Ջավախքցիների պահանջը ինքնավարությունն է
«Մենք այսօր պահանջում ենք իրավական դաշտում և օրենքների սահմաններում հասնել ինքնավարության: Այսօր Վրաստանը դե ֆակտո դաշնային պետություն է, իսկ Վրաստանի Սահմանադրությամբ իր պետական կառուցաձևի վերաբերյալ կոնկրետ կետ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Արտակ Գաբրիելյանը:
2003 թ.-ից գործող և ավելի քան 30 տարբեր հասարակական կազմերպությունների միավորումից կազմված խորհուրդը մշտապես բարձրացնում է Ջավախքի ինքնավարության հարցը: Մինչդեռ Արտակ Գաբրիելյանը դժգոհում է, որ հայաստանյան մի քանի կազմակերպություններ, այդ թվում նաև ծնունդով ջավախքցիների հիմնադրած կազմակերպությունները Հայաստանում նստած կոպիտ հայտարարություններ են անում Ջավախքի խնդիրների վերաբերյալ և փորձում են հարցերին լուծում տալ` առանց ջավախքցու կարծիքը հաշվի առնելու:
Ա. Գաբրիելյանն ասում է, որ հայտարարություններ կարող են անել, բայց կոնկրետ մի տեսակետ պետք է լինի. «Մենք ասում ենք` ինքնավարությունն է հարցի լուծումը, բայց ամեն կազմակերպություն մի բան հայտարարում է»:
Հայաստանյան մի քանի կազմակերպություններ միավորվել և Ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդ են ստեղծել: Արտակ Գաբրեիլյանը ողջունում է նրանց գործունեությունը, բայց հարցնում է` որտե՞ղ են համակարգում: Ավելին, հայաստանյան այս խորհուրդը կոնկրետ ինքնավարության պահանջ չի ներկայացնում: Օրինակ` ջավախքցիների անունից մի քանի փաստաթուղ է ուղարկվել Եվրախորհուրդ:
«Եթե մեր խորհուրդը սկզբի կետը ինքնավարությունն է նշում, մյուս կազմակերպությունների ուղարկած գրություններում ինքնավարության մասին որևէ խոսք չկա, մեկ այլ կազմակերպություն հայտարարում է, որ Ջավախքում խնդիրներ չկան, միայն սոցիալ-տնտեսական են խնդիրները, որոնք կան նաև Վրաստանի ողջ տարածքում»,- մանրամասնում է Ա. Գաբրիլյանը:
Ա. Գաբրիելյանը հավաստիցանում է, որ Ջավախքը միասնական է. «Եթե Հայաստանի Հանրապետությունից խառնողներ չլինեն, իհարկե Ջավախքը միասնական է»: Լրագրողների հարցին, թե ովքեր են կոնկրետ այդ խառնողները, հստակ պատասխան չի տալիս` տարբեր կազմակերպություններ:
Մեկնաբանել