
Մալաթիայի «բաց» շուկան (ֆոտոպատմություն)
Երևանի ամենամեծ մրգի շուկան` Մալաթիայի «բաց» շուկան, բաց է տարվա բոլոր եղանակներին: Մի քանի տարի առաջ նախատոնական այս օրերին առևտրականների` մրգերով լի արկղերը հասնում էին գրեթե մինչև մոտակա փողոցների երթևեկելի հատվածները:
Սաստիկ ցրտի, սուպերմարկետների առկայության կամ էլ մեկ այլ պատճառով, Ամանորից երկու օր առաջ շուկայում համեմատաբար քիչ մարդ կար: Գնորդների հայացքներում փորձում էի տոնական փայլ տեսնել: Ապարդյուն: Այս դեպքում արդեն կդժվարանայի միայն ցրտին մեղադրել:
Փոխարենը վաճառողների մեջ քիչ չէին ժպտացողները. հենց նրանցից էլ մի քանի ամանորյա մաղթանք «պեղեցի»: Բնականաբար, ոչ ոք անհավանական բաներ չէր ակնկալում նոր` 2014 թվականից: Շուկայում բերք ու բարիք վաճառողները բոլորիս մաղթեցին առողջություն, համերաշխություն, համբերություն և խաղաղություն:
«Նոր տարվանից շատ սպասելիքներ չունեմ, ուղղակի կցանկանայի` մարդիկ աշխատանք ունենային, որ երկիրը չդատարկվեր. շուկան, որ շուկա է, դատարկվել է»,- ամանորյա իր համեստ մաղթանքի ժամանակ ասաց Մալաթիայի շուկայի մրգավաճառ կանանցից մեկը:
Մեր խոսակցությանը միջամտեց մի այլ կին, ով այդ պահին թեյ էր պատրաստում, ասելով` թե կուզեր, որ ավելի վատ լիներ վիճակը, որ բոլորը լքեին երկիրը, ու իշխանությունները հասկանային, որ այսպես պետք չի կառավարել: Դեռ խոսքը չավարտած` նրան անմիջապես սաստեցին մյուսները` այդպես մի ասա, մի օր լավ կլինի: Մի տղամարդ էլ հիշեց նախագահի մասին հայտնի անեկդոտը. «Մի օր նախագահն իր կնոջն ասում է` թե բա բոլորը լքում են երկիրը, արի մենք էլ գնանք: Կինը թե` այ մարդ, որ մենք գնանք, բոլորը հետ կգան»:
Մրգերի արկղերը մեծ սայլակով տեղափոխող մի մարդ էլ ասաց, որ կուզենար` ժողովուրդը, ոչ թե միայն իշխանությունները, այլ հենց ժողովուրդը մի փոքր ավելի հարգեր աշխատավոր մարդուն:
Մեկնաբանել