HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մշակութային գործունեության եւ մշակութային քաղաքականության նոր ասպարեզներ

Ետխորհրդային շրջանում առեւտրի, տեխնոլոգիաների, մշակույթի եւ այլ ոլորտներում միջազգային ասպարեզ դուրս գալու մասնավոր նախաձեռնությունների ընթացքը եւ ճակատագիրը ուսումնասիրության լավ նյութ է։

Սա վերաբերում է թե հաջող, թե անհաջող փորձերին. ի վերջո, երբեմն նույնիսկ դժվար է գնահատել՝ հաջո՞ղ էր փորձը, թե՞ անհաջող…

Խոսքը տարիների ընթացքում տեղի ունեցող փոխակեպումների մասին է. ինչպե՞ս են դասավորվում հարաբերությունները մասնավոր նախաձեռնության եւ համապատասխան պետական կառույցների միջեւ, ինչպիսի՞ գլոբալ ազդեցությունների դաշտում են հայտնվում դրանք, ինչպիսի՞ ինստիտուցիոնալ կառուցվածքներ եւ ռազմավարություններ են որդեգրվում եւ այլն։

Եթե հաշվի առնենք, որ նախկին խորհրդային աշխարհը կոչված էր Արեւմուտքի համար դառնալու հումքի՝ բնական կամ մարդկային պաշարների աղբյուր, ապա Հայաստանը, չունենալով բնական հումքի նշանակալի պաշարներ, կարող էր դառնալ համեմատաբար բարձր որակավորմամբ էժան աշխատուժի մատակարար։ Սրա լավագույն օրինակը տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանման արդյունաբերության զարգացման նախաձեռնությունն էր, ծրագրային ապահովման գլոբալ շուկայում դերակատար դառնալու ցանկությունը՝ «կրկնելու Հնդկաստանի հաջողությունը», «դառնալու նոր Էստոնիա» եւ նման այլ կարգախոսներով առաջնորդվող։

Իհարկե, 2000-ականների սկզբին էլ պարզ էր այս լավատեսության չհիմնավորվածությունը, բայց հիմա կարելի է հետեւել, թե ժամանակի ընթացքում ինչպես փոխվեցին այդ նախագծի ռազմավարությունը եւ հռետորությունը, երբ գործին միացան Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը (2001)։

Բնութագրական է, օրինակ, հենց այն, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն» այդպես էլ չկարողացավ ամբողղջովին ծառայել իր նպատակներին, որ ձախողվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում հենց Ինտերնետի օգտագործման փորձը. www.siliconarmenia.com կայքը, որին մեծ առաքելություն էր վերապահված, վաղուց անգործության է մատնված եւ այլն։ Ինչու՞ բոլորովին լուր չկա «Զարգացման հայկական գործակալությունից», որն այս գործում կարեւոր դերակատարություն պիտի ունենար (այստեղ եւս ընդունված չէ խոսել ձախողումների եւ անհաջողությունների մասին)։ Եւ ինչու՞ այսքան մեծ ուշացումով (2008 թվականին) սկսեցին խոսել ներքին շուկայի զարգացման անհրաժեշտության մասին (արդյոք դա կապված չէ՞ «Մայքրոսոֆթի»` Հայաստան մտնելու հետ)….

Պատասխանի կարոտ հարցերի շարքը կարելի է շարունակել, բայց այս հոդվածում կկենտրոնանամ մշակութային նախաձեռնությունների վրա, ավելի որոշակի՝ ինձ կհետաքրքրեն արվեստի տարբեր ճյուղերին նվիրված միջազգային փառատոնները, որոնց առանձնահատկություններին առավել մանրամասնորեն կանդրադառնամ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փորձի օգնությամբ։

«Ոսկե ծիրան»-ը՝ որպես հաստատության նոր տեսակ, ետխորհրդային մշակութային ինքնության որոնման համատեքստում

Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը Հայաստանում ուղեկցվում էր տարատեսակ մշակութային հաստատությունների քայքայմամբ եւ/կամ ապալեգիտիմացմամբ, հեղինակազրկմամբ։ Այսօր էլ դեռ գործում են խորհրդային ժամանակից մնացած այսպես կոչված «ստեղծագործական միությունները», բայց ակներեւ է դրանց անհամապատասխանությունը ներկա համատեքստին։ Մյուս կողմից՝ 1990-ականների երկրորդ կեսին սկսված գլոբալ զանգվածային մշակույթի ներխուժումը, ժամանցի արդյունաբերության առաջացումը եւ սպառողական արժեքների ու նորմերի տարածումն ուղեկցվում էր նոր տիպի մշակութային հաստատությունների ձեւավորմամբ։ Առաջին հերթին՝ սրանք շուկայական հարաբերությունների յուրացման եւ կիրառման փորձեր էին եւ հաճախ տեղական էկզոտիկան միջազգային շուկային հարմարեցնելու, վաճառելու նպատակ ունեին։ Լավագույն օրինակը «Միս Արմենիա» մրցույթն էր, որն այնքան սիրվեց ժողովրդի կողմից, որ տարածվեց մինչեւ մանկապարտեզներ։ Ավելի թարմ օրինակ է «Եվրատեսիլը», որը զուտ ժամանցային միջոցառում է։ Վերադառնալով նման նախաձեռնությունների եւ պետական հաստատությունների հարաբերություններին` կարելի է հիշել, թե ինչպես Հայաստանի մշակույթի նախարարությունը ուղղակի խլեց-յուրացրեց «Միս Արմենիա» մրցույթն անցկացնելու իրավունքը։ Սա պետական հաստատության եւ առեւտրային նախագծի պարադոքսային համատեղում էր։

Այս նախաձեռնությունների համար ընդհանուրն այն է, որ, անկախ իրենց բնույթից, հայտնվելով միջազգային արենայում` դրանք անխուսափելիորեն առնչվում են ազգը, երկիրը ներկայացնելու, որոշակի ազգային ինքնություն մատուցելու, տեղայինի եւ գլոբալի միջեւ փոխհարաբերություններ հաստատելու անհրաժեշտությանը։ Մի կողմում ազգայինը միջազգային արենա հանելու հրամայականն է, բայց հաճախ աչքաթող է արվում մյուս կողմը՝ հարմարվելը գլոբալ մշակութային շուկայի թելադրած պայմաններին։ Վերջինը երբեմն նշանակում է այդ «ազգայինի»` անճանաչելի դառնալու չափ այլակերպումը։ «Եվրատեսիլում» ներկայացված «հայկականը» (ենթադրյալ ակնկալիքներին համապատասխանեցված) շատերի կարծիքով բնավ էլ հայկական չէր։

Մշակութային նախաձեռնությունների մյուս խումբն ավելի բարձր մշակութային հավակնություններ ունեցող միջազգային փառատոններն են. «21-ի հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնը, «Հայֆեստ» թատերական փառատոնը, ժամանակակից արվեստի Գյումրիի բիենալեն եւ, իհարկե, «Ոսկե ծիրանը», որը, իմ կարծիքով, ամենահաջողակն է թե՛ հավակնությունների շրջանակով, թե՛ մասսայականությամբ ու միջազգային համբավով։

Հասկանալի է, որ այստեղ դեր ունի նաեւ կինոյի գործոնը, արվեստի մյուս տեսակների համեմատությամբ նրա ավելի մեծ մասսայականությունը։ Իր հերթին՝ կինոփառատոնն արդի աշխարհում ընկալվում է որպես ազգային իմիջի ցանկալի բաղադրիչ։

Հակառակ գոյության կարճատեւ ընթացքին` «Ոսկե ծիրանը» տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շրջանակը՝ ներառելով կինոփառատոնի համար ոչ բնորոշ, բայց տեղական իրադրությամբ թելադրված աշխատանքներ։ Խոսքը հատկապես վերաբերում է կինոլրագրության եւ կինոքննադատության հարցերին նվիրված սեմինարներին։ Միջազգային մշակութային երկխոսության հաստատման փորձ էր հայ-թուրքական սեմինարը «Կինո եւ պատմություն» թեմայով, որը, հավանաբար, կունենա շարունակություն։ Այս անգամ փառատոնի ընթացքում տեղի կունենա նաեւ «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» կոնֆերանսը (Եվրախորհրդի հովանավորությամբ)։ Ավելի շուտ սկսվել եւ հաջողությամբ շարունակվում է կինոարտադրության միջազգային նախագիծը՝ «Ռեժիսորներ առանց սահմանների»:

Ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ սրանք բոլորն էլ գործունեության այնպիսի ձեւեր են, որոնք պարունակում են մշակութային քաղաքականության հստակ արտահայտված տարրեր, ունեն ետխորհրդային շրջանում մշակութային նոր ինքնության կառուցման հավակնություններ եւ ավանդաբար եղել են պետական կառույցների մենաշնորհը։ Այսինքն՝ ասպարեզում հայտնվել են նոր տեսակի մշակութային հաստատություններ, որոնց դերակատարության շրջանակների մեջ մտնում են ազգային նշանակություն ունեցող խնդիրներ ու նպատակներ։

Համառոտ ձեւով ուրվագծենք այն դժվարությունները, որոնց բախվել է կինոփառատոնը կայացման ընթացքի այս փուլում։ Իմ կարծիքով, առաջին խնդիրը, որ պետք է լուծեր փառատոնը, խորհրդային ավանդությունից սահմանազատվելը եւ ներկա ռուսական ազդեցությունից հեռու մնալն էր, սեփական կինոավանդություն ունենալը հիմնավորելը եւ «Ոսկե ծիրանը» որպես ինքնուրույն կինոփառատոն հաստատելը։ Սա այնքան էլ հեշտ գործ չէր, եթե հիշենք, որ, թեեւ Խորհրդային Միությունում կային ազգային կինոստուդիաներ, այդուհանդերձ, կինոն համամիութենական ձեռնարկ էր՝ կադրերի պատրաստումից մինչեւ գրաքննություն։ Բնավ ակնհայտ չէր, ասենք, կինոյի այնպիսի վարպետների հայկական պատկանելությունը, ինչպիսիք Փարաջանովը եւ Փելեշյանն են (դժվար է, օրինակ, «Սկիզբը» կամ «Մեր դարը» տեղավորել հայկական կինոյի շրջանակում)։ Չեմ խոսում Հայաստանում կինոարտադրության ներկա դժվարությունների մասին՝ մասնագետների պատրաստման խնդիրներից մինչեւ կինոդահլիճների սակավությունը։

Ուրեմն, կարեւոր խնդիր էր խորհրդային կինոյից հայկական (ավելի շուտ հայկական, քան հայաստանյան) կինոն անջատելը եւ այնուհետ միջազգային ասպարեզում որպես հայկական ներկայացնելը։ Առհասարակ, տեղին է նշել, որ «Ոսկե ծիրանը» ներկայանում է որպես ավելի շատ հայկական, քան հայաստանյան կինոփառատոն, թեեւ, մյուս կողմից, ակներեւ է ինքնանույնացումը Հայաստանի հետ։ Այս երկդիմությունը փառատոնի բնութագրական գծերից մեկն է։ Այս տարի էլ փառատոնը նշում է Վիլյամ Սարոյանի հարյուրամյակը։

Այսպիսով, փառատոնը սահմանում է մի որոշակի «հայկականություն»՝ որպես գլոբալ երեւույթ, որպես ավելի նախագիծ, հնարավորություն, քան հայտնի, տրված մի բան։

Միջազգային ասպարեզից ոչ պակաս կարեւոր էր տեղում` Հայաստանում որպես հայկական կինոփառատոն ներկայանալը, հանդիսատեսին գրավելը, իսկ ավելի ճիշտ՝ բարձրորակ կինոյով հետաքրքրված հանդիսատես ձեւավորելը։ Հանդիսատես, որը կընդուներ փառատոնը որպես իրենը, եւ այդպիսով փառատոնը կդառնար հայաստանյան մշակութային համատեքստի մի մասը։

Այսինքն՝ «Ոսկե ծիրանը» այս ընթացքում գտնվել է տեղայինի եւ գլոբալի միջեւ փոխհարաբերություններ ձեւավորողի դժվարին դերում՝ ձգտելով հաստատվել թե մշակութային փոխանակության միջազգային ցանցերում, թե տեղական մշակութային համատեքստում։

Վերջում ցանկանում եմ վերադառնալ կինոլրագրողների եւ կինոքննադատների պատրաստման նախաձեռնությանը։ Վստահ եմ, որ առանց ժամանակակից կինոլրագրության եւ կինոքննադատության, միջազգային ասպարեզում ընդունված գիտելիքին եւ դիսկուրսին տիրապետող մարդկանց, վերը հիշատակված խնդիրների լուծումը կլինի թերի։ Թե գլոբալ ասպարեզում գործելու, թե Հայաստանում նոր կինոմշակույթ ձեւավորելու համար անհրաժեշտ է ունենալ այդպիսի մասնագետներ, կինոյի մասին գրող, վերլուծող եւ մեկնաբանող լրագրողներ եւ տեսաբաններ։ Այս դեպքում գուցե կարելի կլինի նաեւ հուսալ, որ մի օր կլինեն խորհրդահայ կինոյի պատմությունն այսօրվա դիրքերից վերամեկնաբանելու, վերաշարադրելու փորձեր նույնպես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter