HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Հայկական թեյը» ճանաչված չէ Հայաստանում

Ուրցը ծաղկման շրջանում հավաքում են մոտակա գյուղի բնակիչները` Սիսիանի, Կապանի, Գորիսի բարձրադիր հարթավայրերից եւ սարերից: Այդ տարածքներում ուրցի հոտն ավելի ուժեղ է, իսկ յուղի պարունակությունը` շատ:

«Բիո ունիվերսալ» ընկերությունը գյուղացիներից այն գնում է արդեն չորացված վիճակում եւ դեղաբույսից արտադրում թեյ, յուղ, օշարակ, թուրմ եւ համեմունք: 

«Հայաստանում աճում է ավելի քան 3200 բուսատեսակ, որոնցից 1500-ը դեղաբույս է: Բազմաթիվ են այն տեսակները, որոնք աճում են միայն Հայաստանի տարածքում: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով` մենք որոշեցինք բույսերի` հիմնականում հայտնի տեսակներից արտադրել թեյեր, եթերայուղեր եւ համեմունքներ»,- պատմում է ընկերության ֆինանսական տնօրեն Յուրի Չիլինգարյանը: 

Ուրցի տերեւներից պատրաստվում է թեյ, ցողուններից` յուղ, իսկ մնացորդներից` համեմունքներ խորտիկների եւ հորած պանրի համար: Օրինակ` 1գ ուրցի եթերայուղով կարելի է մշակել 100 կգ միս: Այն չեզոքացնում է մսի հոտը եւ երկարացնում մթերքի պահպանման ժամկետը:

Այս հոտավետ ապրանքները կիրառվում են նաեւ բուժման նպատակով: Ուրցի թեյը կանոնավորում է նյութափոխանակությունը, մաքրում օրգանիզմն ալկոհոլի եւ թմրանյութերի վնասակար ազդեցություններից, կարգավորում արյան ճնշումը, իսկ ուրցի յուղերը թարմացնում եւ վերականգնում են մաշկը: Հոդացավերի ժամանակ ուրցի եթերայուղով մերսումները հանգստացնում են մկանները: Ուրցի հոտը նույնիսկ ոչնչացնում է մանրէները:

Դրանք օգտագործվում են նաեւ դեղամիջոցների արտադրության մեջ, քանի որ պարունակում են քիմիական տարրեր` կալիում, կալցիում, մագնեզիում: 

«Բիո ունիվերսալ» ընկերությունը սկսեց գործել 2 տարի առաջ: Այդ ընթացքում «Մանանա» ապրանքանիշով տեսականու մեջ ավելացան նաեւ մամուխից, ալոճից, մասուրից, դաղձից, անանուխից եւ այլ դեղաբույսերից պատրաստված թեյեր, օշարակներ ու յուղեր: 

Այդ խոտաբույսերը նույնպես հայտնի են բուժիչ հատկություններով: Օրինակ` ալոճի օշարակն ուժեղացնում է սրտամկանի կծկումները, բարելավում սրտի եւ ուղեղի արյան շրջանառությունը, կանոնավորում սրտի ռիթմը: Մամուխի օշարակն օժտված է հակաբորբոքիչ եւ նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով:

Այս խոտաբույսերը, թեպետ ավանդաբար կիրառվել են հայ բժշկության մեջ, բայց շատ քիչ են գրավում հայ գնորդներին, որոնք ավելի շատ նախընտրում են ներկրված սեւ եւ կանաչ գույնի թեյերը: 

Պատճառներից մեկն այն է, որ «հայկական թեյը», համեմատած ուրիշ թեյերի հետ, թանկ է: Ասենք, մեկ տուփ ուրցի թեյի ինքնարժեքը 1300 դրամ է, խանութում այն վաճառվում է 1560 դրամով: Իսկ 1գ ուրցի եթերայուղն արժե մոտավորապես 5 ԱՄՆ դոլար: 

Այս հանգամանքն էլ նվազեցնում է արտադրանքի մեծ ծավալներով իրացումը հայկական շուկայում: 

«Բացի այն, որ ապրանքի ինքնարժեքը բարձր է, գումարվում է նաեւ ավելացված արժեքի 20 տոկոս հարկը, սա խանգարում է փոքր արտադրողներին: Մենք պահեստավորել ենք մեր ապրանքը, բայց արդեն մեկ տարի է չենք կարողանում իրացնել շուկայում: Դաղձ եւ մասուր ունենք մթերած, բայց դեռ չենք փաթեթավորել: Մինչդեռ պատրաստ ենք ավելին արտադրել եւ մեծացնել մեր արտադրողականության ներուժը, որը հիմա 25-30 տոկոսից չի անցնում»,- ասում է պրն Չիլինգարյանը

«Գնի բարձր արժեքը մենք փոխհատուցում ենք որակով,- ավելացնում է տնօրենը,- մեր թեյի մեջ միայն ուրցի տերեւներն ու ծաղիկներն են, մինչդեռ շուկայում կան շատ ուրցի թեյեր, որոնք մատուցվում են ջարդած տերեւների կամ նույնիսկ փոշիացրած տեսքով, որի մեջ ամեն ինչ կարելի է ավելացնել` փաթեթը ծանրացնելու համար: Երբեմն ավելացնում են նաեւ ներկող եւ հոտավետ նյութեր: Այդ առումով մեր արտադրանքը էկոլոգիապես մաքուր է եւ այդ պատճառով թանկ»: 

Որպեսզի գնորդը համոզվի, որ գնում է մաքուր ուրց` առանց գունային եւ հոտային խառնուրդների, կարող է փորձել մի հնարք. ուրցի տերեւները տաք ջրում ավելի լավ են բացվում եւ գույն տալիս, քան սառը, իսկ արդեն մեկ անգամ օգտագործված թեյի ծրարը երկրորդ անգամ օգտագործելու դեպքում թեյն ավելի հոտավետ է դարձնում, իսկ գույնը` ավելի վառ:

Փոքր ընկերության համար փաթեթավորումը նույնպես թանկ հաճույք է, մանավանդ, եթե արտադրողը մտադիր է դուրս գալ արտասահմանյան շուկա: Ընկերությունը ներկրում է հատուկ թուղթ, որի մեջ փաթեթավորվում են բույսերը: Հատուկ թղթի փաթեթը պահպանում է բույսի հոտը: 

Բույսերի մշակման եւ եթերայուղերի, օշարակների արտադրության համար կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ: Օրինակ` եթերայուղերը պատրաստվում են բացառապես ապակյա սարքավորումներով: Սա շատ կարեւոր է, քանի որ բացառվում է յուղերի եւ մետաղյա սարքերի շփումը. բարձր ջերմաստիճանի պայմաններում մետաղից անջատվում են միացություններ եւ խառնվում յուղերին: Թեյերի թերթիկներն առանձնացվում են մաղերի միջոցով եւ ձեռքով, բույսի վրայի փոշին հավաքվում է օդափոխության միջոցով: 

«Բիո ունիվերսալ» ընկերության ֆինանսական տնօրենն ասում է, որ հայկական շուկան իր արտադրանքի համար փոքր է: Ընկերությունն իր զարգացման հնարավորությունը տեսնում է միայն արտահանման մեջ:

«Հայկական թեյով» հետաքրքրվում են ամբողջ աշխարհից` Չինաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Ռուսաստանից, աֆրիկյան պետություններից: Առաքման պայմանագրերի կնքման գործընթացները բանակցային փուլում են:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter