HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին

Սիրելի հայրենակիցներ,

Փետրվարի 19-ին դուք կանգնելու եք ձեր ապագան սեփական ձեռքերով կերտելու լրջագույն պատասխանատվության առջեւ։

Սերժ Սարգսյանի ընտրության պարագայում մեր երկրում որեւէ դրական տեղա­շարժ չի լինելու, այլ ընդհակառակը, ավելի են ծավալվելու այն բո­լոր արատավոր երեւույթները, որոնք առկա էին Ռոբերտ Քոչարյանի նախա­գահության օրոք, այսինքն.

– Շարունակվելու է ժողովրդի անխնա կեղեքումը եւ ազգային հարստության կուտա­կումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում.

– Խորանալու է հասարակության բեւեռացումը. հարուստներն ավելի են հարստա­նալու, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանալու.

– Տնտեսության ահագնացող մոնոպոլիզացումը վերջնականապես սպառնալու է միջին եւ մանր գործարարության գոյությանը.

– Չեն դադարելու իրավապահ մարմինների, հարկային տեսչության, մաքսային վարչության կամայականություններն ու օրինազանցությունները.

– Արտագաղթի շարունակվող գործընթացը վերածվելու է դեմոգրաֆիական աղետի.

– Վիժեցվելու է աննախադեպ հանցագործությունների՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահա­բեկ­չության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի ու գազի ներկրման հետ կապված մեքենայությունների բացահայտումը.

– Չի հաղթահարվելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը. մեծանալու է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը։

Մինչդեռ իմ ընտրության պարագայում տեղի է ունենալու նշված փակուղային զար­գացումների ճիշտ հակառակը, այն է՝ ավազակապետական համակարգի կազ­մա­քան­դում, սահմանադրական կարգի վերականգնում, ժողովրդավարական ազատու­թյուն­ների կենսագործում, օրինականության հաստատում, տնտեսավարողների համար հավասար հնարավորությունների ստեղծում, ազատ մրցակցության ապահովում, սե­փա­կանության անձեռնմխելիության երաշխավորում, կառուցողական արտաքին քաղա­քա­կանության իրականացում եւ այլն։ Գումարած՝ ժողովրդի սոցիալական վիճակի կտրուկ բարելավմանն ուղղված այն բոլոր միջոցառումները, որոնք արտացոլված են իմ ծրագրում։ Դրանք են.

– Առաջիկա հինգ տարիների ընթացքում միջին աշխատավարձի եռակի եւ միջին կենսաթոշակի քառակի բարձրացումը.

– Պետական պարտատոմսերի թողարկման միջոցով քաղաքացիների խորհրդային ավանդների հատուցման արագացումը.

– Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների զգալի հավելումը.

– Զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդների նկատմամբ համա­ներման կիրառումը.

– Բուհական ուսման վարձերի ձեւավորման կանոնակարգումը եւ դրանց աճը զսպող մեխանիզմների մշակումը.

– Պետության կողմից սոցիալական շինարարության լայնածավալ ծրագրի իրա­կանացումը, եւ այլն։

Ընտրությունն, այսպիսով, կայանալու է ոչ թե անհատների, այլ երկրի զարգացման երկու հնարավոր ճանապարհների միջեւ, որոնցից մեկը անխուսափելի կործանման, մյու­սը՝ փրկության ճանապարհն է։ Այլ կերպ ասած՝ մեկը ներկա ավազակապետական վարչախմբի եւս տասը տարվա տիրապետության մղձավանջն է, մյուսը՝ նորմալ պետու­թյուն կառուցելու հեռանկարը։

Ամեն ինչ կախված է ձեր կամքից ու վճռականությունից, ձեր քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամությունից, երկրի ապագայի կերտումը ձեր սե­փա­կան գործը համարելու գիտակցությունից։

Կատարեք ձեր պարտքը, եւ ոչ մի դաժանաբարո ուժ, ոչ մի բռնություն, ոչ մի ընտրակեղծիք չի կարող կասեցնել մեր ընդհանուր հաղթանակը։

24 հունվարի, 2008 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter