HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«ԱրմԹեք 2008». լրացուցիչ դիտարկումներ

Համաժողովին նվիրված նախորդ հոդվածում նշել եմ, որ Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարի վերաբերյալ վերջին տարիների լավատեսությունը, թեեւ զգալիորեն նվազած, բայց այժմ էլ պահպանվում է։

Տեղեկատվամիջոցների համար տարածված հաղորդագրության մեջ, օրինակ, նշվում է, որ «միջոցառումը նախատեսված է Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված մասնագետների համար», իսկ ՀՀ վարչապետի ուղերձում ասվում է, որ համաժողովը Հայաստանի կառավարությանն աջակցում է «այս ուղղությամբ վարվող նպատակային քաղաքականության իրագործման հարցում»։ Ակնհայտորեն, երկու պնդումն էլ չափազանցված են. Հայաստանում արագ զարգացող ոլորտ, կարծեմ, առհասարակ չկա, իսկ կառավարության նպատակային քաղաքականությունը հիմնավորող փաստեր դժվար է գտնել։

Համաժողովում ներկայացված զեկուցումների մեծ մասը (դարձյալ կենտրոնանում եմ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) վրա) վերաբերում էր տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կատարած աշխատանքներին։ Ավելի քան տասը տարվա պատմություն ունեցող ոլորտում գործող ընկերությունների եւ անհատների համար դա նաեւ առիթ էր՝ Հայաստանում ՏՀՏ-ի ոլորտի խնդիրները ձեւակերպելու եւ համաժողովի մասնակիցների հետ քննարկելու համար։

Բայց, մյուս կողմից, տեսնում ենք, որ կառավարությունը դարձյալ պահանջվող մակարդակի վրա չի գտնվում եւ, ինչպես նախկինում, անկարող է պատշաճ ձեւով արձագանքել իրադարձություններին։ Խմբային քննարկումների ընթացքում հնչեցին մտքեր այն մասին, թե պետության վրա պետք չէ հույս դնել, թե նախաձեռնությունները պետք է լինեն ներքեւից։ Համաձայն եմ, կան բաներ, որ պետք է անել առանց կառավարությունից օժանդակություն ակնկալելու, բայց կան բաներ, որոնք հենց կառավարության պարտականությունն են։ Նախ՝ պետական կառույցները պետք է կարողանան համարժեք ձեւով արձագանքել մասնավոր եւ հասարակական սեկտորներում կատարվող փոփոխություններին, երկրորդ՝ մի շարք կարեւոր ասպարեզներում երկրի կառավարությունն ունի վճռական դերակատարություն՝ մշակելու եւ իրականացնելու զարգացման ծրագրեր եւ ռազմավարություններ. երկրում Ինտերնետի զարգացման քաղաքականություն, կրթության համակարգում ՏՀՏ-ի ներդրում, գիտության եւ կրթության ոլորտի համագործակցությունը բիզնեսի, արդյունաբերության հետ եւ այլն։ Ինչպես ցույց է տալիս զարգացող երկրների փորձը, միայն կառավարության եւ բիզնեսի համատաղ ջանքերով կարելի է հասնել հասարակության կողմից ՏՀՏ-ի արդյունավետ օգտագործման, որը կհարուցի ցանկալի լայնամասշտաբ սոցիալական փոփոխություններ։

Այսինքն, եթե նույնիսկ հավատանք կառավարության ցանկության անկեղծությանը՝ նպաստելու երկրում ՏՀՏ-ի տարածմանն ու զարգացմանը, խզումը հասարակության մի մեծ հատվածի եւ ժամանակակից ՏՀՏ-ի միջեւ մեծանում է։ «ԴիջիԹեք 2008»-ում նույնպես այս մեծացող խզումն ակնհայտ էր՝ բիզնեսի հաջողությունները իսկապես նկատելի են, բայց, օրինակ, կրթական եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում ամեն բան շատ ավելի դանդաղ է փոխվում։

Իհարկե, մասնավոր նախաձեռնությունների արդյունքը հովանու տակ առնելը նույնպես լավ է. «ԴիջիԹեք» ցուցահանդեսը դրա օրինակն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ հայտարարվելուց առաջ այն արդեն ձեւավորված էր՝ որպես մասնավոր նախաձեռնությունների արդյունք։ «ԱրմԹեք»-ը նույնպես կառավարական նախաձեռնություն չէ, այլ հայտնվել է նրա «հովանու տակ» միայն գոյություն առնելուց հետո։ Այլ օգտակար միջամտություններ նույնպես կատարվում են, գուցե նույնիսկ օրենսդրական փոփոխություններ արվեն, օրինակ, մաքսային եւ հարկային համակարգերի կատարելագործման նպատակով, բայց կառավարությունից ակնկալվում է շատ ավելին։

Ստորեւ կանդրադառնամ «ԱրմԹեք»-ում ներկայացված մի քանի աշխատանքների, որոնք կատարվել են առանց կառավարության աջակցության, եւ այն հարցին, թե ինչ կարող է նշանակել այդ հաջողությունը հասարակության մասշտաբով։ Ընտրել եմ կրթության տիրույթին վերաբերող օրինակներ։ Թեեւ զգալի թվով ելույթներ վերաբերում էին «ՏՀՏ եւ կրթություն» հարցի տարբեր կողմերին, բայց, ցավոք, չկային դպրոցին եւ համալսարանին նվիրված զեկույցներ։ Կարծում եմ, որ կազմակերպիչները պետք է կարողանան պատվիրել նման ուսումնասիրություններ (ոչ պատասխանատու պաշտոնյաներին, այլ չեզոք հետազոտողների)` ճիշտ գաղափար կազմելու համար ընթացիկ իրադրության մասին։

Մոլլի Ֆրիմանը (էլեկտրոնային ուսուցման հարցերով խորհրդատու, ԱՄՆ) պատմեց Հայ բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ իրականացված ծրագրի՝ «Հայաստանյան վիրտուալ քոլեջի» մասին։ Վիրտուալ քոլեջը թույլ է տալիս սովորել հայերեն, հայ ժողովրդի պատմություն, հայկական ճարտարապետություն եւ մի քանի այլ առարկաներ, ստեղծված է մի քանի լեզուներով եւ հատկապես օգտակար է սփյուռքահայերի համար (ինչպես նաեւ օտարերկրացիների), որոնք հայկական դպրոց հաճախելու հնարավորություն չունեն, բայց ցանկանում են սովորել հայերեն, ունենալ գիտելիքներ հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մասին։ Հայաստանում այն կարող է օգտակար լինել թերեւս օտարերկրացիների (դեսպանատների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների) համար։

Համաժողովում տարբեր առիթներով հիշատակվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության հաջող գործունեությունը հետազոտության, կրթության եւ բիզնեսի տիրույթներում, որի մասին մանրամասնորեն պատմեց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը։ Այն ամերիկյան ընկերության մասնաճյուղ է, որը հիմնվել է 2004 թվականին եւ կրթական-հետազոտական ասպարեզում համագործակցում է տեղական համալսարանների հետ։ Այդ նպատակով ընկերության կազմում ստեղծվել են ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված լսարաններ ու լաբորատորիաներ։ Բայց հասկանալի է, որ այս մոդելը արդյունավետ է միայն իր նեղ շրջանակում. որոշակի բիզնես, որոշակի կրթական ծրագրեր եւ գիտական մշակումներ, որոնք, ըստ էության, նախատեսվում են տվյալ ընկերության նպատակներին ծառայելու համար եւ չեն կարող հաշվի նստել Հայաստանի արդյունաբերության, հասարակության կարիքների հետ։ Կարելի է նաեւ համոզմունք հայտնել, որ ընկերության արտադրանքը նախատեսված է բացառապես արտահանման համար, պետք չէ Հայաստանին եւ պետք չի լինի տեսանելի ապագայում։ Ուզում եմ կրկնել՝ անլուրջ են այն կարծիքները, թե արտահանման համար նախատեսված ՏՏ-ը «նույն հաջողությամբ կարող են ծառայել Հայաստանի կարիքներին»։

Այն, որ Հայաստանի ՏՏ-ի ձեռնարկությունները համառորեն շարունակում են մասնագետների պատրաստման խնդրի լուծումներ փնտրել, հաստատում է մեկ այլ զեկուցում։ Ոլորտի համար կադրերի պատրաստման նպատակով ՏՏ-ի արդյունաբերության եւ համալսարանական համակարգի միջեւ միջանկյալ օղակի՝ կրթական կոնսորցիումի ստեղծման նախաձեռնությանն էր նվիրված Հովհաննես Ավոյանի զեկուցումը (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Սորսիո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն)։ Այս ծրագիրն ավելի ընդարձակ շրջանակ ունի, բայց դարձյալ ծառայում է ՏՏ-ի ոլորտի համար աշխատակիցներ պատրաստելուն։ Սա դարձյալ խոսում է Հայաստանի կրթության համակարգում առկա լուրջ խնդիրների մասին, որոնց մասնակի լուծումը միայն կարելի է ակնկալել ՏՏ-ի ձեռնարկություններից։

Ընդ որում՝ հատկանշական է, որ զեկուցողների մեծամասնությունը ՏՏ-ի ընկերությունների կամ հարակից կառույցների ղեկավարներ են։ Սա նույնպես հուշում է հետազոտական կարողությունների բացակայության մասին։ Մեդիայի, հաղորդակցությունների եւ ՏՏ-ի ոլորտներում հետազոտություններ անելու ավանդույթ Հայաստանում չկա, ինչպես չկան հետազոտողներ։ Ո՞վ պետք է մտածի այս մասին, թե՞ «ԱրմԹեքը» պիտի շարունակի առաջնորդվել, ըստ էության, սիրողական մակարդակի հետազոտություններով։ Թվում է, թե վաղուց ժամանակն է այս կամ այն ծրագրի հաջողությունը հիմնավորելու համար ընդհանուր բնույթի պնդումներից (հայ ժողովուրդն ունի մեծ ներուժ, հայերն աչքի են ընկնում ձեռներեցությամբ եւ այլն) եւ տվյալ ոլորտի մասնագետների հաշվետվությունից բացի ունենալ մասնագիտական ուսումնասիրություններ նույնպես։ Բավական է հպանցիկ հայացք գցել, օրինակ, Տեղեկատվական հասարակության եվրոպական ծրագրի (i2010) շրջանակում իրականացվող ուսումնասիրություններին` հասկանալու համար դրանց կարեւորությունը։

Մարի Լու Փափազյանի («ԻՓիՋի Լաբզ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն) զեկուցման թեման էր՝ «Թումանյան պարկ կենտրոն ստեղծագործական տեխնոլոգիաների համար»։ Հայաստանում նրան ճանաչում են որպես մեկին, ով տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ՏՀՏ-ի կիրառությամբ կրթական ինչ-ինչ ծրագրեր իրականացնելով։

Ուրախալի է, որ տարիների ջանքերը վերջապես հասան նպատակին։ Հաջորդ տարվա գարնանը սպասվում է «Թումանյան պարկ կենտրոնի» բացումը, որը Հայաստանում առաջին նմանատիպ հաստատությունն է։ Այս կրթական-ստեղծագործական տեխնոլոգիական կենտրոնը կառուցվում է Աջափնյակում, նախատեսված է 1000 հոգու համար, ունի տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրեր եւ կհամապատասխանի ամենաբարձր միջազգային ստանդարտներին։

Այդուհանդերձ, հարց է առաջանում, թե ի՞նչ կարող է տալ, ի՞նչ կարող է փոխել այսպիսի մի հաստատությունը, երբ երկրի հանրակրթության համակարգը մեծ հաշվով մնում է անհաղորդ արդի ՏՀՏ-ին (անգամ եթե իրականություն դառնա «Յուրաքանչյուր դպրոցականին՝ համակարգիչ» կարգախոսը)։ «Ստեղծագործական տեխնոլոգիաներ», «քննադատական մտածողություն»՝ արդեն քանի տարի հմայական բանաձեւի պես հնչող այս եւ այլ արտահայտությունները, որ մեզ մատչելի են արեւմտյան փորձից եւ գրականությունից, Հայաստանում դեռ շարունակում են մնալ ծրագրերում։ Իսկ ուշ չի՞, այսօր Հայաստանում դրանք որեւէ իմաստ ունե՞ն, հասարակության մեջ նման բաների պահանջ կա՞։

Ինձ թվում է, թե մոտ տասը տարի առաջ այդպիսի նախաձեռնությունները կարող էին շոշափելի փոխակերպող ուժ դառնալ, բայց այսօր այդ բանն անելը շատ ավելի դժվար է։ Վերջին տարիներին Հայաստանի հասարակությունը ձեռք է բերել որոշակի կերպարանք, նախապատվություններ (որոնց մեջ գրեթե անտեսված է կրթությունը) եւ ընդգծված սպառողական վերաբերմունք՝ մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ։ Եւ հազիվ թե ՏՀՏ-ից ակնկալվեն ստեղծագործականության եւ քննադատական մտածողության բարելավման հնարավորություններ։ Հատկանշական է, որ վերջին նախագահական ընտրություններին հաջորդած, սոցիալական բավական մեծ ընդգրկում ունեցող շարժումը, որը աչքի ընկավ նոր տեղեկատվամիջոցների լայնածավալ եւ իմաստալից օգտագործմամբ, ՏՀՏ-ի օգտագործման առումով շոշափելի հետեւանքներ չունեցավ։

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ներկա իրադրության մեջ նման նախաձեռնությունները ավելի շատ կծառայեն հասարակության շերտավորվածության հետագա ընդգծմանը՝ դառնալով վերնախավի մենաշնորհը։ 

Այս ամենի հիմքում Հայաստանում ՏՀՏ-ի տարածման եւ զարգացման ռազմավարական ծրագրեր մշակելու եւ իրականացնելու՝ իշխանությունների խրոնիկական (եւ, ըստ երեւույթին, անբուժելի) հիվանդությունն է։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Հարավային Կովկասում կատարվող վերջին շրջանի փոխակերպումները, Ռուսաստանի նորահայտ կայսերական հավակնությունները եւ այն, որ առայժմ Հայաստանը մնում է Ռուսաստանի անվճար հավելվածի դերում, ապա, շատ այլ բաների հետ միասին, կարելի է մոռանալ նաեւ Տեղեկատվական հասարակության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter