HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փնտրվում է հնազանդ պարտվող

Այս փաստն արձանագրելուց հետո նկատել է պետք, որ միեւնույն քաղաքական ուժին կամ անձին երկու անգամ անընդմեջ վերընտրվելու հնարավորություն տվող սահմանադրություններով տասը տարին համարվում է սահմանային թույլատրելի ժամանակահատված: Եւ եթե առաջին հինգ տարվանից հետո ժողովրդի` իշխանափոխության հասնելու նկրտումները բավական հիմնավոր չեն, ապա տասնամյա շրջանի բոլորումով դրանք դառնում են օրինաչափ:

Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը կամա թե ակամա հեռանում է, այս ընտրապայքարը կարելի էր համարել ազատ մրցակցություն, եթե միայն հեռացող նախագահը չունենար նախընտրություն կամ ավելի դիպուկ` վերարտադրվելու մտադրություն: Նախագահական պաշտոնի փոխանցումը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին չի կարող նշանակել քաղաքական, տնտեսական, սոցիալական, ինչու չէ նաեւ բարոյահոգեբանական կուրսի փոփոխություն: Որքան էլ Սերժ Սարգսյանի ծրագիրը քննադատական լինի, միեւնույնն է ամենաշարքային ընտրողի մտքում նրանք նույն մարդն են:

Սերժ Սարգսյանի ծրագրում ասվում է. «Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն»: Հարց` վերջին տասը տարվա իշխանությունը չէ՞ր վայելում ժողովրդի վստահությունը:

Սերժ Սարգսյանի ծրագրում ասվում է. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ»:
Հարց` վերջին տասը տարում ժողովրդի մի մասն անհավասա՞ր էր:

Սերժ Սարգսյանի ծրագրում ասվում է. «Պետության ու քաղաքացիների միջեւ արհեստական պատնեշներ չեն լինելու»:
Հարց` վերջին տասը տարում պետության ու քաղաքացիների միջեւ պատնեշնե՞ր կային:

Սերժ Սարգսյանի ծրագրում ասվում է. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ»:
Հարց` մի՞թե վերջին տասը տարում Քոչարյանը հանդուրժել է արտոնյալների գոյությունը:

Թեկուզ ձեւական` այս հակադրությունը խոսում է այն մասին, որ տասնամյա ժամկետի ավարտից հետո ժողովուրդն իսկապես ուզում է արմատական փոփոխություններ, եւ Քոչարյան-Սարգսյան նույնությունը սքողելու համար վարչապետի թիմին այլ բան չի մնում, քան երկվորյակ ընկերոջ վարկը «շարքային» ընդդիմադրի պես հողին հավասարեցնելը:

Բայց ոչ մի քննադատություն, ոչ մի ընդդիմադիր կեցվածք չի փրկի նրանց, քանզի երկվորյակներն իրականում նույն մարդն են: Նրանք նույն մարդն են, որովհետեւ 1998-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջելիս միասին էին, որովհետեւ կոլեկտիվ պատասխանատվություն ունեն 1999-ի հոկտեմբերյան ոճրագործության եւ այն պատշաճ կերպով չբացահայտելու համար, որովհետեւ Սերժ Սարգսյանը Քոչարյանի օրոք զբաղեցրել է կարեւորագույն ուժային պաշտոններ, որովհետեւ նա 2003-ին եղել է Քոչարյանի վերընտրության շտաբի ղեկավարը, որովհետեւ նա Քոչարյանի համաձայնությամբ եւ հավանությամբ է իրականացրել քաղաքական իր պրոյեկտներն, ինչի արդյունքում այսօր ունի ԱԺ ձայների մեծամասնությունը, վարչապետ է եւ ծրագիր է ներկայացնում օլիգարխիկ ծագում ունեցող նորաստեղծ մի կուսակցության համահեղինակությամբ: Խոսքը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է:

Այս նույնությունը Սերժ Սարգսյանին զրկում է մյուս ութ թեկնածուի հետ հավասար մրցակից լինելուց` միաժամանակ նրան օժտելով ուժային, վարչական ու տեղեկատվական լծակներով, ինչը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ վերադառնալուց հետո ոչ թե առավելություն է, այլ վտանգավոր գայթակղություն:

Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ հանուն ճահճոտ կայունության ժողովուրդը չի ուզում զիջել ընտրելու իր իրավունքն ու ազատությունը, իսկ իշխանությունը վստահ չէ, որ մայիսյան «քաղաքակիրթ» ընտրությունների կրկնությունը կարող է մարսվել ժողովրդի ու միջազգային հանրության կողմից: Այսուհանդերձ Սերժ Սարգսյանի թիմը շարունակում է պայքարել` ավելի շատ մտածելով ոչ թե իր թեկնածուի հաղթանակի, այլ մնացած ութից հնազանդ պարտվող գտնելու ուղղությամբ:

Քոչարյան-Սարգսյան զույգը վերջին տասը տարում քաղաքական դաշտն այնպես է ամայացրել, որ խելքին մոտ հնազանդ պարտվող գտնելը դարձել է անհնար: Կայուն, բայց փոքր ընտրազանգված ունեցող ՀՅԴ-ն կարող է դիտվել որպես պոտենցիալ պարտվող, բայց խնդիր կա հնազանդության հարցում:

Արտաշես Գեղամյանն ու Վազգեն Մանուկյանը, թեեւ դեմ չէին լինի, բայց չեն քննարկվում, որովհետեւ նրանց դեպքում կպահանջվի լայնամասշտաբ թվանկարչություն: Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդականի պարտվելը նույնն է թե հաղթել ավտուբուսի սպասող ցանկացած քաղաքացու, իսկ Տիգրան Կարապետյանին հաղթողը շատ չի տարբերվի ԱԼՄ-ի «Շոգեքարշի» հարցերին պատասխանող ԴՎԴ շահողից: 

Մնաց Արթուր Բաղդասարյանը, ում էլ Սերժ Սարգսյանի թիմը փորձում է դարձնել հնազանդ պարտվող, բայց այս դեպքում էլ խնդիր կա: ԱԺ երբեմնի նախագահի երկու տարի առաջվա ֆիասկոն եւ մայիսյան խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն նախկին գործընկերոջը շպրտված մանրադրամն ընտրողին ոչ մի հիմք չի տալիս հավատալու, որ «առյուծասիրտ» այս գործիչը պարտության է գնում ինքնակամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter