Տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեցին «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ նախագծի վերաբերյալ նախարարության մոտեցումները:
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով եւ գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, գույքահարկի եւ հողի հարկի մասով հարկային հաշվետվությունների վերացումը, հարկման բազաների ճշգրտումը եւ համակարգի վարչարարության պարզեցումը:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է հողամասերը եւ դրանց վրա կառուցված շինությունները ընդունել որպես միասնական հարկման օբյեկտ եւ դրանց համար սահմանել միասնական հարկ, ինչպես նաեւ` անշարժ գույքի հարկը սահմանել որպես ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ եւ որպես դրույքաչափեր սահմանել ներկայիս գործող հողի հարկի եւ գույքահարկի դրույքաչափերը:
Փոխվարչապետը նախագիծը համարեց ոլորտին վերաբերող բարեփոխումների առաջին փուլը, որով գործընթացն ավելի դյուրին է դառնում, կրճատվում է հաշվետվությունների թիվը: Հետագա տարիներին ոլորտի կատարելագործմանն ու պարզեցմանն ուղղված բարեփոխումները կշարունակվեն: Նա կարեւոր համարեց որոշակի խմբերի (անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող հարկ վճարողների, համայնքում գործարարությունը խթանելու նպատակով ներդրումային ծրագրեր իրականացնող սուբյեկտների) համար օրենքով արտոնությունների տրամադրման ամրագրումը եւ հանձնարարեց դրա վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել հեղինակներին:
Փոխվարչապետը նաեւ հանձնարարեց 2014թ. ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնել` համայնքներին սպասվող փոփոխություններին նախապատրաստելու համար, ինչպես նաեւ թեման ընդգրկել համայնքային ծառայողների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերում:
Կոլեգիայի նիստում ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. կատարողականի նախնական տվյալները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առումով դրական դինամիկա է արձանագրվել: 2013թ. ամփոփ ցուցանիշները կներկայացվեն 2014թ. սկզբին:
Նշվեց նաեւ, որ նախնական օպերատիվ տվյալներով` հանրապետության 10 մարզից 9-ում զրոյացվել են նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերը: Նախորդ տարիների եւ ընթացիկ տարվա որոշ պարտքեր ունի միայն Գեղարքունիքի մարզը: Փոխվարչապետը հանձնարարեց մինչեւ հունվարի 15-ն առաջարկություններ ներկայացնել` Գեղարքունիքի մարզում եւս պարտքերի ամբողջական մարման վերաբերյալ:
Փոխվարչապետը փոխնախարարներին եւ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչությանը հանձնարարեց նաեւ սեփական եկամուտների` մասնավորապես, հողի հարկի եւ գույքահարկի կառուցվածքի որակական վերլուծություններ ներկայացնել, որոնք կներառեն հարկերի հաշվարկային մեծությունների դինամիկան ըստ տարիների, բազաների ամբողջականությունը եւ այլ տվյալներ:
ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2009թ.դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նշվեց, որ փաստաթղթի նպատակը միգրացիայի կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար պայմանների ապահովումն է:
Ըստ Գ. Եգանյանի` որոշման ընդունումը թույլ կտա բարեփոխել ծառայության խնդիրները եւ գործառույթները, ինչպես նաև աշխատակազմում երկու նոր` ինտեգրման հարցերի եւ իրավաբանական բաժինների ստեղծման միջոցով ապահովել գործառույթների ավելի ամբողջական եւ արդյունավետ իրականացումը:
Կոլեգիայի նիստում քննարկվեցին նաեւ ոռոգման արդյունավետ կազմակերպման եւ Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրաքանակի ծավալների ավելացման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ անցած ոռոգման շրջանը բավականին լարված է եղել, Սեւանից վերցված 170 մլն խմ-ով ամբողջական պահանջարկը հնարավոր չէր բավարարել, գործի են դրվել մեխանիկական համակարգերը, արդյունքում ծախսված էլեկտրաէնեգիայի դիմաց համակարգը պետք է վճարի շուրջ 900 մլն դրամ: Բացի այդ, Արարատյան դաշտավայրի մինչեւ 8 հազար գյուղացիական տնտեսությունների համար ոռոգման շրջանում պահանջարկի բավարարման հետ կապված դժվարություններ են առաջանում: ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովում, ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում, Հանրային խորհրդում, ինչպես նաեւ բնապահպանական ՀԿ-ների հետ քննարկել է համապատասխան օրինագիծը, որով առաջարկվում է Սեւանա լճից վերցվող ջրի ծավալը 170 մլն խմ-ի փոխարեն դարձնել մինչեւ 240 մլն խմ: Քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակվել է, եւ կոլեգիան նպատակահարմար գտավ, որ այն ներկայացվի կառավարություն: Քննարկված մյուս հարցերը կոլեգիան ընդունեց ի գիտություն: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել