
«Գիշյանների դատը»՝ անսպասելի վերջաբանով
Երևան քաղաքի բնակչուհի Ալվինա Գիշյանն ու որդիները՝ Գագիկ և Հրանտ Գիշյանները, 2011 թ. ապրիլի 20-ին դիմում են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին:
Ալվինայի ամուսին Արթուր Գիշյանը 1994 թ. մահացել է: Դիմողները դատարանից խնդրել են հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որ 1994 թ. մահացած Արթուր Հրանտի Գիշյանի ժառանգության բացման օրվանից Ալվինա Գիշյանը, Գագիկ Արթուրի Գիշյանը և Հրանտ Արթուրի Գիշյանը փաստացի ընդունել են ժառանգությունը՝ Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցի թիվ 51 հասցեի անշարժ գույքը, և հավասար բաժինների իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգներ են:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում՝ Նոյեմբերյանի նստավայրում, (դատավոր՝ Արման Կուրեխյան) մայիսի 24-ից սկսված դատաքննությանը որպես շահագրգիռ անձինք մասնակից են դարձվել Նոյեմբերյանի քաղաքապետարանը, Սվետլանա Աբրահամյանը, Հրանտ Ալիշի Գիշյանը և Գոհար Գիշյանը:
Հրանտ Ալիշի Գիշյանը և Սվետլանա Աբրահամյանը ամուսիններ են՝ հայցվոր Ալվինա Գիշյանի սկեսրայրն ու սկեսուրը: Նրանք բնակվում են Երևանում և դատական նիստերին չէին մասնակցում:
Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների 49 տան բնակիչ, 1932 թ. ծնված Գոհար Գիշյանը հայցվոր Ալվինա Գիշյանի հանգուցյալ ամուսնու հորեղբոր կինն է: Դատական մի քանի նիստից հետո նա դատարանին գրավոր հայտնել է նշված գույքի նկատմամբ իրավունքներ ունենալու մասին: Տիկին Գոհարը պատճառաբանում էր, որ այդ տունը եղել է իր ամուսնու մոր՝ Շուշան Գիշյանի սեփականությունը, հետևաբար ինքը ևս՝ որպես ժառանգ, այդ գույքից բաժին ստանալու իրավունք ունի:
Գոհար Գիշյանի դուստրը՝1962 թ. ծնված Վարդանուշը, Նոյեմբերյանի նոտարից տեղեկացել էր, որ Շուշան Գիշյանի կտակը, որով նա նշված անշարժ գույքը՝ 91 քմ բնակելի մակերեսով տունը և 1380 քմ տնամերձ հողամասը, իր թոռանը՝ Արթուր Գիշյանին է կտակել, սակայն կտակը վերջինս ժամանակին չի ընդունել: Հետևաբար, ըստ Վարդանուշի՝ Ալվինա Գիշյանը և նրա երկու տղաները չէին կարող հանգուցյալ Արթուր Գիշյանից գույքը ժառանգել:
Հունիսի 22-ի դատական նիստում 69-ամյա Գոհար Գիշյանը չէր կարողանում ըստ էության ներկայացնել իր պահանջը: Դատավոր Կուրեխյանը նիստի ընթացքում զանազան հարցերի միջոցով փորձում էր տարեց կնոջից ճշտել, թե ժառանգության այդ գործում որտեղ են խախտել նրա իրավունքները:
Հուլիսի 8-ի դատական նիստում Գոհարի տված լիազորագրով դատարանում նրա փոխարեն հանդես եկավ դուստրը՝ Վարդանուշ Գիշյանը: Վերջինս դատարանում ասաց, որ իր տատ Շուշանի մահից հետո նրա բոլոր 4 ժառանգները իրավունք ունեն նրա տնից ժառանգություն ստանալու:
«Կա՞ որևէ փաստաթուղթ, որով այդ տունը պատկանել է ձեր տատին»,- Վարդանուշին հարցրեց դատավոր Ա. Կուրեխյանը: Հարցը մնաց անպատասխան:
Դատարանում Ալվինա Գիշյանը ներկայացրեց Նոյեմբերյանի քաղաքապետարանից վերցված տեղեկանքներ այն մասին, որ 1994 թ. այդ տունը և կից հողամասը տնօրինում են Ալվինա, Գագիկ և Հրանտ Գիշյանները, որ նրանք են մուծել տան էլեկտրաէներգիայի, խմելու ջրի վարձերը:
Հուլիսի 1-ի դատական նիստի ավարտին դատարանը հարցում ուղարկեց կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանում՝ պարզելու, թե ում է պատկանում Անտառագործների 51 տնատիրությունը:
Հուլիսի 8-ի դատական նիստում դատավորն ընթերցեց ստացված պատասխանը: Կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումը հայտնել է, որ Անտառագործների (նախկին Երևանյան) 51 բնակելի տան համար 1984 թ.հունվարի 9-ին կազմվել է գույքաթերթ (հատակագիծ) Արթուր Հրանտի Գիշյանի անվամբ: Այդ բնակելի տան նկատմամբ 2008 թ.հունիսի 18-ին կատարվել է պետական գրանցում համասեփականատերերի՝ Հրանտ Ալիշի Գիշյանի և նրա կնոջ՝ Սվետլանա Ավետիսի Աբրահամյանի անվամբ:
Փաստորեն, հայցվոր Ալվինա Գիշյանը և տան ու հողամասի նկատմամբ պահանջներ ներկայացրած Գոհար Գիշյանն անտեղյակ էին, թե ովքեր են գույքի սեփականատերերը:
Դատարանը հուլիսի 11-ին հրապարակեց իր որոշումը, որով հայցվորների դիմումը թողնվեց առանց քննության: Դատարանն արձանագրեց , որ տվյալ դեպքում առկա է իրավունքի մասին վեճ՝ թե դիմողների և Հրանտ Ալիշի Գիշյանի ու Սվետլանա Ավետիսի Աբրահամյանի, և թե վերջիններիս ու Գոհար Գիշյանի միջև:
Գործին մասնակցած անձինք եռօրյա ժամկետում կարող էին դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն չեն բողոքարկել:
Մեկնաբանել