Օրենքները ցուցահանդեսի համար ստեղծված իրեր չեն
Մանուկ Սահակյան
Ցմահ դատապարտյալ
Մինչ այժմ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրների մասին տարբեր հեռուստահաղորդումներում, հարցազրույցներում, տարբեր մակարդակի բազմաթիվ կարծիքներ և մեկնաբանություններ են արվել. բնական է, քանի որ ամեն ոք իր պատկերացումն ու մտածելակերպն ունի: Ես ցանկանում եմ անդրադառնալ ամենատարածված արտահայտությանը, որը ոչ միայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրների բարձրաձայնման ժամանակ է արվում, այլև շատ այլ խնդրահարույց հարցերում, որն օգտագործում են իրավաբանական կրթություն ստացած անձինք: Երբ ամեն խնդրի շուրջ նրանք մատնանշում են. «օրենքով հստակ ամրագրված է», առանց պարզաբանելու, թե որքանով է այդ օրենքը իրավակիրառական առումով գործում:
Վերջերս մի իրավաբան, խոսելով ցմահների խնդիրների մասին, քննադատորեն ասել էր, որ ցմահ ազատազրկվածները 20 տարի պատիժը կրելուց հետո իրավունք ունեն վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնել, և պետք չէ անհանգստանալ դրա մասին, ինչպես նաև խորհուրդ էր տվել հոդվածներ գրելուց առաջ խորհրդակցել իրավաբանների հետ: Հատուկ չեմ նշում նրա անունը, որպեսզի վիրավորանք չդիտարկվի, բայց, հարգելի իրավաբան, Դուք գոնե մի փոքր ուսումնասիրություն կատարե՞լ եք: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը չի կիրառվում 20 տարի անց: Մարդիկ 20 տարուց ավել են բանտում, բայց ոչ մի վերադարձ:
Ի՞նչ նպատակ ունի ազատազրկումը:
1.Սոցիալական արդարության վերականգնում
2.Կանխարգելում (hետագայում նման հանցագործությունների կանխարգելման համար խիստ պատիժ, որը կարող է զսպել հանցագործության տարածումը)
3.Դատապարտյալի ուղղում և վերադարձ հասարակություն:
Վերջինը անձին պատժելու հիմնական նպատակը պետք է լինի: 20 տարիների ընթացքում ցմահ դատապարտյալների ուղղման և հասարակություն վերադարձի համար ոչինչ չի կատարվում:
1980թ.-ի սեպտեմբերին առաջին անգամ ՄԱԿ-ի VI համագումարում համակարգվեցին խնդիրներ, որոնք առաջանում էին կապված ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառման հետ. «Ցմահ ազատազրկումը չի ծառայում իր նպատակին, եթե իրական քայլեր և նորմեր չեն ընդունվում այդ դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու ուղղությամբ պատիժը կրելուց որոշակի ժամանակահատված հետո»:
1990թ.-ին ՄԱԿ-ի VII համագումարում, նվիրված հանցագործության նկատմամբ նախազգուշացման և օրինախախտների նկատմամբ վերաբերմունքին, ՄԱԿ-ի հանցագործության կարգավորման կոմիտեին առաջարկվեց վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքները և պարտավորությունները կապված նրանց հնարավոր վաղաժամկետ ազատման հետ:
1992թ.-ին ՄԱԿ-ի հանցագործության և քրեական արդարադատության հանձնաժողովը ընդունեց №1922 որոշումը. մշակել բարեփոխումների ծրագիր ՄԱԿ-ի անդամ երկրների համար` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները՝ կապված ցմահ ազատազրկում պատժատեսակի նշանակման և կիրառման հետ: Հեղինակները քրեական քաղաքականության լիակատար իրագործման համար առաջարկում են. «ցմահ ազատազրկում պատժատեսակ նշանակել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, հասարակության պաշտպանության համար և առավել ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»: Ցմահների ազատման հետ կապված հեղինակները առաջարկում են քայլ առ քայլ կարգավորել յուրաքանչյուր դատապարտյալի ուղղման աստիճանը, կազմել հաշվետվություն յուրաքանչյուրի մասին` կապված նրանց վարքագիծը աշխատանքի, կրթության, մյուս դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ: Այդ նյութերը (հաշվետվությունները) պետք է պարբերաբար ստուգվեն հատուկ ստեղծված օրգանների կողմից, ովքեր պետք է որոշեն ազատել դատապարտյալին կամ երկարացնեն նրա ազատման ժամկետը: Որոշման հիմքում պետք է հաշվի առնել հասարակության համար հնարավոր վտանգի աստիճանը, դատապարտյալի վարքագիծը, իսկ եթե դատապարտյալը ենթակա է ազատման, ապա օրենքին համապատասխան նշանակել ազատման վերջնաժամկետ: Վաղաժամկետ ազատելուց առաջ անպայման տեղեկանալ դատապարտյալի ընտանիքի և մոտ բարեկամների մասին, սոցիալական աջակցություն ցուցաբերել, որ ավելի դյուրին լինի նրա ինտեգրումը հասարակություն: Վաղաժամկետ ազատելուց հետո որոշակ ժամանակ ոստիկանական և դատական հսկողություն իրականացնել:
Դեռ 1976թ.-ի փետրվարի 17-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց որոշում. «Երկար տարիներ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ», որում նշվում է, որ ցմահ և երկար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատիժ իրականացնելը գրեթե նույնն է: Տարբերությունը կայանում է նրանում, որ երկրորդի դեպքում կոնկրետ որոշված է ազատազրկման չափը, իսկ ցմահների դեպքում՝ ոչ: Այս հարցի հետ կապված ԵԽ անդամ երկրները պետք է վերանայեն օրենսգրքում «ցմահների» վաղաժամկետ ազատումը՝ այն հնարավոր դարձնելով իրագործել պատժի կրման 8-14 տարին լրանալուց հետո: Այս որոշմամբ` ԵԽ-ի անդամ երկրներն ամեն 5 տարին մեկ պետք է տեղեկացնեին գլխավոր քարտուղարին այդ ուղղությամբ կատարված քայլերի մասին:
Օրենքները ցուցահանդեսի համար ստեղծված իրեր կամ ոտանավորներ չեն, որ դրանց գեղեցկությունն ու որակը գնահատելու համար ցուցադրվեն թղթի վրա, դրանք պետք է գործեն, իսկ գործելու համար նախ մեխանիզմներ պետք է մշակվեն և չափանիշներ սահմանվեն, որոնցով հնարավոր կլինի որոշել դատապարտյալին ազատել, թե ոչ:
Ներողություն խնդրելով ցմահ դատապարտյալներից նման օրինակի համար` պետք է ասեմ, որ, եթե կենդանուն փակեք վանդակում և ոչ մի աշխատանք նրա հետ չկատարեք, դժվար թե տարիներ հետո կրկեսային համարում օգտագործեք: Հաշվի առեք և մի´ բացառեք դատաիրավական սխալների արդյունքում անմեղ մարդկանց հայտնվելը ցմահ ազատազրկման մեջ, թե՞ կարծում եք, որ աշխարհում եզակի արդարադատություն ունենք, անսխալական:
Հայաստանում ոչ ուղղման, ոչ վերադարձի իրական հնարավորություն չի տրվում, և ցմահ ազատազրկումը դառնում է դանդաղ մահապատիժ: Հարց է առաջանում, եթե պատրաստ չէինք ցմահ ազատազրկման, պատրաստ չէինք փոխել մեր մտածելակերպն ու վերաբերմունքը, ապա ինչու՞ արագ մահապատիժը փոխարինեցինք դանդաղ մահապատժով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել