HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրք մեսխեթցիների գործոնը

Կարեն Վերանյան

Թուրք մեսխեթցիների ճնշող մեծամասնությունը բնակվում է ետխորհրդային հանրապետություններում ու Թուրքիայում։

Տարբեր հաշվարկների համաձայն` համեմատաբար մեծ է թուրք մեսխեթցիների թվաքանակը Ղազախստանում՝ հաշվվելով շուրջ 90 հազ. բնակիչ։ Նրանց մնացած հատվածը տեղաբաշխված է Ադրբեջանում (70 հազ.), Ռուսաստանում (60-70 հազ.), Ղրղզստանում (շուրջ 30 հազ.), Ուզբեկստանում (10-15 հազ.), ինչպես նաեւ` Ուկրաինայում (6-7 հազ բնակիչ)։ Ընդհանուր առմամբ, ետխորհրդային տարածքում ներկայումս բնակեցված թուրք մեսխեթցիների թվաքանակը տատանվում է 250-300 հազ.-ի սահմաններում, իսկ ողջ աշխարհում՝ 400-700 հազ.։ Ներկայումս թուրք մեսխեթցիների առջեւ ծառացած առաջնակարգ խնդիրը նախկին բնակության վայրեր՝ Վրաստանի Մեսխեթիա շրջաններ (Ադիգեն, Ասփինձա, մասամբ` Ախալցիխա) հայրենադարձության իրագործումն է։ Նախորդ դարի 90-ականների սկզբներից թուրք մեսխեթցիների հայրենադարձության կազմակերպման եւ բնակության ապահովման հարցում մեծ շահագրգռվածություն էր ցուցաբերում Ադրբեջանը, սակայն քաղաքական մի շարք գործոններից ելնելով` դադարեցրել է այդ նախաձեռնությունը։ Հարցում լուրջ ներդրում ունի նաև Թուրքիան։ Սակայն ներգաղթած թուրք մեսխեթցիների արտահոսքը դեպի Թուրքիա, այնուամենայնիվ, չունեցավ զանգվածային բնույթ նախեւառաջ այն պարզ պատճառով, որ իշխանությունները նրանց բնակեցնում էին համեմատաբար աղքատ արեւելյան շրջաններում։ Թեեւ Թուրքիայի կառավարությունը շարունակում է հստակ իրավաքաղաքական միջոցառումներ ձեռնարկել թուրք մեսխեթցիների քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգի հեշտացման համար՝ ընդունելով նույնիսկ առանձին օրենք, այնուհանդերձ, դա լուրջ խթան չհանդիսացավ վերջիններիս արտագաղթի ընդլայնման գործում։ 

2004 թ. փետրվարից սկսած` Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների աջակցությամբ, մշակեց ՌԴ Կրասնոդարի երկրամասից դեպի ԱՄՆ թուրք մեսխեթցիների վերաբնակեցման ծրագիր։ Արդյունքում ընդհուպ մինչեւ 2005 թ. սեպտեմբեր ավելի քան 20 հազար մարդ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրեց, որից 5 հազարը կարողացավ մեկնել Միացյալ Նահանգներ։ Ներկայումս այս ծրագիրը նույնպես դադարեցված է։ 

2007 թ. հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց Վրաստանի հարավում բնակվող եւ Կենտրոնական Ասիայում վերաբնակեցված թուրք մեսխեթցիների հայրենադարձության օրենքի նախագիծ («ԽՍՀՄ իշխանությունների կողմից 20-րդ դարի 40-ականներին Վրաստանից բռնի վերաբնակեցված անձանց հայրենադարձության մասին»)։ 

Քաղաքական ենթատեքստ

Այն, որ թուրք մեսխեթցիների շուրջ զարգացումները շարունակում են մնալ հարավկովկասյան տարածաշրջանային ամենաակտուալ հիմնահարցերից մեկը, կասկածից վեր է։ Ասենք ավելին, ինչպես նկատում է փորձագետների ճնշող մեծամասնությունը, գնալով մեծանում է թուրք մեսխեթցիների հիմնահարցի միջազգային շրջանառությունն ու դրա շրջանակները։ Հարցի իրավաքաղաքական, քաղաքական կարեւորությունն է՛լ ավելի շեշտադրվեց 2007 թ. հունիսի վերջերին Վրաստանի խորհրդարանի կողմից թուրք մեսխեթցիների հայրենադարձության մասին օրինագծի ընդունումից, ինչպես եւ Վրաստանի տարածքից (Ախալքալաք, Բաթում) ռուսական ռազմակայանների դուրսբերման շուրջ ձեռքբերված ռուս-վրացական պայմանավորվածությունից հետո։ 

Մի բան ակնհայտ է, որ թուրք մեսխեթցիների հայրենադարձության խնդիրն ունի առավել քան քաղաքականացված բնույթ, ուստի հարցի այս կամ այն շահարկումների մասին խոսելիս կարեւոր է հստակ ձեւակերպումներ տալ այն հարցադրմանը, թե այդ իսկ շահարկումների տակ ինչպիսի շահեր ունեն տարածաշրջանային եւ միջազգային հիմնական դերակատարները։ Փորձենք լուսաբանել եւ հիմնավորել վերը նշվածը:

Միացյալ Նահանգներ

Ազգային փոքրամասնություններին առնչվող հիմնախնդիրները եւ ընդհանրապես միջէթնիկական հարաբերությունները շարունակում են մնալ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում՝ որպես տվյալ տարածաշրջանում ազդեցության պոտենցիալ գործոն (ի դեպ, անգլոսաքսոնյան վեկտորն այսօր եւ՛ս միջազգային քաղաքականությունում կիրառում է բրիտանական կայսերական, այսպես կոչված, «բաժանիր, որ տիրես» սկզբունքը)։ Տվյալ պարագայում ԱՄՆ կառավարությունը թեեւ ներկայումս հետեւողական քաղաքականություն է տանում թուրք մեսխեթցիների հիմնախնդիրների ու դրանց շուրջ ծավալվող զարգացումների ուղղությամբ, սակայն ռուսական կամ թուրքական գործոնների համեմատ, ըստ էության, չունի ազդեցության լուրջ լծակներ։ Ինչպես արդեն նշվեց վերեւում, ամերիկյան կողմը հաջողության հասավ ՌԴ Կրասնոդարի երկրամասից շուրջ 5 հազ. թուրք մեսխեթցիների՝ Միացյալ Նահանգներում վերաբնակեցնելու գործում, որոնք հետագայում միգուցե դառնան քաղաքական որոշակի գործոն։ Սակայն այստեղից չի հետեւում այն տեսակետը, ըստ որի` այս հարցում Վաշինգտոնի քաղաքական ռեսուրսները սահմանափակ են։ Ամերիկյան կողմը թուրք մեսխեթցիների պարագայում իրապես տիրապետում է ազդեցության կամ ճնշման համախումբ լծակների, սակայն  դրանք կրում են ավելի շուտ միջնորդավորված, անուղղակի բնույթ եւ կարող են կիրառվել տարբեր քաղաքական գործընթացների համատեքստում (ասենք` ԱՄՆ-Վրաստան, ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում)։

Վրաստան

Վրաստանի իշխանությունները թուրք մեսխեթցիների հայրենադարձության հարցը կարեւորում են մի քանի հիմնական հարթություններում։ Նախ՝ թուրք մեսխեթցիների հայրենադարձության հիմնահարցն ուղղակիորեն վերաբերում է Վրաստանի՝ եվրոպական կառույցներին երկրի ինտեգրման գործընթացի համատեքստում։ 2007 թ. հունիսի վերջին Վրաստանի խորհրդարանի կողմից թուրք մեսխեթցիների հայրենադարձության մասին օրենքի ընդունումը լուրջ քայլ էր եվրոպական ընտանիքի առջեւ վրացական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, Եվրամիությանը երկրի հետագա անդամակցման գործում։ Բացի նշվածից, պաշտոնական Թբիլիսին թուրք մեսխեթցիների հայրենադարձության խնդիրը պայմանավորում է երկրի ներքին՝ սոցիալ-տնտեսական, ինչպես եւ ժողովրդագրական իրադրության բարելավման նպատակներով։ Այն է՝ թուրք մեսխեթցիների հայրենադարձությունը, կապված այդ հարցում միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ երկրների կառավարական համապատասխան ինստիտուտների շահագրգռվածության հետ, կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել Սամցխե-Ջավախք շրջանում խոշոր տնտեսական ներդրումների արտահոսքի ապահովման համար, ինչի կարիքն այն իսկապես ունի։ 

Երրորդ՝ թուրք մեսխեթցիների հայրենադարձության կազմակերպումը՝ որպես քաղաքական խաղաթուղթ, կարող է զգալիորեն մեծացնել վրացական կողմի դերակատարումը թուրք մեսխեթցիների շուրջ ծավալվող միջազգային քաղաքականությունում (առաջին հերթին Վրաստան-Թուրքիա, Վրաստան-Ադրբեջան, ինչպես նաև` հայ-վրացական հարաբերություններում)։ 

Եվ չորրորդ՝ դեպի Վրաստան թուրք մեսխեթցիների հայրենադարձությունը վրացական կողմը դիտարկում է երկրի ազգագրական խնդիրների համատեքստում, որը գտնվում է պետական անմիջական քաղաքական, ֆինանսական աջակցության հովանու ներքո։ Առայսօր շարունակվում են թե՛ գիտական, և թե՛ քաղաքական բանավեճերը թուրք մեսխեթցիների ծագումնաբանության հիմնահարցի շուրջ։ Առաջարկվող հիմնական վարկածներից («վրացական» տարբերակ) մեկն այն է, թե թուրք մեսխեթցիների մեծամասնությունը հանդիսանում է դեռևս 17-18-րդ դդ. թրքացած այսպես կոչվող վրաց մեսխեթցիների ժառանգները։ Ըստ այս վարկածի` վերջիններիս ծագումնաբանական կազմին հարում են նաեւ էթնիկ թուրքեր եւ հեմշիլներ։ 

Թուրքիա

Թուրքական պետական շրջանակները թուրք մեսխեթցիների հիմնահարցին մոտենում են հիմնականում երկու՝ ազգագրական և քաղաքական ենթատեքստերով, որոնք հաճախ չունեն բաժանարար գծեր եւ հանդես են գալիս ամբողջական բնույթով։ Պաշտոնական Անկարան թուրք մեսխեթցիների ծագումնաբանական խնդիրներին առաջնակարգ կարեւորություն է տալիս. հարցեր, որոնք շարունակում են գտնվել երկրի պետական, քաղաքական ինստիտուտների ուշադրության կենտրոնում՝ հանդիսանալով պանթյուրքական քաղաքականության մասնաբաժինը։ Թուրք մեսխեթցիների ծագումնաբանության «թուրքական» վարկածի համաձայն` թուրք մեսխեթցիների ճնշող մեծամասնությունը համարվում է էթնիկ թուրքերի (թրքալեզու հողագործներ), թերեքյալների (ադրբեջանախոս հովիվներ), իսկ մի մասն էլ՝ շուրջ 20%, 17-18-րդ դարերում իսլամացած ու թրքալեզու բնիկ հայերն (հեմշիլներ) ու վրացիները։ Թուրք մեսխեթցիների ծագումնաբանության հարցի հետ կապված թե՛ իրենց՝ թուրք մեսխեթցիների, եւ թե՛ դրսի լսարանի համար թուրքական կառավարությունն իրականացնում է լուրջ քարոզչական-տեղեկատվական քաղաքականություն։ Պատահական չէ, որ հենց վերջին տարիներին էապես ընդլայնվեցին թուրք մեսխեթցիների խնդրին առնչվող հրապարակումների շրջանակները, բացվեցին նոր հասարակական եւ տարածաշրջանային կազմակերպություններ, թրքալեզու ինտերնետային կայքեր (, , եւ այլք)։ Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն` ներկայումս Թուրքիայում գործում է թուրք մեսխեթցիների շուրջ 20 կազմակերպություն եւ միություն, որոնք շարունակում են լուրջ գործունեություն ծավալել այդ ուղղություններով։ Դրանցից առավել ակտիվ կազմակերպությունների շարքում նախեւառաջ պետք է առանձնացնել 2003 թ. օոգոստոսին հիմնադրված «Թուրք մեսխեթցիների կազմակերպությունների դաշնություն»-ը (The Federation of Ahiska Turks’ Associations), որը, միավորելով 9 կազմակերպություններ, նպատակ էր հետապնդում համախմբել երկրի տարբեր հատվածներում գործող թուրք մեսխեթական միություններն ու ընկերությունները։ Մեսխեթական խոշորագույն կազմակերպությունների շարքում կարելի է առանձնացնել նաև «Փախստական թուրք մեսխեթցիների մշակութային եւ սոցիալական աջակցության ասոցիացիա»-ն, ինչպես նաեւ` «Թուրք մեսխեթցիների կրթական, մշակութային եւ սոցիալական աջակցության ասոցիացիա»-ն։ Վերջինիս հիմնական առաքելությունը Վրաստանի հարավարեւմտյան շրջաններ թուրք մեսխեթցիների հայրենադարձության իրականացումն Է։ 

Մյուս կողմից, պաշտոնական Անկարան ակտիվ քաղաքականություն է վարում թուրք մեսխեթցիների շուրջ ծավալվող զարգացումներին, որպես տարածաշրջանային գործոն, թուրքական կողմի ակտիվ ներգրավման հարցում, ինչը ներկայումս զուգորդվում է մեսխեթցիների հայրենադարձության խնդրի հետ։ Թուրքական կառավարությունը հատկապես վերջին կես տասնամյակում հանդես է գալիս ակտիվ և հետևողական իրավական, իրավաքաղաքական նախաձեռնություններով՝ ուղղված Կենտրոնական Ասիայից, ՌԴ Կրասնոդարի երկրամասից եւ ետխորհրդային այլ վայրերից դեպի Թուրքիա թուրք մեսխեթցիների վերաբնակեցման կազմակերպմանը։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, այդ նախաձեռնություններն այդքան լայն արձագանք չստացան։ Ելնելով նաեւ ա°յդ իրողությունից՝ Թուրքիայի կառավարությունը, որպես քաղաքական խաղաթուղթ, շարունակում է առավել կենտրոնացված քաղաքականություն վարել Թուրքիայի հարեւան երկրներ (առաջին հերթին Վրաստան) թուրք մեսխեթցիների վերաբնակեցման գործընթացի ակտիվացման ուղղությամբ։ Ավելին, Վրաստանի խորհրդարանի կողմից թուրք մեսխեթցիների հայրենադարձության մասին համապատասխան օրենքի ընդունումը նոր լիցք կհաղորդի խնդրում թուրքական ներգրավվածությանը։ 

Արձանագրենք, որ այսօր իսկ գնալով շոշափելի են դառնում թուրք մեսխեթցիների՝ տարածաշրջանային գործոն դառնալու հեռանկարները, որոնք նախկինում կարող էին միայն մատուցվել տեսական հիմնավորումների տեսքով։ Հեռանկարներ, որոնք մասամբ զուգորդվում են թուրքական գործոնի հետ՝ ունենալով զարգացման լուրջ նախադրյալներ։ Թուրքական կողմի համար խնդիրն ունի քաղաքական ակտուալություն ոչ միայն Թուրքիա-Հարավային Կովկաս ձևաչափի, այլև Թուրքիա-Եվրամիություն, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում։  

Ռուսաստան և ԱՊՀ տարածք

Թուրք մեսխեթցիների խնդիրներով, ի թիվս վերը հիշատակված արտաքին գործոնների, լուրջ շահագրգռվածություն է ցուցաբերում այդ թվում եւ ռուսական կողմը։ Թուրք մեսխեթցիների խնդիրը պաշտոնական Մոսկվան դիտարկում է ինչպես ռուս-վրացական քաղաքական լարված հարաբերությունների (հայրենադարձություն), այնպես էլ Ռուսաստան-մերձտարածաշրջան ձեւաչափերի (առաջին հերթին` Ռուսաստան-Թուրքիա) համատեքստում։ Այդ տեսանկյունից խորհրդային վարչակարգերի փլուզմամբ ռուսական կողմը կարողացավ իր առանցքի շուրջը միավորել ետխորհրդային տարածքում եւ առաջին հերթին Ադրբեջանում, Ղազախստանում ու Ուկրաինայում բնակեցված թուրք մեսխեթցիների հասարակական-քաղաքական, գաղափարական եւ ընդհանրապես մարդկային ռեսուրսները։ Ետխորհրդային հանրապետություններում բնակվող թուրք մեսխեթցիների հասարակական-քաղաքական գործունեության համակարգման հարցում զգալի դեր է ունեցել «Վաթան» (թարգմանաբար՝ հայրենիք) հասարակական կազմակերպությունը (ամբողջական անվանումը՝ «Վաթան» թուրք մեսխեթցիների միջազգային միություն ՀԿ)։ Ավելին, սույն կազմակերպությունը հանդիսանում է թուրք մեսխեթցիների քաղաքական-գաղափարական հիմնական կառույցներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը։ 1991 թ. հիմնադրված «Վաթան» հասարակական կազմակերպության գլխավոր գրասենյակը տեղակայվում է Մոսկվայում, մասնաճյուղեր ունի նաև Ադրբեջանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում։ Կազմակերպությունը միավորում է ավելի քան 300 հազ. թուրք մեսխեթցիների։ «Վաթան»-ի կանոնադրության համաձայն` կազմակերպությունը հիմնադրվել է տվյալ ժողովրդի ամբողջական ռեաբիլիտացիայի, հայրենադարձության հարցերին աջակցելու, նրանց նկատմամբ պատմական արդարության վերականգնման նպատակներով։ «Վաթանի» Խորհրդի բոլոր անդամներն էլ առանց բացառության հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ։ «Վաթան» թուրք մեսխեթցիների միջազգային միություն ՀԿ-ն իր տեղեկատվական-քարոզչական գործունեությունն իրականացնում է հիմնականում այսպես կոչված «Vatan Yolunda» (թարգմ. «Ճանապարհ դեպի հայրենիք») թերթի եւ էլեկտրոնային կայքէջի (http://www.vatan-yolunda.ru/) միջոցով։ Նշենք, որ թերթի խմբագիրն է «Վաթան» կազմակերպության վարչության նախագահի առաջին տեղակալ, կազմակերպության Խորհրդի անդամ Յա. Կադիրովը (Կաբարդինո-Բալկարիա)։ 

Վերը շարադրվածից կարելի է ենթադրել, որ «Վաթան» կազմակերպությունը վերջին 15 տարիների ընթացքում ձեռքբերած փորձառության շնորհիվ բավական համակարգված քաղաքականություն կարող է վարել ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ միջազգային հարաբերություններում։ Սակայն իրականությունն այլ բան է վկայում. վերջին շրջանում կազմակերպության կենտրոնական գրասենյակի եւ նրա տարածաշրջանային մասնաճյուղերի (Ադրբեջան, Ղազախստան ու Ուկրաինա) միջեւ փոխհարաբերությունները գնալով ավելի ձեւական բնույթ են ստանում։ Ավելին, լուրջ խնդիրներ են առաջացել կազմակերպության նախագահության (Վարչություն եւ Խորհուրդ) շրջանում, որոնք հղի են պառակտման տանող միտումներով։ Կազմակերպության ներսում գոյացած հիմնախնդիրները, որոնք, ըստ էության, առավել ցայտուն դրսեւորումներ են ստանում հատկապես վերջին կես տասնամյակում։ Կողմերի միջեւ քաղաքական-գաղափարական անհամաձայնությունների ու պառակտման գագաթնակետը վերագրվում է 2007 թ. հոկտեմբերին «Վաթան» կազմակերպության ներսում ընթացիկ զարգացումներին։ Մասնավորապես 2007 թ. հոկտեմբերի 12-14-ը Թբիլիսիում դեպի Վրաստան թուրք մեսխեթցիների հայրենադարձության խնդիրներին նվիրված միջազգային գագաթաժողովում «Վաթան» թուրք մեսխեթցիների միջազգային կազմակերպության նախագահ Սուլեյման Բարբաքաձեն հանդես եկավ Թբիլիսիում «Վաթան»-ի 5-րդ նստաշրջանի անցկացման մտադրության մասին, ինչը լուրջ դժգոհությունների ալիք բարձրացրեց կազմակերպության ղեկավար շրջանակներում։ Խնդիրն այն է, որ Ս. Բարբաքաձեն ի սկզբանե չէր համաձայնեցրել իր նախաձեռնությունները կազմակերպության Խորհրդի անդամների հետ, ինչը հակասում էր «Վաթանի» կանոնադրությանը։ Թբիլիսիում կայացած 5-րդ նստաշրջանում բացակայում էին կազմակերպության Խորհրդի 18 անդամներից 11-ը, ներկայացված չէր ռուսաստանյան որեւէ լիազոր ներկայացուցիչ։ Բարբաքաձեի միանձնյա գործողություններին լուրջ քննադատություններ հասցեագրվեցին հատկապես կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, Խորհրդի անդամ Յա. Կադիրովի կողմից, որը ներկայացնում էր կազմակերպության մյուս թեւը։ «Վաթան» կազմակերպության ներսում գոյացած պառակտումներն այնքան էին խորացել, որ հարցը բավական կարճ ժամանակում միջազգային հնչեղություն ձեռք բերեց (միայն վերջերս «Վաթան» կազմակերպության նախագահի դեմ վերջինիս ընդդիմադիրները երկու նամակ են հասցեագրել Եվրախորհուրդ)։ 

«Վաթան» կազմակերպությունում եւ, մասնավորապես, նրա նախագահության ներսում գոյացած տարակարծությունները, որոնք, անշուշտ, ունեն առաջին հերթին քաղաքական ենթատեքստ, է՛լ ավելի են շեշտադրում հարցի տարածաշրջանային կարեւորությունը կամ նշանակությունը։ Բերենք այն հիմնական դրդապատճառները, որոնք, ըստ մեզ, կարող էին հիմք հանդիսանալ «Վաթանի» ներսում ձեւավորված պառակտումների համար։ Նախ՝ կազմակերպությունում սկիզբ առած տարակարծությունները կարող են պայմանավորված լինել նրա վերին օղակներում՝ նախագահական թեւում (նախագահ/փոխնախագահ) անձնական քաղաքական, նաեւ` գաղափարական ամբիցիաների հետ։ Կազմակերպության կանոնադրության համաձայն` Խորհրդի նախագահն ու տեղակալն ընտրվում են 4 տարին մեկ անգամ, իսկ գործող Խորհրդի լիազորություններն ավարտվեցին 2007-ի հոկտեմբերի 25-ին։ 

Երկրորդ՝ թերեւս առավել փաստարկված ու տրամաբանված է այն սցենարը, որի համաձայն` կազմակերպությունում գոյացած տարակարծությունները, ամենեւին չհակասելով նախորդ սցենարին, ուղղակիորեն առնչվում են խնդրում շահագրգիռ որոշ արտաքին գործոնների ներգրավվածության հարցին։ Պատահական չէ, որ այդ քաղաքական տարաձայնությունները լայն արձագանքներ ստացան հատկապես Վրաստանի խորհրդարանի կողմից թուրք մեսխեթցիների վերադարձի մասին օրենքի ընդունումից հետո։ Կարելի է ենթադրել, որ ի դեմս կազմակերպության նախագահի` փորձ է կատարվում թուրք մեսխեթցիների շուրջ ծավալվող զարգացումներում (տարածաշրջանային խնդիրներ, հայրենադարձություն եւ այլն), ի հաշիվ ռուսական գործոնի, առաջ մղել մեկ այլ՝ թուրքական վեկտորը։ Փաստենք նաեւ, որ վերջին տարիներին «Վաթան» կազմակերպության գլխավոր՝ մոսկովյան գրասենյակի ու նրա մասնաճյուղերի միջեւ համագործակցության թուլացման հիմնական պատճառներից մեկն էլ խնդրում արտաքին գործոնի՝ տվյալ պարագայում՝ թուրքական վեկտորի ակտիվացումն է։ Ընդ որում` խնդրում Թուրքիայի հետ համընկնում են նաեւ վրացական կողմի շահերը՝ որպես ճնշամիջոց ռուս-վրացական հարաբերություններում։ Պատահական չէր, որ Բարբաքաձեի կողմից նախաձեռնված «Վաթան» կազմակերպության 5-րդ նստաշրջանը տեղի ունեցավ Թբիլիսիում։ Ավելին, հենց այդ ժամանակ որոշում ընդունվեց 2007-ի հոկտեմբերի 17-ին «Թուրք մեսխեթցիների հայրենադարձության աջակցման» միջազգային հիմնադրամի ստեղծման մասին, որի նախագահն է «Վաթան» կազմակերպության վարչության նախագահ, խորհրդի անդամ Սուլեյման Բարբաքաձեն։ Իսկ վերջինիս տեղակալի պաշտոնը զբաղեցնում է «Ազգային փորքմասնությունների իրավունքների հարցերով եվրոպական կենտրոն»-ի ավագ խորհրդական Թեմուր Լոմսաձեն։ 
Վերը նշված իրողություններին ու զարգացումներին զուգահեռ կտրուկ ակտիվություն է նկատվում նաև հիմնահարցի ազգագրական ենթատեքստերում։ Մասնավորապես, վերսկսվել է թուրք-մեսխեթցիներ/վրաց-մեսխեթցիներ տերմինների շրջանառությունը ինչպես «Վաթան» կազմակերպության նախագահության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքական այլ հարթություններում։ 

Եզրահանգումներ

Թուրք մեսխեթցիների հիմնախնդիրները եւ դրանց վերլուծականն ունեն կարեւորագույն նշանակություն առաջին հերթին Հայաստանի տարածաշրջանային անվտանգության համատեքստում. հարցեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են ջավախահայության անվտանգության, Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության ոլորտներին։ Միեւնույն ժամանակ զգալի կարևորություն են ներկայացնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական այն հնարավոր վերադասավորումները, որոնց համատեքստում ենթադրվում է թուրք մեսխեթցիների հայրենադարձության քաղաքական գործընթացի իրականացումը։ Քանզի այդ աշխարհաքաղաքական զարգացումներով են պայմանավորված թուրք մեսխեթցիների շուրջ ծավալվող գործընթացները, հետեւաբար եւ դրանց համալիր ազդեցությունն ու հետեւանքները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի ազգային, ռազմաքաղաքական անվտանգության ուղղություններով։ Վերը շարադրվածի համար ստորեւ ներկայացնում ենք այն երկու հիմնական սցենարները, որոնք գնահատվում են ռիսկային Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից.

Պանթյուրքական մոդել - վերջին շրջանում, ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, նկատվում է պանթյուրքական քաղաքական ու գաղափարախոսական տարրերի ակտիվացման գործընթաց։ Բավական է նշել թրքալեզու պետությունների՝ արդեն ավանդույթ դարձած նստաշրջանների կազմակերպման իրողությունը։ Վերջինս, մեղմ արտահայտված, մտահոգիչ է նաեւ այն առումով, որ գումարվող նիստերի հիմնական կարգախոսը՝ «թրքալեզու պետությունների ու հանրությունների բարեկամություն, եղբայրություն ու համագործակցություն», ի սկզբանե կրում է ոչ թե հանուն, այլ՝ հակա ենթատեքստը։ Ինչպես արդեն նշվեց կարգախոսում, թրքալեզու պետությունների նիստերում մեծ կարեւորություն է տրվում ոչ միայն պետական, այլեւ տարբեր երկրներում բնակվող թրքալեզու հանրությունների միջեւ համագործակցության ինստիտուցիոնալիզացման խնդիրներին, որտեղ առանձին կետով, ի թիվս այլոց (ասենք, Իրաքի կամ Աֆղանստանի թրքալեզու բնակչությունը), նշվում է նաև թուրք մեսխեթցիների խնդիրը՝ որպես պանթյուրքական գաղափարի բաղադրիչ (նախատեսվում է ստեղծել խորհրդարանական ասամբլեա, համատեղ հասարակական միավորումներ ու կազմակերպություններ, քաղաքային ինստիտուտներ, գործարար շրջանակների համագործակցության ինստիտուցիոնալացում եւ այլն)։ Ավելին, մեղմ ասած` խիստ հավակնոտ տպավորություն ստեղծվեց 2007 թ. նոյեմբերի երկրորդ կեսերին Բաքվում կայացած թրքալեզու պետությունների բարեկամության, համագործակցության 11-րդ նստաշրջանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հնչեցրած այն հայտարարությունից, թե «թրքալեզու պետություններին անհրաժեշտ է վերաիմաստավորել ու նորովի շարադրել ընդհանուր պատմությունն ու որոշել (խմբ. կամ սահմանել) ընդհանուր ապագան»։  

Տարածաշրջանային սցենար կամ ռուս-ադրբեջանական տանդեմ - թուրք մեսխեթցիների հիմնախնդրի ակտուալացումը եւ նրա շուրջ ծավալվող քաղաքական շահարկումները կնպաստեն ոլորտում մասնավորապես ռուսական գործոնի ներգրավման ընդլայնմանը՝ պայմանավորված մի կողմից տարածաշրջանում ազդեցության ամրապնդման հարցում ռուս-թուրքական մրցակցությամբ, մյուս կողմից՝ Ռուսաստան-Հարավային Կովկաս, ռուս-վրացական հարաբերություններով։ Արդյունքում չի բացառվում, որ թուրք մեսխեթցիների խնդրում ձևավորվի ռուս-ադրբեջանական տանդեմ՝ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների։ Այն է՝ ռուսական կողմը կարող է ոչ հօգուտ ջավախահայության, հատկապես տեղի ռուսական ռազմակայանի դուրսբերումից հետո, խաղադրույք կատարել թուրք մեսխեթցիների վրա՝ ակտիվացնելով վերջինիս խնդիրներում ռուս-ադրբեջանական նախկինում գործող համագործակցության տեմպերը։ Նշենք նաև, որ դրանով ռուսական կողմն ազդեցության նոր լծակներ կունենա Ադրբեջանի ուղղությամբ՝ այդպիսով ինչ-որ տեղ հավասարակշռելով Հայաստանում Ռուսաստանի տնտեսական-քաղաքական զգալի դերակատարումը։         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter