HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Էզոթերիկա եւ իրականություն

(սկիզբը)

2-րդ մաս։ Հրաժեշտ զենքին

Ներկայացումը սկսվեց ալեգորիկ պատմական էքսկուրսով: Այլաբանության մեջ սկսեցին ուրվագծվել գաղութատերն ու նվաճվածը:

Բռնապետության դեմ ազատագրական պայքարի դուրս եկած ժողովուրդը, ինքնագիտակցության գալով, հասկացավ, որ կա փրկություն միայն զենքով: (Սա նախորդ մի այլ պիեսի վերապատումն էր, դրա ուշացած կրկնօրինակը: Եթե տարիներ առաջ ստեղծագործողի ալեգորիաներն ավելի բացահայտ էին, ապա նորանկախ գրաքննությունը ստիպում էր նրան ավելի նուրբ ձևերով բացահայտել իր հեղափոխականությունը: Այս արվեստագետը միշտ կոչ է անում հեղափոխության ու ընդվզման` մնալով զարգացող դեպքերի խոր թիկունքում: Երևի այդպիսին է նեղ կամերային թատրոնի շրջանակում գործող հեղափոխական քարոզչի հնարավորության սահմանն ընդհանրապես): Երբ հնչեց «Ի զեն» կոչը, ես էլ, հանդիսատեսի հետ միասին, ակամայից գնացի դեպի իմ զենքը: 
Սուր է արվեստագետի բնազդն ու պայծառատես` միտքը նրա: 
Զենքակոչի այդ ալիքը տարածվեց ու գնաց դեպի զանգվածներ…
Սկսվեց զինավարժության ու զենքի ցուցադրման մի աննախադեպ շքերթ:
Իմ զենքն իմ գրիչն է:
Իմ զենքն իմ հումորն է:
Իմ զենքն իմ երգն է:
Բոլորը ճոճում էին իրենց զենքերը:

Քանի որ ես զինված էի ձկնորսական կարթով, եւ այդ համազգային զինաստուգատեսի մեջ պլակատների տեղի սակավություն կար, զենքի իմ տեսակը մղվեց դեպի բնություն: Այն, որպես թույլ հնոտի, մերժվեց քաղաքակրթության կողմից հնարված նոր զինատեսակներ կրողների կողմից: 
Զենքը ձեռքիս` ես թափառեցի թշնամու որոնման ժամանակի ձգվածքում:

Նպատակներն ինձ համար դարձան աղոտ, ու կոչ անողն էլ գնաց այնտեղ, ուր ուժն էր: Ես, կորցնելով ուղենիշերը, չտեսնելով, չհասկանալով, թե ում դեմ էր ուղղված զենքը, չհասկանալով իմ հետագա անելիքը` հրաժեշտ տվի իմ զենքին:

Չնայած, երբ գնում եմ ձկնորսության ու վտանգ եմ զգում, երբ որեւէ հայացքի մեջ տեսնում եմ «Ի զե°ն» կոչը, ես իմ ձկնորսական կարթը բռնում եմ ավելի ամուր: Ես զգում եմ իմ ապրած զգացման երկակիությունը, ներքին անգիտակցական բնազդով հասկանում եմ, որ իմ մեջ խոսում է անկյուն մղված կենդանու բնազդը, եւ հաջորդ ակնթարթին թուլանում եմ` հիշում պլակատները ու հանգստանում այն մտքից, որ իմ հայրենակիցների զենքերը` միտքը, երգը, հումորը, դժվար թե ուղղված լինեն իմ դեմ ու սպառնալիք ներկայացնեն ինձ համար: Եվ այդ երկակիությունը կրում էի ինձ հետ ամենուր, երկար ժամանակ:

Իմ այդ երկակի զգացման մասին գրում են հոգեվերլուծաբանները` Էյգեն Բլեյլերը, Զիգմունդ Ֆրեյդը, Էրիխ Ֆրոմը, Կարլ Յունգը: Դրա գիտական սահմանումը դրված է մի բառի մեջ, որ կոչվում է

Ամբիվալենտություն

Կարլ Գուստավ Յունգը «Բլեյլերի շիզոֆրենիկ նեգատիվիզմի տեսության քննադատություն» աշխատության մեջ տալիս է «նեգատիվիզմի» վերլուծությունը: Նեգատիվիզմի տարբեր դրսեւորումների վերլուծության մեջ ներառվում է նաեւ դրա նոր` «ամբիվալենտության» կոնցեպցիան: «Ամբիդենցիա» կոչվող այս նոր սկզբունքն արտացոլում է այն փաստը, որ յուրաքանչյուր տենդենց հավասարակշռվում է հակառակ տենդենցով: Հոգեվերլուծության մեջ սա համախմբվում է «դիմադրություն» հասկացության մեջ: 

Բլեյլերի աշխատանքը թույլ է տալիս հետեւություն անել, որ շիզոֆրենիկի ձգտումներն ու գաղափարներն ուղղորդվում են դրանց հակադարձի առկայությամբ: Բլեյլերն ասում է. «Նեգատիվ հակում ենթադրում են հետեւյալ երեւույթները»`
1. «Ամբիդենցիա» որին համապատասխան ամեն մի իմպուլսին միաժամանակ ուղղորդում է հակաիմպուլսը:
2. «Ամբիվալենտություն», որը յուրաքանչյուր իդեայի տալիս է երկու հակառակ զգայական գունավորում, ընդ որում` նույն միտքը միաժամանակ հանդիսանում է և’ դրական, և’ բացասական: 
3. «Հոգեբանության շիզոֆրենիկ պառակտում», որը թույլ չի տալիս հետեւություններ անել հակադիր անիմիզմներից, ամենաոչմիանշանակ իմպուլսը կարող է դրվել գործողության մեջ նույն հեշտությամբ, ինչպես ճիշտը, իսկ ճիշտ միտքը կարող է ուղղորդվել կամ փոխվել իր հակադությամբ: 

Նեգատիվ երեւույթները ծագում են վերոհիշյալ տենդենցների հիմքի վրա, քանի որ դրական ու բացասական անիմիզմները չկարգավորված ձեւով փոխարինում են մեկը մյուսին: Նեգատիվ հակազդեցությունները հոգեւոր պատճառների հաջորդականություն ունեն: Դիմադրությունը լինում է միշտ կարգավորված: Որպես կանոն` բացասական հակազդեցությունները պատահական չեն լինում, նրանք ունեն պատճառական կապեր: Բլեյլերը բերում է նեգատիվիզմի պատճառների հետեւյալ ցանկը.
1.    Աուտիզմ, պացիենտի ինքնահեռացում դեպի ներաշխարհ:
2.    Վիրավորվելու բարդույթ:
3.    Շրջապատի մարդկանց նպատակների սխալ ըմբռնում:
4.    Շրջապատի նկատմամբ թշնամական վերաբերմունք:

Աուտիզմը Ֆրեյդի մոտ ստացել է աուտոէրոտիզմ արտահայտությունը: Դիմադրության ուժեղացմանը զուգահեռ սրվում են նաեւ վերոհիշյալ կոմպլեքսները:

Այսքանով բավարարվենք ու գանք մեր հավաքական իրականությանը: 

Հրաժեշտ զենքին պատմվածքի հերոսի մոտ առաջ էին գալիս արդեն շիզոֆրենիայի նշաններ: Եվ ինչպես գիտի ընթերցողը, նա չմտավ պլակատային հիստերիայի մեջ, նա հրաժեշտ տվեց զենքին: 
Մեծ հաշվով` նա ավարտեց իմ դիմադրությունը: 

2007 թվականի խորհրդարանական ընտրության ժամանակ, երբ իմ հայրենակիցներից մեկը բռնել էր իմ կոկորդից, չռված աչքերով գոռում էր` նայելով ինձ. «Ինչու՞ ես դու իմ երեխայի հացին վայիս լինում»:
Իսկ ես ընդամենն ասել էի նրան ու բոլորին, որ ձայնավաճառությունը շատ չի տարբերվում մարմնավաճառությունից: 

Այս հոդվածի գրվածքով մի քանի պարբերություն բարձրանալով վերեւ` կտեսնենք. որ հայ հավաքականության մի մեծ, շատ ստվար մասը, որի ներկայացուցիչն էր ինձ խեղդող ու պատիվ պահանջող մարդը, իր մեջ ներառում էր հոգեբանության երեք կորիֆեյների կողմից ապացուցվող շիզոֆրենիային հատուկ առկա նշանները` վիրավորվածություն, խոսքի սխալ ըմբռնում, թշնամական վերաբերմունք: 

Բայց ես շահել եմ` հրաժեշտ տալով իմ զենքին:

Ես էլ իմ ազատության բաժինն եմ վայելում ընտրությունից ընտրություն:
Երբ տեսուչներն ընդհատակ են անցնում` զանգվածներին չգրգռելու համար, ժողովրդավարության իմիտացիայի այդ դաշտում ես բռնում եմ ազատության աննկատ իմ հովերը: 

Ընտրությունից առաջ այդ մի քանի շաբաթները, երբ պահանջված է մարդը, ավելի ճիշտ պետք է նրա ձայնը, երեւի թե մեզ պարտադրված ամենալավ բանն են, երբ տեսնում ես զանգվածների ու առաջնորդների ընդվզումը, երբ լսում ես, թե ինչ են ասում ինը թեկնածուները, դրանց սատարող 74 կուսակցությունների լիդերները, հարյուրավոր հասարակական կազմակերպությունների առաջնորդներն ու գաղափարախոսները, դրանց սատարող հասարակական գործիչներն ու մտավորականները, ամենուրեք սփռված դրանց շտաբների ներկայացուցիչներն ու ընդհանրապես քարոզիչները: 
     
Երբ, վերջապես, նախագահի թեկնածուներն օգնում են ազատագրվել, նոր եկող նախագահն ասում է. «Հինգ տարուց կլինենք միջին եվրոպական երկիր»:

Հիմնադիր նախագահն ասում է. «Պետք է կազմաքանդել այս թաթար - մոնղոլական խանությունը»: 
Դուք լսու՞մ եք, Բարեկամ: Դուք լսու՞մ եք, զանգվածներ: 
Ես լսում եմ: 
Մի գուցե երկուսն էլ ճիշտ են ասում: Մյուսն էլ ասում է` մի կողմից պետք է քանդել, իսկ մյուս կողմից պետք է կառուցել: Այն մեկն էլ ասում է. «Պետք է երգել, ազգին պետք է տալ հնարավորություն ինքնաբացահայտվելու երգի միջոցով»: 
- Նոր, նոր, նոր մարդիկ են պետք, թարմ ու նոր ծաղիկներ,- ասում է մյուսը: 
- Հին ընկերները չեն դավաճանում,- գոռում է հաջորդը,- հին ընկերները կտանեն ձեզ առաջ: Ու լսվում է մենավոր դհոլից եկող ճակատագրի թմբուկների ձայնը` չներդաշնակվող նախագահական այս համույթին. 
- Ինչու՞ սպանեցին պատվարժան մարդուն, ինչու՞ սպանեցին, ինչու՞… 
- Իսկ դուք ի՞նչ արեցիք, երբ պետության մեջ մարդ սպանեցին, անմեղ մարդ,- լսվում է զանգվածի միջից:
Նոր ընտրությունների ֆոնի վրա հին - նոր առաջնորդները նորից ոտքի են հանում զանգվածներին:

Զանգվածների ապստամբությունը

Մենք այսօր ներկա ենք հիպերդեմոկրատիայի ցնծությանը, երբ զանգվածները գործում են անմիջականորեն, անկախ օրենքից, հասարակության վզին փաթաթելով իրենց կամքն ու ճաշակները: Զանգվածների վարքը չի կարելի բացատրել նրանով, թե նրանք հոգնել են քաղաքականությունից ու պատրաստ են այն զիջել հատուկ մարդկանց: 

Այդպես լինում է լիբերալ դեմոկրատիայի պայմաններում, երբ զանգվածները հասկանում են, որ պրոֆեսիոնալ քաղաքագետներն, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ավելի լավ են հասկանում հասարակության մեջ կուտակված պրոբլեմները, քան իրենք` զանգվածները: Զանգվածներին հիմա թվում է, թե իրավասու են իրենց սրճարանային զրույցները դարձնել պետական օրենք, ինչը հաջողվեց անել մի անգամ: Ընտրյալ փոքրամասնությանը հատկացված գործառույթը զանգվածը վերցրել է իր վրա եւ անկյուն է մղել այդ ընտրյալ փոքրամասնությանը: Շարժումը, հեղափոխությունը, ռեֆորմները նպատակ ունեն ազատագրել մարդուն ներքին ստրկացումից: Դրանք նպատակ ունեն վերականգնել արժանապատվությունը: Դա ընդհանրապես: Մինչդեռ միջին սովորական մարդը շարժման ընթացքում տեղի է տալիս ներքին պարազիտ բնազդներին ու մտածում, որ հաջորդ քայլին արդեն ինքը դառնալու է պարոն ու տեր: Եվ մի նեղացեք, երբ նա դառնում է այդպիսին: Դրանց` այդ նոր պարոններին, ծնում է շարժումը: Շարժում, որը զանգվածի մարդուն դարձնում է պարոն: Ինչն առկա է այսօր որպես վիճակագրական փաստ:

Եվ հետեւություն այդ վիճակագրությունից. մեր կյանքն այնպիսին է, ինչպիսին կարող ենք լինել մենք, այսինքն` ինչ ենք մենք պոտենցիալում: Սակայն, դա նաեւ հնարավորությունների ընտրություն է: Եվ հավաքականությունն ինքն է ընտրում իր հեռանկարը: Զանգվածի մարդն ուզում է հիմնադրի խոստացած «կորուսյալ դրախտը», իսկ փոքր մաս կազմող մարդու տեսակն ուզում է սուվերենություն ու հավասարություն: Ու կատարվել է պարադոքսալ մի բան. երբ աշխարհն ու կյանքը բացվեց սովորական մարդուն, հոգին փակվեց դրանց համար: Եվ զանգվածների ընդվզման էությունը հենց այդ փակվածության մեջ է: Զանգվածի մարդն իրեն համարում է կատարյալ, իսկ ինտելեկտուալ մարդը վստահ չէ իր կատարելության մեջ: Եվ այդ նոր մարդու տեսակը` զանգվածի մարդը, իրոք, վերագտել է իր երկրային դրախտը: Նա փնտրում ու գտնում է միշտ: Եվ մեր գլխավոր պրոբլեմը կայանում է նրանում, որ մենք մնացել ենք առանց բարոյականության: Զանգվածն այսօր դեն չի նետում հնացած պատվիրանը, որպեսզի այն փոխարինի նորով: Նրա խնդիրն այդ պատվիրաններն ընդհանրապես դեն նետելն է: Չկա նոր բարոյականության մասին խոսք, պարզապես անբարոյական արարք կատարելու ցանկություն է: 
Կազմաքանդել թաթար - մոնղոլական լուծը: 

Այս է կարգախոսը, ինչն արվում է ազգային ազատագրական պաթոսով: Եվ մեղադրել էլ չարժի զանգվածի մարդուն, նա ժառանգել է կեղծ հեղափոխականի այդ պարազիտային պճնամոլությունը` թաքնվելով ճնշվածի ու հարստահարվածի դիմակի տակ: Եվ դա արվում է բացահայտ շանտաժով ու ցինիզմով: Ու նորից, որերորդ անգամ այս ամբողջ թոհուբոհի մեջ կրկին օտարացված է մնում փոքրամասնությունը` այն ինտելեկտուալ ընտիր մասը, որը կարող էր կազմել շարժման բարոյական հենքը: Նա համընդհանուր աուտիկ փսիխոզի մեջ դարձյալ մնում է մեկուսացված եւ նույն հողակտորի վրա ծվարած, մի անկյունում պարսպապատվում ու հռչակում է իր կարգախոսը.

Ինդիվիդուալիզմ ու անձի սուվերենություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter