HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի քաղաքական եւ դատական համակարգերում կոռուպցիոն ռիսկը 69 տոկոս է

Գնահատումն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության մշակած մեթոդաբանությամբ, ըստ որի` ի մի է բերվել հանրային գնումների ոլորտին վերաբերող ավելի քան 100 ցուցանիշ (տվյալ), որոնք դիտարկվել են հատուկ բանաձեւերով, եւ արդյունքում գնահատվել են կոռուպցիոն ռիսկերը: 

Առանձնացվել են ինստիտուցիոնալ, ընկալման, կատարողականի եւ միջավայրի վերաբերյալ ցուցանիշներ կամ տվյալներ:

Առաջին խումբը` ինստիտուցիոնալ ցուցանիշները, վերաբերում է պետական գնումների ոլորտին առնչվող իրավական համակարգին` գործող օրենքներին, հաստատություններին, հանրային ծախսերի պլանավորմանը, գնումների մրցույթների մեխանիզմներին, պայմանագրերի իրականացմանը, գնումների գործընթացի վերահսկողությանը եւ տեղեկատվության մատչելիությանը: Ինստիտուցիոնալ բոլոր ցուցանիշների վերլուծումը ցույց է տվել միջինը 31.85 տոկոս կոռուպցիոն ռիսկ: 

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է, որ ինստիտուցիոնալ ցուցանիշներում հիմնական խնդիրը հանրային ծախսերի պլանավորումն է: Բանն այն է, որ բյուջեի հաստատված լինելը պարտադիր պայման չէ պետական գնումներ կատարելու համար, հասարակությունը ծրագրերի եւ բյուջեի մշակման գործընթացներին մասնակից չի դարձվում: Դրա հետեւանքով հանրային ծախսերի պլանավորման մակարդակում կոռուպցիոն ռիսկը գնահատվել է ավելի քան 66 տոկոս: 

Սակայն ահա տեղեկատվության մատչելիության, գնումների գործընթացների վերահսկման, ընտրության մեխանիզմների եւ պայմանագրերի կատարման մակարդակներում կոռուպցիայի ռիսկը չի գերազանցում 25 տոկոսը: 

Երկրորդ խումբը` ընկալման ցուցանիշները, վերաբերում է օրենքի կիրառմանը: Ցուցանիշների վերլուծությամբ դրական է գնահատվել գնումների գործընթացի աստիճանական բարելավումը, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման նախատեսումը:

«Այստեղ բացասական է համարվել մեկ անձից գնումների չարաշահումը կրթության, առողջապահության եւ մշակույթի ոլորտներում,- ասում է Սոնա Այվազյանը եւ հավելում, որ չնայած Համաշխարհային բանկի տվյալներով` մեր երկրում բաց մրցույթներով իրականացվող գնումների թիվն աճել է, դա չի նշանակում, թե գնումները միանշանակ լավ են իրականացվում:- Հնարավոր է` օգտագործվում են կեղծ բաց մրցույթներ, որոնց նպատակը նախապես որոշված անձին ձեւական մրցույթով հաղթող ճանաչելն է: Այսպես կոռուպցիոն դրսեւորումները ավելի լավ են քողարկվում»: 

Չի կարգավորված շահերի բախման հարցը, որի դեպքում մրցութային հանձնաժողովի անդամը կարող է չարաշահել իր լիազորությունները հօգուտ ծանոթ-բարեկամի: Գնումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էլ գնահատվել է ոչ լիարժեք: 

Սոնա Այվազյանը նշում է, որ մասնավորապես գրեթե բացակայում է միջազգային ծրագրերի կողմից իրականացվող գնումների մասին տեղեկատվությունը. «Օրինակ` Համաշխարհային բանկի մի ծրագրից մենք խնդրեցինք ինֆորմացիա, որը նրանք չտվեցին եւ պատճառաբանեցին, թե իրենց վերահսկող մարմիններն այնքան շատ են, որ չեն պատրաստվում մեզ որեւէ տեղեկատվություն տալ»: Միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերով իրականացվող գնումները կատարվում են միջազգային պայմանագրերի հիման վրա, իսկ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է տեղեկատվության մատչելիությունը: Այնինչ, ինչպես ասում է Ս. Այվազյանը, «մասնավորապես «Լինսի» հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը ինքնին գաղտնիք է համարվում, ինչն աբսուրդ է: Այդ փաստաթուղթն ամբողջությամբ համարվում է գաղտնի փաստաթուղթ, եւ մենք, օրինակ, չենք կարող վերահսկել, թե ինչպես են իրականացվում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորած ծրագրի շրջանակներում նախատեսված գնումները»: 

Հանրային գնումների համակարգի ընկալման ցուցանիշների գնահատման արդյունքում կոռուպցիոն ռիսկի տոկոսը կազմել է 58.33:

Կատարողականի ցուցանիշները (երրորդ խումբ) վիճակագրական տվյալներ են գնումների պրակտիկայի վերաբերյալ: Տվյալները (2006 թ.-ի համար են) վերցվել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից: Այս ցուցանիշների գնահատումը ցույց է տվել 19.57 տոկոս կոռուպցիոն ռիսկ: 

Այսպիսով` Հայաստանում հանրային գնումների համակարգի ինստիտուցիոնալ, ընկալման եւ կատարողականի ցուցանիշների գնահատումը ցույց է տվել համապատասխանաբար 31.85, 58.33 եւ 19.57 տոկոսի կոռուպցիոն ռիսկ, ինչն առաջին հայացքից կարող է այնքան էլ վատ չթվալ: Սակայն չորրորդ խմբի տվյալները` միջավայրի ցուցանիշները, ամենավատ արդյունքն են ցույց տվել:

Միջավայրի ցուցանիշները բնորոշում են Հայաստանի ընդհանրական պատկերը կոռուպցիոն ռիսկերի բնագավառում: Ընդ որում` այս ցուցանիշները վերցվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի եւ Ֆրեյզերի ինստիտուտի 2007 թ.-ի զեկույցներից: Դրանցում գնահատվել են Հայաստանի քաղաքական եւ դատական համակարգերն ու վարչարարությունը: Մասնավորապես Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային մրցունակության զեկույցում» 1-7 բալանոց սանդղակով մեր երկրի քաղաքական համակարգը «ստացել» է 2.6, իսկ վարչարարությունը` 3: Ֆրեյզերի ինստիտուտի «Տնտեսական ազատությունը աշխարհում» զեկույցում էլ 1-10 բալանոց սանդղակով ՀՀ դատական համակարգը «գնահատվել» է 4: 

Այս ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի քաղաքական եւ դատական դաշտերում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը բավականին բարձր է. այն կազմել է 69.26 տոկոս: 

«Ստացվում է հետեւյալ պատկերը: Եթե նույնիսկ հանրային գնումների մեր օրենսդրությունը լավն է, դրական քայլեր արված են, հաստատությունները նորմալ են, եւ կատարողականն էլ, ըստ էության, վերահսկվում է, ամեն դեպքում կա օրենքի կիրարկման խնդիր, որն արտացոլվում է ընկալման ցուցանիշների մեջ, ու բացի այդ` Հայաստանում ընդհանրապես կոռուպցիայի ռիսկը բավականին բարձր է: Դա, բնականաբար, չի կարող չանդրադառնալ համապատասխան դաշտում գործող գնումների վրա»,- ամփոփում է Սոնա Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter