ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի նախընտրական ծրագիր
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի,
Մեր երկիրը ուղղակի պարտավոր է թեւակոխել զարգացման որակապես նոր փուլ: Անկախությունից մինչ այսօր ձեւավորված պետական, քաղաքակական, տնտեսական եւ հասարակական իրողությունները այլեւս անհրաժեշտ առաջընթաց չեն ապահովում:
Մեր պետության առաջ կանգնած արտաքին եւ ներքին սպառնալիքները, նրա առաջընթացի անհրաժեշտությամբ թելադրված մարտահրավերները, ինչպես նաեւ Սահմանադրության եւ իրական կյանքի անհամապատասխանությունը պահանջում են ծանրակշիռ եւ լայնամասշտաբ համակարգային փոփոխություններ: Մենք պետք է ստեղծենք թռիչքաձեւ, կայուն զարգացման նախադրյալներ: Մենք պարտավոր ենք նոր ու թարմ շունչ հաղորդել կյանքի բոլոր ոլորտներին: Հայ մարդը պետք է լիարժեքորեն հավատա իր եւ իր ընտանիքի վաղվա օրվան, պետք է մասնակից դառնա այդ ապագայի կերտմանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ներկայացնելով իմ թեկնածությունը, այս համոզմունքով է մասնակցում նախագահական ընտրապայքարին:
Մենք կազմակերպված ենք, կամք եւ վճռականություն ունենք առաջնորդելու մեր ժողովրդի պատմական երթը դեպի Նոր Հայաստան, դեպի ազատ եւ արդար հասարակություն: Մենք հավատում ենք արդար երկրի եւ ազատ քաղաքացու ստեղծագործ ներուժին: Սա է ապագա Հայաստանը կերտելու գրավականը:
Ազատական գաղափարախոսության սխալ ընկալումը եւ դրա ծայրահեղ գործադրումը, սոցիալական պետության հիմնադրույթի անտեսումը, ազատ շուկայի կարգավորման գործում պետության դերի նսեմացումը հանգեցրել են տնտեսական ներկա կարգին, երբ պետությունը կառավարում են տնտեսական խմբավորումների միջոցով: Նրանք մենաշնորհել են տնտեսության առավել շահութաբեր ճյուղերը, ձեւավորել մրցակցությունից գրեթե զուրկ, սեփական շահերը սպասարկող եւ դրանցով առաջնորդվող տնտեսական համակարգ:
Մենաշնորհները դադարել են միայն տնտեսական երեւույթ լինելուց: Նրանք որոշիչ ազդեցություն ունեն հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների վրա` պետական-սահմանադրական կարգից մինչեւ հասարակության արժեքային համակարգ եւ բարոյական չափանիշներ: Վատնելով զգալի միջոցներ եւ գործի դնելով իր տրամադրության տակ եղած վարչական հսկայական պաշարը այդ խավը պարբերաբար վերարտադրում է ինքն իրեն` արգելակելով քաղաքական համակարգի կայացումը: Քաղաքական իշխանություն ունեցող դրամատերերի խմբավորումները հաճախ իրենց վեր են դասում օրենքից եւ արհամարհում երկրի պետական կարգը, ոտնահարում մարդկային ազատություններն ու իրավունքները, արգելակում ժողովրդավարական ավանդույթների եւ մշակույթի ձեւավորումը` ընտրությունների ժամանակ ճնշումներով եւ ընտրակաշառքով ուղղորդելով տնտեսապես անազատ ընտրողների քվեները: Շահագրգռված չլինելով տնտեսավարման արդյունավետ մեթոդների ներդրմամբ, անվերահսկելի դարձնելով տնտեսական գործունեությունը` նրանք վտանգավոր չափերի են հասցնում սոցիալական բեւեռացումը` բացառելով հասարակական համերաշխության հասնելու որեւէ հնարավորություն: Նրանք լճացնում են հասարակության կյանքը եւ խոչընդոտում երկրի առաջընթացը:
Հայաստանի ներքին կյանքում ես բացառելու եմ ատելությունն ու թշնամանքը: Իմ սկզբունքն է` ոչ թե հակադրվել ուրիշներին, այլ ապացուցել, որ մենք մյուսներից ավելի հետեւողական ենք ու արդարացի: Իմ հայացքն ուղղված է ապագային:
Իմ նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում համակարգային փոփոխությունների միջոցով, առողջ ուժերի աջակցությամբ կառուցել Ազատ քաղաքացիների Արդար երկիր: Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ինձ համար բացարձակ արժեքներ են: Միայն բոլորիս ուժերի մեկտեղումով կարող ենք մեր նախնիների երազանքին, մեզ ու մեր զավակներին արժանի հայրենիք ունենալ:
Ես ունեմ այդ նպատակն իրագործելու վճռականություն: Ինձ անհրաժեշտ է Ձեր քվեն ու վստահությունը:
Հարգանքով`
Ձեր հին ընկեր` Վահան Հովհաննեսյան
Հասարակական- քաղաքական համակարգ
Մրցունակ պետության երաշխիքը ազատ քաղաքացին եւ արդար համակարգի հիման վրա կազմակերպված հասարակությունն են: Ուստի մեր պետականության հզորացման, ազգային նպատակների իրականացման համար ժողովրդավարության կայացումը եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը այլընտրանք չունեն: Իսկ իրական ժողովրդավարության հաստատումը եւ քաղաքացիական հասարակության կայացումը անհրաժեշտաբար ենթադրում են մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական գործուն մեխանիզմների ձեւավորում, պետական կառավարմանը հասարակության լայն շրջանակների մասնակցության ապահովում:
Պետականաշինության ներկա փուլում առաջնահերթ եմ համարում.
o հասարակական կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող համակարգային փոփոխությունների հետեւողական իրականացումը,
o սահմանադրական նորմերի անշեղ կենսագործումը,
o սոցիալական արդարության եւ հասարակական համերաշխության հաստատումը:
Կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորումը ենթադրում է.
o պետական մարմինների եւ պաշտոնյաների գործունեության հրապարակայնության ապահովում, իշխանության մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության հստակ մեխանիզմների ներդրում,
o հանրային ծառայության որակի, ծառայողների մրցունակության եւ պաշտպանվածության բարձրացում,
o անկախ եւ անաչառ դատական համակարգի ձեւավորում,
o տարածքային քաղաքականության ոլորտում պետության արդյունավետ վարչարարության ապահովում, մարզերի ներդաշնակ զարգացմանն ուղղված պետական հատուկ ծրագրերի իրականացում,
o տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք կայացում, համայնքային բյուջեների ձեւավորման աղբյուրների ընդլայնում, անհրաժեշտ միջհամայնքային միավորումների ստեղծման քայլերի ձեռնարկում:
Իմ հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու քաղաքական համակարգի առողջացման հարցը: Այս առումով առաջնահերթություններ են.
o Ազգային անվտանգության ներկայացուցչական խորհրդի կազմավորումը,
o քաղաքական դաշտի գաղափարական բյուրեղացումը` քաղաքական ուժերի միջեւ քաղաքակիրթ մրցակցության, հանդուրժողականության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորումը,
o ընտրական համակարգի կատարելագործումը, ԱԺ պատգամավորների ընտրության 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի օրենսդրական ամրագրումը,
o քաղաքական ընդդիմության արդյունավետ գործունեության համապատասխան պայմանների ստեղծումը,
o հասարակության մեջ քաղաքական մշակույթի արմատավորման ուղղված ծրագրի իրականացումը:
Տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն
Տնտեսական համակարգը պետք է հիմնվի ժողովրդավարական եւ իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա: Պետությունը լիարժեք կերպով կարող է գործել միայն այն դեպքում, երբ պետական-իրավական կարգի հետ կենսագործվում է նաեւ համարժեք տնտեսական կարգ: Այդպիսի տնտեսական կարգի հիմնական տարրը մրցակցությունն է. միայն մրցակցությունը կարող է ապահովել շուկայական համակարգի արդյունավետությունը եւ երաշխավորել մարդու անհատական իրավունքներն ու ազատությունները: Հայաստանում մրցակցային տնտեսական կարգի հաստատումը լինելու է իմ առաջնահերթ խնդիրը:
Պետությունը դիտարկելով որպես մրցակցային տնտեսական կարգ հաստատող ուժ` տնտեսական քաղաքականության հիմքում դրվելու են հետեւյալ երկու հիմնական սկզբունքները.
o պետության քաղաքականությունը նպատակաուղղվելու է տնտեսական իշխանությամբ օժտված խմբավորումների կազմացրմանը կամ դրանց գործառույթների էական սահմանափակմանը,
o պետության տնտեսական քաղաքականությունը ուղղվելու է տնտեսական կարգի ձեւերի ստեղծմանը, այլ ոչ թե տնտեսվարողների գործունեության միջամտությանը:
Մրցակցային տնտեսական կարգը կարող է կառուցվել միայն այն դեպքում, երբ շուկայական հարաբերությունների բոլոր մասնակիցները զրկվեն շուկայական կանոնները փոխելու հնարավորությունից: Մրցակցային կարգը ապահովող համալիր, փոխկապակցված եւ երկարաժամկետ տնտեսական քաղաքականության իրականացման հիմքում ընկած են լինելու մրցակցային շուկայի սկզբունքները:
Պետությունը չպետք է ամբողջությամբ դուրս մնա տնտեսական գործընթացներից եւ անհրաժեշտության դեպքում միջոցներ պիտի ձեռնարկի մրցակցային մեխանիզմի բացասական հետեւանքները եւ խափանումները շտկելու համար:
Առաջնահերթություն է բնակչության տնտեսական ակտիվության բարձրացումը եւ արտադրական ժողովրդավարության հաստատումը` բնակչությանը տարբեր ձեռնարկատիրական նախաձեռնություններում ներգրավելու, տարածքային հարաբերական առավելությունների ու մասնագիտացման սկզբունքների հիման վրա փոքր ու միջին գործարարության զարգացումը:
Սոցիալական հարցը մարդու ազատության խնդիր է:
Միայն սոցիալապես ազատ եւ ապահովված մարդը կարող է կատարել ազատ քաղաքական ընտրություն եւ ծառայել իր երկրին ու ժողովրդին:
Մրցակցային կարգի հաստատումը մարդուն ազատում է ոչ միայն տնտեսական կարիքից, այլեւ պաշտպանում նրան իր ազատության նկատմամբ ոտնձգություններից:
Գերխնդիր է բացառել կամ նվազեցնել բոլոր ուղղություններով իրականացվող քաղաքականությունների բացասական սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ ձեւավորել մարդու եւ քաղաքացու սոցիալական իրավունքների ամբողջական իրացման համակարգ:
Հիմնվելով սոցիալական արդարության հիմնարար` բոլորի համար հավասար հնարավորությունների երաշխավորման սկզբունքի վրա` առաջարկվող համակարգը կապահովի.
o մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող, համակողմանի զարգացած, ինքնակազմակերպման ընդունակ, հայրենասիրության եւ մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների կրթական իրավունքի իրացումը` ներառյալ որակյալ գիտելիքներ տվող, միջազգային չափանիշները լիովին բավարարող կրթական համակարգի ձեւավորումը, կրթության մատչելիությունն ու շարունակականությունը,
o երիտասարդների հիմնախնդիրների հետեւողական լուծումը, երիտասարդ քաղաքացիների համար աշխատանքային եւ ինքնադրսեւորման լայն հնարավորությունների ստեղծումը, կրթություն-գիտություն-արտադրություն հստակ շղթայի իրագործումը,
o ազգային մշակութային քաղաքականության ոլորտում պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ներդաշնակ զարգացումը, հասարակության ու անհատի ստեղծագործ ներուժի բացահայտումն ու խրախուսումը, ինչպես նաեւ հայ մշակույթը համաշխարհային մշակութային գործընթացներում արժանապատիվ ներկայացնելը,
o զբաղվածության եւ եկամտաստեղծ գործունեության ակտիվ քաղաքականության իրականացումն ու արդյունավետ, զարգացած աշխատաշուկայի ձեւավորումը« որտեղ աշխատողները ապահովված կլինեն պատշաճ աշխատավարձով, առողջ, անվտանգ եւ ընդունելի պայմաններով աշխատանքով, իսկ գործատուները` անհրաժեշտ որակավորմամբ եւ մրցունակ աշխատուժով,
o բնակչության առողջության առաջնային, մոր եւ մանկան առողջության պահպանումը, մատչելի եւ որակյալ բժշկական օգնության, հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության, սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության, դեղորայքի բավարարման արդյունավետ կազմակերպումն ու հասցեականության բարձրացումը,
o սոցիալապես խոցելի խմբերին ու անձանց` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք ներգրավումը,
o բնակարանային պայմանների բարելավումը` ներառյալ նորաստեղծ երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովության իրավունքի ամբողջական իրացումը,
o պետության, գործատուների եւ արհեստակցական միությունների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատումը:
Սոցիալական ոլորտում իրականացնելով համակարգային բարեփոխումներ` անհրաժեշտ է սահմանել եւ պարբերաբար վերանայել կենսաապահովման նվազագույն զամբյուղն ու դրա մեծությունը, երկրում իրականացվող սոցիալտնտեսական ռազմավարական ծրագրերը վերաձեւել ըստ այդ մեծության:
Սոցիալտնտեսական կարգերի ակտիվ գործադրումը կապահովի աղքատության մակարդակի շեշտակի կրճատում ու տարածքային համաչափ զարգացում, ժողովրդագրական իրադրության բարելավում` ծնելիության մակարդակի աճ, մահացության մակարդակի նվազեցում, կյանքի տեւողության ավելացում, արտագաղթի կասեցում եւ ներգաղթի խրախուսում:
Մերժում եմ աղքատության խնդրի լուծումը բացառապես նյութականով պայմանավորելը: Հայաստանի քաղաքացին պետք է ապրի նաեւ լիարժեք հոգեւոր-մշակութային կյանքով: Միայն նման պարագայում մենք իսկապես կունենանք ժամանակակից բարիքներից լիարժեքորեն օգտվող, ժամանակի հետ համաքայլ ընքացող քաղաքացի:
Բանակ եւ պաշտպանություն
Երկրի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության ապահովման տեսանկյունից չափազանց կարեւոր է ժողովրդավարական վերահսկողության ներքո` քաղաքացիական տարրի մասնակցությամբ, մարտունակ զինված ուժերի կայացումը:
Անընդունելի է զինված ուժերի քաղաքականացումը, նեղ հատվածական շահերի հետապնդումը, որոնք հանգեցնում են բանակում տիրող բացասական բարքերի ձեւավորմանը եւ բանակից ժողովրդի խորթացմանը:
Հայաստանի Հանրապետության դեմ ցանկացած ոտնձգություն զսպելու, սահմանների պաշտպանունակությունը էլ ավելի բարձրացնելու համար, անհրաժեշտ եմ համարում անցկացնել նոր քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական եւ իրավական համալիր միջոցառումներ: Մասնավորապես.
o զինապարտությունը, պետություն-քաղաքացի նոր հարաբերությունների ձեւավորմամբ, պետք է ընկալվի եւ կիրառվի իբրեւ նախազորակոչային պատրաստության, պարտադիր զինվորական ծառայության եւ պահեստազորում գտնվելու ամբողջական շղթա,
o պարտադիր եւ պրոֆեսիոնալ ծառայությունների ճկուն համադրություն` պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ներդրմամբ,
o արտակարգ իրավիճակներում տնտեսության անհրաժեշտ զորաշարժային նախապատրաստության համապատասխանեցում տնտեսավարման շուկայական հարաբերություններին,
o սահմանամերձ տարածքների եւ ենթակառուցվածքների առաջանցիկ զարգացում` ռազմավարական նպատակներին համապատասխան,
o ռազմահայրենասիրական եւ գաղափարական դաստիարակություն: Երիտասարդը բանակ պետք է զորակոչվի ամբողջապես գիտակցելով իր առաքելությունը, իսկ ծառայությունից հետո վերադառնա որպես հասարակության լիարժեք, ակտիվ եւ առողջ անդամ,
o զինծառայողների, զոհվածների ընտանիքների, պատերազմի հաշմանդամների, վետերանների սոցիալական խնդիրների ամբողջական լուծում,
o զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում` Հայրենիքին ծառայելու արժանավայել պայմանների ստեղծմամբ:
Անհրաժեշտություն է հայկական ռազմական մշակույթի ձեւավորումը: Բանակաշինության գործում պետք է հաղթահարել կարծրատիպերով առաջնորդվելու սովորությունը. կիրառել նոր մեթոդներ, համարձակ եւ անսպասելի լուծումներ, ինչը հնարավորություն կտա հաղթական խաղաղությամբ ավարտել մեզ պարտադրված պատերազմը:
Արտաքին քաղաքականություն
Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը գերազանցապես վարել է արտաքին թելադրանքներին արձագանքելու քաղաքականություն:
Այսօր` տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական տեղաշարժերի ծավալման ու խորացման պայմաններում, դերակատար տերությունները փորձում են ուղղորդել եւ հունավորել Հայաստանի արտաքին քաղաքականությունը իրենց սեփական` հիմնականում մեկը մյուսին հակադրվող շահերով` կաշկանդելով մեր դիվանագիտությունը Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացով:
Գերտերությունների դիմակայությունը տարածաշրջանում առաջացրել է օրեցօր սրվող մրցակցություն, հատկապես` հարավկովկասյան պետությունների միջեւ: Տարածաշրջանային մրցակցությունում հաղթելու համար ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելն անհրաժեշտություն է եւ հրամայական: Այս պայմաններում հիշյալ ուժերի հետ փոխհարաբերությունները կառուցելու եմ մեր շահերի շուրջ համաձայնության հասնելու միջոցով:
Արդյունավետ մրցակցության համար ընթացող պայքարում սեփական ինքնությունն ու քաղաքական դիմագիծը պահպանելու, միջազգային թատերաբեմում Հայաստանն արժանապատվորեն ներկայացնելու համար մեր պետությունից պահանջվում է ուժերի գերլարում, կշռադատված, նախահարձակ ու պահանջատիրական արտաքին քաղաքականություն: Տարածաշրջանում եւ նրա հարեւանությամբ ընթացող քաղաքական եւ ռազմական իրադարձությունները, իրենց շահերը հետապնդող ուժային կենտրոնների դիմակայությունը եւ սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերն առավել եւս թելադրում են, որ արտաքին քաղաքականությունն ուղղված լինի հայ ժողովրդի կենսական պահանջներից բխող ռազմավարական խնդիրների իրականացմանը, մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:
Արտաքին քաղաքական հարաբերություններում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ազգային շահերով` առանց տուրք տալու այս կամ այն կուսակցության, սոցիալական դասի կամ պետական-քաղաքական գործչի մղումներին: Նման արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտ ենթահող կլինի երկրում քաղաքական եւ տնտեսական համակարգերի բարեփոխումը` հիմնված ժողովրդավարական եւ իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա:
Հայաստանի Հանրապետության ներքին կյանքում մեր առաջարկած համակարգային փոփոխությունները կապահովեն լուրջ նախադրյալներ ինչպես տարածաշրջանային քաղաքական եւ տնտեսական, այնպես էլ երկրի աշխարհաքաղաքական մրցունակության ապահովման համար: Հայաստանի առաջնահերթություններից է եվրոինտեգրման գործընթացների խորացումը` ապահովելով երկրի համապատասխանեցումը Եվրոմիության չափանիշներին:
Արցախյան հիմնախնդիրը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է: Մինչեւ ազատագրված Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչումը` Հայաստանի Հանրապետությունը պետք է սատարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ապահովել ԼՂՀ ուղղակի մասնակցությունը: Հիմնախնդրի կարգավորումը պետք է միանշանակորեն ընդունելի լինի Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների համար:
Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են չկարգավորված, քանի որ այս պետությունը շարունակում է Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց նախապայմաններ է ներկայացնում: Երկկողմ հարաբերություններ կառուցելու նման ոճը անընդունելի է: Հայաստանը պետք է բարձրացնի Թուրքիայի թշնամական վերաբերմունքի, հայ-թուրքական սահմանի եւ Հայոց Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցերը միջազգային ատյաններում: Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում վերջին տարիներին ձեռք բերված արդյունքները հիմք են տալիս այս ուղղությամբ աշխատանք կատարել նաեւ թուրք հասարակության հետ:
Մեր անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:
Վրաստանի հետ բարիդրացիական հաբերությունների ձեւավորումը լավ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար մի շարք առաջնային խնդիրների լուծման համար: Հայ-վրացական հարաբերությունները կարեւոր են ինչպես տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ կայունության պահպանման, հարավկովկասյան երկրների եվրոինտեգրման գործընթացների խորացման, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության եւ Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հաշվի առնելով Ջավախքի առանձնահատուկ պայմանները եւ նման հարցերում միջազգային փորձը` Հայաստանը պետք է ջանք գործադրի հարեւան Վրաստանի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու` Ջավախքի եւ հարակից շրջաններում ավանդաբար ապրող հայությանը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի ծանրակշիռ դերակատարներից է: Այս երկրի հավասարակշռված քաղաքականությունը նպաստում է Հարավային Կովկասում կայունության պահպանմանը: Հայաստան-Իրան հարաբերություններում էներգետիկ, առեւտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության բնագավառներում համագործակցության զարգացման լայն հնարավորություններ կան, որոնք թույլ են տալիս մշակել եւ իրականացնել ռազմավարական ծրագրեր:
Հայրենիք-Սփյուռք
Հայաստանի Հանրապետությունը համայն հայության հայրենիքն է: Երկրի նախագահը կոչված է լինել ամբողջ հայության շահերի պաշտպանն ու երաշխավորը:
Հայության միասնականության եւ համախմբման համար ամենամեծ ազդեցությունը ունենալու են դրական այն տեղաշարժերն ու գործընթացները, որոնք պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքում: Հայաստանը պետք է դառնա հայ մարդու երազանքների երկիրը: Հայությունը պետք է համոզված լինի արդարության, իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված, բարոյական, ազգային եւ համամարդկային բարձր արժեքներով եւ ստեղծագործ աշխատանքային կյանքով ապրող հասարակություն ստեղծելու հարցում պետության վճռականության մեջ:
Հայաստանի Հանրապետության Նախագահը պետք է հետամուտ լինի.
o Սփյուռքից Հայաստան ներգաղթի համալիր ծրագրի մշակմանն ու իրագործմանը,
o Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների համագործակցությանը, ինչը չափազանց կարեւոր է ազգային հոգեւոր-մշակութային միասնականության տեսանկյունից: Հետագայում կարող են նախադրյալներ ստեղծվել Հայ Առաքելական Եկեղեցին մեկ միասնական կառույցով օժտելու համար,
o Հայաստանի եւ Սփյուռքի տեղեկատվական միջոցների բազմակողմանի համագործակցությանը, համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը,
o Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի մասնակցության խրախուսմանը եւ Սփյուռքից իրական ներդրումների ներգրավմանը:
Հայաստանի Հանրապետությունը, գործելով այլ երկրների հետ ունեցած միջազգային պայմանագրերի շրջագծում, ելնելով ազգային փոքրամասնությունների միջազգայնորեն ճանաչված կրթական-մշակութային իրավունքներից, պետք է նպաստի.
o հայկական համայնքների առավելագույն ինքնակազմակերպմանը եւ համայնքների միասնականության ամրապնդմանը` հայոց լեզվի, հայկական մշակույթի եւ կրթության հենքի վրա.
o հայկական քաղաքական, մշակութային եւ տնտեսական լոբբինգի հզորացմանը` ի շահ համազգային խնդիրների լուծման:
Հայաստան-Սփյուռք բարդ եւ բազմակողմանի հարաբերությունները կանոնակարգել, դրանց զարգացման դինամիկան ուսումնասիրել եւ ուղղորդել պետք է ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներով` հստակ սահմանազատելով դրանց խնդիրները եւ գործառույթները: Այս առումով կարեւորագույն քայլ կլինի Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարության ստեղծումը:
Հզոր, ժողովրդավար Հայաստանի եւ կազմակերպված Սփյուռքի միասնական ներուժը Հայոց պետությունն ու հայությունը աշխարհում առավել ազդեցիկ գործոն դարձնելու երաշխիքն են:
Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու դեպքում երաշխավորում եմ`
o հասարակության մեջ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, սոցիալական արդարություն եւ համերաշխություն,
o հասարակական լիարժեք կարգ ու կանոնի հաստատում, անպատժելիության վերացում,
o կադրերի ճիշտ եւ անաչառ ընտրություն, իրական պայքար կոռուպցիայի դեմ,
o արդար եւ անկաշառ դատական համակարգ,
o քաղաքական համակարգի ապաքրեականացում եւ ապաառեւտրայնացում, քաղաքական եւ բիզնես վերնախավերի տարանջատում,
o քաղաքական փոխհարաբերությունների նոր մշակույթ, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի ձեւավորում,
o պետության դերի վերաիմաստավորում` պասիվ բարեփոխիչից վերածելով երկրի կայուն զարգացման մասնակցի եւ պատասխանատուի,
o կայուն, բարձր եւ որակյալ տնտեսական աճ` սպառող հասարակությունից անցում արարող եւ արտադրող հասարակության,
o արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական քաղաքականության իրագործում,
o մրցակցային կարգի հաստատում, տնտեսական մենաշնորհների կազմացրում,
o գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում` բացառելով բարձրաստիճան պետական պաշտոնյաների ուղղակի կամ անուղղակի ցանկացած միջամտություն,
o սեփականության իրավունքի եւ մտավոր սեփականության, սպառողների, ներդրողների, փոքր բաժնետերերի օրինական շահերի լիարժեք պաշտպանություն,
o չհիմնավորված մասնավորեցման եւ կոնցեսիոն գործարքների պայմանների վերանայում,
o ռազմավարական, այդ թվում` առաջին անհրաժեշտության ապրանքների (վառելիք, հացահատիկ, շաքար, դեղորայք եւ այլն) արտադրության, ներմուծման, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում պետության մասնակցության պայմանների ու կարգի սահմանում,
o աշխատավարձերի, կենսաթոշակների, պետական նպաստների, բնակչության այլ եկամուտների շեշտակի աճ, աղքատության վերացում,
o զբաղվածության մակարդակի բարձրացում, ՀՆԱ-ում սոցիալական, կրթական, գիտական, մշակութային ոլորտներին ուղղվող միջոցների տեսակարար կշռի ավելացում` դրանք հասցնելով Եվրոմիության երկրների միջին ցուցանիշներին,
o տարածքային համաչափ եւ բազմակենտրոն զարգացում, ժողովրդագրական իրավիճակի բարելավում` բնական հավելաճի խրախուսմամբ եւ ներգաղթի կազմակերպմամբ:
Համոզված եմ` այս, ինչպես նաեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթների իրականացման արդյունքում
o հասարակության յուրաքանչյուր անդամ ապրելու է արժանապատիվ` համերաշխ եւ ստեղծագործ մթնոլորտում,
o մեր երկիրը դառնալու է տարածաշրջանի գիտական, կրթական, մշակութային, ֆինանսական կենտրոն,
o շեշտակի բարձրանալու է Հայաստանի Հանրապետության միջազգային մրցունակությունը,
o մենք ունենալու ենք հեղինակավոր եւ հարգված պետություն. Հայաստանը դառնալու է ազդեցիկ գործոն տարածաշրջանում եւ աշխարհում:
Իմ նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում համակարգային փոփոխությունների միջոցով, առողջ ուժերի աջակցությամբ կառուցել Ազատ քաղաքացիների Արդար երկիր: Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ինձ համար բացարձակ արժեքներ են: Միայն բոլորիս ուժերի մեկտեղումով կարող ենք մեր նախնիների երազանքին, մեզ ու մեր զավակներին արժանի հայրենիք ունենալ:
Ես ունեմ այդ նպատակն իրագործելու վճռականություն: Ինձ անհրաժեշտ է Ձեր քվեն ու վստահությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել