HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ամենացուրտ վայրում ամենատաք ու ջերմ սրտերով մարդիկ են ապրում

Արսեն Վարդանյան

Թերեւս բնության օրինաչափությունը պահելու համար է, որ Հայաստանի ամենացուրտ վայրում՝ Աշոցքում, ամենատաք ու ջերմ սրտերով մարդիկ են ապրում: Այս տարածաշրջանում գրեթե նույն խնդիրներն են, ինչ ամբողջ հանրապետությունում: Աշոցքում երկրաշարժից 25 տարի անց, դեռ հրատապ է անօթեւանության խնդիրը: 1989թ.-ին գյուղի Կոճոռ կոչվող թաղամասում երկհարկանի բազմաբնակարան փայտե քոթեջներ կառուցվեցին, որոնք պիտի ժամանակավոր կացարան ծառայեին բնակիչների համար:

Ներկայումս 164 բնակարանից բնակեցված է 130-ը: Տարիների ընթացքում առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ եւ այս բնակարաններն այլեւս ենթակա չեն բնակության համար: Քաղաքաշինության նախարարության հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել եւ ժամանակավոր կացարանների բնակիչներին տեղյակ է պահվել, որ իրենց խնդրին կանդրադառնան, երբ Գյումրիում եւ որոշ գյուղական համայնքներում ավարտեն անօթեւաններին բնակարաններով ապահովելու հարցը:

«Դրանից հետո նոր Կառավարությունը խոստացել է զբաղվել փայտե բնակարանների ճակատագրով,- ասում է Աշոցքի փոխհամայնքապետ Կարեն Ապրեյանը: Վերջինս տեղեկացնում է մեկ այլ խնդրի մասին, բազմաբնակարան քարե շենքերից մեկն է ճաքեր տվել եւ վտանգավոր է այդտեղ ապրելը: Ութ ընտանիքի պատրաստվում են հանրակացարանի կարգավիճակով տեղ հատկացնել գործող դպրոցի մի մասնաշենքում, որտեղ նորոգման աշխատանքներ են ընթանում: «Խնդրի մասին ահազանգել ենք Շիրակի մարզպետարանին, որոշում է կայացվել եւ պետբյուջեից գումար է հատկացվել՝ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- տեղեկացնում է փոխհամայնքապետ Ապրեյանը:

Կ. Ապրեյանի փոխանցմամբ, այս տարի Սոցներդրումներ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգել են մանկապարտեզի շենքը: Համայնքի ներդրումն այս ծրագրով կազմել է 4 մլն դրամ: Սեփական եկամուտների հավաքագրումից շատ չեն դժգոհում: Եթե 2012թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմում էր 37.681.7 հազար դրամ, ապա այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 43.215.5 հազար դրամ:

Կրկին անդրադառնալով համայնքի խնդիրներին, Կարեն Ապրեյանն առանձնացրեց կաթի եւ մսի մթերման գները, որոնք այդքան էլ ձեռնտու չեն գյուղացուն: Կոճոռ թաղամսի բնակիչ Կարեն Առաքելյանը դժգոհեց, որ միսն իրենցից գնում են 1000 դրամով՝ շուկայում վերավաճառում մի քանի անգամ թանկ գնով, իսկ կաթի գինը տատանվում է 140-ից 170 դրամի սահմաններում:

Գյուղից այս տարի արտագնա աշխատանքի է մեկնել 131 մարդ, նրանցից 10-12-ը՝ ընտանիքներով: Ծնելիությունը պակասել է Աշոցքում, եթե 2012թ.-ին գրանցվել էր 33 ծնունդ, ապա այս տարի ընդամենը՝ 29-ը (14 տղա եւ 15 աղջիկ): Աշոցքից 3 պատանիներ՝ Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան, Թադեւոս Պողոսյան, ներկայումս Ֆինլանդիայում են,  մասնակցում են դահուկավազքի վարկանիշային մրցաշարին եւ Սոչիի 2014 թվականի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ են ձեռք բերել: Սերգեյ Միքայելյանի մայրն ու հայրը՝ Արթուր եւ Ալլա Միքայելյանները, ժամանակին եւս զբաղվել են դահուկավազքով: Մի քանի տարի առաջ նրանք երկրի նախագահի կողմից ճանաչվել են «Լավագույն մարզական ընտանիք»:

Աշոցք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter