HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքի ու դրախտի բաժանարարը

Բանն այն է, որ նրա քաղաքականության արդյունքում ոչ միայն պետական ու հասարակական հաստատությունները դեգրադացվեցին, այլեւ՝ մարդու ներքին կառույցը: Մարդը դարձավ անտարբեր, եւ դա ամենամեծ աղետն է:

«Սրանց դեմ խաղ չկա», «Մեկ ա ոչինչ չի փոխվի», «Ով էլ գա, նույնն ա լինելու» արտահայտությունները, որոնք շատ հաճախ հնչում են Հայաստանի քաղաքացիների շուրթերից, ոչ թե անձնական մտորման արդյունք են, այլ՝ արտաքին ազդակների: Նման հուսահատական մտքերի մարդը հանգում է տեսնելով համատարած անարդարությունը (արդար վճիռ կայացնելու համար աշխատանքից հեռացված դատավոր), համատարած անհավասարությունը (մեծամասնության համար անհասանելի բարիքներ՝ բնակարան, ամառանոց, շքեղ ավտոմեքենա եւ այլն), համատարած կամայականությունը (փոքրաթիվ մարդկանց արտոնյալ վիճակ) եւ համատարած սուտը (աչքով տեսածի եւ հեռուստացույցով ցուցադրվածի անհամապատասխանություն):

Անտարբեր մարդու միակ ապաստանն իր անտարբերությունն է: Փոփոխությունը նա համարում է այդ միակ ապաստանի կորուստ, իսկ լավ կյանքի մասին որեւէ խոսակցություն նրա դեմքին քմծիծաղ է նկարում: «Ո՞վ պիտի տա մեզ էդ կյանքը»,- հարցնում է անտարբեր մարդը: Նա չի հավատում, որովհետեւ լավ կյանք իրականության մեջ չկա: Լավ կյանքը «տելեվիզրի» կյանքն է, այն կյանքը, որ ապակու ետեւի դրախտում եռում է բոլորովին անծանոթ քլթքլթոցով. շքեղություն, ուրախություն, զվարճանք:

Այս ամենը, սակայն, այնքան ինքնաբավ է, որ նույնիսկ Happy end չի նախատեսում հեռուստադիտողի համար: Որովհետեւ Happy end-ը ենթադրում է մասնակցություն՝ հույզի, երազանքի, նմանվելու ձեւով: Եւ ինչպես մեծ խանութի ապակուց ներս նայող փոքրիկ մուրացկանը չի կարող մասնակցել առեւտրին, այդպես էլ անտարբեր մարդն է մնում դրախտի «վիտրինի» մոտ՝ պարոնտիրոջ բարեհաճության սպասելով:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա ընտրությունից,- անցած տարվա ապրիլին հարցրի Իջեւանի գյուղերից մեկի բնակիչներին: Կարգին ուրախացան մարդիկ, անեկդոտային պատմություններ պատմեցին: Մեկն էլ ասաց. «Ի՞նչ սպասելիք, ա բալա, իրանք՝ ընդի, մենք՝ ըստի»: «Ըստին» ոչ թե մարգն էր, որտեղ կանգնած էր մեկը, ոչ թե գյուղամիջի իշոտնուկն էր, որտեղ նստած էր մյուսը, ոչ թե դպրոցն էր, որի պատերը անձրեւաջրերից մամռակալել էին, այլ «տելեվիզրի» դիմաց դրված աթոռը:

Չեմ հիշում՝ ով է ասել. «Աթեիստները նույնպես հավատացյալ են, նրանք հավատում են Աստծո չգոյությանը»: Անտարբեր մարդը ոչնչի չի հավատում: Գոնե ոչնչին հավատար, կասեինք՝ հավատացյալ է: Դրախտը հավատի գայթակղությունն է: Պիտի այս անես, այն անես կամ այս չանես ու այն չանես, որ դրախտ գնաս: Գործողությունն է դրախտի ճանապարհը, չկա գործողություն, չկա նաեւ հատուցում: Կսիրես մերձավորիդ, իմացիր, որ արդեն դրախտի ճամփին ես: Թարս աչքով կնայես հարեւանիդ կնկան, անունդ ջնջիր դրախտ գնացողների ցուցակից: Բոլոր դեպքերում, քեզանից է կախված: Իսկ «տելեվիզրի» դրախտը տրվում է հեռակառավարման վահանակի կոճակի սեղմումով. միակ գործողությունը, որ պահանջվում է մարդուց:

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել դիտելու «32 ատամ» երգիծական հաղորդման որոշ պատառիկներ եւ ամեն անգամ անհարմար վիճակում եմ հայտնվել: Դերասաններն ինչ-որ բան են ասում, որ բոլորովին ծիծաղելի չէ, իսկ դահլիճում նստած մարդիկ խնդալուց մեռնում են: Նույնիսկ կասկածել եմ, որ հումորի զգացում չունեմ, որ գուցե ինքս չեմ հասկանում ասվածի սրությունն ու նրբությունը: Եւ մի անգամ, երբ այս զգացողության մասին պատմեցի ծանոթներիցս մեկին, նա ասաց. «Երեւի դահլիճում ուրիշ աբստանովկա ա, դրա համար են ծիծաղում»:

Ուրիշ «աբստանովկա»: Դա հենց այն դրախտն է, որ գոյություն ունի մեր կամքից, մեր ցանկությունից, մեր ընտրությունից անկախ: Դա մի տեղ է, որտեղ խնդացնողն ու խնդացողը լիակատար համաձայնության մեջ են: Երբ Քոչարյանը դրվատում է քաղաքապետին ու թաղապետերին լավ աշխատանքի համար, նրա, քաղաքապետի ու թաղապետերի միջեւ ստեղծվում է լիակատար փոխըմբռնման մթնոլորտ: Ոչ ոք չի ասում՝ բա չհավաքված ա՞ղբը, բա չմաքրված փողոցնե՞րը, բա օրը ցերեկով հատվող ծառե՞րը: Ասողը պիտի «տելեվիզրի» առաջ նստած մարդը լինի, բայց «տելեվիզրը» հետադարձ կապ չի նախատեսում:

Անմասնակցություն: Հայերենում այսպիսի բառ չկա, բայց հենց այս բառն անցավ մտքովս ու, կարծում եմ, լավագույնս կարտահայտի ասելիքը: Ղեկավարները սովորաբար պարգեւներ տալիս են այս կամ այն ասպարեզում իրենց լավ դրսեւորած մարդկանց: Բայց Քոչարյանը պարգեւները շռայլորեն բաշխում է իր մերձավոր շրջապատին: Սովետից հետո ո՞վ է տեսել, որ նախագահն իր աշխատակազմի ղեկավարին պարգեւատրի կամ մեդալ կախի իր արտաքին գործոց նախարարի դոշից:

Ծանոթիս ականջը կանչի՝ «ուրիշ աբստանովկա ա, փակ շրջան»: «Տելեվիզրի մարդը» (իսկ Քոչարյանը բնակչության ճնշող մեծամասնության համար այդպիսին է) պարգեւատրում է «տելեվիզրի մարդուն», ասենք՝ Վարդան Օսկանյանին, «Հայլուրի» մեկնաբաններին՝ դրախտի տեսքը պահպանելու համար: Ուրիշ ի՞նչ կարող է լինել սա, եթե ոչ անմասնակցության վառ արտահայտություն:

Հրաշալի մի անեկդոտ կա: Ապարանցին գալիս է տուն, տեսնում է հեռուստացույցն անջատած է: 
-Էսա տելեվիզրն ընչի՞ միացած չի,- հարցնում է: 
-Ադեն մեռե,- պատասխանում են:- Խա, վոր ադեն մեռե, տունն ուրիշ տելեվիզր միացնող չկա՞:

Ցավալի է խոստովանել, բայց նույնիսկ մահն այս դրախտի հետ ոչ մի կապ չունի: Խեղճ տատիկի մահը ոչ թե դրախտի խոստում է, այլ դրախտից մի քանի օրով կտրվելու անպատեհություն:

Տխուր նոտայով չավարտելու եւ ընթերցողին պարտք չմնալու համար ուզում եմ մի խորհուրդ տալ: Վեր կացեք հեռուստացույցի առջեւ դրված աթոռից, անջատեք այդ դրախտն ու գնացեք ընտրության: Ձեր ընտրությունը կարող է հանել կյանքի ու դրախտի միջեւ դրված ապակին: Ընտրություն կատարելու գործողությունը կարող է ձեզ մասնակից դարձնել:

Ձեր շքանշաններն ուրիշների կրծքին են փայլում, ձեր ուրախությունն ուրիշներն են վայելում: Դուք շատ եք, նրանք՝ քիչ: Դուք ազատ եք, նրանք՝ կաշկանդված: Գնացեք ու ընտրեք ձեր ներկայությունն այս կյանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter