HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գեղաշենցիները հրաժարվել են հողերը մշակելուց

Կոտայքի մարզի բարձրադիր գոտում գտնվող Գեղաշեն գյուղի բնակիչները տարիներ առաջ հրաժարվել են հողը մշակելուց եւ հիմնական զբաղմունք ընտրել անասնապահությունը:

Պատճառը միայն այն չէ, որ իր մեծությամբ մարզում չորրորդը համարվող գյուղը (4300 բնակիչ ունի) ոռոգման ջուր չունի: «Սկզբնական տարիներին ջրովի տարածքում ոչ մի թիզ հող անմշակ չէր մնում, բայց երբ գյուղացիները տեսան, որ ծախսերը գերազանցում են ստացված եկամուտը, դադարեցրին: Եվ երբ հույսները կտրեցին հողից, հիմնականում զբաղվեցին անասնապահությամբ»,- հայտնեց Գեղաշենի համայնքապետ Արմեն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ վերջին տարիներին անասնագլխաքանակը գյուղում աճել է 10 անգամ:

Անասնապահության զարգացման համար գյուղը նպաստավոր պայմաններ ունի` մոտ 1200 հա արոտավայր եւ կաթն իրացնելու հնարավորություն: Հարեւան գյուղում` Զովքում գործող «Չանախ» կաթնամշակման գործարանը հիմնականում կաթը մթերում է Գեղաշենից: «Մարդկանց ժամանակին վճարում են, եւ նրանք գոհ են»,- ավելացրեց համայնքապետը: Գյուղում խոշոր ֆերմերային տնտեսություններ են ձեւավորվել, որոնք 400-500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են պահում: Դրանով լուծվել է նաեւ գյուղացիների մի մասի զբաղվածության հարցը` ֆերմերների մոտ կթվորներ եւ այլ աշխատանք են կատարում: Եվս 50-ն աշխատում են գյուղում գործող սուրճի վերամշակման արտադրամասում: Երիտասարդները քաղաքներում շինարարության վրա են աշխատում: 10-ից ավելի մթերային խանութ կա գյուղում: «Ես այսօր գյուղի զարգացումը տեսնում եմ: Իմ 12 տարիների աշխատանքի ընթացքում առաջին դեպքն է, որ 120 %-ով հավաքվել է հողի հարկը եւ մինչեւ տարեվերջ 130 կկազմի: Գույքահարկն այս տարի 95-96 % ենք հավաքել: Բյուջեն հաջողվել է կատարել, որովհետեւ այս տարի իրատեսական բյուջե եմ կազմել, ի տարբերություն նախորդ տարիների»,- շեշտեց համայնքապետը: 

Սակայն համայնքային բյուջեում այսօր նախորդ տարիներից կուտակված 14 մլն դրամ հողի հարկի պարտք է կուտակվել` սկսած 1995-96 թթ.-ից, եւ համայնքապետն այն հավաքելու մեխանիզմը չի տեսնում, քանի որ համագյուղացիները հողը չեն մշակում: Գեղաշենը ոռոգման ջուր ունեցել է մինչեւ 1995թ., այսօր այդ ցանցը պահպանվում է, սակայն ջուր չկա:

«Նախկինում Կոտայք կանալից էր ջուրը մղվում, Սեւաբերդի ջրամբարը կառուցելուց հետո այնտեղից ջուր վերցրինք, սակայն այդ ջրամբարը ջուր չի պահում` վթարված է: Անցած տարի կոսմետիկ աշխատանքներ կատարեցին, որը ոչինչ չփոխեց, եւ մենք դարձյալ ջուր չստացանք: Մարդիկ իրենց տնամերձ այգին մի փոքր թրջում են խմելաջրով, որը հավաքում են մեծ տարաների մեջ»,- հայտնեց համայնքապետը: 

Բյուջեի մուտքերի 20%-ը Գեղաշենի համայնքապետարանը պլանավորում է ստանալ վարելահողերի վարձավճարներից: Գյուղի պահուստային ֆոնդում 70 հա վարելահող կա, որը վարձակալության տալու համար ամեն տարի հայտարարություն են տալիս: «Վերջին 2 տարիներին հողը վարձակալելու ոչ մի դիմում չենք ստացել,- ասում է համայնքապետը,- վերցնող չկա, նախկինում վերցրած հողերից էլ են հրաժարվում»: Պատճառը բացատրում է նրանով, որ սեփականաշնորհումից հետո ամենավատ` 5-րդ կարգի հողերն են մնացել համայնքի պահուստային ֆոնդում, որը խորհրդային տարիներին էլ չէր մշակվում: 

Նրա ասելով՝ համայնքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի գյուղացին հողը մշակի: «Պարարտանյութը միշտ ժամանակին եմ բերել: Եթե հարեւան համայնքները 5 տ ազոտական պարարտանյութ են տարել, ես 10 տ եմ բերել: Անցած տարի էլ համայնքի բյուջեից հատկացված 3 մլն 500 հազար դրամով հացահատիկահավաք կոմբայն ենք գնել, որը դեռ 1 հա քաղ չի արել` չեն ցանում: Էլ ի՞նչ անեմ, որ հողը մշակեն»,- հարցնում է համայնքի ղեկավարը: Նրա ասելով՝ 2006 թ. երաշտից տուժած համայնքներին կառավարության հատկացրած հացահատիկից 20 տ գարու սերմ էր հատկացվել Գեղաշենին, որից ընդամենը 4 տ է ցանվել, մնացածը գյուղացիները տվեցին հավերին ու կովերին,: 

Համայնքապետի ասելով՝ կան մարդիկ, որոնք շահագրգռված են հողեր գնելու հարցում, եթե վաճառողն էլ չկա, ինքը ծանոթի հողն է մշակում: Առաջին պայմանն այն է լինում, որ վարձակալողը հողի հարկը վճարի եւ իրեն բաժին հանի բնամթերքից, սակայն դա նույնպես չի գործում: 

Համայնքապետը դեմ է դատական կարգով հարկերը բռնագանձելուն` հարեւան համայնքների փորձն աչքի առաջ ունենալով: Գյուղացին վճիռը կայացնելուց հետո էլ չի մարել պարտքը: Վճռի կատարումը հանձնվել է ԴԱՀԿ-ին, նա էլ բռնագանձել է գյուղացու հեռուստացույցն ու մոզին: Ա. Հովհաննիսյանը պատմեց, որ հարեւան գյուղի համայնքապետարանում մի սենյակ էին առանձնացրել բռնագանձված իրերի աճուրդը կազմակերպելու համար, բայց ոչինչ չկարողացան վաճառել, որովհետեւ բոլորը գիտեն, թե ում ապրանքն է, եւ նորից հարկադրված վերադարձրին տիրոջը: «Դրանից հետո ավելի է դժվարանում բնակիչների հետ աշխատանքը: Եթե համոզելով չգանձես, այլ կերպ հնարավոր չէ: Հարկադրանքի միակ միջոցը համայնքապետարանների համար մնում է տեղեկանքներ չտրամադրելը, որի իրավունքը չունենք, բայց այլ ելք էլ չունենք»,- համոզված ասում է համայնքի ղեկավարը:

Մեր հարցմանը, թե ավագանին չի՞ կարող աջակցել այդ հարցում, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ Գեղաշենում ավագանու անդամների 70%-ը հողի ու գույքի հարկ է պարտք: «Եթե նրանք պետք է պարտաճանաչության օրինակ ծառայեն գյուղի բնակչության համար, սակայն իրենց պարտականությունները չեն կատարում, դրանից հետո ինչպե՞ս դիմեմ ավագանուն, որ ինձ աջակցեն, բացատրական աշխատանք տանեն իրենց շրջապատում»: Համայնքի ղեկավարի ասելով՝ ավագանու անդամներ կան, որ 4-րդ անգամ են ընտրվում եւ մինչեւ հիմա չեն պատկերացնում իրենց դերն ու պարտականությունները: Նրանց տրամադրում է ՏԻՄ ոլորտի օրենքները, որպեսզի ծանոթանան, առաջարկել է մասնակցել ավագանիների համար կազմակերպվող դասընթացներին, սակայն հետաքրքրված չեն:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացնում է համայնքապետը, համայնքի բյուջեով հաջողվում է ամեն տարի 1-2 առաջնահերթ աշխատանք կատարել: Բյուջեից 3,5 մլն դրամ ամեն տարի պարտադիր հատկացվում է ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար: Գյուղի 70%-ը գազաֆիկացվել է: Նոր թաղամասերից մեկում, որտեղ մարդիկ ջուր չլինելու պատճառով տներ չէին կառուցում, Սոցներդրումների հիմնադրամի եւ համայնքի համաֆինանսավորմամբ 2006 թ. ջրագիծ է անցկացվել, 180 բնակիչ ունեցող թաղամասի համար կառուցվել է 500 խմ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար, ամբողջությամբ գազաֆիկացվել է: 

Գեղաշենում դեռեւս լուրջ է խմելաջրի հարցը, որը, տեղացիների բնութագրմամբ, մղվում է «պապերի ժամանակներից» անցկացված ազբեստյա խողովակներով եւ ոչ բավարար քանակով: Այս տարի կառավարության միջոցներով մարզային համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնելու լավագույն հնարավորություն էր ընձեռվել եւ, հիմնականում, ֆինանսավորումը հատկացվում էր հենց ջրագծի ներտնտեսային ցանցի նորոգման համար, սակայն Գեղաշենին դրանից բաժին չի հասել, չնայած խմելաջրի համար ազբեստյա խողովակներ գործածելն արգելվում է: 

Համայնքապետի կարծիքով՝ խմելաջրի հարցը կկարգավորվի Գեղամա լեռներում գտնվող «7 աղբյուրից» ջուր տրամադրելով, որը, մասնագետների հաշվարկով, վայրկյանում 300 լ ջուր է մղում: Նա հայտնեց, որ կառավարությանը ներկայացրած ծրագրով նախատեսում են այդ ջրով լուծել Աբովյանի վարչատարածքի 14 գյուղերի ջրամատակարարման հարցը, սակայն իրեն անհայտ պատճառներով ծրագրին ընթացք չի տրվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter