HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Մենք տեղացիներ չենք»

«Դուք չեք հասկանա` ինչ է նշանակում ապրել մանկատանը... Ո՞նց ասեմ, «Ջումանջի» կինոն տեսե՞լ եք, հիշու՞մ եք` ոնց են վայրի կենդանիները վազում` ճանապարհին կոտրելով ամեն ինչ, այ, նույն ձեւ մենք էինք վազում, երբ գոռում էին` «Երեխանե՜ր, թեյի...»,- ասում է մանկատան երբեմնի սան 23-ամյա Քրիստինեն: Խոսելիս նրա դեմքին ժպիտ հայտնվեց:

«Ես չեմ պատկերացնում, որ դու կարող ես խանութից ինչ-որ բան գողանալ կամ առանց տոմս կինո մտնել, դուք ուրիշ եք, դուք «տեղացի եք»,- ասում է Քրիստինեն: 

Քրիստինեի հետ հանդիպելու համար պայմանավորվեցինք, որ ես հյուր գնամ: Մեկ սենյականոց բնակարանում, որտեղ հազիվ էր տեղավորվել ամանորյա սեղանը, ետտոնական խառնաշփոթ էր: Մինչ նա կարգի կբերեր սենյակը, հարցնում եմ` ինչո՞ւ տեղացի: «Մանկատանն ապրողը միշտ հիշում է, որ ինքը ժամանակավոր տեղում է, տեղացի չէ»,- բացատրում է նա: 

«Տեղացիները» Քրիստինեի եւ նրա ընկերների համար այն մարդիկ են, որոնք մանկատանը չեն մեծացել:
Հիմա նա ընկերուհու հետ ապրում է բնակարանում ու թեպետ ասում է, որ մանկատունը մնացել է անցյալում, սակայն, սովորության համաձայն, հարեւաններին «տեղացիներ» է անվանում: 

Սենյակը շատ փոքր է: Քրիստինեի ընկերուհին` Հ.-ն, այն ստացել է «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրով, Քրիստինեն իր բնակարանը կստանա այս տարի, համենայնդեպս, այդպես են նրան խոստացել: Սենյակի մի հատվածում ձմեռելու համար ժամանակավոր ապրելու տեղ են տվել երկու «եղբայրներին»` մանկատան իրենց ընկերներին, իսկ Նոր Տարին դիմավորել են` հյուրընկալելով մանկատան եւս մի ընկերոջ, ով գումար չէր ունեցել եւ մենակ էր այդ օրը: «Եթե մեզանից մեկը փող կամ տուն չունի, չի նշանակում, որ մեր ընկերը չի»,- սա կանոն է բոլոր «ոչ տեղացիների» համար:

Գավառի մանկատանը Քրիստինեն հայտնվեց շատ փոքր հասակից, նրան ոստիկանությունն էր տարել այնտեղ: 10-րդ դասարանն ավարտելուց հետո երկու ամիս հաճախել է Գավառի պետական համալսարանում կազմակերպված երկամսյա հաշվապահական դասընթացների: Ասում է, որ Գավառում չկար մի երեխա, որ չերազեր Երեւան գալու մասին: 

Քրիստինեին եւ իր նման դեռահաս մի քանի աղջիկների եւ տղաների վիճակվեց Երեւան գալ, բայց նրանց զգուշացրեցին` «Երեւանը գունավոր չպատկերացնեք»: 

Նրանց տեղավորեցին Երեւանի Զեյթուն թաղամասի ուսանողական հանրակացարանում` ամեն սենյակում երեք կամ չորս հոգի: «Հիշում եմ, որ քնելու համար դոշակ չունեինք, ու առավոտյան բոլորիս դեմքերի վրա անկողնու ցանցն էր կարմիր հետքերով մնում: Մեզ ամեն ամիս 24 հազար էին տալիս, մենք էլ գնում շոր էինք առնում. ամաչում էինք իրար նման շորերով դասի գնալ, չգիտեինք` ոնց ճիշտ ծախսենք, մի ամիս սոված մնացինք, նոր հասկացանք»,- պատմում է Քրիստինեն: Գավառից Երեւան եկածները սովորում էին Ավանի առեւտրաիրավաբանական քոլեջում: «Քննություն հանձնեցինք, որ խոհարարություն սովորենք, բայց հաշվապահության բաժին անցանք, չգիտեմ` ինչպես է դա հնարավոր... երեւի մեր դեպքում հնարավոր էր»,- տխուր ժպտում է:

Քրիստինեն երկու տարի հետո թողեց քոլեջը: Ապրելու համար պետք էր աշխատել: «Դա էլ էր դժվար, մի բենզալցակայանում աշխատելու համար, ձմռան ցրտին ապակի մաքրելու համար, մեզ ասում էին ընկերուհիս դառի, որ լավ գործ տամ, տարբեր բաներ էին առաջակում»:

«Սխալ է, երբ ծնված մարդն ասում է, որ ծնող չունի, բայց մենք այդպես ենք ասում` ծնող չունեմ..., ես չգիտեմ` ծնողն ինչ է, ի՞նչ է...»: 

Պատմեց, որ երբ դուրս է եկել մանկատնից, գտել է մորը. հետաքրքիր էր իմանալ, թե ու՞մ է ինքը նման: «Հա, շատ նման եմ նրան, էնքան նման ենք իրար... Մայրս գնչուհի է»: Քրիստինեն երկար մազեր եւ սեւ աչքեր ունի, իսկական գնչուհու պես: «Մայրս արդեն իր ընտանիքն ուներ, երեք երեխա, երեւի երջանիկ էր, ես էլ չշփվեցի նրա հետ: Սկզբում բարկացած էի, բայց հետո անցավ, էլ չուզեցի օտար մարդու կյանք մտնել»,- մոր հետ հանդիպման մասին պատմում է Քրիստինեն: 

Այդ հանդիպումից մի քանի ամիս հետո Քրիստինեին Ռուսաստանում տուն եւ աշխատանք են խոստանում, բայց դրա փոխարեն նա հայտնվում է Դուբայում: «Առաջին անգամ հասկացա, որ իսկապես մենակ եմ, երբ հայտնվեցի Դուբայում: Հասկացա, որ թակարդն եմ ընկել, բայց արդեն ուշ էր: Զգացի, որ վերջ` կամ պիտի կորեմ, կամ` ինքս իմ ճարը տեսնեմ»: 

«Իմ, Կ.-ի եւ Լ.-ի (նրանք նույնպես մանկատան սաներ էին) անձնագրերը պատռեցին հենց մեր առջեւ, դեմքներս շորով ծածկեցին ու տարան մի տուն, ծեծում էին գոտիներով, ստիպում, որ մարմնավաճառությամբ զբաղվենք, փող աշխատենք: Համարյա չէին թողնում, որ հանգստանանք: Հատկապես շատ էին ծեծում Կ.-ին, նա մեզանից փոքր էր (երեւի 15 կամ16 տարեկան) ու շատ էր ընդդիմանում: Մի մեծ տանն էին մեզ պահում, երեկոյան տանում հյուրանոցներ եւ ակումբներ»,- պատմում է Քրիստինեն: 

Պատմելու ընթացքում նա շարունակում է կրկնել, որ ամեն ինչ անցյալում է, որ հիմա նա նոր կյանք ունի, բայց նորից հիշում է. «Ես կյանքը Դուբայից սովորեցի, հասկացա, որ ոչ մեկին չպետք է հավատալ: Ես հիմա վախենում եմ ընկերուհի ունենալ, անձնագիրս եմ թաքցնում: Ի՞նչ իմանամ, գուցե էլի մի դեպք լինի, ու ես նորից հայտնվեմ նման տեղում»: 

Դուբայում «Դըբռ Անո» մականունով կավատի մոտ գերության մեջ Քրիստինեն մնաց մեկ տարի: Հետո մի օր ոստիկաններ եկան, եւ Քրիստինեն հանձնվեց` հայտնելով, թե ով է նա եւ ինչ է անում Դուբայում: Քանի որ նա օրենք էր խախտել, նրան բանտարկեցին: 

«Բանտում այնպիսի ճաշ էին տալիս, որ անընդհատ քնել էինք ուզում: Ես էլ ստամոքսի խոց ունեի ու չէի կարողանում իրենց ճաշերն ուտել, բայց քնել էլ չէր լինում. բերդում լույսը միշտ վառ էին պահում: Երբ տեսան, որ արդեն նույնիսկ տեղիցս չեմ կարողանում վեր կենալ, այնտեղի աշխատողներն իրենց տանից էին ճաշ բերում, որ սովից չմահանամ: Մտածում էի, որ երեւի կմեռնեմ»,- հիշում է Քրիստինեն:

Չորս ամիս բանտում մնալուց հետո Քրիստինեն հայկական կողմի միջնորդությամբ վերադարձավ Հայաստան:

«Հիմա հասկացա՞ր` ինչու տեղացիների հետ նման բաներ չեն պատահում...»,- հարցնում է նա: «Արդեն որ մանկատներում տեսան, թե ինչ կարող է պատահել երեխաների հետ, ավելի ուշադիր են, չեն թողնում անտեր, որ մեր օրը չընկնեն: Բայց մեր ժամանակ մեզ լքեցին, ամեն ինչ կարող էր այլ կերպ լիներ...»:

«Մանկատնից հետո կան բաներ, որ միշտ մնում են, եթե ոչ մեր կյանքում, ապա ուրիշների պատկերացումներում, մարդիկ ասում են` «մեղք ա», «անտեր ա», «անծնող ա» կամ «ճաշ կուզե՞ս», բայց ես հիմա մեծ եմ, ոչ մեկի օգնության կարիքը չունեմ: Եթե ես կարողանում եմ ինքս փող աշխատել եւ ինձ պահել, ուրեմն ես մանկատան երեխա չեմ: Հիմա նոր կյանք է, հիմա ես փորձում եմ իմ կյանքը դասավորել, մանկատունն անցյալ է, վերջ, էլ չկա»: 

Մենք պայմանավորվում ենք այլեւս չխոսել դրա մասին:
Հարցնում եմ. «Դու գիտե՞ս մեկին ձեր երեխաներից, որ հիմա երջանիկ է...»: 

«Այո, ես»,- ու սկսում է ծիծաղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter