HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Էհ, Աստված ջան, եթե այս գործին եմ մնալու, թող եկող տարի ավելի շատ սեմուշկա ծախեմ»

Մայր Աթոռի բակում արեւածաղիկ վաճառող Անահիտ տատին գրեթե բոլորն են ճանաչում: Նա արդեն 4-5 տարի է` ամառ, թե ձմեռ, նույն գործին է: Մինչ մարդիկ տոնական առեւտրով են զբաղված եւ խանութից խանութ են շտապում, Անահիտ տատը եկեղեցու բակում սառույցի վրա կանգնած իր օրվա հացն է վաստակում: Այսօր էլ նա շտապել էր «աշխատավայր», բայց կեսօրն անց էր՝ դեռ առեւտուր չէր արել:

«Էս եղանակն էլ ա իմ դեմ դուրս եկել, ցուրտ ա, առեւտուր չի լինում: Բայց ոչինչ, Անահիտ տատը յոլա կգնա, թող մարդիկ ուրախ լինեն, իրենց առեւտրով զբաղվեն, ինձ էլ թող չհիշեն»,-ինքն իրեն հույս էր տալիս Անահիտ տատը եւ արագ-արագ հետ ու առաջ անում սառույցի վրա, որ ոտքերը չսառչեն:

Բացի բոլորին առողջություն մաղթելուց, Անահիտ տատը այլ բարեմաղթանք էլ ուներ. «Ցանկանում եմ, որ մենակ խաղաղություն լինի, թեկուզ սոված ու ծարավ մնանք, բայց խաղաղ ապրենք: Խաղաղությունից լավ բան չկա, բալես: Հիմա ես սառույցի վրա կանգնած եմ, բայց ես իմ կյանքն ապրել եմ, մեր զինվորը դիրքերում ա սառում, բա համեմատելո՞ւ բան ա: Անահիտ տատը թող մի քիչ էլ հիվանդանա, բայց մեր բալեքը առողջ լինեն, կռիվ չլինի, որ ես էլ ստեղ հանգիստ սեմուշկա ծախեմ»:

Հարցին, թե ինչ է ցանկանում, որ եկող տարում կատարվի, Անահիտ տատը նշում է. «Եթե մեր ղեկավարությունը մի քիչ թոշակս բարձրացնի, էլ չեմ գա կանգնի այստեղ: Հիմա 20.000 դրամ թոշակ եմ ստանում: Գործս չեմ սիրում, ստիպված աշխատում եմ: Նոր տարի ա, եկել եմ, որ մի բան ծախեմ, տենամ ինչ կարող եմ առնել: Ճեմարանի ուսանողներն են ինձ պահում, նրանք են հիմնական առեւտուր անողները»:

Անահիտ տատը համաձայն չէր, որ արեւածաղիկը վատ բան է եւ չպետք է վաճառվի փողոցներում. «Ինձնից չառնեն, խանութից կառնեն մարդիկ, լավ չի՞, որ գան ինձնից առնեն ես էլ ուրախանամ, իրենց էլ օրհնեմ ու ճանապարհեմ: Եթե վատ բան ա, թող չարտադրեն, խանութներն էլ չլցնեն: Սեմուչկեն շատ լավ բան ա, զբաղմունք ա մարդկանց համար,-ասում է Անահիտ տատն ու հավելում,- էհ, Աստված ջան, եթե այս գործին եմ մնալու, թող եկող տարի ավելի շատ սեմուշկա ծախեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter