Օդերևութաբանական անմեղսունակություն
Քանի դեռ երևանցիներն արդեն համարյա 2 շաբաթ տառապում են -15-ից -20 աստիճան ցելսիուսի սառնամանիքից, Հայաստանի օդերևութաբանական ծառայությունները տալիս են եղանակի կանխատեսումներ, որոնք երբեմն ծիծաղելի են:
Այսպիսով, ԱԻՆ-ը դեկտեմբերի 19-ին կանխատեսել էր, որ առաջիկա 5 օրերին՝ ցերեկն ու գիշերը ջերմաստիճանը -10-ից ցածր չի լինի, իսկ ահա 22-ին կանխատեսել էր, որ մինչև ամսի 26-ը ցերեկները Երևանում -8-ից ցածր ջերմաստիճան չի լինի:
Սակայն եղանակի պատմության արձանագրումները վկայում են, որ հենց ամսի 19-ին արդեն ջերմաստիճանը նվազեց մինչև -10, իսկ ամսի 21-ից առ այսօր ջերմաստիճանը Երևանում որևէ ժամի չի եղել -10-ից տաք:
Ընդ որում, ամսի 22-ին ու 19-ին կանխատեսումները տալու պահին դրանք արդեն զգալիորեն տարամիտում էին իրական եղանակի հետ:
Բացի այդ, անգամ ոզնուն է ակնհայտ, որ արդեն 2 շաբաթ է, ինչ ցածր ամպերի ու ծխի պատճառով Երևանում գիշերն ու ցերեկը համարյա նույն ջերմաստիճանն է: Բայց դա հայտնի չի մետեորոլոգներին, ովքեր իներցիայով կանխատեսում էին կոնտինենտալ զոնային հարիր գիշեր-ցերեկային մինչև 10 աստիճան տարբերություն:
Վիճակն էլ ավելի տխուր է wheather.am, pogoda.mail.ru և այլ հանրահայտ աղբյուրներում: Վերջիններս, վերցնելով տեղեկություններ տեղական օդերևութաբանական ծառայություններից, ակամայից տալիս են օնլայն անմեղսունակ կանխատեսումներ:
Մասնավորապես, երբեմն հայտնելով, որ տվյալ պահին (երեկոյան) ջերմաստիճանը -15 է՝ կանխատեսում են, որ առավոտյան կլինի +2: Ու թեև բոլորին ակնհայտ է, որ առավոտյան սովորաբար ավելի ցուրտ է լինում, քան երեկոյան, միևնույնն է, համակարգը, օգտվելով կանխատեսումներից, պնդում է, որ 8 ժամում եղանակը կտաքանա 17 աստիճանով:
Բանն այն է, որ Զվարթնոց օդակայանի և այլ մետեո կայանները տալիս են ճշգրիտ տվյալներ այս պահին ջերմաստիճանի մասին (դրա համար պետք է ընդամենը սովորական ջերմաչափ), իսկ ահա օդերևութաբանական ծառայությունները չեն կարողանում կանխատեսել եղանակը անգամ մի քանի ժամվա համար… Եվ դա այն դեպքում, երբ եղանակը աննախադեպ կայուն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել