HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Հայաստանում մեքենաշինությունը չի զարգանում»

Հայաստանի անկախացումից հետո տասնյակ մեքենաշինական ձեռնարկություններ փակվեցին, իսկ սարքավորումներն ու հաստոցները որպես ջարդոն վաճառվեցին Իրանում:

Հաստոցաշինական եւ էլէկտրատեխնիկական արտադրանքի անկումը կապված էր ճյուղի նյութատարությամբ եւ էներգատարությամբ, երկրում չկար սեւ մետալուրգիայի արտադրություն եւ ԱՊՀ երկրների հետ կապող երկաթուղային ուղիղ կապ:

Ոլորտը վերականգնելու համար 1995 թվականին սկսվեց մեքենաշինական ընկերությունների մասնավորեցումը, որը հիմա արդեն ավարտված է: Մասնավորեցումից հետո վերագործարկվեցին «Էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սեւանի կատարող սարքեր», «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարմշակմեքենա» ձեռնարկությունները: (Արտադրում են կոմպրեսորներ, պոմպեր, ավտոգենային սարքավորումներ, խողովակային ամրաններ, էլեկտրական մալուխներ, գեներատորներ, հսկիչ եւ չափիչ սարքեր, կապի միջոցներ եւ այլն): Բնագավառում գործում է 68 ձեռնարկություն: 

Այնուամենայնիվ, Երեւանում գործող մեքենաշինական ոլորտի ամենախոշոր «Ինտերստանոկ» ԲԲԸ եւ «Արմենմոթոր» ՓԲԸ ձեռնարկությունների ղեկավարները մի հարցում համամիտ են. «Հայաստանում մեքենաշինությունը չի զարգանում»: 

«Հիմա դեռ կան մարդիկ, որոնք կարող են փոխանցել իրենց փորձը, բայց մի քանի տարի հետո Հայաստանում մեքենաշինություն չի լինի. ներդրումներ չեն արվում, աշխատանքային գործիքներն անցած դարից են, երիտասարդները մեզ մոտ աշխատելու ցանկություն չունեն»,- ասում է «Ինտերստանոկ» ձեռնարկության նախագահ Վիլիկ Դոլուխանյանը:

«Չկա այն մեքենաշինությունը, որ պետք է լինի: Չի վերացել, գոյատեւում է, բայց զուտ մարդկանց էնտուզիազմի հաշվին»,- ասում է «Արմենմոթոր» ձեռնարկության տնտեսական հարցերով տնօրեն Կարեն Ստեփանյանը

Այս պնդումները հիմնավորված են մի քանի փաստերով. նշված ձեռնարկություններում վերջին տարիների ընթացքում կրճատվել են արտահանման ծավալները, արտադրության մեջ ներդրումներ գրեթե չեն արվել, արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների միջին աշխատավարձը 50-55 հազար դրամ է: 

«Արմենմոթոր» ձեռնարկությունը, որը մասնագիտացած է շարժիչների, էլեկտրական պոմպերի, շարժական գեներատորների, միկրոշարժիչների եւ կենցաղային էլեկտրական սարքերի արտադրության մեջ, ձմեռային ամիսներին փակ է. ձեռնարկության միջոցները չեն բավարարում արտադրական տարածքները ջեռուցելու համար: Այսինքն` 150 աշխատող ձմռան ամիսներին մնում է առանց աշխատանքի:

«Ինտերստանոկ»-ում արտադրվում են քարի եւ փայտի մշակման hաստոցներ, հիդրոտուրբիններ, հոսքագծեր: Արտադրական տարածքներում ջերմաստիճանը (-15) է: Աշխատանքային գործիքների վրա սառույցը չի հալվում: Գործարանում աշխատում է 120 մարդ, մեծամասնությունը միջինից բարձր եւ թոշակառու տարիքի մարդիկ են: Երիտասարդներին մեքենաշինությունը չի հետաքրքրում: 

«Մարդիկ չեն հավատում, որ սիրում եմ իմ գործը»,- ասում է «Ինտերստանոկ» մեքենաշինական ձեռնարկության հավաքող- փականագործ Ստեփան Հովհաննիսյանը: Բայց հետո ավելացնում. «Աստված չանի տղաս էլ էս գործն անի: Ճիշտ է, աշխատավարձը բարձրացրել են, բայց ես չեմ համարում, որ դրանով իմ պես մարդիկ սկսեցին ավելի լավ ապրել, շուկայում ապրանքները թանկանում են, չէ՞»: 

Մինչեւ դրամի արժեւորումը «Ինտերստանոկ» ընկերությունն արտահանում էր իր արտադրանքի 40-50 տոկոսը, հիմա արտահանման ծավալները կրճատվել են մինչեւ 15 տոկոս: «1999-ից ամեն եռամսյակը մեկ անգամ 50 հատ փայտամշակման հաստոցներ էինք արտահանում Ամերիկա: Դրամի արժեւորումից հետո այլեւս ձեռնտու չէր, դադարեցրինք: Մենակ ԿԲ-ի կառավարիչն է հասկանում, թե ինչու՞ դոլարի գինը իջավ Հայաստանում, բայց հումքի եւ ապրանքի գները չէժանացան»,- ասում է «Ինտերստանոկ»-ի նախագահը:

Արտահանման համար պատվերներ հիմնականում լինում են Ռուսաստանից` ժամանակ առ ժամանակ: 

Ժամանակ առ ժամանակ արտերկրից պատվերներ ունենում է նաեւ «Արմենմոթոր»-ը: Տարեկան մոտ 20 շարժիչ վաճառում է «Ինտերստանոկ»-ին, 200 հատ առաքվում է ԱՄՆ-ի պատվիրատուին: Տարեկան վաճառքը չի գերազանցում 500-ը: Ընկերությունը շուտով ռուսական շուկա վաճառքի կհանի հայկական արտադրության մսաղացներ: 

«Անցյալ տարի հայտ ներկայացրեցինք կառավարություն` բյուջեից գումար ստանալու եւ խորքային պոմպեր արտադրելու համար: Դրանք օգտագործվում են գյուղատնտեսության ոլորտում: Մշակեցինք նախագիծը, նույնիսկ փորձի համար մի քանի հատ արտադրեցինք, բայց մերժեցին: Հիմա այդ տիպի պոմպեր ներկրվում են Մոլդովայից: Ներկրվածները տեխնիկական հնարավորություններով եւ գնով ավելի լավը կամ ձեռնտու չէին մեր առաջարկից: Ու՞մ է աջակցում կառավարությունն այս տեսակ քաղաքականությամբ»,- հարցնում է պրն Ստեփանյանը: 

Ձեռնարկությունների տնօրենները նշում են, որ դրսի եւ ներսի պատվերների ծավալներն ու պարբերականությունն այնքան անկանոն են, որ հնարավորություն չեն տալիս կապիտալ ստեղծել եւ ներդրումներ անել, սրան գումարվում են նաեւ այլ խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter