
«Լեհաստանի կառավարությունը վախենում է տեղական լրատվամիջոցներից»,-ասում է լեհուհի Էլիզաբեթ Կացան
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» (EPD) կազմակերպությունների կողմից' «Ազգային ներդրում հանուն ժողովրդավարության» օժանդակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Երևանում Հայաստանի և Եվրոպայի քաղաքացիական հասարակության խմբերի մոտ 50 ներկայացուցիչների մասնակցությամբ, ապրիլի 14-ից 15-ը տեղի ունեցավ «Աջակցելով Հյաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» երկօրյա համաժողովը:
Քննարկված թեմաներից էին քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, կառավարության թափանցիկության բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին և լրատվամիջոցների ազատության խթանմանը, ինչպես նաև արդյունավետ կառավարմանը:
«Ամրապնդելով կապը Հայաստանի հասարակական կազմակերպությունների և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի նրանց գործընկերների միջև' մեր գրասենյակը փորձում է խմբերին հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք սովորեն միմյանց փորձից և նրանց մոտ բարձրացնել իրենց սահմանված նպատակները քարոզելու կարողությունը»,-ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, խոսելով Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկա վիճակի ու առկա խոչընդոտների մասին, նշեց, որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց ակտիվ քաղաքացիական հասարակության: Անդրադառնալով ներկա մարտահրավերներին' Ռիչարդ Գիրագոսյանը հայտարարեց, որ 2008թ-ի հետընտրական ճգնաժամը դեռեւս լուծված չէ, որն էլ հանգեցրել է հասարակության բեւեռացմանը, այնուհետեւ նա ներկաների ուշադրությունը հրավիրեց քաղաքացիական հասարակության անելիքների վրա' նշելով, որ այլեւս բավարար չէ քննադատելը, թեպետ դրա կարիքը միշտ է զգացվում:
«Քննադատության հետ մեկտեղ պետք է լինեն նաեւ առաջարկություններ կառավարող համակարգին,-ասաց Ռ. Գիրագոսյանը,-քաղաքացիական հասարակությունը պետք է քաղաքականության մեջ բարձրացնի երկխոսության դերը: Եվ ոչ միայն քննադատել կամ դեմ դուրս գալ, այլ պետք է բանակցել եւ երկխոսել: Որովհետեւ երկխոսությունը պետք է լինի քաղաքականությունների մասին. բայց ոչ անձերի: Մեկ այլ կարեւոր հանգամանք. կառավարությունը պետք է փորձի հասկանալ ինչպես ակտիվ քաղաքացիական հասարակությանը, այնպես էլ ակտիվ ընդդիմությանը: Քաղաքացիական հասարակությունն էլ պետք է ձգտի ոչ միայն դեմ դուրս գալ կառավարությանն, այլեւ փորձի մի շարք խնդիրների հետ կապված համագործակցել կառավարության հետ»:
Հայաստանում քաղաքացիական հասարակության գործելու համար բավարար տեղ չկա' նշեց Ռ. Գիրագոսյանը: Շատ կարեւոր է, որպեսզի կառավարությունը հասկանա, թե ինչու է իրեն հարկավոր ուժեղ քաղաքացիական հասարակություն եւ ինչու պիտի ինքը գնա նրա հետ երկխոսության: Քաղաքացիական հասարակությանն էլ իր հերթին անհրաժեշտ է մարտահրավեր նետել կառավարությանը: Քաղաքացիական հասարակությունը պիտի պայքարի նաեւ քաղաքականության մեջ ազդեցություն ունենալու համար:
Երեւանյան մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն էլ կարեւորեց կառավարման գործում քաղաքացիական մասնակցությունն ու ազատ մամուլի միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացում:
«Սխալ է այն տեսակետը, թե եվրոպական ինտեգրացիան կարող է միայն տնտեսական համագործակցություն նշանակել: Մեր երկրի համար, որ քաղաքականապես համարվում է Եվրոպայի մաս, բնականաբար որեւէ տնտեսական բարեփոխումներ առանց ժողովրդական բարեփոխումների անհնարին է եւ անցանկալի,-ասաց Բ. Նավասարդյանը,- պետք է ակտիվացնել բարեփոխումների գործընթացը, մասնավորապես այն ոլորտներում, որտեղ այդ գործընթացը եւ առաջխաղացումը այդքան ակտիվ չեն կամ շատ դեպքերում հետընթաց է արձանագրում, օրինակ, Հայաստանի դեպքում դա լրատվամիջոցների ազատության խնդիրն է, դա հավաքների ազատության խնդիրն է, որտեղ վերջին տարիներին մենք ունենք ակնհայտորեն հետ նահանջ»:
Ըստ պ. Նավասարդյանի' այդ նահանջը հիմնականում պայմանավորված է նրանով, որ եվրոպական ինստիտուտները, ինչ-որ տեղ կենտրոնանալով ինստիտուցիոնալ փոփոխությունների, օրենքների փոփոխության վրա, չեն հետեւում, թե ինչ է կատարվում մարդկանց հետ, եւ արդյոք ձեւական մակարդակով կատարված փոփոխությունները փոխում են մարդկանց կյանքը:
Եվ քաղաքացիական հասարակության ներգրավումը գործընթացներում դրանով է կարեւոր, որ այն կարող է չափել արագությունը եւ ճիշտ ուղղությունը բարեփոխումների հենց հասարակական տրամադրություններից եւ հասարակության պատկերացումներից ելնելով:
«Սպառողների աջակցման կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչ Աշոտ Միրզոյանին հետաքրքրում էր, թե, օրինակ, Լեհաստանում քաղաքացիական հասարակությունն ինչպես է ազդում կառավարության վրա, ինչ մեխանիզմներ են կիրառվում: Էլիզաբեթ Կացան, պատասխանելով հայ գործընկերոջ հարցին, ասաց, որ իրենց մոտ այդ խնդիրը լուծվել է դեռեւս 90-ականներից:
«Ստեղծվեցին անկախ, ազատ լրատվամիջոցներ, որոնք մի տեսակ մոնիտորինգի դեր էին կատարում կառավարության համար: Մենք հաղորդում էինք ԶԼՄ-ներին ինչ հարմար էինք գտնում, եւ նրանք բարձրաձայնում էին,-պարզաբանեց Է. Կացան,-մեր կառավարությունը վախենում է ԶԼՄ-ներից»:
Կոնֆերանսի մասնակիցներից Գյումրիի «Շիրակ կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վահան Թումասյանը, կարեւորելով նմանատիպ շփումները, նկատեց, որ այն, ինչ իրենք լսեցին երկու օրերի ընթացքում, արտասահմանցի իրենց գործընկերներից, պետք է տեղայնացնել:
«Պետք է նաեւ ակտիվացնել մեր, տեղի հասարակական կազմակերպություններից մեծ մասին, որոնք խուսափում են հրապարակային գործունեությունից: Մենք այսօր առաջնահերթ այդ խնդիրն ունենք»,-նկատեց Վահան Թումասյանը:
«Մեր աշխատանքային խմբում Չեխիայի եւ Լատվիայի ներկայացուցիչներն էին: Նրանք ներկայացրեցին իրենց փորձը, որ կիրառել էին մասնավորապես ընտրությունների ժամանակ: Թե ինչպես էին փորձել բացահայտել շահերի բախումները եւ իրազեկել հանրությանը, թե ում են նրանք պատրաստվում ընտրել եւ փորձել են համայնքի ղեկավարների թեկնածուներին համոզել, որպեսզի նրանք ինչ-որ պարտավորություններ ստանձնեն եւ եթե ընտրվեն, ապա կատարեն դրանք: Շատ հետաքրքիր, կիրառելի փորձ է, որ կարող ենք մենք էլ նկատի ունենալ, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում ընտրություններ են մեր երկրում», -կոնֆերանսի վերաբերյալ իր տպավորությունները փոխանցեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:
Կոնֆերանսի արդյունքներն ամփոփելիս բանախոսները նշեցին, որ քաղաքացիական հասարակության գործունեության մեխը պետք է լինի հանրության ակտիվ իրազեկումն ու ճիշտ աշխատանքը լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվությունը հասնի հասցեատիրոջն առանց աղավաղումների:
Մեկնաբանել