HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Էզոթերիկա եւ իրականություն

Առաջին մաս: Էգրեգորներն ու մարդիկ

Էգրեգորը մարդկային ցանկացած ընդհանրությունն է, որն ընդհանուր նպատակ է հետապնդում: Առաջին էգրեգորների օրինակ կարելի է համարել համայնքները: Էգրեգորը հանդիսանում է ինքնագիտակից կառույց, այսինքն՝ դա մի գերուժ է, որը որոշում է ընդհանուր նպատակներ ունեցող մարդկանց միջեւ եղած փոխկապակցվածությունը:

Շատ հետազոտողներ էգրեգորի ձեւավորման ու գտնվելու վայրը համարում են նոոսֆերան: Էգրեգորի ու նրա յուրաքանչյուր անդամի միջեւ տեղի է ունենում էներգիայի անընդհատ փոխանակություն: Մարդը սնում է էգրեգորը: Մի էգրեգորի մեջ մտնող մարդկանց քանակը հանդիսանում է այդ էգրեգորի ուժի չափորոշիչը: Իր հերթին էլ էգրեգորը մարդուն տալիս է ուժ ու վստահություն: Էգրեգորն ավտոնոմ էակ է, որտեղ մարդը նրա զարգացման ու էներգոսնման մասն է կազմում: Նույնը նաեւ մինի էգրեգորներում է:

Օրինակ՝ Ձեր ընկերների մեջ: Ձեր ընդհանուր ընկերները հավաքված են, որպես կանոն, որոշակի արժեքների շուրջ, այսինքն՝ որոշակի ալիքի շուրջ: Եթե դուք դադարում եք համապատասխանել այդ հետաքրքրություններին, ապա կորցնում եք այդ ընկերների շրջապատը, որքան էլ որ փորձեք արհեստականորեն պահել այդ հարաբերությունները, քանի որ դուք դադարում եք սնել ձեր կողմից ստեղծված էգրեգորը: Ամենափոքրն ընտանեկան էգրեգորն է: Եվ, եթե չկա ընտանիքում համերաշխություն, այն քայքայվում է: Էգրեգորի ուժը դուք կզգաք, եթե ձեւականորեն մտնեք մի խմբի մեջ՝ մտովի ու զգացմունքային առումով անտարբեր մնալով նրանց միավորող նպատակների նկատմամբ: Շատ կարճ ժամանակ հետո կզգաք, որ չեք սնում այդ խմբին ու դուրս կմղվեք նրա անդամների կողմից:

Յունգն ու հոգեվերլուծությունն այս երեւույթների ըմբռնման գաղտնիքները տեղափոխում են անգիտակցականի ոլորտ:

Մարդիկ իրենց ինդիվիդուալ անգիտակցականով նմանվում են բջիջների, որոնք ողողված են միջբջիջային կյանքով ու արյունով եւ որոնք կրում են սնունդ ու թթվածին (էներգիա եւ ինֆորմացիա): Բայց այդ միջբջիջային միջավայրը (կոլեկտիվ անգիտակցականը)  քաոսային չէ, այն կարգավորվում է նուրբ ձեւով եւ° անհատի մեջ, եւ° հավաքական էթնոխմբի մեջ, եւ° ամբողջ մարդկության մեջ: Եվ այդ կոլեկտիվ անգիտակցականի մեջ կան տարբեր հարկաբաժիններ, տարբեր շերտեր, յուրօրինակ օրգաններ ու թաղանթներ: Դրանք ճանաչել՝ նշանակում է ստանալ դրանց կառավարելու ու վերահսկելու իշխանություն: Այդպիսիները քիչ են եղել: Դրանք հանճարներն են, այդ խոսքի ուղղակի ու հնարավորինս պարզ բացատրությամբ: Այդպիսիք էին Բուդդան, Կոնֆուցիոսը, Մովսեսը ու նրանց նման «աշխարհն իրենց ուսերին պահողները»:

Էգրեգորի նյութական առարկայական մոդելը ներկայիս միջբանկային համակարգչային ցանցն է, հեռախոսային ցանցն է, մետրոյի ու էլեկտրագնացքների կոորդինացնող համակարգչային ցանցն է, փոքր մասշտաբով «Հետքի» այս ֆորումն է եւ այլն: Հիմա դիտարկենք էգրեգորիկ դաշտի.

Ազդեցությունն ու կապերը

Միտքը, ինչպես եւ մյուս իմպուլսները, նյութական են: Նրանք առաջացնում են իդեաների զանգվածներ (էգրեգորներ, աստրոիդեաներ): Այդ իդեա - զանգվածները տեղադրվում են մի ավտոնոմ օրգանիզմի` էգրեգորի մեջ եւ ուղարկվում  մարդուն: Մարդը, ստանալով այդ հղումը, կորցնում է իր ավտոնոմիան եւ դառնում է այդպիսի իդեա - զանգվածի ծառայողը, քանի որ նա իր մեջ պարունակում է մարդուն անհրաժեշտ էներգետիկ բաժինը:

Այդպիսով էգրեգորի ու մարդու միջեւ ստեղծվում է սիմբիոտիկ կապ: Էգրեգորն օգնում է մարդուն իր տեղը զբաղեցնել էգրեգորին ծառայող մնացածների հիերարխիկ շղթայում:

«Որպեսզի ենթարկվեն քեզ, ինքդ պիտի ենթարկվես»: Այս կարգախոսն ասվեց վերջերս մեր ամենաբարձրաստիճան իշխանավորներից մեկի կողմից:

Այստեղ կանգ ենք առնում, ավարտում ենք նախաբանն ու ընթերցողի հետ միասին հետ ենք դառնում քսան տարի: Հիշենք մեր ոչ վաղ անցյալը, ետ գնանք 1988 թվական ու հիշենք կարգախոսները, որոնք հնչում էին Ազատության հրապարակի հարթակից: Արդարացի լուծում Ղարաբաղի հարցին: Անկախություն Ղարաբաղին, հետո՝ նաեւ Հայաստանին:

Շատ հիանալի նկատեց Վահան Հովհաննեսյանն օրերս. «Անկախությունն ասոցացվում էր արդարության հետ: Անկախությունը եկավ, բայց արդարությունը չեկավ»: Հավաքականությունը շարժման մեջ գիտակցում ու ուզում էր անկախություն: Մենք այն ժամանակ չէինք մտածում ու չէինք շարժվում ենթարկել - ենթարկվելու ալգորիթմով: Եթե այն ժամանակ հարց տար մեկն ու մեկը Լեւոն Տեր - Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին` հատկապես, ու մյուսներին եւ ասեր, որ շարժումն ունի ենթարկելու ու ենթարկվելու խնդիր, ընդ որում՝ հռչակագրային որակի կարգախոսի սկզբունքայնությամբ, եւ որ այդպես են մտածում նույն շարժման ղարաբաղյան լիդերները, նրանք կծիծաղեին ասողի վրա: Հիմա կասեն, որ այն ժամանակ այդպես չէին մտածում ենթարկողներն ու ենթարկվողները:

Մարդն իր մենթալի մակարդակով միշտ նույն կերպ է մտածում: Այլ բան, որ նա ձեւ է անում, թաքցնում է իր նպատակները:

Չթափանցե՞ց նրանց ենթագիտակցականի խորքը նրանց իշխանություն ու որոշելու իրավունք տվողը: ( Այս հարցի հասցեատերերը Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանն են նաեւ): 
Այս կարգախոսը եզակի չէ: Ենթարկել ու ենթարկվելու: 
Այս խնդրի իրացումը ներկա նոր լիդերը դրեց մենթալի մակարդակով: Ներկա նախագահն իշխանության գալուց հետո հայտարարեց. «Ես գիտեմ հայ հավաքականությանը շարժող դրդապատճառները նրանց մենթալի մակարդակով եւ, այդ իմացությունն ունենալով, ես կկառավարեմ ու առաջ կտանեմ ժողովրդին»: Սա էր ասում, եւ եթե ոչ բառացի, ապա ասելիքի միտքը դա էր:

Հավաքականությունը չունի մենթալ

Եթե հավաքականությունը մենթալ ունենար, սկզբիզ միապետի գլուխը չէր կտրի, հետո էլ Սեն Ժյուստի ու հետո չէր գնա կայսեր ետեւից միլիոնավոր զոհեր տալու: Ֆրանսիացի ժողովրդի 1789-1815 թթ. քսանհինգամյա «բազմամենթալ» անցումը, համենայնդեպս ինձ համար, ամենամատչելի ձեւով բացատրեց շարժման առաջնորդներից մեկը` Վազգեն Մանուկյանը, «Հետքի» էջերում:

Մենթալը զուտ անձնականի հետ կապված հասկացություն է: Մենթալ Ես-ը մարդու ձգտումն է իր վերջնանպատակին, դա մարդ - պրոյեկտի վերջնալուծումն է: Մենթալն արարչագործության ու Աստվածային պրոյեկտի հետ կապված հանգամանք է: Ես պրոյեկցիա բառը չեմ թարգմանում Բարձրյալի արարչագործ մտահղացման անդրադարձվող կինոլուսանկարային էֆեկտը պահպանելու նպատակով: Այս մասին  լուսավորիչներն են ասում (Ռուդոլֆ Շտայներ եւ այլն): Աստված անձնական հարաբերություններ է հաստատում մարդկանց հետ, ու այդ հարաբերությունները միակողմանի, ընտրովի են: Սա էլ մարգարեներն են ասում: Այնպես որ, Արարչի հետ անձնական հարաբերություններ ու հանդիպումներ չունեցած հեղինակը, խուսափելով հին ու նոր շամանություններից եւ անգիտացականի խորքերում մնալու վախից, զերծ է մնում մենթալիտետային ներխորացումներից, ինչը խորհուրդ է տալիս անել նաեւ ընթերցողին:

Չստվերենք նախագահների Աստվածային աղերսը

Մարդու քառանդամ օրգանիզմի մտածող անդամն է մենթալ Ես-ը: Եթե հավատանք մետաֆիզիկային ու էզոթերիկային, հավաքականությունը կարող է ունի եթերային մարմին, ունի աստրալ մարմին, բայց «մենթալ ես» չունի:

Եվ այդ իմացությունից է բխում առաջին նախագահի սահմանումը, որ «չկա ազգային մտածողություն»:

Չկա հավաքական մտածողության ոչ մի ձեւ, ընդհանրապես` հոգեւորն ընդգրկող ոլորտներում չկա հավաքական ոչինչ: Այդպես է կառուցված մարդն, ու այդպիսին է նրա ստեղծած հավաքականությունների ճակատագիրն ու հնարավորության սահմանը: Որեւէ գաղափարի, գաղափարների կրողը կարող է լինել հավաքականությունը, կարող է լինել կրողը, կրկնում եմ, ըմբռնումը նորից մնում է «եսի» մակարդակին: Այստեղ ազգային բառն էլ ավելորդ է: Ազգային մշակույթ, ազգային գաղափարախոսություն եւ այլ արտահայտություններն ավելորդ են իրենց ակնհայտության պատճառով: Եթե հայ ազգը ստեղծել է այդ մշակույթը, եթե տվյալ գաղափարի կրողը հայ ազգն է, մի՞թե պարզ չէ, որ դա ազգային է: Ի՞նչ իմաստ ունի էպիտետը, ասելիքի ավելորդ ծանրաբեռնումը: Եվ սրա հակառակ թեզը` Մինասի ստեղծած գեղանկարչությունը հայ ազգային է, Արշիլ Գորկու ստեղծածը՝ ո՞չ հայ ազգային: Թե՞ Սոկրատեսն էր հույն ազգային մտածող, կամ Լյութե՞րն էր գերմանական ազգային բողոքական: Սոկրատեսն էլ է խոսում մարդու մասին, Լյութերն էլ: Մինասն ու Արշիլ Գորկին էլ նույն գութանի երգն էին կարոտում, այստեղ ու այնտեղ: Ամենուրեք նույնն է հորիզոնը: Կարոտն ու սպասումն էլ նույն ընդարձակության մեջ են:  Եթե ազգի հանճարը դառնում է համամարդկային երեւույթ, ու նրա ասելիքը դառնում է դասական, ապա այդ ազգն արագ վերագրում է իրեն այդ անհատի ասածն ու արածը, նրան իր համար կարեւոր` ազգայինի թանկ պիտակը կպցնում ու դրոշակ դարձրած այդ անունը բարձրագոչում: Գերմանացի ազգը մեկ - մեկ էլ թող հիանա իր Գեբելսով: Միայն Բեթհովենը չի իրենը: Անշնորհակալ նյութ է սա ու չարժե ծեծել այս թեման: Ինքնատիպ տարազով պարային ծեսը, գուսանի երգն անազգապատկան կուռքին ու բնությանը հղված տարբեր գունագեղ դրսեւորումներ են: Ոչ ավել, ոչ պակաս: Ազգային մշակույթ ունենալու բուռն ցանկության դեպքում հորովելն ու քոչարին կարող ենք անվանել այդպիսին:

Մտածողության արգասիք հանդիսացող ոչ մի պրոդուկտ չունի ազգային պատկանելություն: Բավական է մտքի ստեղծածը տեղավորենք ազգայինի կաղապարի մեջ, այն արագ փնտրելու է այլ հարմար կացարաններ ու դառնա այսինչ կամ այնինչ մարզի կամ այսինչ ու այնինչ ընտանիքի մշակույթ: Հայդեգերը շվաբական էկզիստենցիալ միտք չի ստեղծել: Նա ստեղծել է անձնական, մարդկային, իրեն բավարարող միտք: Մարտին Բուբերը «Ես եւ Դու» տրակտատը գրել է իր համար, որն ընթերցում ենք նաեւ մենք:

Երբ խոսքը հոգեւոր արժեքների մասին է, ընդհանարապես ոգու մասին, ու նյութը տեղափոխվում է այնկողմնային` մետաֆիզիկայի ոլորտ, հեշտ է ընկնել թյուրիմացությունների մեջ: Հավաքականությունը կարող է ունենալ ընդհանրություններ, կռվել միասին, ունենալ ինստիտուտներ, ստեղծել հեռանկարային պլաններ: Բայց հավաքականությունը չի կարող ունենալ ընդհանուր ոգի: Ինչպես ձիերի երամակը չունի ընդհանուր ոգի, այնպես էլ մարդկանց հավաքականությունները: Ոգեղեն աշխարհում մաքսային ծառայություններ չկան, այնտեղ անձնագրեր չեն ստուգվում, չկան ազգ ու ազգություններ այնկողմնային աշխարհում, գերբեր ու դրոշներ չկան, «խորհրդանիշեր այնտեղ պետք չեն», երբ թակում ենք երկնքի դռները, ինչպես հնչում է Բոբ Դիլանի երգի մեջ: Ու եթե այնտեղ լինի էլ հոգեւոր ընդհանրություն, ապա դա հաստատ ազգապատկանությամբ չի լինի: Գեբելսը Մոցարտի հետ հաստատ նույն կաթսայում չի եփվում այնկողմնային աշխարհում, մոտավորապես ասած: Սա ես չեմ ասում: Այսպես հասկացել ու բացատրում է Լեւ Շեստովը, որի ասածն անհամոզիչ չէ ինձ համար. շատ ճշմարտանման է: Բավարարվենք վերջին մի պարբերությամբ ու անցնենք մեր ասելիքին:

Եթե կա էլ ազգային գաղափարախոսություն կամ հավաքական որեւէ ընդհանրության ընկալում, ապա դա հրեաների մոտ է թերեւս, որում հավաքական խնդիրների դրվածքը դուրս է ազգային կոչվածի շրջանակներից (սա էլ մի այլ ահռելի ծավալուն ու բարդ նյութ է):

Մարդն էգրեգորից ստանում է իր էներգիան ու ինքն էլ էներգիա է տալիս էգրեգորին: Սա է ասում էզոթերիկան: Այսպես են ստեղծվում քաղաքական, կրոնական, սոցիալական ու մասնագիտական էգրեգորները: Դրա համար է մարդը կանգնում երկընտրանքի առաջ, որ էգրեգորին ծառայի եւ մյուսին քծնի ծառայամտորեն: Աստրալ էգրեգորների մասին իմացությունն է շփոթում մենթալի հետ ներկա նախագահը:

Էգրեգորների դեմ պայքարի մեխանիկան կտանք այս հոդվածի երկրորդ մասում: Մենթալի մակարդակի ազատության ընկալման փաստն է համոզում կոչ անել ազգային ազատագրական պայքարի մեր երկու գործիչներին (Վազգեն Մանուկյանին ու Լեւոն Տեր Պետրոսյանին) միավորվելու: Անկախ անցած ուղուց, ներքին ազատության ձգտման կամքն է միացնում այս երկու անձանց: Խնդրի դրվածքը երկուսն էլ հասկացել են: Ինչ մեղադրանք էլ ներկայացնի պատմությունը առաջին նախագահին, ստրկամտության մեջ նրան մեղադրել ոչ ոք չի համարձակվի: Վազգեն Մանուկյանի մասին էլ չեմ ասում: Միայն Բերդյաեւ անվան հիշատակումն ինձ համար բավարար է մարդու նկատմամբ հարգալից վերաբերմունք ունենալու համար:

Հավաքական կյանքը մոդելավորել ցանկացող այս երկու անձինք ներքին ազատության բավարար պաշար ունեն: Սեփական մենթալի մակարդակի ի՞նչ ներընկալում ունի մարդը: Ո՞րն է մարդու զուտ անձնական կարգախոսը: Սա պիտի կարեւորել:

Թագավորը մեռավ, կեցցե՜ թագավորը:

Այս կարգախոսով մարդկությունը դարեր է անցել: Հավաքականությունների ներընկալման դաստիարակության չափն այս կարգախոսը ավելի դիպուկ է տալիս:

Մարդու սեփական դերի ու տեղի ընկալման հանգամանքը որոշիչ է ճարտարապետի գործառույթը վերցնելու համար: (Գերմանացի ժողովուրդն իր հասարակական կյանքի կառուցման մոդելը վստահեց չկայացած ճարտարապետին ու ստիպված է լինելու դեռ շատ երկար ներողություն խնդրել: Խոսքը Հիտլերի մասին է, որի դեստրուկտիվ էությունը հիանալի է վերլուծում Էրիխ Ֆրոմը: Դեստրուկտիվիզմի մասին մենք կմանրամասնենք հոդվածի երկրորդ մասում, երբ կփորձենք հասկանալ ու մեկնաբանել առաջին նախագահի «կազմաքանդել» խոսքը): Այդպես է լինում, երբ ղեկ է տրվում մարդուն էմոցիոնալ դրդապատճառներով:

Մի մոռացեք, որ մեր երկու առաջնորդներին տրվեց պետության ղեկն առանց պատճառականության, առանց փաստարկների: Չկար պատմական էվոլյուցիոն համոզիչը: Շատ արագ ու պատահական էին առաջ գնում դեպքերն այն տարիներին: Մեծ էր ալիքի թափը ու բարձր: Մարդը հայտնվում է մի տեղ, իր համար անսովոր ու բարդ մեխանիզմի ղեկի մոտ: Եթե սա չհասկանանք, չենք հասկանա նաեւ մեր հետագա քայլերի տրամաբանությունը: Կասենք`իսկ թալա՞նը, բա մու՞թը եւ այլն: Հարց կտանք. «Այդ է՞լ չէին հասկանում»:

Ես միամիտ կարծիքի եմ` զուտ մանկական: Ինձ թվում է, որ եթե Վազգեն Մանուկյանը մնար Լեւոն Տեր - Պետրոսյանի կողքին, սեղմեր ատամներն ու մնար, մենք ուրիշ կյանք կունենայինք հիմա: Առաջին նախագահի շրջապատն ահավոր էր: Սա կա, սա աղետ էր:

Այս, միգուցե, իռացիոնալ փաստերը կարեւորելով եմ համարում վերոհիշյալ երկու անձանց միավորման ազգանպաստ անհրաժեշտությունը: Եվ մի բան էլ:

Էգրեգորները չէին շարժում մեզ ու տանում իրենց ետեւից շարժման տարիներին: Յուրաքանչյուրիս մենթալն էր մտել ռեզոնանսի մեջ մեկը մյուսի հետ: Գուցե ինտուիտիվ, անգիտակցական:

Հավաքականության առաջնայնության ըմբռնման հրաշքն էր կատարվում: Առաջնայնություն, որը մեռնում է ընտանեկան, խմբակային շահի աստրոգաղափարներում այսօր:

Միգուցե պաթետիկ է ստացվում մեկնաբանությունս: Այդպիսին էր ազատագրական այն ժամանակը` ռոմանտիկ: Երբեմն ստեղծվում են մարդուն ազատագրող էգրեգորներ: Ինչեւէ: Հիմնականում դրանք լինում են կրոնական դոգմատիզմի կամ տոտալիտար պետության ձեւով:

Մարդիկ զրկվելով այդպիսի տիրոջից` ապրում են ծայրահեղ հոգեւոր ցնցումներ: Այդպես եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Այդպես եղավ նաեւ մեզ մոտ: Այդ երկրին ծառայող շատ մարդիկ կորցրին աշխատանքն ու դիրքը: Իսկ նրանք, որ ճարպիկ էին, քոչեցին նոր նոմենկլատուրային էգրեգոր: Իսկ, այ, սովորական մարդիկ տուժեցին: Նույնը կատարվում է սեկտաներում: Անընդհատ սնվելով էմոցիաներով ու խմբի անդամների մտքերով` մարդն իրեն զգում է երջանիկ, իսկ երբ հասունանում ու աչքաբացվում է, տեսնում է դաժան իրականությունը, սկսվում են հոգեւոր տառապանքներն ու ծայրահեղ դրսեւորումներում հասցնում են սուիսիդի: Բայց բոլոր էգրեգորները չեն այդպես կոշտ կառուցված: Այդ կոշտությունը բնորոշ է տոտալիտար, կրոնական եւ քաղաքական համախմբություններին: Կան համարյա աննկատ էգրեգորներ. սոցիալական, մասնագիտական:

Մարդիկ, ընկնելով սոցիալական էգրեգորի ազդեցության տակ, օգտագործելով նրա կրքոտ էներգիան, արագ բարձրանում են սոցիալական հիերարխիայի աստիճաններով: Նույնը քաղաքականության մեջ է: Խելացի քաղաքական գործիչը երկար է մնում  քաղաքական Օլիմպոսում, որովհետեւ հասկանում է, որ քաղաքականությունը կարծիքներ հայտնելու տեղ չի, այլ էգրեգորի ընդհանուր աճի ու զարգացման բաղկացուցիչ մասն է: Խելացի քաղաքական գործիչը ծառայում է էգրեգորին, դրա համար էլ էգրեգորը սիրում է նրան: Մարդիկ, որոնք էգրեգորից տարբերվող կարծիք են հայտնում, որպես կանոն դուրս են թռչում մեծ քաղաքականությունից: Նույնը եւ ամենուրեք: Ցանկացած կորպորատիվ ձեռնարկում այլակարծությունը դուրս է մղում, էգրեգորը վանում է օտար էներգետիկան: Կրկնում ենք. էգրեգորն ավտոնոմ էակ է, որում մարդը նրա սեփական զարգացման ու էներգոսնման բաղկացուցիչ մասն է:

Սոցիալական հասարակության ներկա գործող մոդելը, այդ եվրոպական կոչված արժեքը, այդ երանելի հասարակական կառույցը, որ կոչվում է դեմոկրատիա, հենց այդ նույն` մեղմ էգրեգորիկ սկզբունքով ստեղծված համակարգերն է, որտեղ ենթարկվելը պարտավորություն է, կամավոր, այսպես ասենք: Անշուշտ, մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է կատարել պետության նկատմամբ իր պարտավորությունները` հարկային, սոցիալական, ծառայել բանակում, լինել օրինապաշտ: Բայց վարչապետի խոսքերով ասած` «ենթարկվել, որ քեզ ենթարկվեն», դա միջնադար է ու անընդունելի: Այսօր անընդհատ փորձում են հերքել միջին դասի առկայությունը: Միջին դասն էգրեգորի նկատմամբ կամավոր պարտավորության զգացման կրողն է, որն ունի ազատության պատկերացման հստակ չափանիշների զգացումը նաեւ: Այդ միջին դասն ուզում է հարգել եւ հարգվել: Նրան պետք չեն առավոտից իրիկուն դռները ծեծող հարկահանները, նա գիտի իր պարտքի ու պարտավորության մասին: Նրան պետք չի իր մուծած հարկի հաշվին ապրող կատարածուն: Էգրեգորին են պետք դրանք, «Խորանի պահպանությունը ստանձնած ընտրյալների կաստային» են պետք այդ միջնորդները: Միջին դասի վտանգավորությունն իշխանություների համար, քան այսօր է, երբեք չի զգացվել: Դրա համար է այդ դասի ճնշմանն ուղղված Ազգային ժողովի հայտնի, մինչեւ 2008 թվականի փետրվարի 19 - ը  թաքցրած, վերջին որոշումը (խոսքը պարզեցված հարկի վերացման մասին է):

Էգրեգորի ստեղծման համար անհրաժեշտ է այն միավորող ալիքի խորհրդանիշ: Խորհրդանիշը, որպես կանոն, ավանդատիպ է եւ շոշափում է անգիտակցականի խոր շերտերը:

Երկրորդ հերթին էգրեգորի ստեղծման համար անհրաժեշտ են կանոնակարգվածությունը ու հիերարխիկ զարգացումը: Դիտարկենք այժմ կորպորատիվ էգրեգորը: Նրանցում մարդիկ ու էգրեգորը ավելի սիմբիոտիկ են, քան կրոնական էգրեգորում: Քանի որ կորպորատիվ ձեռնարկությունը թույլ է տալիս ֆինանսական օգուտ ստանալ մարդուն: Էգրեգորի սկզբում կանգնած է նախաձեռնողը: Դա տնօրենը կամ սեփականատերն է: Նա այնպիսի փորձ է կուտակել, որ նրա էներգիան կարողանում է մի ամբողջ ձեռնարկություն պահել: Եթե կորպորատիվ էգրեգորն ուժեղ է, ապա բոլոր աշխատակիցներն ունեն որոշակի կարգախոս կամ էլ սկզբունք: Ունեն լոգոտիպ, գործունեության դրվածք, որոշ դեպքերում ղեկավարի նկար ու դրոշ: (Սրա ցցուն նմուշօրինակներն էլ են առկա մեր իրականության մեջ բարեգործությամբ աչքի ընկնող մի շարք օլիգարխների կերպարով: Նույնիսկ որոշ դրսեւորումներում կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներն են իրենց հզորությամբ ու հատկանիշներով սիմվոլացվում նրանց սլոգաններում ու էմբլեմների վրա): Մեր նորօրյա 74 կուսակցությունները կառուցված են վերոհիշյալ մոդելով: Ժողովրդավարացման այս ցուցանիշով, իհարկե, Եվրոպայից անցել ենք: Այսքան շատ կուսակցությունների ու առաջնորդների առկայության փաստի վերլուծություններն էլ թողնում ենք ընթերցողին: Սոցիումի էգրեգորը սիրում է մի աստիճանի վրա տրոհվածություն: Այստեղ խնդիրն էգրեգորի սնման անընդհատության ու անխափանության ապահովումն է: Մենեջերների կաստան հանդիսանում է պահապան, իսկ ցածր պաշտոնյաները մարդ - միավորներն են: Նրանք էլ իրենց համախմբող ծեսերն ունեն, տոներ, բանկետներ, հայ իրականության մեջ` նվիրատվությունների մանեւրիզմ եւ այլն:

Իրենց էությամբ բոլոր էգրեգորներն էլ իրար նման են: Բայց նրանք բոլորն էլ հարմարվում են ամենահզոր սոցիալական էգրեգորին, որը սովորաբար կոչում են համակարգ: Որպեսզի ամբողջական հասկանաք էգրեգորի թեման, դիտարկեք ինքներդ մի շարք փորձնական օրինակներով:

Դիտարկում առաջին. մտեք եկեղեցի ու զգացեք, թե ինչ ուժային դաշտ է ստեղծվում կրոնական ծիսակատարության ժամանակ:

Դիտարկում երկրորդ. մտեք բապտիստների կամ էլ Եհովայի վկաների մոտ ու տեսեք, թե ինչ ջերմեռանդությամբ են նրանք ուզում ձեզ ներգրավել իրենց էգրեգորի մեջ` համոզելով, Աստվածաշնչից մեջբերումներով, կոլեկտիվ աղոթքներով եւ այլնով:

Դիտարկում երրորդ. ինչ ջերմեռանդությամբ է արվում ու ինչ թափ է ստանում բարեգործությունն ընտրություններից առաջ: Ինչ դիֆերամբներ են հնչում, ու հիստերիայի հասնող զանգվածային ինչ փսիխոզ է տիրում հեռուստաեթերում:

Մնացած բազմաթիվ օրինակները թողնում ենք «Հետքի» ֆորումի մասնակիցներին: Ժողովրդական ֆոլկլորն ու բանահյուսությունն ավելի պատկերավոր նմուշներ են ծնում:

Էգրեգորներից հեշտ է պաշտպանվել, եթե հասկանում եք, որ գործում է մարդը, ոչ թե էգրեգորը, որը մարդուն փոխակերպում է իր միջոցով: (Խոշոր շահման հիպնոսը ստեղծում է իբր թե մեքենա շահած սրիկան): Էգրեգորները, սովորաբար, իրենց շոշափուկները տարածում են մարդու բիոդաշտի մեջ: Առաջին հերթին նրանք միանում են երրորդ կենտրոնին` (արեւահյուսակին): Քանի որ մարդն էգրեգորին ներս է թողնում զգացմունքային ճանապարհով: Եթե էգրեգորը կոշտ է, կամ նրա մեջ կան գիտակցության ղեկավարման ու ճնշման էլեմենտներ, ապա դուք կարող եք զգալ յոթերորդ կենտրոնի հյուսակը, ասես գլխարկ է ձեր գլխին, կամ էլ ծակոցներ կզգաք գլխի մեջ: Երբ ընտրակաշառք է վերցնում մարդը, մի տեսակ բութ սրտխառնուք է զգում: Այնպես որ, եթե դուք պատրաստվում եք բաժանվել ձեր էգրեգորից, կամ բարեգործությամբ տրվելիք կարտոֆիլի պարկից, ապա տհաճ զգացում կունենաք արեւահյուսակի մեջ, քանի որ էգրեգորն արագ բաց չի թողնում: Չնայած հրաժարման ուժեղ մոտիվացիան բավարար է էգրեգորից անջատվելու համար (ասենք` եթե էժան տուկի թելը խեղդում է կոկորդն ու տանջում է խիղճը, ապա արժե պոկվել այդ թելով ձեզ հետ կապված էգրեգորից): Հենց այն պատճառով, որ մարդիկ էգրեգորալ են, նրանք գործնականորեն չեն մտածում ընտրության ժամանակ: Սա ճշմարտություն է, որը հայտնաբերել է ժամանակակից վիճակագրությունը: Մարդկանց ընտրությունը զգացմունքային է կամ ավելի շատ ուղղվածություն ունի դեպի հավատը, քան բանականությունը:

«Ընտրել, ոչ թե մտածել»: Մտածել է պետք այս արտահայտության մասին: Էգրեգորների մասին գիտությունը գործում է առօրյա կյանքում: Կնոջը տարիներ շարունակ ընտելացնում են, որ մտածի ընտանիքի անդամների նման: Վհատվածության մեջ մարդը գնում է դեպի կրոնական էգրեգոր կամ դեպի արվեստի, երաժշտության էգրեգոր, որպեսզի ստանա ավելի դրական տրամադրություն: Նեցուկ փնտրելով` մարդը սովորաբար դիմում է ընտանեկան էգրեգորին կամ էլ ընկերների էգրեգորին:  Սա, իհարկե, անում է առողջ մարդը: Իսկ թուլացած, անկայուն հոգեբանության տեր մարդը դիմում է Նյուտոնի, Բախի, Էյնշտեյնի կամ նրանց նման հայտնի մարդկանց էգրեգորներին: Այդ կերպ ուղեղը պաշտպանում է իրեն քայքայումից, չնայած մարդն այս դեպքում դառնում է հոգեկան հիվանդ ու ընկնում է հիվանդանոց` խաղալով որեւէ  հայտնի մարդու դեր (ասենք Նապոլեոնի կամ Ալեքսանդր Մեծի դերը):

Ինչպե՞ս խուսափել որեւէ հայտնի մարդու դեր խաղալու հեռանկարից եւ չընկնել հոգեբուժարան

Եվրոպական միտքը հնարել է ոչ միայն սոցիումները համակարգող մեխանիզմներ, այլ տվել է նաեւ դրանք կատարելագործելու հեռանկարային իդեաները: Խոսքն աստրալ իդեաների մասին չէ: Մտածողների մի հրաշալի պլեադա առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում, դրանից հետո Ֆրանսիայում ստեղծեց միտք, որը տալիս է մարդուն ազատ համակարգված կենսակերպ կառուցելու հնարավորություն ու պլան: Ազատանման այդ հասարակական կառույցի մարդկանց կարգախոսը ամենադիպուկ կերպով տվել է Նիկոլայ Բերդյաեւը. «Պետությունն է մարդու համար ստեղծված, ոչ թե մարդը՝ պետության»:

Սա մի այլ ոլորտ է: էկզիստենցիալ մտքի ու կացութաձեւի մեկնաբանումը պահանջում է տպագիր խոսքի շատ ավելի լայն ծավալ, ինչը կներկայացնենք ընթերցողի դատին այս հոդվածի 2-րդ մասում: Համբերե՛ք, մի՛ քարկոծեք, սպասե՛ք:

Հեղինակն ինքը կասկածով է վերաբերվում առաջին մասում ներկայացված էզոթերիկ եզրահանգումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter