HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանում է ընթերցողների հարցերին

Արեգ - Ուրախ եմ, որ հնարավորություն է ընձեռվել Ձեզ հարց ուղղելու, սակայն գեթ մեկ րոպե չեմ կասկածում, որ չեք պատասխանի:

Ճանաչելով Ձեզ որպես դասախոս` թույլ եմ տալիս ասել ինձ, որ Դուք ստում եք, որ 1993 թ. Ձեր ելույթից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը փախավ դալիճից, երբեք ու երբեք չեմ հավատա` անձամբ ճանաչելով Ձեզ: Չի սազում Ձեր նման մարդուն ստելը` հանուն պաշտոնի կամ ինչ-որ հովանավորչության ու գամարի:

Իմանալով հանդերձ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի գա Ձեր հետ բանավեճի, ինչու՞ եք անընդհատ այդ մասին թմբկահարում:

Արամ Հարությունյան - Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համալսարանի գիտխորհրդի դահլիճում գործադուլային կոմիտեի պահանջով 1993 թ. հուլիսի 3-ին հանդիպում է ունեցել համալսարանականների հետ եւ իմ ելույթի ընթացքում լքել է դահլիճը: Համալսարանի կոլեկտիվի ժողովը մյուս օրն անվստահություն է հայտնել ՀՀ նախագահին, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնանկ է արվել ռեկտորը: Կարող եք ճշտել համալսարանի գիտխորհրդի անդամներից, Լևոն Տեր-Պետրոսյանից կամ Բաբկեն Արարքցյանից, իսկ եթե դժվարանաք կամ ձեր կասկածները չփարատվեն, ապա կարող ենք մեր թանկ րոպեների հաշվին ցուցադրել այդ տեսանյութը:

Ռոման Մելիքյան - Հարգելի պարոն Հարությունյան, 
2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ երկրորդ փուլ անցնելու ժամանակ ո՞ր կողմին եք սատարելու` աջակցելու, եթե համապատասխանաբար Դուք չանցնենք երկրորդ փուլ: 

Արամ Հարությունյան - Ես նպատակ չունեմ որեւէ թեկնածուի քարոզարշավով զբաղվելու:

Մանվել Սարդարյան - Հարգելի պարոն Հարությունյան,
1. Շատերն այսօր չեն հիշատակում հոկտեմբերի 27-ի գործը: Դուք էլ եք համարու՞մ, որ գործը լիովին բացահայտված է:
2. Դուք իսկապես անկա՞խ եք հանդես գալիս, թե՞ այլ ուժերի պատվեր եք իրականացնում:
3. Մի կողմ թողնելով "կոմպլեմենտարիզմը"` Դուք ավելի ավելի շատ ռուսամե՞տ եք, թե՞ արևմտամետ:

Արամ Հարությունյան - 1. Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված ամբողջական տեղեկություն չունեմ: Եթե որեւէ մեկն ասելիք ուներ, դա պետք է ասվեր դատարանում: Ամեն դեպքում, բարոյական չէ «27-ի» շահարկումը ընտրությունների ժամանակ: Մասնավորապես անընդունելի է առաջին նախագահի տեսաերիզներում ազգային հերոս Վազգեն Սարգսյանին գետնի վրա պառկած ցուցադրելը:  
2. Եթե քաղաքական դաշտի վերաբերյալ բավարար տեղեկացված լինեիք, ապա այդ հարցը Ձեզ մոտ չպետք է առաջանար:
3. Ես հայամետ եմ: 

Վահան -Դուք ընդդիմությու՞ն եք Սերժ Սարգսյանին:

Արամ Հարությունյան - Հակառակ դեպքում չէի առաջադրվի:

Կարեն
 -Պրն Հարությունյան,
-Կարո՞ղ եք ասել` որո՞նք են այսօրվա իշխանությունների բացթողումները, եւ որո՞նք են ձեռքբերումները:
- Եթե ընտրվեք նախագահ, ո՞վ է լինելու վարչապետի Ձեր թեկնածուն:
- Ի՞նչ է Ձեզ համար ազատությունը:

Արամ Հարությունյան - Ամենատարբեր ոլորտներում մենաշնորհների առկայությունը, քաղաքական եւ տնտեսական բլոկների սերտաճումը` իր բոլոր հետեւանքներով: Ղարաբաղյան հարցում ոչ պարտվողական դիրքորոշումը: Տնտեսության որոշակի աշխուժացումը:
Վարչապետի թեկնածուն նախագահի թեկնածուների մեջ է, եւ ես այսօր չէի զբաղվի նրա քարոզով: 
Ընտրւթյան հնարավորություն ցանկացած պարագայում:  

Փոքր մարդ 
- Հարգելի նախագահի թեկնածու, շատ մեծ սիրով և հարգանքով լցված ձեր՝ որպես Արարչի հրաշալի ստեղծագործության հանդեպ՝ որպես մարդու, ուզում եմ հարցնել. ինչու՞ դուք էլ ճիգ չեք գործադրում, որպեսզի հայ ժողովուրդն օր առաջ ապրի ավելի հրաշալի երկրում, ավելի բարեկեցիկ կյանքով, հավատում եմ ձեր ազնվությանը, ձեր բարությանը, ձեր մարդ կոչումին, ինչպես նաև` հավատում եմ, որ դուք խորը գիտակցում եք ձեր հնարավոր անցողիկությունը, ինչու՞ ինչ-որ մեկի օգտին չեք հանում ձեր թեկնածությունը, դա կլինի Լեւոնը, թե Սերժը` նշանակություն չունի, այստեղ կարևորն այն կլինի, որ դուք չարհամարհեցիք Հայ ժողովրդին, իսկ եթե ճանաչելիության հարց եք ուզում լուծել, խնդրում եմ, ի սեր Աստծո, մեր ժողովրդի համար այս վճռորոշ ժամանակահատվածում մի լուծեք ձեր այդ հարցը, կյանքը դեռ ձեզ լի ու լի հնարավորություններ կտա դրա համար:

Արամ Հարությունյան
 - Եթե դուք արդեն կատարել եք ձեր ընտրությունը, ապա ես ողջունում եմ այն: Սակայն ես ունեմ իմ ընտրազանգվածը, որի առջեւ կրում եմ պատասխանատվություն:

Աշոտ - Անհասկանալի է մնում այն, որ դուք 100 տոկոսով հավատացած լինելով, որ չեք ընտրվելու, միեւնույն է առաջադրվել եք, ի՞նչ քաղաքական սպեկուլյացիայի եք գնում, միայն չասեք, թե ընտրվելու շանս ունեք, այլ դեպքում, կարծում եմ, ոչ միայն իմ եւ շատերի, այլ Ձեր ծիծաղը կգա:   

Արամ Հարությունյան - Եթե ձեր համոզմունքը հիմնված է կեղծված ընտրությունների արդյունքների վրա, ոչինչ չեմ կարող ասել:

Սաթիկ - "…անմիջականորեն մասնակցել է ղարաբաղյան գոյամարտին, մասնավորապես կենսական նշանակություն ունեցող Լաչինի ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը, ազատագրմանը եւ ինքնապաշտպանական մարտերին":
Ձեր կենսագրության մեջ այս նախադասությունն ամենալղոզվածն է, լինելով մաթեմատիկոս`ինչու՞ կոնկրետ չեք գրում:

Արամ Հարությունյան - Փաստն, ինչի մասին դուք խոսում եք, շատ կոնկրետ է, այլ բան է, որ մանրամասն չէ: Դրանից ավելին հնարավորություն չի ընձեռում եթերային ժամանակը: Եթե ձեզ անձամբ հետաքրքրում է, կարող եք խնդրել տեսաերիզը:
 
Մակբեթ -Հարցս ուղղված է ՀԵՏՔ-ին: Հարգելի ՀԵՏՔ, եթե մի երկու հատ քֆուր գրեմ, չեք ջնջի, չէ՞:

Արամ Հարությունյան - Ողբերգությունը ոչ միայն Ձեր անվան, այլ նաեւ հոգու մեջ է:

Վահան - Դուք Տիգրան Կարապետիչին ձեզ մրցակից համարու՞մ եք: Չե՞ք կարծում, որ նա ձեզնից մի քիչ բարձր տոկոսներ ունի:

Արամ Հարությունյան - Բոլոր առաջադրված թեկնածուները մրցակիցներ են: Իրական տոկոսները հաշվում են չկեղծված ընտրություններից հետո:

Մհեր - «Հայր մեր»-ը գիտե՞ք:  

Արամ Հարությունյան 
- Իհարկե: Դա չի կարող հարց լինել հայ քրիստոնյայի համար:

Սոնա - Պրն Հարությունյան, Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ: Եթե կան, ապա Ձեր ղեկավարած կուսակցությունն ի՞նչ է անում նրանց ազատելու համար: Կոնկրետացնեմ հարցս. Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին քաղբանտարկյալներ համարու՞մ եք, թե՞ ոչ:
Եւ ի՞նչ հարաբերություններ ունեք Պարույր Հայրիկյանի հետ:

Արամ Հարությունյան 
1. Ձեր նշած անձանց մենք, իրոք, համարում ենք քաղբանտարկյալներ:
2. Այդ մասին մեր մտահոգությունը հնչեցրել ենք ասուլիսների ընթացքում:
3. Այնպիսին, ինչպիսին ցանկացած քաղաքական գործիչները:

Վահան - Նույնիսկ մեկ շտաբ չունեք, ո՞նց եք անցնելու 2-րդ փուլ: 
Եթե կասեք,որ ձեւավորում եք, ապա միայն թեզ կփչեք մեր աչքերին:

Արամ Հարությունյան
 - Դա ընդամենը Ձեր կարծիքն է:

Արամ 
- Ձեր ընտանիքում նորմա՞լ են վերաբերվում այն բանին, որ դուք արդեն երկրորդ անգամ ջուրն եք գցում 8 մլն դրամ` ստանալով դասախոսի փոքրիկ աշխատավարձ։ Քանի՞ անգամ եք էլի պատրաստվում առաջադրվել նախագահի թեկնածու։ 

Արամ Հարությունյան - 1. Իմ ընտանիքում հավատում են ինձ:
2. Այնքան ժամանակ, մինչեւ իմ գաղափարներն իրականացնելու պատրաստ մեկ այլ թեկնածու կտեսնեմ պետության ղեկին:

Արամ 
- Նախկին իշխանավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ իշխանությունից հեռացվելուց հետո ցավոք մնացին անպատիժ: Խոստանու՞մ եք, արդյոք, նախագահ դառնալու պարագայում կազմակերպել արդար դատ դրանց նկատմամբ:  

Արամ Հարությունյան - Նախագահը չպետք է միջամտի արդարադատությանը:

Արմեն Սերոբյան - Պարոն նախագահի թեկնածու, 
Հարց- 1.Եթե ընտրվեք նախագահ, ապա աշխատելու՞ եք այս խորհրդարանի հետ:
Հարց- 2. Եթե ընտրվեք նախագահ, ապա ձեր կառավարության ղեկավարը կլինի՞ Ս. Սարգսյանը:
Հարց- 3. Դուք ցանկություն հայտնեցիք բանավիճել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, արդյոք դուք չե՞ք լսել կամ կարդացել նոյեմբերի 16-ի հանրահավաքի նրա ելույթը: Արդյոք դուք չգիտե՞ք, որ նա խոստացավ չպատասխանել ոչ մի ուրիշ թեկնածուի ռեպլիկների ու հարցերի եւ «մեղադրանքների»:
Հարց-4. Հավատու՞մ եք, որ դուք կդառնաք նախագահ:
Հարց-5. Ու՞մ կպաշտպանեք 2-րդ փուլում, եթե անցնեն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ս. Սարգսյանը: Եթե ոչ ոքի, ապա արդյոք կկրկնե՞ք ձեր հանրահայտ ֆրազը` «Ես չեմ պաշտպանի Կարենի Դեմիրճյան Ստեփանին»: Իհարկե, այս անգամ այլ անուն-ազգանուն-հայրանունով:
Հարց -6. Քանի՞ անդամ ունի ձեր կուսակցությունը, միայն ազնիվ, խնդրում եմ:
Հարց-7. Դուք ընդդիմությու՞ն եք ներկա վարչակազմին:
Հարց -8. Դուք, որքան հասկանալի էր ձեր ասուլիսից, 20 տարի է քաղաքականության մեջ եք, արդյոք ինչ-որ ներդրում ունե՞ք այդտեղ: 
Հարց-9. Վերջերս հայտարարեցիք, թե առաջին նախագահը «փախավ» ձեր ելույթից հետո: Դուք ազնի՞վ պայքար եք որդեգրել:
Հարց-10. Արդյոք ազնիվ՞ եք 1993 թվականի այդ էպիզոդի ներկայացմամբ: 

Արամ Հարությունյան 
1. Որոշումը կլինի ընտրվելուց հետո:
3. Բանավեճը ռեպլիկ կամ մեղադրանք չէ:
4. Առանց հավատի մի քայլ նույնիսկ չի կարելի կատարել:
5. Ես չեմ ցանկանում որեւէ մեկի քարոզով զբաղվել:
6. Մոտ 5.000 անդամ:
7. Իհարկե:
8. Հարցը հասկանալի չէ ձեւակերպված:
9. Այդ հարցին ես արդեն պատասխանել եմ: Ինքնին հասկանալի է:

Արամ - 1. Պարոն Հարությունյան, ինձ հետաքրքրում է, թե ու՞մ գրպանից է գնացել առաջադրվելու համար ձեր կողմից վճարված գրավը:
2. Եթե ձեր, ապա բացի դասախոս լինելուց ԵՊՀ-ում էլ ինչո՞վ եք զբաղվում, որ այդ փողը պատրաստ եք այդքան հեշտ կորցնել:
3. Որ չլինեիք թեկնածու, ու՞մ կընտրեիք:

Արամ Հարությունյան 
- Համենայնդեպս, ոչ ձեր գրպանից:

Արամ Հարությունյան - Այն հարցերին, որոնցով հեղինակներն ավելի շատ նպատակ են հետապնդել հարցը հնչեցնել` չակնկալելով պատասխան, նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter