Արամուսում ավագանու նիստը ձեւական չէ
Սակայն հաշվետվություններն ու նախագծերը հրապարակելու օրենսդրական պահանջը դեռեւս սովորույթ չի դարձել
Կոտայքի մարզի Արամուս գյուղի ավագանու 10 անդամները դեկտեմբերի 28-ին կայացած տարեվերջյան ավագանու նիստում, լսելով համայնքապետարանի տարեկան հաշվետվությունը, գոհունակությամբ արձանագրեցին, որ Արամուս համայնքը հաջողությամբ է կատարել 2007-ի տարեկան բյուջեն:
Միակ բանը, որ անցնող տարում համայնքապետարանը պլանավորել, սակայն չէր կարողացել իրականացնել, գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին սեփական միջոցներով ամառային հանգստի ուղարկելն էր: «Սա միակ բանն է, որ չենք կարողացել անել անցնող տարում, բայց այս տարի կիրականացնենք»,- խոստացավ համայնքապետ Հրայր Նիկողոսյանը: Վերջինս ավագանու անդամների առջեւ իր միակ թերացման համար «արդարացավ» նրանով, որ համայնքապետարանի հիմնական ֆինանսական միջոցներն ուղղել են գյուղի մանկապարտեզի կառուցմանը, որի նախահաշիվը կազմում է 46,4 մլն դրամ:
Իր գազարով հանրահայտ Արամուս գյուղում մեր այցի մասին նախապես գիտեին: Սկզբնապես սպասելի էր, որ ավագանու նիստը լրագրողներիս ներկայությամբ «հարթ» կանցներ, ինչպես ընդունված է այն միջոցառումների դեպքում, որոնց լրագրողներ են մասնակցում: Սակայն պարզվեց, որ մենք սխալվել ենք, եւ սկզբում օտարների ներկայությունից ձգված ավագանու անդամները հետզհետե ընտելացան մեր ներկայությանը եւ սկսեցին քննարկել իրենց հուզող բոլոր հարցերը:
3500 բնակիչ ունեցող Արամուս գյուղի 2007 թ. բյուջեն, ինչպես փաստեց ավագանին, կատարվել էր գրեթե 98 տոկոսով: Համայնքի 2007 թ. բյուջեն 17 միլիոն 567 հազար դրամ է, որից հողի հարկերը հավաքվել են 63 %-ով (նախատեսված շուրջ 7 մլն դրամից հավաքվել էր 4,5 միլիոն դրամ), գույքահարկը` 98 %-ով, իսկ հողերի վարձակալության, տեղական վճարների եւ հողերի օտարման մասով բյուջեն անգամ գերակատարվել է, քանի որ նախատեսվածից ավելի գումար է հավաքվել: Համայնքապետ Հրայր Նիկողոսյանն այս երեւույթը մեկնաբանեց նրանով, որ նախորդ տարիներին հողերի վարձակալության, տեղական վճարների մասով եղած նախկին պարտքերը բնակչությունն անցնող տարում վճարել է, որի հետեւանքով էլ բյուջեն կատարվել է, դեռ ավելին` 9 մլն դրամ էլ փոխանցվել է 2008թ. բյուջեին:
Բյուջեի կատարողականի ներկայացումից հետո ավագանու նիստն ավելի աշխուժացավ: Ավագանու բոլոր անդամները ներկայացրին իրենց մտահոգությունները, միասին քննարկեցին 2008-ի բյուջեով կատարվելիք առաջնահերթությունները:
Համայնքապետ Հրայր Նիկողոսյանի ներկայացմամբ` անցնող տարվա ծախսերը նախատեսել էին հիմնականում տնտեսության, համայնքի բարեկարգման աշխատանքների համար: Համայնքապետն ակնհայտ ինքնագոհությամբ նշեց, որ իրենց համայնքում շատ լավ ավանդույթ կա, ըստ որի` համայնքապետարանը հանձն է առնում համագյուղացիների վիրահատությունների 50%-ի փոխհատուցումը, ինչպես նաեւ` գումար է հատկացնում գյուղի նորածինների ընտանիքներին, պետական կենսաթոշակի չափով ամեն ամիս վճարում է պատերազմի մասնակիցներին, հաշմանդամներին, մահացածների ընտանիքներին: Անցնող տարում գյուղաբնակների վիրահատությունների համար հատկացվել է 1,5 մլն դրամ օգնություն, մահացածների ընտանիքներին ընդհանուր առմամբ հատկացվել է 340 հազար դրամ օգնություն, նորածիններին օգնելու համար` 540 հազար դրամ, իսկ հաշմանդամների համար նախատեսված 1 մլն դրամից հատկացվել է 850 հազար դրամ: «2007 թ. մի դրական բան եղավ. սոցապահովության հատկացումից ավելի շատ տվեցինք նորածիններին, քան մահացածներին»,- ավելացրեց համայնքապետի տեղակալ Նորայր Ստեփանյանը: Համայնքապետը հավաստիացրեց, որ 2008 թ. սոցապահովությանն ավելի շատ գումար կհատկացնեն:
2007 թ. Արամուսում սկսել են վերանորոգել գյուղի հսկայական մարզամշակութային կենտրոնը, որը համայնքապետարանը ժառանգել է ավերված վիճակում: Համայնքապետարանն Արամուսի մարզամշակութային կենտրոնի մի մասի վերանորոգման համար նախատեսված 46,4 մլն դրամի կեսն արդեն հատկացրել է 2007 թ. բյուջեից, իսկ մյուս կեսը կհատկացվի համայնքի 2008 թ. բյուջեից, որի արդյունքում քիչ թե շատ կապահովվի գյուղի մարզամշակութային կյանքի աշխուժությունը: Նույն շենքում բավականին ընդարձակ տարծություն է զբաղեցնելու նաեւ մանկապարտեզը, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարվում: Համայնքապետի ներկայացնելով` աշխատանքների մի մասն արդեն արված է, որի համար տարեկան բյուջեից մոտ 22 մլն դրամ էր հատկացվել: Մյուս կեսը նախատեսվում է 2008 թ. բյուջեով ավարտել: Համայնքապետարանի միջոցներով ընթացիկ տարում Արամուսում գազաֆիկացվել է նաեւ 4 թաղամաս, 4 մլն դրամով փոխվել են հանրակրթական դպրոցի դռներն ու պատուհանները:
Արամուսի բնակչությունը, համայնքապետի պատմելով, հիմնականում ապրում է գազարի մշակությունից ստացված եկամտով, արամուսցիները չեն տրտնջում դժվարություններից եւ անգամ հարեւան համայնքների հողերն են վարձակալությամբ մշակում: Հողի հարկերը հավաքելու հարցում երբեւէ դժվարություն չեն ունենում, եւ մարդիկ կամովին ամեն տարի մուծում են հարկերը: Այս տարվա հողի հարկի հավաքագրման թերացումը համայնքապետը բացատրեց գազարի ցածր գնով, որը զգալիորեն ազդել է գյուղացիների սոցիալական վճարների վրա: Նրա ասելով` սա միակ տարին է, որ հողի հարկը հավաքագրվել է 63 %-ով: «Կարեւորը, որ գյուղը վերականգնելու միտումը կա, իսկ արամուսցիները մրջյունի պես աշխատում են, եւ մենք կկարողանանք հասնել դրան»,- ավելացրեց լավատես համայնքապետը:
Որ Արամուսի համայնքապետարանում տիրապետում են համայնքի կառավարման մեթոդներին, ակնհայտ էր: Սակայն, դեռեւս չկա այն պատկերացումը, որ բյուջեում զանազան նպատակների համար գումար հատկացնելուց բացի չպետք է անտեսել նաեւ բյուջեի նախագծի եւ հաշվետվության պարտադիր հրապարակումների համար բյուջեում գումար նախատեսելը, որն օրենսդրության պահանջն է: Անգամ ավագանու այդ օրվա նիստում միաժամանակ ընդգրկված երկու կարեւոր հարցերի` Արամուսի տարեկան բյուջեի հաշվետվության եւ 2008 թ. բյուջեի նախագծի մասին ավագանիներն ու հրավիրված անձինք իրենց դատողություններն ու առաջարկներն անում էին համայնքապետի բանավոր ներկայացման հիման վրա: 2008 թ. բյուջեի նախագիծն անգամ նրանցից ոչ մեկի ձեռքում չկար, եւ, փաստորեն, ավագանին այն հաստատեց դարձյալ համայնքապետի բանավոր հավաստիացումների վրա հիմնվելով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել