«Եթե կաթողիկոսը գալիս է Թբիլիսի և Ջավախքով չի անցնելու, նրա գալը իմաստ չունի»
«Եթե կաթողիկոսը գալիս է Թբիլիսի և Ջավախքով չի անցնելու, նրա գալը իմաստ չունի, հատկապես, եթե չի բարձրանալու Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
Մեկնաբանելով կաթողիկոսի նախատեսվելիք այցը Վրաստան` Արտակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ Ախալցխայի հայկական կազմակերպությունները դիմել են Գարեգին Բ-ին, որ այցի ընթացքում անպայման բարձրանա Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի: Հիշեցնենք, որ Սուրբ Նշանը Վրաստանի տարածքում վիճելի համարվող եկեղեցիներից մեկն է, և, ինչպես Արտակ Գաբրիելյանը նշեց, վրացականացման շեմին է:
«Հավանաբար կաթողիկոսի այցելության ձգձգման պատճառներից մեկն էլ դա է»,- կարծիք հայտնեց բանախոսը: Արտակ Գաբրիելյանը համոզված է, որ եթե ցանկություն լինի, կաթողիկոսը այցի ընթացքում կարող է որոշ հարցեր լուծել:
«Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը հավելեց, որ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի օրակարգում է նաև Սամցխե-Ջավախքում առանձին թեմ ունենալը հարցը: Ջավախքում գործող առաջնորդական փոխանորդության հետ հայկական կազմակերպությունները սերտորեն համագործակցում են: Սակայն, ըստ Վալերի Արաբյանի, Ջավախքում առանձին թեմ ունենալը ժողովրդին եկեղեցուն ավելի մոտ գտնվելու հնարավորություն կտա: Նրա խոսքով, հայ բնակչության հիմնական զանգվածը ապրում է Ջավախքում, որտեղ արդեն գործող եկեղեցիներ գրեթե չեն մնացել:
Մեկնաբանել