Հետընտրական Վրաստան. ճգնաժամի հաղթահարում
Կարեն Վերանյան
Վերընտրված նախագահ. հաղթանակի նախադրյալներ
2007 թ. հունվարի 5-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները չհապաղեցին ստանալ միջազգային հանրության արձագանքները։
Նախընտրական ու հետընտրական վրաստանյան զարգացումների շուրջ համաշխարհային մամուլում (առաջին հերթին արեւմտյան) մեղմ արտահայտված հեղեղված լրատվությունն ու վերլուծականները վկայում են ընտրական արդյունքների միջազգային մեծ կարեւորության մասին։ Տարբեր ԶԼՄ-ներում ընտրական Վրաստանին վերաբերող հրապարակումները մեծամասամբ կենտրոնացած էին Սահակաշվիլու հաղթանակի հիմնական խաղաթղթերին, հետընտրական վրաստանյան հիմնախնդիրներին ու ռեսուրսներին առնչվող հարցերի վերլուծությունների շուրջ։
Վրաստանյան նախընտրական գործընթացները եւ առավելեւս նախագահական ընտրություններում վերընտրված թեկնածուի հաղթանակը բավական լավ առիթ է վերջինիս կողմից «վարդերի հեղափոխության» անցած ուղու վերանայման ու վերաիմաստավորման համար։ Նախեւառաջ խոսքը հետընտրական շրջանում հասարակության տարբեր շերտերում Սահակաշվիլու եւ նրա թիմի հեղինակության բարձրացման անհրաժեշտության մասին է. եթե «վարդերի հեղափոխությունից հետո 2004 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սահակաշվիլին ստացավ հասարակության 97%-ի քվեները, ապա այս ընտրություններում՝ ընդամենը 52%: Ասել է թե` վերջին երկու տարիների ընթացքում, ի վնաս իշխանության նախագահական թեւի վարկանիշի, զգալի տեղաշարժեր են տեղի ունեցել հասարակության սոցիալ-քաղաքական, սոցիո-հոգեբանական ասպեկտներում։ Տրամաբանական պետք է համարել, որ «վարդերի հեղափոխության» հաջողության առաջնակարգ լոզունգները (վրաց ժողովրդի վերածնունդ, ազգային արժեքների բարձրացում, քրիստոնեության հասարակայնացում եւ ասոցացում ազգային արժեքների հետ, օր.՝ պետական նոր դրոշի ստեղծումը, երկրի տարածքային ամբողջականության վերականգնում եւ այլն) 2007 թ. նախագահական ընտրություններում չէին կարող այլեւս ապահովել Սահակաշվիլու հաղթանակը։ Ընտրություններում վերջինիս հաղթանակի գլխավոր գրավականներից մեկը «սոցիալականացված» լոզունգի ընտրությունն էր, որը կարող էր միավորել ու իր ետեւից տանել հասարակական խմբերին միասին։
Նախագահական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլու հաղթանակի ապահովման մյուս գլխավոր նախադրյալը ընդդիմության միասնական անհամապատասխան թեկնածուի ընտրության հարցն էր. Լեւան Գաչեչիլաձեն, կոպիտ ասած, չհասցրեց շահել ժողովրդական զանգվածների վստահությունը, ըստ էության` չկարողացավ ձեռք բերել ժողովրդական լիդերի քաղաքական կերպար եւ բավական թույլ մրցակից էր վերընտրված թեկնածուի համար։
Մյուս կողմից, որպես առաջադրվող նախադրյալ, իհարկե, Սահակաշվիլու հաղթանակը եւս մեկ անգամ հաստատում է երկրի քաղաքական-հասարակական ինստիտուտներում վերջինիս եւ նրա գլխավորած «Ազգային շարժում» կուսակցության ունեցած զգալի վարչական ու քաղաքական լծակների պահպանման իրողությունը։
Ի տարբերություն նախագահի ընդդիմադիր թեկնածուի, երկրի իշխանական ճամբարը չի դադարել կրել խիստ անձնավորված բնույթ՝ ի դեմս Մ. Սահակաշվիլու։ Կարելի է համաձայնել նաեւ, որ «վարդերի հեղափոխությունից» ի վեր Վրաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները հիմնականում անձնավորվում են նրա քաղաքական կերպարի հետ (երկրի իշխանական ճամբարում Սահակաշվիլուն մրցակից դառնալու պոտենցիալ հնարավորություններ ուներ, թերեւս, պաշտպանության նախկին նախարար Ի. Օկրուաշվիլին, որը դարձավ նախընտրական թեժ մթնոլորտի քավության նոխազը)։ Իսկ ընտրություններում Սահակաշվիլու հաղթանակը ցույց տվեց, որ այդ անձնավորվածության բնորոշիչները տվյալ պարագայում ոչ այնքան բացասական, որքան դրական դեր ունեցան հօգուտ գործող նախագահի։
Ճգնաժամի հաղթահարում
Կարելի է համաձայնել, որ թեեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկով որոշակիորեն մեղմացան վրաստանյան նախընտրական կրքերը, եւ թուլացավ բռնկվող քաղաքական ճգնաժամը, այնուհանդերձ, հետընտրական Վրաստանը տրամաբանորեն կշարունակի առաջիկա ամիսներին հարթել խորացող հասարակական-քաղաքական անկայունության ալիքը։ Երկրի իշխանության նախագահական թիմը կանգնած է իշխանություն-ընդդիմություն հակասությունների, ընտրությունների արդյունքների՝ ընդդիմության կողմից բոյկոտման ու դրանց հետեւանքների հաղթահարման կարեւորագույն խնդիրների առաջ։ Հարցեր, որոնց իրականացումը միա՛յն կարող է ապահովել երկրի քաղաքական կայունությունը, հետեւաբար եւ երաշխավորել նրա՝ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունների գործընթացի հաջողությունը։
Մյուս կողմից, նախագահական ընտրությունների սոցիալական լոզունգի ընտրությունը ենթադրում է առաջիկա ամիսներին իշխանության կենտրոնացումը երկրի ներքին՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ (կաշառակերության դեմ պայքար, աղքատության կրճատում, աշխատավարձերի բարձրացում, գնաճի կանխում)։ Համաձայնենք, որ հենց այս սոցիալիզացված ռազմավարությունը կարող է կրկին մասամբ վերականգնել հասարակական վստահությունը եւ իրագործել արտաքին գերակայությունները։ Քայլեր, որոնք կարող են պոտենցիալ հակազդեցություն ցուցաբերել ընդդիմադիր ճամբարի քարոզարշավին ու որոշ ժամանակ անց հաղթահարել հակաիշխանական հասարակական դեմոնստրացիոն դրսեւորումները։
Միեւնույն ժամանակ, սակայն, նախագահ Սահակաշվիլին առաջիկայում ստիպված կլինի միջազգային հանրության առջեւ վերականգնել իր վաղեմի հեղինակությունը՝ երկրի ներսում լուրջ ժողովրդավարական շեշտադրմամբ քայլեր ձեռնարկելով։ Այդ գործընթացն, ըստ էության, բավական խնդրահարույց կլինի՝ կապված Վրաստանում նախընտրական շրջանում տեղի ունեցած մի քանի հակաժողովրդավարական նախաձեռնությունների հետ, ինչպես, օրինակ, ընդդիմության նկատմամբ բռնության ուժի կիրառումը, արտակարգ դրության հայտարարումը, ոչ իշխանամետ մամուլի նկատմամբ ճնշումների բանեցում, «Իմեդի» հեռուստաընկերության եթերազրկում եւ այլն։
Երկրի իշխանական թեւի խնդիրները զգալիորեն բարդանում են հատկապես այն դեպքում, երբ վերը հիշատակված գործընթացների իրականացումը համատեղվում է արտաքին գործոնների եւ առաջին հերթին պաշտոնական Մոսկվայի հարաբերությունների հստակեցման հետ։ Կասկածի տեղիք չի տալիս, որ Սահակաշվիլու վերընտրմամբ, պայմանավորված երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցման՝ Սահակաշվիլու ընտրած քաղաքականությամբ, ռուսական կողմը չի հապաղի ուժեղացնել քաղաքական ճնշումները Վրաստանի ուղղությամբ։ Կրեմլի համար «վարդերի հեղափոխությունից» հետո սա, թերեւս, հանդիսանում է առաջին լուրջ նպաստավոր իրադրությունը՝ հարավկովկասյան հանրապետության ուղղությամբ ճնշումների բանեցման եւ դրանից առավելագույն օգուտներ քաղելու հարցում։ Կրկին առաջին պլան կմղվեն Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռուսական շահերի պաշտպանության խնդիրները, որոնց շուրջ ձեւավորված ներկայիս միջազգային քաղաքականությունը դարձել է ակտիվ հատկապես Կոսովոյի կարգավիճակի ակտուալացմամբ։ Պատահական չէր կայացած ընտրություններին զուգահեռ, այդ ժամանակ նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու կողմից Կրեմլին հասցեագրված «մեսիջը», թե ընտրություններում իր հաղթանակի դեպքում միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Հանգամանք, որ այնքան մեծ նշանակություն ունի վերընտրված նախագահի իշխանական-քաղաքական դիրքերի ամրապնդման ու լեգիտիմության իմիջի վերականգնման ու ամրապնդման համար։
Ոչ պակաս կարևորություն են ստանում Վրաստանի տնտեսությունում արտաքին կապիտալի, նոր ներդրումային հոսքերի ապահովման խնդիրները, որոնք համարժեք քաղաքականության բացակայության պարագայում մեծապես կնվազեն՝ նախընտրական հակաժողովրդավարական միջադեպերի ֆոնի վրա։ Հետընտրական ժամանակաշրջանում նախագահ Սահակաշվիլու տնտեսական քաղաքականության կարեւորագույն հարցերից մեկն էլ վերաբերում է հենց արտաքին ներդրողների համար երկրի ներդրումային շահավետության իմիջի պահպանմանը, ինչը զգալիորեն փոխկապված է Վրաստանի քաղաքական կայունության հետ։
Հավելենք եւ՛ս մեկ նշանակալի փաստ. նախագահական ընտրությունների զուգահեռաբար անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն` երկրում նախատեսվող խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2008 թ. գարնանը։ Միանգամայն իրավացիորեն հաստատենք, որ խորհրդարանական ընտրություններում «Ազգային շարժման» հաղթանակի գրավականը պայմանավորված է մինչխորհրդարանական ընտրական փուլում վերջինիս՝ որպես սոցիալական ռեֆորմատորի հասարակական հեղինակության բարձրացման, միջազգային հանրության աչքում ժողովրդավարի կերպարի վերականգնման գործընթացի հաջողության հետ։ Դրանց հնարավորինս անխոչընդոտ իրականացումն իր հերթին կապահովի միջազգային հանրության արևմտյան ճամբարի՝ առաջին հերթին ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների աջակցությունը, ինչը եւ վերջիններս չհապաղեցին ակնարկել համապատասխանաբար հունվարի 5-ին ու 7-ին վրաստանյան ընտրությունների կապակցությամբ։
Հետընտրական վրաստանյան զարգացումները կարելի է որակել որպես երկրի քաղաքական կայունության հաստատման ու ամրապնդման առանցքային փորձաշրջան, որի ապահովման հարցում պատասխանատվությունը կիսում են թե՛ իշխանությունը, եւ թե՛ ընդդիմությունը։ Սահակաշվիլու հաղթանակով երկիրը եւ՛ս մեկ քայլ կատարեց ՆԱՏՕ-ին ինտեգրման եւ անդամակցության գործընթացում, սակայն միեւնույն ժամանակ ստիպված կլինի առավելապես հաշվի նստել ռուսական շահի հետ։ Այս եւ այլ խնդիրների ու պետական գերակայությունների իրականացման գործում կարեւորագույն նախապայմաններից մեկն էլ, եթե ոչ ամենակարեւորը, առաջիկայում Սահակաշվիլու կողմից նախատեսվող հին ու նոր կադրերից նոր նախագահական թիմի ձեւավորումն ու պետավարչարարական լծակների կենտրոնացումն է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել