HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը


Վերջին 16 տարիներին մեր երկիրն անցել է պետականության կայացման բարդ ուղի:

Արցախյան ազատամարտից հետո, հաղթահարելով նաև տնտեսական ճգնաժամը, սոցիալական կոնֆլիկտները, կուսակցական և գաղափարախոսական հակասությունները` մենք կառուցում ենք ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա խարսխված նոր կյանք: Որպես արդյունք` առայժմ, իհարկե, դանդաղ, մեր կյանքը փոխվում է դեպի լավը:

Այսօրվա մեր անելիքների առանցքն է պետականության ամրապնդումը, այնպիսի հասարակության կայացումը, որը հիմնվում է բազմակարծության, անխտրականության, հանդուրժողականության, արդարության ու համերաշխության վրա:

Մեր երկրում քաղաքական զարգացումները պետք է հիմնվեն մարդու արժանապատվության, ազատության, հավասարության երաշխավորման, իրավունքի գերակայության հաստատման, ժողովրդավարության ապահովման սկզբունքների վրա:

ՀՀ սահմանադրական վերջին փոփոխություններն ու լրացումները ստեղծում են այդ նպատակների իրականացման անհրաժեշտ նախադրյալներ, ապահովում առավել հավասարակշռված հարաբերություններ իշխանության ճյուղերի միջև, երաշխավորում են մեր երկրում ժողովրդաիշխանության և հանրային ինքնակազմակերպման արդյունավետ իրականացումը: 

2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլևս ավանդույթ է:

Այսօր առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի վրա, չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների և սխալների վերաբերյալ անհարկի բանավեճերում, այլ համագործակցենք ու կառուցողական երկխոսություն ծավալենք այն նպատակների և խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են մեր ազգային-պետական առաջնահերթություններին և միտված են ապագայի կերտմանը: 

Հայաստան, որին մենք ձգտում ենք և կհասնենք

Մենք ունենք երկրի զարգացման հստակ ու իրականանալի տեսլական: Մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները: 

Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ:

Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես ազատ մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մեր ապագան գիտելիքի վրա հիմնված հասարակությունն է:

Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք և ինքնարտահայտման հնարավորություն` մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը և գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները: 

Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները:

Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն: 

Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջև: Պետության ու քաղաքացիների միջև արհեստական պատնեշներ չեն լինելու: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ: 

Այս ամենը կյանքի կոչելը հեշտ չէ: Մեր ժողովրդին որևէ նվաճում երբեք հեշտ չի տրվել: Մեզ միշտ հաջողվել է հաղթանակել կամքի և միասնականության շնորհիվ: Սա է մեր հաղթանակի բանաձևը: Նոր հաղթանակների կամք և վճռականություն մենք ունենք: Ուրեմն առա՛ջ դեպի նոր ձեռքբերումների Հայաստան, դեպի հաղթանակների Հայաստան, դեպի բարեկեցության Հայաստան: 

Այս Հայաստանի կառուցման երաշխավորն ու առաջամարտիկը պետք է լինի ՀՀ Նախագահը` նպատակ դնելով.

- երկրում ամրապնդել սահմանադրականությունը` Սահմանադրության պահպանումը համարելով իր համար գերակա խնդիր,

- պետական համակարգի արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիք համարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը,

- որպես Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր` առաջնորդվել ոչ միայն ընթացիկ համապետական խնդիրների, այլև հեռանկարային, ռազմավարական մոտեցումների ու հիմնահարցերի առաջադրման և լուծման տրամաբանությամբ: 

Երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիր

1. Միասնությունը որպես երկրորդ սերնդի բարեփոխումների հիմնական նախադրյալ

Մեր երկրի զարգացման հիմնական երաշխիքը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է, ինչը ենթադրում է համագործակցության և վստահության անհրաժեշտ մթնոլորտի ձևավորում: Քաղաքացիական հասարակություն կառուցելու լավագույն մոտեցումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում»:

Աշխարհով մեկ սփռված հայերի զգալի մասի քաղաքական, մշակութային, տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը Մայր հայրենիքն է: Աշխարհասփյուռ հայությունն իրապես շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ, ինչը նշանակում է, որ այսուհետ հնարավոր չէ մշակել և իրականացնել որևէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը հաշվի առնելու: 

Մեր մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է:

Մենք ձեռնամուխ ենք լինելու պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերության հայեցակարգի ներդրմանը, ինչն ապահովելու է կարևորագույն ազգային ու տեղական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում, պետության այնպիսի գործառույթների բացառում, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը:

Մենք բաց ենք լինելու կառուցողական առաջարկությունների, քննարկումների և համագործակցության համար` կարևորելով նաև ժողովրդին ու Ազգային Ժողովին ուղերձով դիմելու սահմանադրական ինստիտուտի դերը:

Մշակութային մակարդակի բարձրացումը՝ ազգային մշակութային հիմքերի պարտադիր պահպանմամբ, մեր քաղաքացիների աշխարհայացքի ընդլայնումը նոր հասարակության կառուցման կարևոր պայման է: Մշակույթը կամրապնդի հայերի կապն ամբողջ աշխարհում, դրանով իսկ հստակեցնելով մեր ուրույն տեղը քաղաքակրթությունների երկխոսությունում:

Հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը և մեր ինքնության ավանդական շատ որակներ թույլ կտան Հայաստանը դարձնել կազմակերպված հանգստի գրավիչ երկիր: 

Մենք հիանալի հնարավորություն ունենք նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորելու աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից և լարվածությունից, կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներդաշնակ և արդյունավետ համագործակցություն, անկախ դատական իշխանություն` հանուն այն նպատակների իրագործման, որոնց դարեր շարունակ ձգտել են մեր նախնիները:

2. Արտաքին հարաբերություններ և անվտանգություն

2.1. Արագ փոփոխվող աշխարհը` արդի մարտահրավերներին զուգահեռ, Հայաստանի համար բացում է նոր հնարավորությունների պատուհան: 

Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ և նախաձեռնող` ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային և հատկապես տարածաշրջանային գործընթացներին, որի համար անհրաժեշտ է.

-  բազմակողմ և միջպետական երկկողմ հարաբերությունների ընդլայնում ու խորացում, դրանց ներդաշնակ համադրում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության աճի, մշակութային համագործակցության խթանման համար, 

- միջազգային կառույցներին անդամակցության շարունակում և համագործակցության խորացում` ինտեգրման գործընթացի հիմքում դնելով մեր երկրի քաղաքական, տնտեսական և այլ բնույթի շահերի պաշտպանության առաջնայնությունը, 

- տեղեկատվության և կապի ժամանակակից տեխնոլոգիաների բացառիկ հնարավորությունների կիրառում` միջազգային գործակցության և համայն հայության համախմբվածության ու համագործակցության համար, ինչն էլ կբազմապատկի մեր մրցակցային առավելությունները,

- այլ երկրների հետ տնտեսական, ֆինանսական և մշակութային համագործակցության կառուցում միջազգայնորեն ընդունված կանոններով,

- քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար միջազգային լավագույն փորձի և չափորոշիչների ներդնում, ինչը մի կողմից կբարձրացնի նրանց գործունեության արդյունավետությունը, մյուս կողմից կխթանի հարաբերությունները արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում` մեխանիզմներ ստեղծելով արտերկրում մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների շահերի պաշտպանության համար: 

Արցախյան հիմնախնդիրը լինելու է ՀՀ Նախագահի գործողությունների կիզակետում: 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա. 

- պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար,

- պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը,

- ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման: 

Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի` քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել ևս` հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է: 
Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարևան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված և ոչ էլ այլ նախապայմաններ:

2.2. Մեր տարածաշրջանը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի կենտրոնում, և հակասություններն անխուսափելի են: 

Ազգային անվտանգության ռազմավարությունն ուղղվելու է մեր երկրի ու տարածաշրջանի կայունության ապահովմանը և հակասությունների հաղթահարմանը, ինչն առաջին հերթին նշանակում է` անկախություն, պետության և ժողովրդի պաշտպանվածություն, խաղաղություն և միջազգային համագործակցություն, հայապահպանություն ու բարեկեցություն:

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է կարգաբերված, արդյունավետ պաշտպանության և անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտություն: Այդ համակարգի գլխավոր, բայց ոչ միակ օղակը բանակն է: 

Առաջիկա տարիներին անվտանգության հիմնական խնդիրն է պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ազգային անվտանգության միասնական, բազմաստիճան համակարգի կառուցումը: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու բոլոր սպառնալիքներին և վտանգներին: 

3. Մրցակցային, նորամուծական տնտեսություն

Երկրորդ սերնդի բարեփոխումները կստեղծեն լավագույն պայմաններ բիզնեսի և ներդրումների համար: 

Ներդրումները և ակտիվ բիզնեսը քաջալերելու նպատակով մեր երկրի հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ: 

Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ` ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության և ռիսկերի նվազեցման նպատակներին: 

Մենք շարունակելու ենք աջակցել համաշխարհային չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը` ներդրումներ կատարելով նորաստեղծ ընկերություններում և ֆինանսական օգնություն ցուցաբերելով արագացված աճի փուլում գտնվող փոքր և միջին ձեռնարկություններին:

Խրախուսվելու է կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը տնտեսության իրական հատվածում: Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները պարտադիր կերպով կներդնեն կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչները: Պետությունը մշտապես խթանելու է թափանցիկ աշխատող ձեռնարկությունների զարգացումը` նպատակ ունենալով բարձրացնել հասարակության վստահությունը բիզնեսի նկատմամբ:

Ուշադրության կենտրոնում պետք է մնան կառուցվածքային վերափոխումների և ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները` ներդաշնակեցնելով ընթացիկ, միջին ժամկետ և հեռանկարային խնդիրների լուծումը: 

Երկրորդ սերնդի բարեփոխումների ներքո մենք կիրագործենք նոր որակի արդյունաբերական քաղաքականություն: Նորամուծական արդյունաբերությունը և բարձրարժեք ծառայությունների զարգացումը կառաջնորդեն տնտեսական աճը և զարգացած շուկաների հետ ավելի խոր ինտեգրումը:

Գյուղատնտեսության արդյունաբերականացումը և արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկումը հնարավորություն կտան այդ ճյուղում ապահովել գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտների աճ:

Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի: Ստոկհոլմի բորսայի մուտքը Հայաստան դրա վառ ապացույցն է: Համատեղ գործողությունների ծրագրի իրագործումը լուրջ նախադրյալներ կապահովի դրված նպատակին հասնելու համար: 

Մենք շարունակելու ենք ֆինանսական միջնորդությունը խորացնելու մեր քաղաքականությունը: Ֆինանսական ծառայությունները մատչելի և հասանելի կլինեն Հայաստանի ամբողջ տարածքում: Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն:

Ապահովագրական ընկերությունները և կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կստեղծեն խնայելու շարժառիթներ: Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքին վտանգ պատճառող դեպքերից և աղքատության վտանգից: 

4. Արժանավայել կյանքի ապահովում

Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր ինքնադրսևորման հնարավորություններն ընդլայնվում են, և իր կյանքի որակը բարելավվում է: 

Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Աշխատանքը պետք է որոնի մարդուն», ինչը նշանակում է ունենալ արդյունավետ աշխատուժի շուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը: Սա հնարավորություն կտա իրականացնել նպատակային վերապատրաստման ծրագրեր` մարդկանց հմտությունները և մասնագիտացումը աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով: 

Մեզ պետք են որակյալ մասնագետներ:

4.1 Կրթություն և գիտություն 

21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարները և հայտնագործություններն են, և դրանք, մյուսներից արագ, առօրյա կյանք ներդնելու ունակությունը: Ելնելով այս հրամայականից` պետության գործառույթները զգալիորեն փոխվում են: «21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»: 

Անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության և կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբել համայն հայության գիտական և մտավոր ներուժը: 

Այս խնդրի լուծումն է հենց, որ դռներ է բացելու ապագա բոլոր զարգացումների համար:

Նման ապագայի կառուցումը կախված է նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական և կրթական համակարգ: Իսկ դրա նախադրյալները մենք լիովին ունենք: 

Միակ կայուն արժույթը ժամանակակից աշխարհում լինելու է գիտելիքը, հետևաբար հարստանալու հուսալի ճանապարհը լավ կրթություն ստանալն է:

4.2 Առողջապահություն 

Այս ոլորտում մեր ծրագրային մոտեցումների նպատակն է անցում կատարել առողջապահության բարեփոխման նոր փուլի: 

Բժշկությունը մատչելի կլինի բոլորի համար: 

Բժշկական ծառայությունների որակն էապես կբարելավվի առողջապահական համակարգում նոր` բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

Կբացահայտվեն տարածաշրջանի համար մեծ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղությունները և քայլեր կձեռնարկվեն Հայաստանը տարածաշրջանում առողջապահական կենտրոն դարձնելու համար: Առողջարանային կենտրոնների (Ջերմուկ, Արզնի, Դիլիջան, Աղվերան) արդիականացումն էապես կնպաստի այս խնդրի լուծմանը: 

Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ առողջապահությունը ոչ միայն հիվանդներին բարձրակարգ առողջապահական ծառայություններ մատուցելն է, այլև առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգ է: 

Զարգացնելով ֆիզիկական կուլտուրան և սպորտը` մենք պետք է խթանենք առողջ ապրելակերպ:

Մարդկանց առողջությունը մեր գերակայությունն է:

4.3 Կենսաթոշակային համակարգ

Մենք սոցիալական կարևորագույն խնդիր ենք համարում կենսաթոշակների հետագա բարձրացումը` այն հաշվով, որ կենսաթոշակն էապես բարձր լինի աղքատության շեմից: 

Դրան զուգահեռ շարունակվելու են բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման աշխատանքները` ներառյալ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը:

Մեր բնակչությունը պետք է սովորի խնայել: Երիտասարդ սերունդը պետք է ինքն իր վրա վերցնի ապահով ծերության պատասխանատվությունը՝ մասնակցելով կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգին:

Մենք կապահովենք արժանավայել կյանք կենսաթոշակառուների համար: 

Այսօր դժվարին պայմաններում հայտնված հաշմանդամները, ծնողազուրկ երեխաները, բազմազավակ ընտանիքները, պատերազմի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, փախստականներն առանց պետության հոգածության չեն կարող լուծել իրենց առջև ծառացած խնդիրները: 

Մենք ընդլայնելու ենք սոցիալական թիրախային ծրագրերը, դրանց մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածը, ինչը կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը: 

5. Պետական կառավարման արդյունավետ համակարգ

Երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել առանց կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման: 

Ժամանակակից արդյունավետ պետական կառավարման համակարգ նշանակում է կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման` հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: 

Մենք դեռևս պետք է սովորենք հստակ ձևակերպել ցանկալի արդյունքները և հնարավոր դարձնել դրանց կատարման հսկողությունը: Պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակն էապես կբարձրանա, իսկ հասարակությունը դրանք գնահատելու հնարավորություն կունենա:

Մենք հասնելու ենք նրան, որ գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը տարեկան կտրվածքով գնահատվի հենց այս սկզբունքների ներքո, ինչը նշանակում է, որ Վերահսկիչ պալատն առաջին հերթին պետք է իրականացնի գործընթացային աուդիտ:

Հանրային ներդրումների արդյունավետությունն ու պետական հատվածում բարձր արտադրողականությունը դառնում են առաջնահերթություններ, որոնք պահանջում են պետական կառավարման համակարգի բարելավում` կորպորատիվ կառավարման կանոնների որդեգրմամբ:

Մենք կմշակենք ծրագրեր և կներդնենք էլեկտրոնային կառավարման համակարգը, որը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հաստատություններում կապահովի ինտերնետի միջոցով պետական ծառայությունների մատուցում` նվազագույնի հասցնելով շփումը պետական ծառայողի և քաղաքացու միջև և, դրանով իսկ, էապես կրճատելով կոռուպցիայի ռիսկերը:

Կոռուպցիա, ստվերային տնտեսություն, մրցակցային անհավասար պայմաններ. այս խնդիրների լուծումը գտնվում է արդյունավետ կառավարման ոլորտում և պահանջում է կառավարման տեխնոլոգիաների, միջոցների ու մեթոդների ներդաշնակ փոփոխություն: Մեր քաղաքականության առանցքային հարցերից մեկն է լինելու կաշառակերության ու կոռուպցիայի դեմ գործուն և հետևողական պայքարի ծավալումը:

Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը, բացի թվարկված մոտեցումներից, ենթադրում է նաև հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելն ու կաշառակերությունը կդիտարկվեն անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթներ: Հաշվի չեն առնվելու անձնական կապերը և իբրև ընկեր, բարեկամ կամ կուսակից չեն դիտարկվելու բոլոր նրանք, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը: 

Հասկանալի է, որ մեկ օրվա ընթացքում և միայն կարգախոսներով այս խնդիրը չի լուծվի. անհրաժեշտ է համալիր, համապարփակ ծրագիր: Հանրությունը չի հավատա իշխանություններին, եթե այդ պայքարը չառաջնորդի Հանրապետության Նախագահը: 

6. Տարածքների համաչափ զարգացում

Ժամանակակից պետության կարևորագույն գործառույթներից մեկը տարածքային համաչափ զարգացման ապահովումն է: Այսօր Հայաստանում տարածքային անհամաչափությունները դարձել են սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ: Երևանը գերծանրաբեռնված է մշակութային, առողջապահական, արդյունաբերական, ֆինանսական, պետական կառավարման, արդարադատության, կրթական գործառույթներով` ի հաշիվ այլ տարածքների: Որոշ գործառույթների դուրս բերումը Երևանից դարձել է անհրաժեշտություն:

Կարևոր քայլ կլինի տարածքային կառավարման համակարգի փոփոխությունը՝ ուղղված ինքնակառավարման մակարդակի և տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը: Կկատարելագործվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմները: Կապահովվի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների աճը, հանրային ծառայությունների մատչելիությունն առաջին հերթին կապահովվի շրջաններում:

Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: Այդ շրջաններից բնակչության արտահոսքի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը կամ նեղ մասնագիտացումն է, ցածր սոցիալական ակտիվությունը, որը հանգեցնում է սոցիալական անտարբերության: Գիտակցելով դա` ցուցաբերվելու է համալիր մոտեցում Հայաստանի ողջ տարածքի զարգացման խնդրին:

Պետություն-մասնավոր գործընկերություն հայեցակարգի ներքո կմշակվի տարածքների զարգացման ազգային ծրագիր:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր հայացքը պետք է ուղղված լինի դեպի ապագա: Մենք անցել ենք դժվարությունների և փորձությունների ճանապարհ, կուտակել ենք փորձ և գիտելիքներ: 

Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Գիտենք նաև, թե ինչպես է պետք լուծել դրանք: 

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում և ունենանք արդար հասարակություն: Մենք կհասնենք այդ ամենին` Ձեր վստահությամբ ու աջակցությամբ:

Թող Աստված տա մեզ իմաստնություն` վերարժեվորելով ձեռք բերվածը, բազմապատկել ազգային ներուժը և նվաճել նոր բարձունքներ:

Առա՛ջ Հայաստան:


Սերժ Սարգսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter