HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այնթափն ապրում է քաղաքային կյանքով

Նարեկ Խաչատրյան

Այնթափ գյուղն Արարատի մարզի վարչական տարածքում է, իրականում այն ավելի շուտ Երեւանի շարունակությունն է եւ, կարծես, արվարձանի դեր է կատարում:

Այդ իսկ պատճառով, Այնթափն ապրում է ոչ այն է գյուղական, ոչ այն է քաղաքային կյանքով: Հանրապետության ամենախոշոր գյուղերից է, որտեղ գրանցված է 9700 բնակիչ, բայց փաստացի ավելի քան 10 հազար մարդ է ապրում (այս հանգամանքը պայմանավորված է գյուղի երեւանամերձ լինելով): Ի տարբերություն հեռավոր գյուղերի, որտեղ աշխատանք գտնելը գրեթե անհնար է, այստեղ բնակչության թիվ մեկ` զբաղվածության հիմնախնդիրը հեշտությամբ լուծվում է Երեւանի հաշվին, եւ մարդիկ դուրս գնալու փոխարեն ձգտում են բնակվել երեւանամերձ հատվածում ու օգտվել վերջինիս ընձեռած բազմաթիվ առավելություններից: Այդ է նաեւ պատճառը, որ այստեղ տնատեղ հողատարածքն ահավոր թանկ է` 300 քմ-ը վաճառվում է նվազագույնը 10 հազար դոլարով: 

Գյուղի հեռանկարային զարգացման համար ժամանակին թողնված պահուստային հողերը վաղուց ամբողջությամբ «սպառվել են»: «Մինչեւ իմ համայնքապետ ընտրվելը գրեթե ամբողջն իրացվել էր: Մնացել էր մոտ 7 հա, դա էլ վաճառվեց իմ համայնքապետության ընթացքում` 3-4 տարի առաջ»,- ասում է 1999-ից Այնթափի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Թարվերդյանը: Ընդ որում, վերջինիս ներկայացմամբ` վերջին հողակտորները վաճառվել են բավականին էժան գներով: Գնորդները հիմնականում երեւանցիներ են: «Քաղաքից հոսքը շատ-շատ է, կամ հող են առնում տուն կառուցում կամ պատրաստի տուն են առնում: Կան դեպքեր, երբ գյուղացին իր տնամերձից 3-4 հարյուր քմ առանձնացնում, վաճառում է: Երեւանաբնակների այստեղ տեղափոխվելը մի կողմից լավ է, մյուս կողմից էլ գյուղի բնավորությունն աստիճանաբար փոխվում է: Քաղաքացին բոլորովին այլ մտածողություն ունի, բնիկ այնթապցին` այլ»,- ասում է համայնքապետը: 

Այնթափն այլեւս Երեւանին կպած փոքր քաղաք է եւ բազմաթիվ առումներով իր հարցերը Երեւանի հաշվին է լուծում: Այստեղ քաղաքային տրանսպորտ է աշխատում, եւ գյուղից Երեւան հասնելը մի քանի րոպեի հարց է: Կենցաղային խնդիրները նույնն են, ինչպես ամբողջ հանրապետությունում: Վերջին երկու տարիներին խմելու ջրի մատակարարումը խիստ վատացել է: Մինչ այդ ջրամատակարարումը եղել է շուրջօրյա, հետո անցել են գրաֆիկի, որ «ոչ ժամ ունի, ոչ` պատարագ», ջուրը մեկ լինում է, մեկ` ոչ, իսկ թե ե՞րբ է լինում, ոչ ոք չգիտի: Բազմիցս դիմել են Ջրային տնտեսության ղեկավարներին` խնդրելով գյուղը «Հայջրմուղի» համակարգից տեղափոխել «Երեւան ջուր» ընկերության սպասարկման: Մերժում են: Բայց, ինչպես նշեց համայնքապետը, վերջերս հավաստիացրել են, որ շատ շուտով գյուղը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: 

Գյուղի շուրջ 80%-ը գազաֆիկացված է, բայց ներքին ցանցում գերպեների սակավաթիվ լինելու պատճառով գազի ճնշումը շատ թույլ է: Համայնքապետի ներկայացմամբ` «ՀայՌուսգազարդն» իրավիճակով այնքան էլ հետաքրքրված չէ, այդ իսկ պատճառով էլ եւգ գերպեները, եւգ գազի շուրջ 1000 մ խողովակների ավելացումը կատարվում է համայնքապետարանի հաշվին: Աշխատանքներ են տանում գյուղում երեք նոր համապատասխան սարքավորումներ ավելացնելու համար, որպեսզի ճնշումը փոքրիշատե կարգավորվի: Այլապես գյուղը հազարից ավելi սպառող ունի, եւ գերպեներն աշխատում են սահմանվածից եռակի ավել ծանրաբեռնվածությամբ:

Գյուղատնտեսությունն Այնթափում երկրորդ-երրորդ պլան է մղված: Համայնքապետի ներկայացմամբ` 1999 թ. Այնթափում մոտ 460 հա ցորեն էր մշակվում: Ցանքատարածություններն աստիճանաբար պակասել են, եւ 2007 թ. գյուղում 50 հա ցանք անգամ չի արվել: «Եթե անկեղծ լինեմ, գյուղի հողերի մեծ մասը չի էլ մշակվում: Գյուղացիների հազիվ 30%-ն է գյուղատնտեսությամբ զբաղվում: Մնացածները, չնայած չեն մշակում, բայց, որպես կանոն, հողից չեն էլ հրաժարվում: Հարեւանն էլ տեսնելով, որ կողքի հողատարածքը չի մշակվում, վերջինիս տիրոջ հետ բանավոր պայմանավորվածությամբ ինքն է սկսում այն մշակել: Արդյունքում բավականին լուրջ խնդիրներ են առաջանում հարկերը հավաքագրելիս: Հողի օրինական տերը, պատճառաբանելով, որ ինքը չի մշակել, հրաժարվում է վճարել` առաջարկելով, որ դա անի մշակողը, վերջինս էլ հրաժարվում է` ասելով, թե անտեր հող է մշակել, «հանրօգուտ գործ եմ արել, բերք ու բարիք ստեղծել, գյուղին էլ փրկել եմ մոլախոտերի եւ փշի տարածվելուց, համ էլ վճարե՞մ»,- դիլլեման ներկայացնում է համայնքապետը: 

2007 թ. հողի հարկի պլանն ապառքի հետ միասին կազմել է 9 մլն դրամ: Դեկտեմբերի կեսերի դրությամբ հավաքագրվել էր շուրջ 5 մլն դրամ եւ, համայնքապետի հավաստիացմամբ, վերջնարդյունքում այն կազմելու էր 70%: Լ. Թարվերդյանի ներկայացմամբ` կան այնպիսիները, որ տարիներ ի վեր ընդհանրապես չեն վճարում: «Մարդկանց նեղացնում ես, չի լինում, չես նեղացնում, մի տեսակ արհամարհում են: Իհարկե, ընդհանրապես չմուծողները քիչ են, բայց, ի վերջո, մուծելու են»,- ասում է համայնքապետը: Նրա խոսքով` փորձում են հարցերը լուծել համոզելով, բացատրելով, որ չմուծելու դեպքում տուգանքներ են գումարվելու, որ ավելի վատ է իրենց համար: «Ծայրահեղ դեպքում դատարանը կա, բայց դա ցանկալի չէ: Ընդ որում` ամբողջ հարցն այն է, որ գրեթե բոլորն էլ վճարունակ են եւ մուծելուց չեն հրաժարվում: Ասում են` կմուծենք, բայց ե՞րբ, պարզ չի»: Վարձակալությամբ տրված 7 հա հողի վարձավճարներն էլ ամբողջությամբ չէին հավաքագրվել: Տարվա պլանը 280 հազար էր (160 հազար ապառքով), հավաքագրվել էր ընդամենը 190 հազար դրամ: Ինչ վերաբերում է գույքահարկին, վերջին երկու տարիներին հավաքագրումը կատարվում է գյուղում եւ, մոտավոր կանխատեսումներով, 2007 թ. գույքահարկի հավաքագրումը կազմելու էր շուրջ 60%: 

Գյուղի բյուջեն դոտացիայի հետ մեկտեղ 64 մլն դրամ է (դոտացիան 29 մլն դրամ է): 2008 թ. համար արդեն նախատեսել են, որ դոտացիան հիմնականում օգտագործելու են գյուղի փողոցների ասֆալտապատման համար: Հավանաբար, դրանով հնարավոր կլինի ասֆալտապատել երկու փողոց, քանի որ 2007 թ. մի փողոցի ասֆալտապատումն արժեցել է շուրջ 15 մլն դրամ: Բյուջեից տարեկան 6-7 մլն դրամ էլ հատկացվում է օգնության ֆոնդին: «Հատկապես հիվանդանոցներին շատ ենք գումարներ փոխանցում, պատահում է` մինչեւ 300 հազար դրամ: Ուսման վարձ եմ փոխանցում: Ձգտում եմ բոլոր դիմողներին հնարավորինս օգնել, ընդառաջել»,- ասում է համայնքապետը: 

Ինչ վերաբերում է բյուջեին եւ եղած գումարների ճիշտ օգտագործմանն ու այդ գործընթացի վերահսկմանը, համայնքապետը պատասխանեց. «11 հոգանոց ավագանի ունենք: Իհարկե, սրանցից մի քանիսին սկզբում թվում էր, թե խոպան են եկել, ի վերջո հասկացան, որ դա լուրջ գործ է: Բայց կան մեկ-երկուսը, որ չեղած տեղից գլխիդ սարքում են, էլ ու՞ր մնաց փորձես ինչ-որ բան անել: Դժգոհում են, թե փողոցներն անանցանելի են: Ասում ես` ասֆալտապատենք, հիմա էլ դառնում են, թե` ուզում ես ասֆալտել, որ մեջտեղը փող ուտե՞ս: Փորձում ես ինչ-որ բան առաջարկել, քննարկել, մի ժամ հետո ամբողջ գյուղը գիտի եւ այն տարբերակով, որ ոչ թե առաջարկ է եղել, ոչ թե քննարկում, այլ որոշում է ընդունվել եւ վաղվանից գործը սկսելու են»: Ավագանու բոլոր 11 անդամներն էլ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են: Ինչպես հասկացվեց, գործող համայնքապետը ընտրվելիս մրցակից է ունեցել (դարձյալ հանրապետական), որի կողմնակիցների մի մասն էլ ընտրվել է ավագանու անդամ եւ հիմա «վերահսկողի դերում են»:

«Մինչ օրս որեւէ մեկին դատի չեմ տվել` անկախ պահվածքից, անկախ արածից: Ինձ օրական դատի են տալիս եւ հիմնականում հողերի ավել-պակասի, քիչ ու շատի, ծուռ ու ուղիղ լինելու համար: Գիպրոզեմի ներկայացուցիչները չափագրումներն անելիս ինչպես տեսել, այնպես էլ անձնագրավորել են: Արդյունքում ամենօրյա վեճ ու կռվի մեջ ենք, օրումեջ դատարան են կանչում: Կադաստրն էլ հարցն իրենից հեռացնելու հեշտ ձեւը գտել է. ասում է` քարտեզը դուք եք հաստատել, վերջում ստորագրել եք, դուք էլ լուծում տվեք: Լուծումն էլ, որ անկեղծ լինեմ, չի երեւում»: 

Գյուղացիներն, ընդհանուր առմամբ, դժգոհ չէին համայնքապետ Լեւոն Թարվերդյանի գործունեությունից: Աշոտ Բաբայանը նշում է, որ գյուղում բավականին կայուն գրաֆիկով աղբահանություն է իրականացվում, փողոցներն աստիճանաբար կարգի են բերվում: Բնակիչ Արամ Պետրոսյանն էլ նկատեց, թե «ամբողջ գյուղը Երեւանում է ապրում, Երեւանի հաշվին, գյուղում երեխեքն են, կանայք ու ծերերը: Համայնքապետարանին էլ մնում է ընդամենը հարկերը հավաքել, որ իրեն աշխատավարձ տա եւ գյուղի ջրի ու գազի հարցերը լուծի, դա՞ էլ չանի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter