HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերի Մեջլումյանը կոչ է անում մայիսին նորից ընտրել նույն քաղաքապետին

Նա կոչ արեց ալավերդցիներին նոր քաղաքապետ չընտրել, որովհետեւ Ալավերդու «երիտասարդ, ուշիմ, անգամ աստվածատուր եւ մեծ ծավալ ունեցող» քաղաքապետ Արթուր Նալբանդյանը կարողացավ անել այն, ինչ նրա նախորդները չեն կատարել: Իրականում Ալավերդու համայնքային բյուջեի նկատմամբ քաղաքապետ Արթուր Նալբանդյանի որդեգրած մոտեցումներն իր նախորդների մոտեցումներից լավը չեն: Իր պաշտոնավարության շուրջ 2,5 տարիների ընթացքում նա, մեղմ ասած, աննպատակային է ծախսել նաեւ «Վալլեքս գրուպ»-ին պատկանող «Էյ- Սի- Փի» ՓԲԸ-ի կողմից Ալավերդու շրջակա միջավայրի աղտոտման համար ՀՀ կառավարությանը վճարվող բնապահպանական վճարներից Ալավերդու համայնքային բյուջեին մասհանված շուրջ 30 մլն դրամը: Այն, ըստ օրենքի, նպատակային ծախս է եւ պետք է նպատակաուղղվի բացառապես պղնձաձուլական գործարանի արտանետումների հետեւանքով Ալավերդու բնությանը եւ բնակչության առողջությանը հասցված վնասների վերականգնմանը: Թե ինչպես են իրականում ծախսվել այդ գումարները, եթերում չհամարձակվեցին հիշատակել ոչ Վ. Մեջլումյանը, ոչ էլ նրա կողքին նստած քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Ի տարբերություն նախորդ քաղաքապետերի, իր պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում Արթուր Նալբանդյանն Ալավերդու էկոլոգիական ծանր վիճակի եւ «ԷՅ- ՍԻ- ՓԻ» ընկերության կողմից տարիներ շարունակ չկատարվող բնապահպանական պարտավորությունների համար հրապարակային որեւէ պահանջ կամ դժգոհություն չի ներկայացրել ընկերությանը, դա էլ պրն Մեջլումյանին հարազատացրել է քաղաքապետի հետ: Մեջլումյանն, ի դեպ, որքան հարգանքով է վերաբերվում այդ մասին չխոսողների, նույնքան էլ թշնամանք ու ատելություն է տածում խոսողների նկատմամբ: 

Ասենք, որ եթերում Արթուր Նալբանդյանն էլ պարտքի տակ չմնաց եւ ասաց. «Քանի որ մեր ծրագրերը շարունակական են, անպայման թեկնածությունը դնելու ենք, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, որ Վալերի Ջանիբեկիչը վստահում է ինձ, իրոք, մենք (ի նկատի ունի նաեւ Վ. Ջանիբեկիչին) մեր անձնական բոլոր շահերը դրել ենք կողքի` հանուն մեր քաղաքի, հանուն ալավերդցիների: Իրոք, 2008 թ. մենք պետք է ավելի ոգեւորված աշխատենք, քանի որ 2007թ. կատարված աշխատանքներով պետք է ավելի ոգեւորվենք, որովհետեւ ոգեւորվածությունը տանում է դրական արդյունքների»: 

Նոր տարվա նախօրեին եթերում Թեղուտի հանքավայրի շահագործման ապագայի վերաբերյալ Վալերի Մեջլումյանի նախկին ոգեւորությունը տեղի էր տվել մտահոգության. «Շատ դժվար է ասել` ինչ է մեզ սպասում 3-4-5 տարուց հետո: Վստահ գնահատականներ չտանք: Եվ այդ տեսակետից ես ուզում եմ շեշտել, որ պետք է հասկանանք, որ Թեղուտի ծրագիրը շատ դժվար ծրագիր է, այն տեսակետից, որ հանքաքարում պղնձի եւ մոլիբդենի պարունակությունն այնքան էլ բարձր չէ նոր բացվող հանքի համար: Կարող եմ համեմատաբար օրինակ բերել, որ, ասենք, Հարավային ԱՄՆ- ում կամ մի շարք ուրիշ աշխարհներում նոր բացվող նույն ձեւի հանքերում պղնձի եւ մոլիբդենի պարունակությունը 1,5 անգամ ավելի բարձր է, քան մեր Թեղուտում բացվող հանքավայրում: Դա նշանակում է, որ մենք պետք է հասկանանք, որ կան լուրջ վտանգներ, որ, եթե Աստված չտա, որ պղնձի գները 4-5 տարուց հետո, մի 5 տարվա կտրվածքով չլինեն բարձր, ապա մենք չունենք որեւէ երաշխիք , թե կունենանք արդյունավետ ու շահութաբեր մի ծրագիր»: 

Կասկածի նման առկայության դեպքում ինչու՞ է ընկերությունը Թեղուտի հսկայածավալ անտառների հատման ռիսկին դիմում: «Վալլեքս գրուպ»-ի տնօրեն Գագիկ Արզումանյանն ասում է. «Գիտե՞ք ինչքան, 500 անգամ ավելի անտառներ են հատվում, ինչու՞ այդ մասին չեք խոսում»: Պարզվում է, ըստ պրն Արզումանյանի դատողության, մեր երկրում իրականացված լայնածավալ ապօրինի անտառահատումները, որոնց բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք նաեւ մենք, իրավունք են տալիս իր ղեկավարած ընկերությանը գնալ անտառների նոր, չհիմնավորված զանգվածային ոչնչացման: 

2008-ին Վալերի Մեջլումյանն իր ծննդավայր Ալավերդի քաղաքի արտաքին տեսքում փոփոխություն մտցնելու, ալավերդցիների նորմալ կյանքի համար առաջարկում էր «ունենալ ավելացված արժեք ստեղծելու աղբյուրներ»: Ենթադրում ենք, որ նա նկատի ուներ շահութաբեր արտադրությունը: 

Այս առիթով անդրադառնալով Ալավերդիում պղնձաձուլական բիզնեսի զարգացմանը` նա ասաց. «Մոտ մի 10 անգամ ավելի մեծ գործ պետք է ունենանք պղնձաձուլական ասպարեզում, որպեսզի ունենանք շահութաբեր ձուլական բիզնես, դա այն հարցն է, որ կարող է վերականգնվի մի 5-6 տարուց հետո, երբ որ Թեղուտի կոմբինատը աշխատի ծրագրային բոլոր չափանիշներով, եւ ընդհանրապես Հայաստանն ունենա խտանյութի մեջ պղնձի զուտ կտրվածքով տարեկան 80-100 հազար տոննա արտադրանք»: Իսկ ըստ պրն Մեջլումյանի` այսօր դա դեռ անհնարին է, որովհետեւ բացի զուտ պղնձի քանակից, պետք է լուծվեն էկոլոգիական հարցերը, որոնք պահանջում են անպայման ունենալ ծծմբաթթվի արտադրություն, որի շուկան ընկերությունը դեռ չունի: Ալավերդու բնապահպանական հիմնախնդիրների սրման դեպքում «Վալլեքս գրուպ»-ի տնօրինությունը շահարկում է «Էյ- Սի- Փի» ընկերության շուրջ 600 աշխատողների` աշխատանք կորցնելու հանգամանքը: 

Եթերում իրեն ուղղված հարցին Մեջլումյանը պատասխանեց. «Մենք անելու ենք ամեն ինչ, որ պղնձաձուլարանի ժամանակավոր ընդհատվելը չհասցվի մեծ գլխացավանքների մեր աշխատողների համար, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հիմա ունենանք պողպատյա ձուլարան, որը մեզ թույլ կտա արտադրել գնդեր եւ այլ սարքավորումներ լեռնահանքային ասպարեզում օգտագործելու համար»: Ե՞րբ է կատարվելու պողպատաձուլական վառարանի ստեղծումը: Վ. Մեջլումյանն ինքն իրեն տված այս հարցին պատասխանեց. «Դրա հնարավորությունները ներկայումս գտնվում են զրոյի վրա, ես չեմ կարող պատասխանել»: Ի՞նչ խաղ են խաղում Վալերի Մեջլումյանը եւ «Վալլեքս գրուպ»-ն ալավերդցիների ու բնապահպանների հետ, դժվար չէ կանխատեսել: Հիշեցնենք, որ վերագործարկումից ի վեր արդեն տասը տարի Վ. Մեջլումյանը խոստանում է բնապահպանական ծրագրեր իրականացնել Ալավերդու պղնձաձուլական գործարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter