ԼՂՀ վարվող արտաքին քաղաքականության հիմնատարրերը
Ես ներկաների ուշադրությունն այսօր ցանկանում եմ հրավիրել մեր կողմից պնդվող մեկ թեզի վրա: Մենք ասում ենք, որ մենք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիրը տարանջատում ենք կարգավորման եւ կարգավորման արդյունքների խնդիրներից:
Ի՞նչ է սա նշանակում: Ըստ մեզ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է եւ, այդ առումով, մենք իրապես խնդիր չունենք: Խնդիր կա Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում, որը գործընթաց է եւ հանդիսանում է մեր պետականության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: Չասեմ` հիմնականներից մեկը, այլ հիմնական ուղղությունը, որովհետեւ ես կարծում եմ, որ այդ միջոցով մենք իսկապես կկարողանանք ամրագրել մեր ինքնուրույն գոյատեւման իրավունքը այն տարածքում, որն այսօր ունենք: Բայց, միեւնույն ժամանակ, մենք պետք է ելնենք որոշակի իրողություններից, որոնք անխուսափելի են: Լեռնային Ղարաբաղը հռչակվել է շատ որոշակի տարածքում, որը ընդգրկել է ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանն ու Գետաշենը: Հաճախ մարդիկ խուսափում են այդ մասին հանգիստ արտահայտվելուց, կարծելով, որ այդպիսով կասկածի տակ կդնեն այն տարածքների ճակատագիրը, որոնք այսօր վերահսկվում են մեր կողմից: Ես ուզում եմ ասել, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Իսկապես, մենք պետություն ենք հռչակել շատ որոշակի սահմաններ ունեցող տարածքում: Այդ մասին այսօր արդեն ասվել է: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ ադրբեջանական պետությունը չհաշտվելով մեր այդ որոշման հետ, զինված ագրեսիա է սկսել Ղարաբաղի նկատմամբ, տարածքային առումով՝ իրավիճակը կտրականապես փոխվում է: Ի վերջո, երեւի թե որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր, ասենք, Կալինինգրադի մարզը գտնվում է Ռուսաստանի կազմում մեկ պատճառով. ժամանակին, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պետությունները որոշեցին, որ Գերմանիան հանդիսացել է ագրեսիա նախաձեռնած պետություն, եւ որ հետագայում կարող է վտանգ ներկայացնել աշխարհի համար: Հետեւաբար, որպես պատիժ ագրեսիայի համար եւ հետագա ագրեսիան կանխելու նպատակով, աշխարհը տարածքային խնդիրներ լուծեց: Մենք այսօր, այստեղ, բազմիցս խոսեցինք այն մասին, որ այն տարածքները, որոնք ներկայումս գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության ներքո, կարող են դիտարկվել որպես մեր հայրենակիցների՝ ադրբեջանահայության բնական բնակության գոտի: Բայց ես կարծում եմ, որ այն ոչ պակաս կարեւոր խնդիր է նաեւ ադրբեջանական հետագա ագրեսիան կանխելու եւ անցյալ ագրեսիան պատժելու տեսանկյունից: Եվ այս առումով, մենք պետք է խնդիր չունենանք ասելու, թե որ սահմաններում է հռչակվել բուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ թե մեր ինքնիշխանության ներքո գտնվող այսօրվա տարածքները ինչ դերակատարություն կարող են ունենալ հիմա եւ ապագայում: Պարզապես, թերեւս այս ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն կա եւ այս մոտեցումները հանրությանն ավելի ծանոթ դարձնելու խնդիր ունենք: Սա է իրականությունը: Մենք չենք կարող կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման փաստը եւ իրավասությունը ու չենք կարող ուրանալ բոլոր այն իրադարձությունները, որ տեղի ունեցան այդ պահից ի վեր եւ մինչ՝ այդ: Եվ, այստեղ, ես հակասություն չեմ տեսնում: Միանգամայն օրինաչափ եմ համարում, որ մեր ադրբեջանահայ հայրենակիցները իրավունք ունեն կողմնորոշվելու, թե նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում այսօր գոյություն ունեցող երկու պետություններից ո՞ր մեկի տարածքում իրենք պիտի բնակվեն, ո՞ր իշխանությունները իրենց կապահովեն բարվոք եւ ապահով ապագայով: Եվ, ի վերջո, դրան պետք է միտված լինեն մեր արտաքին քաղաքականության ջանքերը: Ես դրանում միանգամայն համոզված եմ:
Անդրադառնալով բանակցային գործընթացին, պետք է ասել, որ կա մեկ խնդիր. ի՞նչ են առաջարկում միջնորդները, ասենք, միջազգային հասարակական եւ ոչ հասարակական տարատեսակ ու տարաբնույթ կառույցները, որոնք այսօր տարածաշրջանում փորձում են կարգավորման ինչ-որ մոդելներ առաջարկել: Ի վերջո, բոլոր մոդելները հանգում են մեկ բանի, հանգում են նրան, որ պիտի հաստատվի միջհամայնական հաշտություն: Անհասկանալի է, թե որտեղից են վերցրել, որ Ղարաբաղում երբեւէ եղել են ինչ-որ համայնքներ: Վերջ ի վերջո, համայնական կառուցվածքը բնորոշ է եղել Խորհրդային Ադրբեջանին, որտեղ իսկապես կար բուն հայկական համայնք եւ ադրբեջանական մեծամասնություն ու հայ համայնքի իրավունքները, գուցե ձեւականորեն, պաշտպանելու նկատառումներով բոլշեւիկները ժամանակին ստեղծեցին ոչ միայն Ղարաբաղի՝ այլ նաեւ Նախիջեւանի ինքնավարությունները: Ինչեւէ, ես միանգամայն համոզված եմ եւ այդ մասին ասել եմ պաշտոնատար զրուցակիցներիս՝ վիզավիներին, այն մարդկանց, որոնք զբաղվել են այդ հարցով, առիթը եղած ժամանակ՝ նաեւ համանախագահներին, որ համայնական լուծման տարբերակը տանում է դեպի փակուղի: Ճիշտն ասած, չեմ կարծում, որ նրանք միամիտ են եւ չգիտեն այդ մասին: Այդ կապակցությամբ, կիպրոսյան փորձը միջհամայնական համերաշխության հիմունքներով հակամարտությունը լուծելու անհնարինությունը փաստող ցայտուն օրինակ է:
Այսօր, այստեղ խոսք գնաց Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման մասին: Ես չէի ցանկանա հենց այս հարթության մեջ խնդիրը դնել: Կարծում եմ, մենք՝ Ղարաբաղը, պարտավոր է այսօր այնպիսի պայմաններ եւ իրավիճակ ստեղծել, մոդելավորել, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրության այլ անդամները կարողանան անվարան եւ հանգիստ իրագործել Ղարաբաղի ճանաչման ակտը: Սա է այն հիմնական ուղղությունը, որի վրա մենք այսօր պետք է աշխատենք: Անշուշտ մենք ունենք դժվարություններ, որոնք հաճախ կազմակերպչական բնույթ են կրում: Ունենք նաեւ դժվարություններ գաղափարախոսական առումով, որովհետեւ ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ հնչած փաստարկներին կարելի էր եւս այդքանն էլ ավելացնել, բայց այս առումով մեր փորձագիտական համույթը եւս պետք է ուղղորդված աշխատի: Մենք նոր թարմ գաղափարների ներդրման կարիք ունենք: Մենք հին գաղափարների թարմացման կարիք ունենք: Ես վստահ եմ, որ մեր ընդհանուր, միասնական ջանքերի շնորհիվ դա պետք է որ իրագործվի, որովհետեւ ոչ թե հայտարարությունները, այլ ակտիվ գործողություններն են, որ պիտի հաջողության եւ որոշակի արդյունքի բերեն. առաջին հերթին՝ մտավոր աշխատանքի արդյունքի առումով: Բայց դրանից էլ պետք է բխեն նաեւ մնացած բոլոր գործողությունները: Այսինքն` այսօր մենք այս մոտեցումների կողմնակիցն ենք եւ փորձում ենք հնարավորինս այս ուղղությամբ գործողություններ կատարել: Ինչ վերաբերում է արդեն կոնկրետ գործողություններին. ասենք այս կոնֆերանսի թեման՝ «Ղարաբաղյան հակամարտություն. փախստականներ, տարածքներ, անվտանգություն» աշխատությունն է, որի հիմնական մեխը ադրբեջանահայության խնդիրն է: Ասեմ ձեզ, որ ժամանակի ընթացքում ինչպես Ղարաբաղում բնակվող ադրբեջանահայերից շատերը, այնպես էլ այսօր դրսում գտնվող ադրբեջանահայերը օրինաչափ հարց են դնում մեր առջեւ, թե լավ, հարյուր հազարավոր մարդիկ վտարվեցին Ադրբեջանից, կորցրեցին իրենց ունեցվածքը, շատերը կորցրեցին իրենց հարազատներին, հաշմանդամ դարձան, իսկ այդ երկրի իշխանություններին չի՞ հետաքրքրում այդ մարդկանց ճակատագիրը: Մի՞թե այդ մարդիկ, իսկապես, հետաքրքիր չեն այլեւս ոչ միայն պետության, այլեւ մեր ազգային ընդհանրության համար: Այս հանգամանքը մեզ ստիպել է, որպեսզի մենք արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկենք: Կոնֆերանսի մասնակիցների թղթապանակներում զետեղված է «Դիմում-հարցաթերթիկի» այն ձեւը, որը մշակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կողմից եւ դրվել շրջանառության մեջ ադրբեջանահայության շրջանակներում, որով այդ մարդիկ կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ հանձինս նախագահի, խնդրանքով՝ միջնորդ հանդիսանալ եւ աջակցել նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում: Այդ մարդիկ ունեն եւ՛ նյութական, եւ՛ բարոյական եւ, կարծում եմ, այս առումով նաեւ կորսված հայրենիքի վերականգնման խնդիր, որովհետեւ այսօր նրանց մեծ մասը գտնվում է ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքներից դուրս, այլեւ առհասարակ դուրս են կովկասյան տարածաշրջանից: Ձեզ ուղղակի տեղեկատվության կարգով ասեմ, որ արդեն ունենք նմանատիպ հազարավոր դիմումներ: Յուրաքանչյուր դիմում մի ադրբեջանահայ ընտանիքի պատմություն է, յուրաքանչյուր դիմում պարունակում է համապարփակ տեղեկատվություն յուրաքանչյուրի նախկին բնակության եւ քաղաքացիության, ներկա կարգավիճակի, կրած նյութական եւ բարոյական վնասների, կրած խոշտանգումների եւ բռնությունների, տեղահանման ձեւերի, հետապնդման պատճառների եւ այլնի մասին: Դիմումներն ընդգրկում են նաեւ տեղեկատվություն ադրբեջանահայ մեր հայրենակիցների կրթական ցենզի եւ մասնագիտական որակավորման վերաբերյալ:
Ես կարծում եմ, որ մենք, իհարկե, ժամանակը կորցրել ենք: Այստեղ իրավացիորեն նշվեց, որ ադրբեջանահայության մի զգալի մասը լսել չի ուզում ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Կովկասի մասին, իսկ դրանում մենք բոլորս մեր մեղքի բաժինն ունենք: Սակայն, միեւնույն ժամանակ ես գտնում եմ, որ մենք կարող ենք այս ուղղությամբ, հետեւողական լինելով, հասնել դրական արդյունքների եւ, այստեղ, ես համաձայն չեմ պարոն Աղայանի հետ այն առումով, որ չկա այն ադրբեջանահայությունը, որը մասնակից կլինի սեփական ճակատագրի համար տարվող պայքարին: Կա այդ ադրբեջանահայությունը եւ մենք դա գիտենք, որովհետեւ մենք արդեն աշխատում ենք այդ մարդկանց հետ: Ես կարծում եմ, որ պահը կգա եւ այդ կազմակերպչական խնդիրները եւս կլուծվեն: Դրանք արդեն լուծվում են: Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն արտահայտել, բայց համենայնդեպս, ելնելով իրավիճակից, կարող եմ ասել, որ մենք լավատեսության հիմքեր ունենք, այսինքն՝ նախաձեռնությունն արդեն կա եւ այն գնալով զարգանում է: (Հարց զեկուցողին լսարանից. «Խոսքը ներգաղթի՞ մասին է»): Խոսքը միայն ներգաղթի մասին չէ: Խոսքն, առհասարակ, ադրբեջանահայերի կողմից իրենց իրավունքները պաշտպանելու առումով ակտիվ գործողության դիմելու մասին է: Դա կլինի վերաբնակեցում՝ թե՛, ասենք, Մոսկվայում կամ Կրասնոդարում, կամ Բեռլինում ու Փարիզում, ակտիվ գործողություններ, որոնք միտված կլինեն նրան, որ բացահայտվի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, բացահայտվի այն, որ մարդկանց իրավունքները ոտնահարվել են եւ շարունակում են ոտնահարվել Ադրբեջանում: Այսինքն` այս ամբողջ խնդիրների թնջուկը, ես կարծում եմ, որ համատեղ լուծման կարոտ է:
Սրանք էին այն հիմնական խնդիրները, որոնց մասին ես կուզեի խոսել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, գուցե նաեւ դուք միանաք դրան, այսօրվա խնդրո առարկա աշխատության համահեղինակներին եւ կոնֆերանսի կազմակերպիչներին, որովհետեւ սա լավ առիթ էր բավականին գործնական եւ բաց մթնոլորտում քննարկելու համար այն խնդիրները, որոնք, սովորաբար, ինչ-որ տեղ կուլուարներում են քննարկվում կամ ընդհանրապես չեն քննարկվում:
Շնորհակալություն:
«Ադրբեջանահայություն. կորսված Հայրենիք. համարժեք փոխհատուցում» կոնֆերանս, Երեւան 19.12.2005
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել