
Հաշմանդամություն ունեցող 73 երեխա ընդունվել է իր համայնքի հանրային դպրոցը
2011թ. հունիսին ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ և «Վորլդ վիժն» կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագիրը, որն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի ներառական և հասանելի հասարակության ստեղծմանը:
Եռամյա ծրագիրը խթանում էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը և ուղղված էր Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների (ՀՈւԱԿ) և ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը' պետական մարմինների հետ համագործակցելու և Հայաստանում հաշմանդամների իրավունքների մասին հանրային իրազեկման բարձրացնելու նպատակով:
Ըստ ՀՀ օրենքի՝ հատուկ կարիքներով երեխաները կրթության իրավունք ունեն: Այնուամենայնիվ, առկա խարանների պատճառով շատ ծնողներ իրենց երեխաներին զերծ են պահում սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում:
Ծրագրի սկզբում իրականացված հետազոտությունները պարզեցին, որ Հայաստանի ծնողների և դպրոցի աշխատակիցների շարքում առկա է սոցիալական նախապաշարմունք, համաձայն որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարող կրթություն ստանալ և կարող են խաթարել ուսումնական գործընթացը:
Վերջին տասնամյակում Հայաստանը սկսել է հրաժարվել հատուկ դպրոցներից և այժմ ստեղծում է հանրային ներառական դպրոցներ, որտեղ կհաճախեն հաշմանդամություն ունեցող երեխաները:
Ծրագիրը սկզբնական փուլում աշխատում էր չորս համայնքի հետ (Երևան, Գյումրի, Ալավերդի, Ստեփանավան), իսկ 2010թ. հունվարից աշխատանքներ սկսեց նաև Կապանում և Սիսիանում' ներգրավելով 37 դպրոց և 30 նախադպրոցական հաստատություն 6 քաղաքում:
Ծրագիրն օգնել է գործընկեր ՀՈւԱԿ-երին բարելավելու իրենց կազմակերպչական և համակարգային հմտությունները, ինչպես նաև ներազդելու որոշումների ընդունման գործընթացների վրա' համագործակցելով տեղի ինքնակառավարման մարմինների և հատուկ կարիքներով երեխաներին սատարող դոնոր կազմակերպությունների հետ: Համատեղ ջանքերի շնորհիվ՝ հաշմանդամություն ունեցող 73 երեխա արդեն ընդունվել է իր համայնքի հանրային դպրոցները:
Հայաստանում հաշմանդամությանն առնչվող խարանը նվազեցնելու համար ծրագիրն իրականացրել է հանրային իրազեկման արշավ' հատուկ կարիքներով անձանց ընկալումն ու նրանց նկատմամբ զգայուն վերաբերմունքը բարելավելու, առկա ծառայությունների վերաբերյալ իրազեկելու և համայնքային կամավորականությունը խթանելու նպատակով:
Վեց գործընկեր ՀՈւԱԿ-եր կազմակերպել են ավելի քան 1000 դասընթաց և կրթական միջոցառում, որոնց մասնակցել են 4546 երեխա (որոնցից 590-ը' հաշմանդամ), 1099 մանկավարժ (ներառյալ հոգեբաններ և հատուկ մանկավարժներ ) և 1856 ծնող: Հայաստանում 60.000 մարդ տեղեկացվել է ներառական կրթության մասին իրազեկման արշավների միջոցով, որոնք հանգեցրել են համայնքներում հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի բարելավմանը:
Համագործակցելով ՀՀ կառավարության և ՀԿ-ների հետ՝ ծրագիրն աջակցել է նաև Հայաստանում ներառական կրթության իրականացմանն՝ ուղղված Ազգային ռազմավարական փաստաթղթի ստեղծմանը, որը ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և կընդգրկվի վերջնիս Գործողությունների ծրագրում:
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել է կայք Հաշմանդամության ազգային կոմիտեի համար (www.disabilityarmenia.am), որը միավորում է բոլոր շահագրգիռ ՀԿ-ներին և ՀՈւԱԿ-երին և նպաստում նրանց գործունեության համակարգմանը:
Բազմամասնագիտական խումբը հետազոտել է հաշմանդամություն ունեցող 1503 երեխայնի' նրանց կրթական կարիքների բացահայտման և անհատական ուսումնական ծրագիր կազմելու նպատակով:
Ծրագրի շրջանակում հրապարակվել է ներառական կրթության վերաբերյալ հինգ դասագիրք: 25 հանրակրթական դպրոցներում տեղադրվել են սայլակների մուտքն ապահովող հարթակներ:
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է սկսել նոր ծրագիր, որը կխթանի Հայաստանում հավասար զբաղվածության հնարավորությունները և կաջակցի հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկմանը աշխատանքային շուկայում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել