HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Մելիքյանը պատասխանում է ընթերցողների հարցերին

Արտյոմ  - Դուք ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղի հարցի լուծումը: Այսքան տարիներ առնչվել եք այդ հարցին եւ երբեւէ իշխանություններից տարբեր տեսակետ չեք հայտնել:

Ի՞նչը Ձեզ ստիպեց այսօր ասել իշխանությանը հակառակվող տեսակետներ Ղարաբաղի հարցում:

Արման Մելիքյան - Ղարաբաղյան հիմնահարցն Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված կարող է լուծվել միայն հակամարտության ընթացքում տուժած բոլոր մարդկանց իրավունքների ճանաչման և պաշտպանության համատեքստում: Ընդ որում, էթնիկ զտումներ և քաղաքացիական բնակչության դեմ սանձազերծած ադրբեջանական իշխանությունների պատասխանատվության հարցի արծարծումը կնպաստի վերոնշյալ սկզբունքի կիրառմանը: Ազատագրված բոլոր տարածքները պետք է մնան ԼՂՀ կազմում և փոխանցվեն ադրբեջանահայ փախստականներին սեփականության իրավունքով` որպես մասնակի հատուցում նրանց կրած նյութական և բարոյական վնասների:
Այս տեսակետներն արտահայտել եմ նաև վերջին երեք տարիների ընթացքում:

Փոքր մարդ -Պարոն Մելիքյան, ամբողջ Հայաստանում ես երևի այն եզակի մարդկանցից եմ, որ ձեզ տեսնում եմ երկրորդ փուլում, իսկ դուք կիսու՞մ եք իմ այս լավատեսությունը:
Հարց 2-րդ՝ այս խելացի ու գրագետ միտքը՝ մասնակցել նախագահական ընտրություններին, ո՞վ հուշեց ձեզ, կամ արդյոք ինքնուրու՞յն եք կայացրել այս հրաշալի որոշումը: Շնորհակալություն:

Արման Մելիքյան - Կարծես, գոնե այս հարցում համակարծիք ենք, իսկ հուշարար չի եղել: Առհասարակ, «հուշարարներին» շատ չեմ վստահում:

Գևորգ Պողոսյան - Ի՞նչը կարող է դրդել ձեզ հանել ձեր թեկնածությունը մինչև ընտրությունները:

Արման Մելիքյան - Չեմ պատրաստվում դիմել նման քայլի:

Վահան - Ի՞նչ եղանակով եք շփվելու ընտրողների հետ: 

Արման Մելիքյան - Ինձ համար մատչելի բոլոր ձևերով` զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և անձնական հանդիպումներով:

Ստեփան - Ադրբեջանական նավթին հակակշիռ ի՞նչ ծրագիր եք առաջարկում։ Դուք եղել եք պաշտոնյա Ղարաբաղում եւ Հայաստանում, դա թույլ կտա՞ անկեղծ պատասխանել հարցին՝ Հայաստանը եւ Ղարաբաղը ժողովրդավարակա՞ն երկրներ են։ Եթե ձեր պաշտոնյա եղած լինելը թույլ չի տալիս ավելի անկեղծ պատասխանել, ապա կարո՞ղ եք ներկայացնել, թե պատկերացնու՞մ եք ծրագրեր եւ մեխանիզմներ, որոնք Հայաստանը կդարձնեին առավել ժողովրդավարական։ Հայաստանի ապագան տեսնու՞մ եք Եվրամիության մեջ։

Արման Մելիքյան - Ադրբեջանական նավթին կարելի է հակադրել Հայաստանի կառավարման համակարգի որակական բացարձակ առավելությունը, այսինքն՝ մեր ինքնակազմակերպման մակարդակի կտրուկ փոփոխությունը` դրանից բխող արդյունքներով: Իմ նախընտրական ծրագրում կլինեն սրա հետ կապված սպառիչ պատասխանները: 
Հայաստանը և Ղարաբաղը ժողովրդավարական երկրներ չեն այն առումով, որ քաղաքացիները, թեև օգտվում են որոշակի քաղաքացիական ազատություններից և իրավունքներից, այնուամենայնիվ, օտարված են երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքից: 
Ինձ համար Եվրամիության ապագան էլ բավական մշուշոտ է թվում, քանի որ  աշխարհում այսօր արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Ավելի մանրամասն այս հարցի վերաբերյալ իմ տեսակետներն արտահայտել եմ դեռևս 2002 թ. հունվարին Մոսկվայում ռուսերեն լեզվով լույս տեսած “Շահագործման տեսությունը և աշխարհաքաղաքական կանխատեսումը” աշխատության մեջ, որի հայերեն տարբերակը մի քանի օր առաջ է լույս տեսել Երևանում, և մոտ օրերս այն կարող եք գտնել Երևանի գրախանութներում:

Կարեն -1. Կարո՞ղ եք ասել՝ ովքե՞ր են Ձեր թիմակիցները: Երկու անուն գոնե կտա՞ք, իհարկե, Ձեզանից բացի:
2. Արմենիկումով քանի՞ մարդ եք բուժել:

Արման Մելիքյան - 1. Էլեոնորա Ասատրյան, Գագիկ Սիմոնյան:
2. Որպես “Արմենիկում” ՊՓԲԸ տնօրեն՝ իմ պաշտոնավարման տարիներին “Արմենիկում” դեղամիջոցը կլինիկական փորձարկումների փուլում էր: Փորձարկումների ընթացքում մի քանի հարյուր կամավորներ ստացել են ներարկումներ:

Աստղիկ - Դուք ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակեղծիքների դեմ:
Քանի՞ մարդ կա Ձեր շրջապատում, որ դուրս կգա ձեր կոչով: Ինչու՞ հանրահավաք չեք կազմակերպում, որ մի քիչ էլ մարդկանց հետ շփվեք ու տեսնեք, թե քանի մարդ ունի Ձեր կարիքը:

Արման Մելիքյան - Բնականաբար, միայնակ կամ նույնիսկ բազմաթիվ համախոհների օգնությամբ ամենուր դժվար կլինի պայքարել զանգվածային ընտրակեղծիքների դեմ քվեարկության օրը: Հարկավոր է ընտրակեղծիքների և այլ անօրինականությունների հանդեպ ձևավորել հանրային անհանդուրժողականության բացառիկ մթնոլորտ: Այս է պատճառը, արդեն ասել եմ, որ ընտրությունների ճակատագիրը կորոշվի մինչև քվեարկության օրը: 
Հանրահավաքային մարտավարությունը չեմ ընդունում, քանի որ այն իր ձևաչափով նախատեսում է տեղեկատվության միակողմանի փոխանցում` մարդիկ լսում են ելույթ ունեցողներին ու վերջ: Այստեղ չկան քննարկումներ, կարծիքների հակադրություն:

ՄԻՆՕ - Ընտրությունները կկեղծվե՞ն, թե՞ ոչ: Դուք ու՞մ եք համարում Ձեզ լիարժեք մրցակից: Եթե ընտրություններն, այնուամենայնիվ, կեղծվեն, ապա ինչ որ քայլերի դուք կդիմե՞ք: Գեղամյանն իրական ընդդիմությու՞ն է ըստ Ձեզ: Ու՞մ եք տեսնում որպես ընդդիմադիր առանցքային գործիչ, որ հավակնում է ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն: 
 
Արման Մելիքյան - Այդպիսի մտավախություններ ունեմ, սակայն դրանք այս պահին առարկայական չեն: Իշխանությունները, թերևս, կաշխատեն իրենց համար ցանկալի արդյունքը ստանալ առանց կեղծելու:
Գաղափարների և մոտեցումների առումով` բոլոր մնացած թեկնածուներին, քանի որ առ այսօր նրանց հնչեցրած մոտեցումներն ինձ համար հիմնականում կամ անընդունելի են, կամ՝ անլուրջ:
Անշուշտ կդիմեմ:

Ցանկացած քաղաքական գործիչ կամ ուժ այնչափ է ընդդիմություն, որչափ հակադրվում է գործող իշխանություններին` հանրությանն առաջարկելով իշխանությունների մոտեցումներից տարբերվող քաղաքական մոտեցումներ:
Ես հենց այդպիսի գործիչ եմ:

ՄԻՆՕ - «1993-1999 թթ. ղեկավարել է Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները»:  Սա մի հատված է Ձեր կենսագրությունից: Այն ժամանա՞կ էլ դեմ էիք Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը: Եթե այո, ապա ինչու՞ էիք աշխատում նրա արտաքին գերատեսչությունում, այն էլ պատասխանատու պաշտոններում: 

Արման Մելիքյան - Այն ժամանակ բանակցային գործընթացին չեմ առնչվել, թեև տարածքները հանձնելուն դեմ եմ եղել միշտ: Հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես որ 1998 թ. իմ հրաժարականի կարիքը չեղավ: Հրաժարական տվեցի 2007 թ. նոյեմբերի 28-ին:

Արթուր Ղազարյան - Դուք 1988 թվականին հարթակում կանգնած էիք խոսափոխի կողքը և նկարահանում էիք բոլոր միտինգները: Ո՞վ էր Ձեզ խնդրել դա անել, և ի՞նչ արեցիք այդքան վիդեոնյութերը:

Արման Մելիքյան - Մի ճշտում` ոչ թե տեսագրում էի, այլ` ձայնագրում: Իմ նախաձեռնությունն էր. գիտակցում էի, որ պատմական իրադարձություններ են կատարվում, և դրանց վերաբերյալ բոլոր մանրամասներն էլ կարող են կարևոր լինել: Ձայնագրություններն առ այսօր ինձ մոտ են: Ժամանակին այդ ձայնագրությունների  հիման վրա շարժման ակտիվիստները պատրաստեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ելույթների սղագրությունները` կոմիտեի բանտարկված անդամների հնարավոր դատավարության պարագայում նրանց  պաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Այս ձայնագությունները մասնակիորեն օգտագործել եմ  «Մոռացված փետրվար» փաստավավերագրական ֆիլմը պատրաստելիս, որը ցուցադրվել է Հ1 և ԱՐ հեռուստաընկերությունների կողմից:  

Կարեն
 - Ձեր կենսագրության մեջ գրված է, որ 1999-2001 թթ. եղել եք «Արմենիկում» ՊՓԲԸ տնօրենը: Այսինքն, այդ հեքիաթային դեղը Ձեր ղեկավարությամբ է «հայտնագործվել»: Իսկ ի՞նչ եղավ էդ «Արմենիկումի» հետ: Էդ միֆի հեղինակներից մեկը, փաստորեն, դուք եք, հա՞:

Արման Մելիքյան - Ձեր հարցադրման հեգնական շեշտերը վկայում են, որ խորաթափանց մարդ եք: Ուստի, միանգամից կխոստովանեմ, որ անմիջական կապ եմ ունեցել «Արմենիկումի» հետ: Ձեր հիշատակած «հեքիաթային դեղի» արդյունքն  այն է, որ Հայաստանում սկսեց գործել «Արմենիկում» կլինիկական կենտրոնը, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ համապատասխան բուժում պետպատվերի շրջանակներում: ՀՀ-ն ունի ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ի խնդրով զբաղվող մասնագետներ, գիտական կադրեր, համապատասխան մասնագիտական որակներ ունեցող անձնակազմ:
Ճիշտն ասած, եթե չլիներ «Արմենիկումը», Հայաստանում գուցե մի քառասուն տարի էլ ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ի խնդրով որևէ մեկը լրջորեն չէր զբաղվի: Ներկայումս դեղամիջոցը գրանցում է ստացել շատ երկրներում, այդ թվում նաև ՌԴ-ում:

Վահե Ավետյան - Սիրելի Արման Մելիքյան,
Ես ձեզ կտայի քվես հավանաբար, եթե լինեի Հայքում ու մասնակցեի ընտրություններին։ Ավաղ, դեռ այդ վիճակում չեմ, որովհետև ձերբակալության հրամանով փնտրման մեջ եմ հայրենիքի ներքին գործերի մարմինների կողմից, մեղադրվում եմ քրեական հանցագործության մեջ։
ԱՄՆ-ում կեղծ վկայություններով ինձ դատի տվեցին դաշնակցականները՝ խափանելու համար խորհրդարանական ընտրություններին մասնակցելս, այն, ինչ հայտարարել էի, որ անելու եմ մինչ այդ։ 
Շատ կուզենայի մասնակից լինել այսօր Արցախի, Հայքի ընդհանրապես հարցերի քննարկմանը, բայց այդ վիճակին չեմ հասել դեռ վերևում նկարագրածս պատճառներով, իմ վիճակում են բազում այլ քաղաքացի, այդ պատճառով թողնենք Արցախն ու Հայքը ապագայի քննարկմանն ու գանք մարդու իրավունքին առայժմ։
Դուք տեղյա՞կ եք, արդյոք, քաղաքական հետապնդումներին Հայաստանում, սփյուռքում։ Այդպիսի բան կա՞ Հայաստանում, թե՞ ոչ։
Ձեր համաքաղաքացիներից մի զգալի մաս զրկված են առաջադրվելու և ընտրելու իրավունքից, նրանցից ոմանք երկիր են լքել, թալանված են, արհեստականորեն, կազմակերպչականորեն թուլացվել են ու մղվել դուրս հասարակական գործունեության բոլոր ոլորտներից, ոմանք դատապարտված են ու բանտարկված, ոմանք փնտրման մեջ են։
Դուք համարելու՞ եք ընտրություններն օրինական այս ամենն իմանալով հանդերձ։
Դուք ունե՞ք քաղաքական հետապնդումները դադարեցնող, մարդկանց իրավունքները վերականգնելու, պահպանելու վերաբերյալ միջոցառումներ նախատեսած ծրագիր։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար՝ Վահե Ավետյան:

Արման Մելիքյան - Հայաստանում գործող կոռուպցիոն կառավարման համակարգի գործողության պայմաններում անօրինականություններն ու բռնությունները միագամայն հնարավոր են: Համակարգը հարկավոր է փոխել: Ընտրությունները, ամեն դեպքում, այդ փոփոխությունն օրինական ճանապարհով իրականացնելու հնարավորություն են ընձեռում: Անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ծրագիր ունեմ, և շուտով այն կներկայացնեմ հանրությանը:

Մասնավոր մտածող - Կլինի՞ 2-րդ փուլ: Խնդրում եմ կարճ պատասխանել` այո կամ ոչ:

Արման Մելիքյան - Այո:

Տիգրան Ն. - 1. Ես Ձեզ ճանաչում եմ եւ շատ բարձր հարգանք ունեմ: Ցավոք, շատերը Ձեր մասին շատ չգիտեն: Ինչպե՞ս եք եք լրացնելու այդ բացը: 
2. Ո՞րն եք համարում Հայասատանի 3 առաջնահերթ խնդիրները, եւ ինչպե՞ս եւ ի՞նչ ժամկետներում եք առաջարկելու լուծել:  
3. Ունե՞ք ծրագիր: 

Արման Մելիքյան
 - 1. ԶԼՄ-ների եւ անձնական հանդիպումների միջոցով: 
2. Ունենք մեկ կարեւոր խնդիր՝ կառավարման կոռուպցիոն համակարգի վերացումը՝ կառավարման արդյունավետ ազգային, պետական շահերը որպես առաջնային ճանաչող կառավարման համակարգի ներդրումը:  
3. Այո, ունեմ:

Աստղիկ - Դուք կո՞ղմ եք հայ-թուրքական սահմանի բացմանը:

Արման Մելիքյան - Ներկա պայմաններում կողմ չեմ, սակայն չեմ բացառում, որ կարող են ձևավորվել այնպիսի պայմաններ երբ դա կլինի և՛ օգտակար, և՛ շահավետ:

Արմինե, ուսանող - Այս հարցերը տվել եմ նաեւ Վահան Հովհաննեսյանին, սակայն չի պատասխանել, խնդրում եմ գոնե դուք պատասխանեք.
1. Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:
2. Ո՞րն է Ձեր սիրելի ուտելիքը:
3.Ո՞վ է Ձեր սիրելի գրողը:
4.Սպորտով զբաղվու՞մ եք, թե՞ ոչ:
5.Ինչպես եք ծանոթացել Ձեր կնոջ հետ: Ձեր կինը դեմ չէ, որ դուք նախագահ դառնաք:
6. Դուք ԱԺ-ի ինտելեկտուալներից եք, ինչպե՞ս եք կարողանում շփվել Ձեր գործընկերների հետ, ասենք՝ Լֆիկ Սամոյի, Ալրաղացի Լյովի եւ նրանց նմանների հետ: 
7. Ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը:
8. Ի՞նչ են անում Ձեր երեխաները: Հե՞շտ է նրանց հետ շփվելը, կոնֆլիկտներ ունենու՞մ եք, արդյոք, նրանց հետ: Եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր երեխաները խռովել են ձեզնից:

Արման Մելիքյան- 
1. Սիրում եմ լավ երաժշտություն՝ լինի դասական, ժողովրդական. թե ժամանակակից:
2. Մսից պատրաստած ուտելիքներ եմ սիրում:
3. Ֆեյխտվանգեր:
4. Զբաղվում եմ, երբ ժամանակ և հնարավորություն է լինում` լեռնային դահուկներ, մեծ թենիս:
5. Կնոջս հետ գործընկերներ էինք: Սովորաբար, իմ նախաձեռնած քայլերին վերաբերվում է ըմբռնումով:
6. ԱԺ անդամ չեմ և նշված մարդկանց հետ չեմ շփվում:
7. Իդեալական քաղաքական գործիչներ չեմ ճանաչում, իսկ ուսանելի և արժանապատիվ պահվածքով աչքի են ընկել շատերը:
8. Տղաս սովորում է ասպիրանտուրայում, նա իրավաբան է, իսկ դուստրս դպրոցական է: Լուրջ կոնֆլիկտներ երբևէ չեն եղել, իսկ ծագող հարցերը փորձում ենք քննարկել և լուծել միասին:

Մհեր - Ես ողջունում եմ Ձեր քաղաքական հայցի համար... լինելով նորագույն Հայաստանի կիրթ մտավորականներից մեկը՝ չե՞ք կարծում, որ դուք «գործիք» եք սերժանտռոբոտական ռեժիմի: Կամ ստացվում է ամբողջ հայությունն է պրեզիդենտի թեկնածու: Չե՞ք կարծում, որ նույ ն գործը, ինչ հիմա եք անում, կարող էիք անել առանց Ձեր թեկնածությունը դնելու՝ առավեկեւս իմանալով, որ հաղթելու ռեալ շանս չունեք: 

Արման Մելիքյան - Իմ մոտեցումները բացառում են այսօրվա գործող կառավարման համակարգի վերարտադրության հնարավորությունը, իսկ որպես քաղաքացի օգտվում եմ իմ հայացքներն արտահայտելու իրավունքից: Ես կարծում եմ, որ իմ արտահայտած տեսակետները հոգեհարազատ են շատ-շատերին, ուստի և հաղթանակը ընտրություններում միանգամայն իրատեսական է:

Արտյոմ - Ինչու՞ եք առաջադրվել՝ իմանալով, որ չեք ընտրվելու:
-Դուք ասում եք, որ Ղարաբաղի հարցում սխալ քաղաքականություն է տարվում, ինչու՞ եք դրա մասին այսօր ասում: Ինչու՞ երկու տարի առաջ չեք ասել:
-Դուք երբեւէ եղե՞լ եք ազատագրված տարածքում: Ո՞ր գյուղերում եք եղել, գոնե պատկերացում ունե՞ք այդ տարածքների մասին, որովհետեւ այնտեղ ոչ ոք Ձեր անունը չի լսել ու Ձեզ երբեք չի տեսել: 
-Եթե չնտրվեք նախագահ, ի՞նչ եք անելու: Լքելու՞ եք Հայաստանը: Ձեզ ճանաչողներից մեկն ասում է, որ Դուք ուզում եք մեկնել Հայաստանից եւ առաջադրվել եք հենց այդ պատճառով, որ հետո «հանգիստ» սրտով մեկնեք:

Արման Մելիքյան - Տեսնում եմ, թե ինչպես կարելի է լուծել ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները, իսկ իմ ընտրվել-չընտրվելու խնդիրը թողնենք ընտրողների կամքին:
-Այդ մասին ոչ թե երկու, այլ ավելի քան երեք տարի խոսում եմ: Այդ մասին վկայություններ կարող եք գտնել տպագիր մամուլի արխիվում: Իսկ իմ կողմից «Հետքին» կտրամադրեմ «Ադրբեջանահայություն. Կորսված Հայրենիք. Համարժեք փոխհատուցում» կոնֆերանսի նյութերը, ինչը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու այս հարցում ոչ միայն իմ, այլ շատ ուրիշների մոտեցումների հետ:  
-Ազատագրված տարածքներում եղել եմ և՛ պատերազմի, և՛ հրադադարի պայմաններում:
- Հանգիստ սրտով մնալու եմ Հայաստանում և մնալու եմ քաղաքականության մեջ:

Նժդեհ Հովսեփյան - Ինչու՞ չեք պաշտպանի 2-րդ փուլում որեւէ թեկնածուի: Ո՞րն է Ձեր առաջադրման նպատակը: Ճի՞շտ է, որ Ձեզ ներդրել են ԼՂՀ-ի հարցում Տեր-Պետրոսյանին քննադատելու համար: Ինչի՞ հիման վրա եք կարծում, որ կհաղթեք ընտրություններում: Դուք ընդդիմությու՞ն եք Սերժ Սարգսյանին: Ինչու՞ որոշեցիք առաջադրվել: Դուք հավատու՞մ եք Ձեզ այն առումով, որ հաշտարար եք հանդիսանում Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Համամի՞տ եք, որ հիմնական թեկնածուները Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն են: 
 
Արման Մելիքյան - Չեմ պաշտպանի այն պատճառով, որ դատելով թեկնածուների կողմից ներկայացվող մոտեցումներից՝ դա ընտրություն կլինի վատթարագույնի և վատթարագույնի միջև, իսկ այդպիսի ընտրությունն ինձ համար անընդունելի կլինի:  Մյուս թեկնածուներից և ոչ մեկն ազատագրված տարածքները պահպանելու, հայ փախստականների իրավունքները պաշտպանելու նպատակ չունի, իսկ կառավարման կոռուպցիոն համակարգը վերացնելու հարցում կամ ժխտում են նման համակարգի գոյությունը /իշխանական թև/, կամ սպառնում են հաշվեհարդարով /ընդդիմություն/: Իմ առաջադրման նպատակն է ՀՀ-ում կոռուպցիոն կառավարման համակարգի ապամոնտաժումը, ազատագրված տարածքների՝ ԼՂՀ կազմում վերջնական ամրագրումը և ադրբեջանահայ փախստականների իրավունքների պաշտպանությունն ու նրանց կրած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցումը:

Ես որևէ մեկին քննադատելու խնդիր չունեմ: Դրանից մեր հասարակության կյանքը չի բարելավվի: Ունեմ առաջարկներ և մոտեցումներ, որոնք էապես տարբերվում են թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության, այդ թվում նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներից: Մոտեցումներիս հիմնավոր լինելն է ինձ վստահություն ներշնչում, որ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ես հաշտարար չեմ և կարծում եմ, որ  գաղափարական առումով այսօր Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև եղած տարբերությունը մեծ չէ: Համամիտ չեմ:

Արամ Ա. - Ո՞վ է տվել ձեր 8 մլն դրամը։

Արման Մելիքյան - 8 մլն դրամն ավելի քան 50 մարդու կողմից հավաքված գումար է:

Մանվել Սարդարյան - Հարգելի պարոն Մելիքյան,
1. Չեք կարծո՞ւմ, որ Դուք նախ և առաջ մի շատ բարդ խնդիր ունեք լուծելու` ապացուցել հանրությանը, որ հանդիսանում եք «անկախ քաղաքական միավոր»: Ի վերջո, մեզանում քիչ չեն դեպքերը, որ որևէ մեկն անխնա «հայհոյելով» իշխանություններին, այդուհանդերձ, հանդիսանում է նրանց կցորդը:
2. Եթե, իրոք, Ձեր նպատակները լուրջ են, ապա ինչու՞ չմասնակցեցիք խորհրդարանական ընտրություններին, չէ՞ որ հանրությունը բավականաչափ ծանոթ չէ Ձեզ, և այս 1-2 ամսվա ընթացքում դժվար թե հասցնեք պատշաճ կերպով ներկայանալ:
3. Կարդացի Ձեր՝ վերջերս տված հարցազրույցը (եթե չեմ սխալվում` “Ա1+”-ում): Անկեղծորեն ինձ բավականին հոգեհարազատ որոշ մտքեր որսացի այնտեղ, բայց, մյուս կողմից, ըստ էության բացի ներկա և նախորդ իշխանություններին քննադատելուց և Արցախի հարցում որոշ դիրքորոշումներ ներկայացնելուց, Դուք հիմնականում նշում էիք արդարության և օրինականության վերականգնման անհրաժեշտությունը, այսինքն՝ այն, ինչ ասում են մնացած բոլոր թեկնածուները: Նրանցից մեկին աջակցելու փոխարեն Ձեր առաջադրվելը նշանակո՞ւմ է, արդյոք, որ Դուք նրանցից ոչ մեկի անկեղծությանը չեք հավատում, թե՞ ունեք այլ թարմ գաղափարներ ու մոտեցումներ, որ դեռ չեք ներկայացրել հանրությանը:

Արման Մելիքյան -1. Ապացուցելու խնդիր չունեմ` իմ քաղաքական մոտեցումները և առաջարկվող լուծումներն արմատապես տարբերվում են բոլոր մնացած թեկնածուների առաջարկներից: Եթե նկատել եք, ես ոչ մեկի չեմ հայհոյում, դրա փոխարեն ներկայացնում եմ համակարգված մոտեցումներ:
2. Խորհրդարանական ընտրություններին մասնակցելս անիմաստ էր` անկուսակցական եմ, ուստի չէի կարող ընտրվել համամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնականով ընտրվելու համար շատ յուրահատուկ «որակներ» են անհրաժեշտ, որպիսիք ես չունեմ:
3. Այո, օրինականության և արդարության հաստատման հարցում ունեմ ուրույն մոտեցումներ, որոնք մոտ օրերս կներկայացնեմ իմ նախընտրական ծրագրում:

Եվրոպացի - 1. Սահմանադրությու՞նն եք փորձարկում, թե՞ կարծում եք, որ Դուք իրավ քաղաքական գործիչ եք:
2. Առանց օլիգարխների եւ մյուս մեծահարուստների աջակցության, նորելուկ մեկը դժվար թե կարողանա լուծել նախընտրական ֆինանսական խնդիրները: Ութ միլիոն գրավը, որը կարող եք նաեւ ետ չստանալ, իմ մոտավորապես 5.5-6 տարիների եկամուտն է: Էլ չեմ խոսում քարոզչական եւ այլ ծախսերի մասին: Կարո՞ղ եք տարբերվել մյուս թեկնածուներից եւ, այնուամենայնիվ, ասել, թե ովքե՞ր եւ ինչու՞ են ֆինանսավորում ձեզ:

Արման Մելիքյան - 1. Ունեմ նպատակներ, որոնց հասնելու համար օգտվում եմ իմ քաղաքացիական իրավունքից:
2. Այս հարցին արդեն պատասխանել եմ:

Հարց - Ու՞մ եք «ծախելու» Ձեր ձայները:

Արման Մելիքյան - Եթե ձայներ ծախելու հետ կապված ինչ-ինչ մտահղացումներ ու առաջարկություններ ունեք, ապա հաշվի առեք, նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն քրեորեն պատժելի է, իսկ բարոյական առումով` մերժելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter