկասն առանց «ռուսների» չէր պատկերացնում, բնավ հակված չէր իդեալականացնելու ռուսական տիրապետությունը։ Սխալ չի լինի, եթե ասենք, որ նրա համար ռուսական հովանին չարյաց փոքրագույնն էր։ Թումանյանի գրություններում կարելի է գտնել ցարական իշխանությանն ուղղված տարակուսանքի, դժգոհության եւ բողոքի բազմաթիվ դրսեւորումներ, բայց նա շատ ավելի բացահայտ արտահայտվել է անձնական շփումների ժամանակ։ Օրինակ՝ Ստեփան Զորյանն իր հուշերում վերարտադրում է Թումանյանի հետեւյալ միտքը. «Մեր Անդրկովկասի ազգերի մեջ շովինիզմը թունավորել է շատերին։ Եւ սա ցարական իշխանութայն մեղքերից մեկն է։ Նա է հրահրել եւ ազգերին թշնամացրել միմյանց հետ։ Հիմա պետք է ուրիշ ճանապարհ ընտրենք, եւ գրողներն էդտեղ մեծ դեր ունեն կատարելու»։

Ինքնաճանաչում

«Մեծ ցավը» (1909) հոդվածում, շարունակելով քննարկել այն հարցը, որ հարեւան ժողովուրդները չեն ճանաչում հայերին, իսկ հայերն էլ՝ նրանց, Թումանյանը նշում է. «Բայց կա ցավի ավելի մեծը.… Մենք մեզ էլ չենք ճանաչում։ Երկիր ունենք — չենք ճանաչում, պատմություն ունենք — չենք ճանաչում, ժողովուրդ ունենք — չենք ճանաչում, լեզու ունենք — չենք իմանում»։

Տրամաբանական մակարդակում «Մենք մեզ չենք ճանաչում» պնդումը հարուցում է մի շարք հարցեր. որո՞նք են ճանաչողության սուբյեկտը եւ օբյեկտը («մենք»-ը եւ «մեզ»-ը նույն հանրությա՞նն են վերաբերում), կարելի՞ է «մենք» անվանել ինքն իրեն չճանաչող հանրությանը (ամենայն հավանականությամբ պատկանելությունը ենթադրում է ճանաչում) եւ այլն։ Գուցե «մենք»-ը վերաբերում է դարերի պատմություն ունեցող էթնիկական ընդհանրությանը, իսկ ինքնաճանաչումն արդեն ենթադրում է արդիական ազգ, որը դեռ պետք է ձեւավորվի…

Բավարարվենք մի ենթադրությամբ այն մասին, որ ազգաշինությունն առաջին հերթին մտավորական վերնախավի («մենք») առաքելությունն էր, որը պետք է ձգտեր «ճանաչել» ժողովրդին («մեզ») եւ ներկայացներ, վերադարձներ նրան իր իսկ պատկերը, օրինակ, ազգագրական հետազոտության, ժողովրդի պատմության, գրական ստեղծագործության կամ մեկ այլ տեսքով՝ դրանով իսկ ընդլայնելով «մենք»-ի շրջանակը (ինչպե՞ս, եթե ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունն անգրագետ էր)։

Ամեն դեպքում, ինքնաճանաչման, ապա նաեւ ինքնակատարելագործման այս հրամայականը, անհրաժեշտությունը՝ իմանալու, «թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս եւ ո՞ւր է գնում» ինքնին նշանակում են ոչ այլ ինչ, քան հայության՝ որպես արդիական ազգի կազմավորումը։ Նույնն է ենթադրում ճանաչելու միանգամայն արդիական ձեւը, որ առաջարկում է Թումանյանը. «երեւույթների վրա նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից»։

Այս դժվարին խնդիրը կարելի է բաժանել մասերի։ Առաջին քայլը ներկա վիճակի սթափ արձանագրությունն է։ Հայ գրողներից եւ ոչ մեկը չի գրել այսքան պարզ ու հստակ հայության ողբալի վիճակի մասին։ «Դառնացած ժողովուրդ» (1910) հոդվածում, արձանագրելով՝ «շատ չարություն կա մեր հոգում, նախանձ է գյուղացին, վաճառականը, հոգեւորականը, մամուլը…», նա հարցնում է. «Ինչո՞ւ է էսպես» եւ պատասխանում. «Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում»։

Հետագա տարիներին Թումանյանը նորից ու նորից վերադառնում է այս հարցին՝ տարբեր ձեւերով արտահայտելով այն միտքը, որ «ասիական բռնակալությունների տակ» գտնվելը ծանր հետք է թողել հայ ժողովրդի վրա, որը զբաղված է եղել միայն գոյատեւության խնդրով՝ չկարողանալով «մասնակից լինել մարդկության ընդհանուր հառաջադիմության գործին»։

1917 թվականին նա գրում է. «Գիտություն չկա մեր մեջ։ Եւ դպրոց, եւ գրականություն, եւ հրապարակախոսություն, եւ հասարակական ու ազգային գործեր մեծ մասամբ հիմնված են տգիտության վրա»…. «Այո, մենք շատ ու շատ ավելի ենք հետամնաց եւ ավելի խորն էլ պիտի զգանք մեր հոգեւոր ստրկությունը, ավելի ուշադիր էլ ականջ դնենք աշխարքի առաջավոր ժողովուրդների ու նրանց լավագույն զավակների կոչին….»։

Հասկանալի է, ինքնաճանաչումը (մեկ այլ բառով ասած՝ ինքնագիտակցությունը) չունի քաղաքական դրսեւորում, չի ենթադրում ազատագրական պայքար, որը, շատերի կարծիքով, հանրության՝ ինքնագիտակցության հասնելու լավագույն ձեւն է։ Խոսքը «մշակութային ինքնության» մասին է, ուստի անպատասխան է մնում այն հարցը, թե արդյո՞ք ռուսական տիրապետությունը՝ որքան էլ գերադասելի եւ նույնիսկ անխուսափելի, թույլ տալիս է ազատագրվել «հոգեւոր ստրկությունից»։

Թումանյանի հետեւյալ պարզաբանումը չի փարատում անորոշությունը. «Ռուսաստանում մենք ունեցել ենք եւ կարող ենք ունենալ կուլտուրական մաքառում։ Եւ ես համաձայն չեմ էն ողբերի ու ողբասացների հետ, թե մենք կորչում ենք էդ մաքառման մեջ»։

Ինքնաճանաչման միջոցները

Թումանյանը հետեւողականորեն աշխատում էր կյանքի կոչել ազգային նշանակություն ունեցող գաղափարները, արդյունավետ դարձնել ձեռնարկներն ու գործունեությունները՝ համապատասխան հաստատություններ (միություններ ու ֆոնդեր) հիմնելու եւ եղածների աշխատանքն աշխուժացնելու միջոցով։ Նա շատ ավելին էր ցանկանում, քան հանգամանքները թույլատրում էին, երբ կոչ էր անում. «հիմնենք ու ազգովին պաշտպանենք Հայոց Համալսարանը, Հայոց ակադեմիան, զարգացնենք ու ծավալենք գիտությունը, գրականությունը ու գեղարվեստը մեզանում»։

«Ազգագրական գործը մեզանում» հոդվածում (1910) Թումանյանը ընդգծում է. «Ամեն մի ազգի ինքնաճանաչողության համար ազգագրությունը բռնում է առաջնակարգ կարեւոր տեղ», քանի որ թույլ է տալիս վերականգնել «ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը»՝ նրանց բոլոր առանձնահատկություններով հանդերձ։ Ազգին «սյուժետային կապակցվածություն», ազգի ձեւավորման ընթացքին որոշակի «նախագծի» տեսք հաղորդելու (Է. Բալիբար) համար անհրաժեշտ է ազգի պատմության շարադրումը որոշակի տեսանկյունից։

«Հայոց պատմություն» (1912) հոդվածում կարդում ենք. «Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը։ Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետեւից գալիս են ու աղաղակում, թե հայ ժողովուրդը չունի եւ չգիտի իր պատմությունը, նույիսկ երեկ մեկել օրվա պատմությունը. չգիտի թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս եւ ո՞ւր է գնում։ Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը անուղեցույց խարխափում է»։ Ակնհայտ է, որ խոսքը պարզապես պատմական իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելու մասին չէ, այլ ժողովրդի պատմական ճանապարհի իմաստավորման, նրա ընթացքին որոշակի «խորհուրդ» եւ հեռանկար հաղորդելու։

Նոր ժամանակներին բնորոշ միտումը՝ հասարակության աստիճանական աշխարհիկացումը, կրոնի եւ եկեղեցու նշանակության նվազումն ուղեկցվում էր ազգային ինքնության կառուցման գործում մշակույթի դերակատարության աճով։ Մշակույթը եւ առաջին հերթին գրականությունն էր դառնալու ազգի ինքնաճանաչման, ազգային գիտակցություն եւ համերաշխություն սերմանելու միջոցը։ Ճիշտ այդ է ասում Մ. Նալբանդյանը, երբ Խ. Աբովյանի վեպի մասին գրում է. «անիրավություն կը լինի չընդունել այդ գրքի խորին արժանավորությունը,— որ է պատկերացնել ազգի կյանքը նույնիսկ ազգի առջեւ»։

Այս իմաստով կարելի է հասկանալ վեճը Կաթողիկոսի եւ Թումանյանի միջեւ, երբ բարկացած Կաթողիկոսը հիշեցրել էր Թումանյանին՝ «ես Ամենայն հայոց կաթողիկոս եմ», իսկ Թումանյանը՝ պատասխանել. «Իսկ ես՝ ամենայն հայոց բանաստեղծ»։ Արդեն 1911 թվականին Թումանյանը գրել է. «Եւ, ով գիտե, գուցե մոտիկ է այն օրը, երբ հայ մարդը, որ երեկ-մյուս օրը եկեղեցու շուրջ էր պտտվում, այնուհետեւ անցավ ուսումնարանին, գալու է հասնի եւ գրականությանն ու գեղարվեստին»։

Մի քանի եզրակացություն

Հայության վիճակի շուրջ Թումանյանի դառը մտորումներից մեկն ավարտվում է այսպիսի հարցով. «Եւ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք որպես առանձին ժողովուրդ չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն եւ հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը»։

Ամենայն հավանականությամբ՝ այդ պարզ տեսնող օտարները հենց եվրոպական ազգերն էին։ Այս եւ բազմաթիվ այլ պնդումներ պարզ են դարձնում, որ հայոց ինքնաճանաչումը կամ արդիական ինքնության կառուցումը կարող է կատարվել միայն համաձայն արեւմտյան սկզբունքների, բայց նաեւ Արեւմուտքի թերահավատ-գնահատող հայացքի ներքո։

Թումանյանի հոդվածներից կատարված մեջբերումները թույլ են տալիս եզրակացնել, որ Եվրոպայի մասին մտածելիս նա հստակորեն միմյանցից անջատում էր քաղաքականությունը եւ մշակույթը (քաղաքակրթությունը), ենթադրելով, օրինակ, որ «կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները», որոնք անկարող են փոխել մեծ տերությունների բնույթը։ Թումանյանը չի ցանկանում նկատել խնդրի մյուս կողմը՝ որ այդ բոլոր «մեծերը» ծառայում էին տերությունների ու կայսրությունների մշակութային գերիշխանության հաստատմանը, վերջին հաշվով՝ քաղաքական տիրապետության տեւականացմանը։ Ճիշտ նույն ձեւով նա ցարական պետությունից անջատում էր ռուս հեղինակներին՝ Պուշկինին, Լերմոնտովին, Տոլստոյին։

Մյուս եզրակացությունը առնչվում է հարավկովկասյան ազգերի տարածաշրջանային գոյակցության հարցին։ Թումանյանի գործունեության հիմնական մասը նախորդել է անդրկովկասյան ազգային հանրապետությունների ձեւավորմանը, եւ տարբեր ազգերի ու ազգությունների խաղաղ գոյակցությունը Թումանյանի հիմնական մտահոգություններից եւ գործունեության նպատակներից մեկն էր։

Ինչպես իր հուշերում նկատում է Զապել Եսայանը, Թումանյանը համոզված էր, որ «մանավանդ գրողները մեծ դեր ունին կատարելու ազգամիջյան ատելությունը մեղմացնելու եւ նույնիսկ վերացնելու համար։ Անիկա, ինչպես եվրոպացի մի քանի առաջավոր եւ ազատ մտածող-գրողներ, խորապես տոգորված էր այն մտածումով, որ գրականությունը այդ միսիան կարող է կատարել եւ գործնականապես ստանձներ էր այդպիսի հաշտարար, եղբայրական շարժումի մը ղեկավարությունը»։

Այսօր ստեղծվել է մի նոր իրադրություն, երբ ազգային պետությունների դերի նվազումը եւ տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը ստիպում է փնտրել նոր մոտեցումներ ազգերի գոյակցության հարցին, եւ Թումանյանի դասերն այստեղ շատ օգտակար կարող են լինել։

Արժե գոնե հպանցիկորեն անդրադառնալ նաեւ ռուսական կողմնորոշման հարցին։ Այս կողմնորոշումը պատմականորեն պարտադրված էր, իսկ ռուսական կայսրության բարեմասնությունները՝ հաճախ ցուցադրաբար գերագնահատված։ Այս կողմնորոշումը ոչ միան պայմանավորված էր «թուրքապարսկական» անտանելի լծով, այլեւ Ռուսաստանի եվրոպականացմամբ, արդիականացման ռուսական ընթացքին միանալու հնարավորությամբ։

Այժմ, արդիության դարաշրջանի ավարտը կամ նրա նոր փուլի սկիզբը էապես փոխում է արեւմտակենտրոն աշխարհի ծանոթ պատկերը, որտեղ Ռուսաստանին մի ժամանակ վերագրվել էր (ինքն իրեն վերագրել էր) քաղաքակրթող առաքելություն Արեւելքի մի հատվածի համար, այդ թվում՝ Անդրկովկասի։ Ավելին՝ 21-րդ դարում գլոբալ իշխանության եւ հարստության կենտրոնները տեղափոխվում են Արեւելք (Ճապոնիա, Չինաստան), եւ Ռուսաստանը կորցնում է իր նախկին դերակատարությունը։ Միաժամանակ, այլեւս պարզ է, որ, առնվազն մշակութային իմաստով, ռուսական ազդեցությունն օրեցօր պակասում է Անդրկովկասում։ Այսօր Հայաստան են մտնում ռուսական մշակույթով չմիջնորդված գլոբալ մշակութային հոսքեր, եւ այս միտումն ակնհայտորեն կշարունակվի։ Ինձ թվում է, որ թվարկված եւ այլ հանգամանքների ճնշման ներքո՝ հայոց «ընդմիշտ» ռուսական կողմնորոշման հարցը արդեն իսկ ենթակա է վերաքննության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter