HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դոտացիայի պակասող 170 մլն դրամը կառավարությունը Գյումրուն կհատկացնի «այլ դոտացիաներ» հոդվածով

Դեկտեմբերի 27-ին Գյումրու ավագանու կողմից գումարվեց այս տարվա վերջին նիստը: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց՝ այդ թվում համայնքի 2014թ.-ի բյուջեն: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդգծեց, որ գալիք տարվա բյուջեն կազմվել է՝ հիմք ընդունելով զարգացման 2013-2016թթ.-ի քառամյա ծրագիրը եւ այն հիմնականում ունի սոցիալական ուղղվածություն: Բյուջեի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Վերջինս նախ խոսեց 2013թ.-ին սեփական եկամուտների հավաքագրման գծով համայնքի արձանագրած հաջողության մասին: Եթե նախորդ քաղաքապետի օրոք, տարիներ շարունակ, Գյումրին սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ մշտապես տատնվում էր 60-70%-ի սահմանագծում, ապա 2013թ.-ին գրանցած 97% ցուցանիշը կարելի է ասել լավագույնն է: Այս առումով գովասանքի խոսքեր հնչեցին նաեւ մարզպետարանում կայացած տարեվերջյան մարզխորհրդի նիստում: Լենա Ջիլավյանը հույս հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ եւս հնարավոր է մուտքեր լինեն եւ իրենք գուցե կարողանան գրանցել սեփական եկամուտների 100 % հավաքագրում:

Անդրադառնալով Գյումրի քաղաքի 2014թ.-ի բյուջեին, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետը նշեց, որ այն կկազմի 3 մլրդ 173 մլն 233 հազար դրամ, նախորդ տարվա 3 մլրդ 72 մլն 924 հազար 200 դրամի փոխարեն: Պետական դոտացիան կկազմի 1 մլրդ 706 մլն 283 հազար դրամ անցած տարվա 1մլրդ 873 մլն 590 հազար դրամի փոխարեն: Այն, որ պետբյուջեից Գյումրի քաղաքին տրամադրվող դոտացիան պակասել է 170 մլն դրամով, պայմանավորված է բնակչության թվի նվազումով: Զեկուցող Լենա Ջիլավյանը չհստակեցրեց, թե այժմ որքան է Գյումրու բնակչության թիվը, սակայն նշեց, որ վիճակագրական վարչության իրենց տրամադրած տվյալներով 2013թ.-ին 23 հազար մարդ լքել է Գյումրին:

Պետական բյուջեից հատկացվող դոտացիան, ինչպես հայտնի է, հաշվարկվում է նկատի ունենալով նաեւ բնակչության թիվը: «Մենք իհարկե պայքարեցինք, բացատրեցինք, որ համայնքը 170 մլն դրամի պակասը շատ խիստ է զգալու եւ մեզ խոստացան տրամադրել այդ պակասող գումարն, իհարկե «այլ դոտացիա» հոդվածով: Այնպես, որ 2014թ.-ին եւս մենք կֆինանսավորվենք նույն չափով, ինչ 2013թ-ին»,- նշեց Լենա Ջիլավյանը:

Սեփական եկամուտների մասով 2014թ.-ին Գյումրու քաղաքապետարանը նախատեսում է ապահովել 9 մլրդ, 891 մլն 610 հազար դրամ, նախորդ տարվա 9 մլրդ 612 մլն 540 հազար դրամի դիմաց: Սոցիալական մասով անցած տարի բյուջեով նախատեսվել էր 6 մլն դրամ: 2014թ.-ի բյուջեին նախագծի նախնական քննարկման ժամանակ ավագանին առաջարկեց ավելացնել գումարը: Լենա Ջիլավյանը հայտնեց, որ 2014թ.-ի բյուջեով նախատեսվել է 9 մլն դրամ, որպես դրամական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Մենք քաղաքապետարանն ընդունեցինք 1 մլրդ 100 մլն դրամ պակասորդով, այսօր մենք մեր հաշվի վրա ունենք 100 մլն դրամից ավելի գումար,- նկատեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,- պատկերացնու՞մ եք, ինչ եմ ասում: Այսինքն մենք կարողացանք պարտքերը փակել, հավաքագրում ապահովել եւ հիմա ունենք ավելցուկ գումար: Երբ նոր էինք սկսել աշխատանքը, չէինք էլ պատկերացնում, որ կհաղթարենք այն վիճակը, որ ժառանգություն էինք ստացել»:

Ավագանիներից Լեւոն Բարսեղյանն անդրադառնալով Գյումրու 2014թ.-ի բյուջեին, նշեց, որ այն, ցավոք, զագացման բյուջե չէ եւ քաղաքին զարգացում չի բերելու: «Ես մի առաջարկություն ունեմ: Խոսքը վերաբերում է այլընտրանքային միջոցների հայթայթման գաղափարը զարգացնելուն՝ տեղական եկամուտներ, պետական եկամուտներ եւ 3-րդ աղբյուրի մասին է խոսքը,- պարզաբանեց Լեւոն Բարսեղյանը,-գուցե թե կարիք կլինի ջանքեր ներդնելու ծրագրերի բաժինը զարգացնելու համար: Անել հնարավորը քաղաք գումարներ բերելու եւ իրականացնելու զարգացման ծրագրեր»:

Ավագանու նիստին ներկա մի խումբ երիտասարդներ քաղաքապետին եւ ավագանու անդամներին փոխանցեցին իրենց ցանկությունը՝ քաղաքում ունենալ սահադաշտ: Երիտասարդների անունից ելույթ ունեցավ Արսեն Վարդանյանը: Վերջինս մտահոգություն հայտնեց, որ սահելու համար իրենք ստիպված են լինում հասնել Երեւան, այնինչ այդ ամենը կարելի է կազմակերպել տեղում՝ ընդամենն ունելով ցանկություն, առատ ձյուն եւ ջուր: Տղաներն իրենց հետ խորհրդանշական մեկ շիշ ջուր էին բերել քաղաքապետարան:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ աջակցել երիտասարդներին: Ասաց, որ ողջունում է գաղափարը բացօթյա սահադաշտ ունենալու եւ ինքն էլ պատրաստ է անձնապես աջակցելու, այնուհետեւ հանձնարարեց քաղաքապետարանի սպորտի հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Մեխակ Ղազարյանին ընտրել հարմար տարածք Գյումրիում: Արսեն Վարդանյանն առաջարկեց Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող ջրավազանը: Պատասխանատուները խոստացան եւ ամենայն հավանականության 2-3 օրից գյումրեցիները կունենան սեփական սահադաշտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter