HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոմայդանից» դեպի «Մայդան»

Էդգար Վարդանյան
քաղաքական վերլուծաբան 

«Եվրոասոցացումից» իշխանությունների հրաժարվելու եւ ուսանողների ցույցը հատուկ ջոկատայինների կողմից բռնի ցրելու դեմ ավելի քան մեկ ամիս Կիեւի կենտրոնում  բողոքի գործողություններ իրականացնելուց հետո Ուկրաինայի պրոեվրոպական եւ հակաիշխանական տրամադրություններ ունեցող հանրությունն ինստիտուցիոնալիզացվելու որոշում է ընդունել։ Օրեր առաջ «Եվրոմայդանի» առաջնորդները հայտարարել են, որ ստեղծում են «Մայդան» Համաուկրաինական միավորում։ Նշվում է, որ  «Մայդանը» համակարգելու է ընդդեմ իշխանությունների մղվող դիմադրության շարժումը։ Սակայն կազմակերպիչները նաեւ հայտարարել են, որ կազմակերպությունը կոչված է լինելու «վերականգնել իշխանության բալանսը, ընդունել նոր Սահմանադրություն, փոփոխել դատական համակարգը եւ բարեփոխել Ներքին գործերի նախարարությունը»։  Փաստորեն փորձ է արվում նաեւ  դիմադրությունը համակարգելուն զուգահեռ մշակել նոր տեսակի պետության սկզբունքները։

 Ըստ էության, «Մայդանի» ստեղծմանը դրդել է այն հանգամանքը, որ չնայած հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ կայացած մի շարք ցույցերի, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում շուրջօրյա ռեժիմով գործող վրանային ճամբարի առկայության, ցուցարարների կողմից Կիեւի քաղաքապետարանի շենքի գրավման եւ վերահսկման փաստի,  բազմազան եվրոպական չինովնիկների ու քաղաքական գործիչների բացահայտ աջակցության  եւ նման այլ հանգամանքների, «Եվրոմայդանը» չկարողացավ հասնել իր հիմնական պահանջների կատարմանը՝ կառավարության հրաժարականին, «Եվրոասոցացման համաձայնագրի» ստորագրմանը։ Ի դեպ, այս փորձը որոշակիորեն պետք է հիասթափեցնի նաեւ հայաստանյան այն տեսաբաններին եւ քաղաքական գործիչներին, որոնք պնդում են, թե հարյուր հազարավոր մարդկանց փողոց դուրս գալը բավարար է, որ իշխանափոխություն լինի։ Ամեն դեպքում, ուկրաինացի ընդդիմադիրները ընդունել են այն իրողությունը, որ իրենց պայքարը բավարար արդյունավետ չէ եւ որ պետք է աշխատանքներ տանել ինքնակազմակերպման մակարդակը բարձրացնելու, դիմադրության ալիքը հզորացնելու ուղղությամբ։

Սակայն պետք է նշել, որ «Մայդանի» ստեղծումը ոչ միանշանակ է ընդունվել պրոդեմոկրատական հանրության կողմից։ Թեեւ պայքարողների մի զգալի հատվածը ոգեւորությամբ է ընդունել նոր կազմակերպության ձեւավորման մասին լուրը, սակայն քիչ չեն նաեւ վատատեսորեն տրամադրվածները: Դրանցից ոմանք նոր սուբյեկտի ստեղծման մեջ տեսնում են պայքարի ավարտի խորհրդանիշը, մյուսները գտնում են, որ որոշ քաղաքական գործիչներ ցանկանում են պայքարը տանել միայն իրենց հայտնի ուղղությամբ: Կարելի է ենթադրել, որ «Մայդանի» ստեղծման նկատմամբ վերոնշյալ վերաբերմունքի առկայությանը հիմնականում նպաստել է երկու հանգամանք` միավորման մարմինների ձեւավորման մեխանիզմների լեգիտիմության եւ, ընդհանրապես, թափանցիկության պակասը (նոր միավորման խորհրդի մեջ չեն մտել բազմաթիվ հայտնի ակտիվիստներ, դրանցից շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել կազմակերպություն ստեղծելու գործընթացի առկայության մասին) եւ ճնշումը ուժեղացնելու ուղղությամբ հստակ ծրագրի բացակայությունը ու նպատակների խայտաբղետությունը (բացի հիշատակված նպատակներից ընդդիմադիր առաջնորդները նշում են, որ պետք է պատրաստվել 2015-ի նախագահական ընտրություններին): «Մայդանի» հաջողության հավանականությունը մեծապես կախված է վերոնշյալ խնդիրների հաղթահարումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter