HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին

Բաց նամակ քաղաքակիրթ մարդկությանը

Այս հոդվածը գրել եմ Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես հետո: Հոդվածը գրված է օտար ընթերցողի համար ու իր մեջ ինչ-որ տեղ բավականաչափ տեղեկատվություն է պարունակում, թարգմանված է անգլերեն Ամերիկայում ապրող մեր հայրենակից Դանիել Ջանոյանի կողմից:

Անգլերեն տարբերակը ես ուղարկել եմ ամերիկյան, անգլիական, ֆրանսիական ու թուրքական գրեթե բոլոր հեղինակավոր թերթերին, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությանը, հայտնի հետաքննող լրագրող Ռոբերտ Ֆիքսին, որը հաճախ է խիզախորեն վեր հանում ճշմարտությունը «Հայոց Մեծ եղեռնի» մասին:

Մոռացա գրել, որ ուղարկել եմ նաև Բուշին ու ստացել պատասխան:
Ահա այն նամակը, որ ես ստացել եմ Հրանտ Դինքից իր մահից մի քանի օր առաջ, իմ Ս. Զատկի ու Ամանորի շնորհավորանքին ի պատասխան.

«Sona!
Grkid khoskern srtis khorkeren gukan:
Gitsir vor amen inchin verch@ ka yev mer hai datin j@shtumnal u 
vertchvorutyun@ mer iravunkov piti vertchana.   
Menq piti haghtenq, ayo...
Hrand Dink»

Կարծում եմ` շատերին է հուզում այս հարցը՝ ո՞վ սպանեց Հրանտ Դինքին...

Ամեն ոք յուրովի է բացատրություն փնտրում, բայց կարծեմ այս հարցին պատասխանելու համար պետք չէ լինել քաղաքագետ, լրագրող, մեկնաբան, դիվանագետ կամ... Հրանտ Դինքը դարձավ թուրքական առավարության մերժողական, ուրացման քաղաքականության զոհը, իսկ եթե ավելի խորն ուսումնասիրենք ու բացենք փակագծերը, ես կասեի` նա դարձավ աշխարհի ստոր, կեղտոտ, անարդար ու կողմնապահ խաղի զոհը: Նա պատկանում էր մարդու այն տեսակին, որ չէր տառապում մորթիապաշտության բարդույթով, ազատ էր իր տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու, իրերն իրենց անունով կոչելու, պայքարում էր, որ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստը աշխարհին ու սեփական ժողովրդին խեղաթյուրված չներկայացվեն: 
Թուրքական կառավարությունը չդիմացավ Հրանտ Դինքի` Հայոց ցեղասպանության հիմնավորված, առանց ավելորդ բարդությունների, հստակ ձևակերպված ցեղասպանության ՀՐԱՆՏՅԱՆ բանաձևին. «Մի ժողովուրդ, որ 4000 տարի ապրել է իր հարազատ հողի վրա, այդ ժողովրդին թեկուզ ոսկե օդանավերի մեջ դնես ու ապահով տեղափոխես մեկ ուրիշ վայր, դարձյալ դա ցեղասպանություն է, քանզի այդ ժողովրդին արմատեն կտրած են, էլ չեմ ասում 1,5միլիոն անմեղ մարդկանց գազանաբար ոչնչացումը»: Սա մի բանաձև է, որ քննարկումների կարիք չունի ու ոսկորի նման կանգնել էր Թուրքիայի կոկորդին, այդ պատճառով էլ նա անցանկալի էր թուրքական կառավարության համար, հետապնդման մեջ էր 301 հոդվածով, որը Դամոկլյան սրի նման կախված էր ոչ միայն Հրանտ Դինքի գլխին, այլ նաև թուրք գրող Օրհան Փամուքի, էլիֆ Շաֆաքի, պատմաբան Թաներ Աքչամի, ամերիկացի ակադեմիական Հաում Չամուքի ...տասնյակ հրատարակիչների, լրագրողների, գրողների գլխին:

Անհատականություններ, ովքեր համարձակվում են կանգնել թուրքական տաբուի դեմ, ովքեր ազնիվ են իրենց խղճի ձայնի հետ, ովքեր, թերևս, ամենաշատն են ուզում թուրքական պետությունը տեսնել անցյալի բեռը թոթափած, ու նոր, մաքուր էջից կերտել դեմոկրատական, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետություն: 

Թերևս նրանք են թուրք ժողովրդի իսկական բարեփոխիչները` ազատ խոսքի անխոնջ ջահակիրները : Այդ ճանապարհին նահատակվեց Հրանտ Դինքը:

Հրանտ Դինքի փաստաբան Ֆէթհիյէ Չեթէնի մամլո ասուլիսից.

«Հրանտ Դինքը Թուրքիոյ աղավնին էր, և այդ աղավնին անխղճօրէն սպանեցին» :
Դինքի սպանության պատասխանատվության կրողները պետք է լինեն ոչ թե, այսպես ասած, ոմն անչափահասներ, այլ հենց իրենք` կառավարության անդամները:

Այս բեմականացված հուղարկավորությունը չի կարող փոխել մեր կարծիքն առ այն, որ հենց կառավարական մակարդակով է ողջ աշխարհում խեղաթյուրվում «Հայոց ցեղասպանության» իրողությունը, այդքան էլ հեշտ չէ մի քանի անչափահասների «բանտարկելով» մեր աչքերին թոզ փչել: Մի թարմ վավերացնող փաստ Բրիտանիայում հրատարակվող «Մորնինգ սթար» թերթի հունվարի 26-ի համարից. «Եկեք ընդունենք, որ թուրքական ժողովրդավարությունը հիմնված է ստի, Հայոց ցեղասպանության հերքման վրա: Նույնիսկ Թուրքիայի ներկա սահմանները հիմնված են այդ ցեղասպանության հերքման վրա»:

Թուրքիան պետականորեն խրախուսում է ( 301 հոդված) ազգայնամոլությունը` դպրոցական դասագրքերից սկսած, բուհական հաստատություններում, հեռուստատեսությամբ ու մամուլով, ուրացման, ժխտողական, հայատյաց քարոզչությամբ. հարց է ծագում` այդ քաղաքականությամբ ու՞ր է տանում իր ժողովրդին` ժողովրդավարությու՞ն, դեմոկրատական արժեքնե՞ր, Եվրոպա՞... քավ լիցի:
Ազգայնամոլությունն ու այլատյացությունը Թուրքիայում դարձել են ապրելաձև:

Ազգայնամոլները, պետականորեն աջակցություն գտնելով, ամենուրեք աշխարհին մոլորեցնող ստեր հորինելով, խեղաթյուրված հակափաստարկներ հրամցնելով, հեղինակություններ են փնտրում այն պետություններում, որտեղ փորձում են անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային, որպեսզի դիմակայեն:

Հեղինակություններ են փնտրում Ամերիկայի վերին օղակներում, օգտագործում հրեական լոբբին... ամեն միջոցի դիմում` ճշմարտությունը կապանքների մեջ պահելու համար, սակայն, այնուամենայնիվ, շատ զորեղ է հայկական հաղթաթուղթը. թուրքի հրից, սրից մի հնարքով փրկված աշխարհասփյուռ հայությունն է ու նանսենյան այն անձնագրերը, որոնք հնարավորություն տվեցին հայ գաղթականներին գոյատևել օտար ափերում, հայրենի հող ու ջրի կարոտը սրտներում` երբեք չկարողանալով համակերպվել 1,5 միլիոն հայ նահատակների սուրբ հիշատակը մոռացության տալու մտքի հետ, որոնցից շատերի ոսկորները դեռ արաբական Դեր-Զորի անապատներում բաց երկնքի տակ են ու այնտեղից իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, պահանջում են արդար դատաստան, պատռում են չադրան դաժան լռության: Այո', Դեր-Զորն ամոթն է արար աշխարհի:

Այսօր թերևս կամաց, բայց սառույցը ճաք է տալիս, շատ խորհրդարաններ ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը` հակառակ թուրքական այն բլեֆ-թեզի, թե «պատմությունը թողնենք պատմաբաններին», ու հաստատում այն զարհուրելի իրողությունը, որ 1893-1923 թթ.` շուրջ երեսուն տարի անընդմեջ, հայ ժողովուրդը Սոդոմ -Գոմոր ապրեց, անցավ դժողխի միջով: 1915 թ. ապրիլի 24-ին միայն մի գիշերվա մեջ Պոլսում (Ստամբուլ) հավաքեցին մեր 700 մտավորականներին ու գազանաբար սպանեցին: «Ի պատիվ» նրանց` ամեն տարի ապրիլի 24-ը նշում ենք որպես Հայոց Մեծ Եղեռնի օր, քանզի այդ օրը հայ ժողովուրդը զրկվեց իր մտավորականությունից: Իրականացավ Օսմանյան կայսրության դիվային ծրագիրը` «Հայաստանը միայն առանց հայերի»: 

Մարդկային անտարբերությունը հանգեցրել է մի իրավիճակի, որ խստագույնս չեն արձագանքում մեր շուրջը կատարվող արյունահեղություններին, անարդարություններին, բռնություններին..., որպեսզի Աստծո պարգևած մի հատիկ կյանքը մարդ արարածը արժանապատիվ, ուրախ ու խաղաղ վայելի: Լռությունն ու անտարբերությունն են ծնում բոլոր հանցագործությունները: 1939 թվականին հենց այդ անպատժելիությունը առիթ հանդիսացավ, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին Լեհաստանի գազախցիկներն ուղարկելուց առաջ արտասանեց Հայոց եղեռնը հաստատող իր թեզը. «Այսօր ո՞վ է հիշում հայերի ջարդը»: 

Անջնջելի են մեծ տատիս պատմածները, թե ինչպես թուրքերն իր երեք եղբայրներին, կանանց ու երեխաներին հարյուրավոր համագյուղացիների հետ լցրել են մարագներն ու այրել: Դուք շնչե՞լ եք մարդկային մսի, ճարպի, ոսկորի այրված հոտը. ո’չ, այլապես կզգայիք այն վիշտն ու տառապանքը, ինչի միջով անցել է հայը, երբ հայ մանուկներն անօգնական այրվում էին խարույկի վրա, երբ հայկական գյուղերն ու քաղաքները ծխում էին, ու երկինքը պատված էր մարդկային թանձր մխով, իսկ դու ստիպված ես թաքստոցում թաքնված շնչել հարազատիդ, որդուդ այրված մսի հոտը: Աներևակայելի է, բայց իրողություն:

Իրողություն, որ հարյուր հազարավոր հեղինակավոր մարդիկ են հաստատում` Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիքսի «Առաջին ողջակեզը»... Փաստերն անթիվ են, անթիվ - անհամար, ուղղակի ուզում եմ խնայել ընթերցողի թանկ ժամանակը, բայց հարկ է ներկայացնել մեծ հումանիստ, հայ ժողովրդի բարեկամ, Ամերիկայի 28-րդ նախագահ, Նոբելյան մրցանակակիր (Woodrow Thomas Wilson 1913-1921 թթ..) հետևողական ու աննկուն ջանքերը Հայկական հարցի ու տարածքների հաստատման գործում: 1920թ. ապրիլի 25 -26-ին (Supreme Council of Allied and Associated Powers) ստանձնելով Հայաստանի մանդատը` Վիլսոնը 18 պետությունների մասնակցությամբ Միջազգային իրավունքի Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածով ամրագրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանները, և 1920 թ. նոյեմբերի 22-ին ստորագրվեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, ուր նախկին Օսմանյան կայսրության 103 599քառ.կմ տարածքի վրա ճանաչվում են Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները, որն այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին:

Մինչև ե՞րբ կարելի է ստի, կեղծիքի շղարշի տակ կոծկել Հայոց եղեռնը: Այսօր քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ շարունակվում է ցեղասպանությունը մշակութային բնագավառում. Թուրքիայի տարածքում հողին են հավասարեցվում մեր պատմական արժեքները. մեր հայկական եկեղեցիներին սպառնում է հավերժական ոչնչացման վտանգը, իսկ կանգուն մնացածները հաճախ դառնում են մզկիթներ: Թուրքիայից իր գործողություններով հետ չմնաց իր փոքր եղբայր Ադրբեջանը. Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի շրջանները, լինելով հազարամյա զուտ հայկական բնակավայրներ, սովետական կարգերի օրոք բռնակցվեցին Ադրբեջանին, նրանք, որ լավ մասնագիտացել էին տարածքների թալանի արվեստում, նախքան Սովետական Միության փլուզումը հայաթափեցին Նախիջևանը, իսկ ղարաբաղցին, որին նույն բախտն էր վիճակված, սովետական կարգերի փլուզումից հետո մյուս հանրապետությունների հետ հանրաքվեի ճանապարհով Ադրբեջանից առաջ հռչակեց իր անկախությունը, որի համար ստիպված եղավ մղել չհայտարարված պատերազմ ու ուժերի անհավասար պայքարում հաղթել, թեև աշխարհը նորից երկակի խաղերի է դիմում` կառչելով տարածքային ամբողջականության իր հնացած, հնաոճ գաղափարից` այդ ճանապարհին ի չիք դարձնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: 

Ու՞մ են պետք այն օրենքները, որ բոլորին հասանելի չեն և թղթի վրա են միայն գեղեցիկ հնչում: Ե՞րբ պիտի վերանան խարդավանքներն աշխարհում: Արդյունքում մենք վաստակեցինք մեր երկրորդ թշնամուն, որն ամեն կերպ փորձում է նմանվել, դեռ մի բան էլ հետ չմնալ իր մեծ եղբորից` Թուրքիայից: 
2004 թ. փետրվարի 19-ին ողջ քաղաքակիրթ մարդկությունը բախվեց մի սահմռկեցուցիչ իրողության Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի հովանու տակ անգլերենի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին, անկողնում քնած, կացնով գլխատեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում «ազգային հերոս» տիտղոսի արժանացրին: Աշխարհը լուռ էր, քարի էր նման, ինչպես դրան հաջորդող 2005 թ., երբ Նախիջևանի տարածքում հիմնահատակ ոչնչացվեցին վաղ միջնադարից մնացած մեր հազարավոր անգին գոհարները` Նոր Ջուղայի գերեզմանատան խաչքարերը, և չգտնվեց այն ձեռքը, որ կանգնեցներ այս վանդալիզմը: Ցավով եմ գրում այս տողերս. նրանք դարձան քար աշխարհի, կույր աշխարհի նահատակները:

Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մենք հողին ենք հանձնում 1,5 միլիոն + 1 նահատակին, ՄԱԿ-ի ընդհանուր ժողովը Հոլոքոստի ժխտումը դատապարտող բանաձև է ընդունում: Խանդով ու վիրավորանքով եմ ընդունում այս կողմնակալ որոշումը, որը շրջանցում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, իմ ազգի` 1,5 միլիոն հայ ժողովրդի ոճրական սպանդը, իմ ժողովրդի ծովից-ծով
պատմական հայրենիքի թալանը: Այստեղ են ասել. «Տերովին տերն է տարել, անտերին` գելը»: Շահն է այսօր թագավորում, աշխարհը դարձել է ջունգլի, ուժեղը թույլին հոշոտում է գազանի պես տանջալի:
Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ոչ միայն թուրքական կառավարության դեմ, այլ նաև համայն աշխարհի, ովքեր ելնելով շահադիտական նկրտումներից` հաճոյանում են Թուրքիային և նրա փոքր եղբորը` Ադրբեջանին, որոնք օղակի մեջ առած ճզմում են, շրջափակում բոլոր սահմանները, որպեսզի տնտեսապես քայքայվի Հայաստանը: Դիմում եմ համայն քաղաքակիրթ մարդկությանը և առանձնապես Թուրքիայի դաշնակից ու հովանավոր Ամերիկային, որն աշխարհի ղեկն է պահել իր ձեռքում ու խոսում է ժողովրդավարական արժեքներից, ինչու՞ է երկակի չափանիշներով ղեկավարում աշխարհը, ու այս ջունգլիական օրենքի զոհասեղանին է հայտնվել հայ ժողովուրդը, որ ամեն տարի Հայոց եղեռնի հիշատակման օրը` ապրիլի 24-ին, ողջ հայ ժողովուրդը շունչը պահած սպասում է Ամերիկայի պրեզիդենտի ելույթին, որ գոնե այս տարի պրեզիդենտի շուրթերից դուրս թռչի հստակ «ցեղասպանություն» սահմանումը, ոչ թե վշտակցական բառերի կույտ, իբր ցավակցական ուղերձ: Նախագահության այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ միայն չարտաբերվեց ցեղասպանություն բառը, այլ պաշտոնանկ արվեց Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Էվանսը, որը համարձակվել էր իրերն իրենց անունով կոչել: Փոխարենը, ես կասեի գիտակցաբար, դնում է Հոգլանդի թեկնածությունը. դիվանագետ, որ Հայոց ցեղասպանությունն ուրանում է ոչ պակաս, ինչքան թուրքական կառավարությունը:

Այսպե՞ս է Բուշը հարգում մեր նահատակների հիշատակը:

Հայ ժողովուրդը, բախվելով անարդարության պատին, երբեք չի կորցրել իր հավատը Հայոց եղեռնի միջազգային ճանաչման ճանապարհին: Այժմ, երբ դեմոկրատները փայլուն հաղթանակ տարան Ամերիկայի կոնգրեսում, մենք` հայերս, մեծ հույսեր ենք տածում` հավատալով, որ նրանք ամեն ջանք կգործադրեն` վերականգնելու Ամերիկայի խաթարված հեղինակությունը, և հետևողական կլինեն
մարդու հիմնարար արժեքների` խոսքի ազատության, արդարադատության, ժողովրդավարության, դեմոկրատիայի ասպարեզում և իրենց անաչառ գործունեության շնորհիվ իրենց ծանրակշիռ ու վճռական խոսքը կասեն աշխարհում տեղի ունեցող արյունահեղությունների, անարդարությունների, մարդու և խոսքի ազատության վերականգնման գործում, որոնց հասնելու համար պետք է անկողմնակալ դատապարտվեն աշխարում կատարված բոլոր ցեղասպանությունները` սկսած 20-րդ դարի առաջին Հայոց Մեծ եղեռնից, վերջացրած մինչ օրս այս քաղաքակիրթ դարում տեղի ունեցող ցեղասպանություններով, այլ ոչ միայն հրեաների Հոլոքոստը: Այլապես վիրավորական է ցեղասպանություն ապրած բոլոր ազգերի համար:

Մեր հիշողության մեջ թարմ են ու անջնջելի մեր նահատակների սուրբ հիշատակը, մեր պատմական հայրենիքի վերադարձի գաղափարը մեզ պայքարելու ուժ ու կորով է տալիս, պայքարելու մեր ազգին հասցրած վնասը վերականգնելու արդար, ազնիվ ճանապարհով, ճանապարհ, որով քայլում էր Հրանտ Դինքը: Թերևս ցանկալի է, որ բոլոր քաղաքական այրերը լավ ուսումնասիրեն ՄԱԿ-ի կողմից 1948 թ. ընդունված ցեղասպանության կոնվենցիան և որպես բնաբան ամրագրեն Հայոց ցեղասպանության ՀՐԱՆՏՅԱՆ պարզ ու ազնիվ բանաձևը: 

Մեծ հայը ու հումանիստը` Հրանտ Դինքը, որն անցանկալի էր թուրքական կառավարության համար ու երկար ժամանակ հետապնդման մեջ էր 301 հոդվածի մի քանի կետերով, իր հիմնած «ԱԿՈՍ» թերթի միջոցով, որը տպագրվում էր երեք լեզուներով (հայերեն, թուրքերեն, անգլերեն), պայքարում էր երկրում տիրող այլատյացության, փոքրամասնությունների իրավունքի համար, նա իր ազատ խոսքն էր փորձում հասցնել հասարակ ժողովրդին, շոշափում էր մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության, իսկական դեմոկրատիայի վեհ գաղափարները: Իր թերթն օգտագործելով որպես ամբիոն` նա մեծ հույսեր էր կապում այն բարեփոխումների հետ, որ Եվրոպան պարտադրում էր Թուրքիային, ու փորձում էր հայ-թուրքական երկխոսություն կազմակերպել, որ բացվեն սահմանները և երկու ժողովուրդներն իրար հետ շփվել կարողանան. այս մտքերն էր նա արտահայտում իր բոլոր հարցազրույցներում, հեղինակած հոդվածներում, ամենուրեք:

Ահա, հակիրճ կերպով փորձեցի իմ պարզաբանումները տալ տաղանդավոր գրող, հրապարակախոս, ակադեմիական կարգի լրագրող, «ԱԿՈՍ» թերթի գլխավոր խմբագիր ու մեծ հումանիստ Հրանտ Դինքի` ազնիվ ու քաջ հայորդու եղեռական սպանության մասին. նույն ձռագիրն է, մեզ վաղու՜ց ծանոթ, անցել ենք մենք այս ճամփով արյունոտ...

Արդեն մոտ հարյուր տարի է անցել, բայց թուրքն էությամբ նույնն է մնացել...

Այս եղեռական սպանության պատասխանատվությունը պետք է կրեն ոչ թե բեմականացմանը մասնակից այս մի քանի անչափահասները, այլ հենց ստի ու կեղծիքի մեջ թաթախված թուրքական կառավարությունը, որոնք պարկուճված իրենց նախնիների պատյանի մեջ` մեծ ճիգեր են գործադրում աշխարհին քաղաքակիրթ, ժողովրդավար ներկայանալու, բայց ավա՜ղ...

Բրյուսել

Սոնա Արշունեցի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter