HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Ճանապարհ

«Նստենք մի պահ»,- երկար ճանապարհ ընկնելուց առաջ ասում է փորձառուն, իմաստունը:  Ու բոլորը նստում են ճամպրուկի վրա կամ էլ ճամպրուկի կողքին` ճանապարհ գնացողի հետ:

Եվ սովորաբար լռում են:  Այս ծեսը, սովորույթն իր մեջ ներառում է լռելը` նպատակ ունենալով մոռացված ինչ-որ բան վերջին պահին հիշելու խոր իմաստը` մի թուղթ, մի լուր, անձնագիրը կամ էլ ուղետոմսը:  Կենցաղային բան հիշելու զուտ գործնական խորհուրդն ունի, անշուշտ, ճանապարհից առաջ նստելու այդ պահը: Շատ պարզ բաներ են հիշվում սահմանային վիճակում`շատ կենսական: Ճշմարտությունը հասնում է պարզունակության նման դեպքերում, երբեմն: (Մահամերձի մահճի մոտ ամենատափակ իմաստնությունները կարող ենք լսել, եկեղեցու խորանի առաջ կանգնած մարդը ձեռքերը չի կարողանում իր վրա տեղավորել ու անպարզ, միամիտ ցանկություններ է մտմտում: Դատարանում վերջին խոսքի իրավունքից  հաճախ հրաժարվում է մինչ այդ իրեն կրքոտ պաշտպանող ամբաստանյալը: Եվ էլի շատ հանգամանքներում արագ ու դիպուկ գործողությանը փոխարինում է անհայտ, ներքին մի արգելակումից բխող լռությունը):  

Եթե դա այդպես է, ապա մենք էլ քեզ հետ միասին, սիրելի’ հայրենակից, նստենք մի պահ փետրվարի 19-ին նախագահի մեր ընտրությանը գնալուց առաջ ու պարզենք մեզ համար մեր անելիք քայլի ամենավերջին ու պարզ նպատակը:

Ընտրել` նշանակում է համատեղ նախագծել մեր ապագան

Սա հասկացած լինելով` եկենք չվախենանք, որ թեկնածուների առատությունն ու լայն ընտրությունը մեզ կարող են շփոթության մեջ գցել: 

Ոչ թե լսենք ու հասկանանք, թե ինչ են ասում նրանք, այլ լռենք ու հիշենք, թե ինչ են արել նրանք: Եվ եթե մոռացել ենք ինչ-ինչ բաներ մեր ճանապարհից առաջ, ապա դրանք վերցնենք մեզ հետ կամ, հնարավոր է, նաեւ տանք մոռացության ու թողնենք անցյալում: Վերցնենք օգտակարն ու պիտանին, վերցնենք ամենաանհրաժեշտը, որը մեզ պետք է գալու մեր ճանապարհին: Մի քանի շտրիխով տանք նախագահի թեկնածուների ու մեր լուռ երկխոսությունը:

Արտասահմանի մեր հայրենակիցները ծառայությունից խուսափողների համաներումն ակնկալելով` կոչ են անում ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: 

Քսան հազար հայ երիտասարդի ճակատագրի հետ ենք խաղում: 

Անշուշտ, այս պահով մտածել է պետք Հիմնադրի հետ ճանապարհ ընկնելուց առաջ: Հիմնադիրը, վերարժեւորելով իր ղեկավարման տարիները, մեկնաբանում է նաեւ իրեն շրջապատած մարդկանց անբասիր անցյալը: Նա հպարտությամբ է հիշում իր զինակիցներին: Ասում է, որ իր մերձավորները եղել են ազնիվ:

Դա ասում է Հիմնադիրը: «Եվ եթե ասում է Հիմնադիրն, ուրեմն դա ճշմարտություն է»,- այսպես կարծում եւ ասում է մեր հավաքականության մի մասը: Ես այդպես չեմ կարծում: Այդ ստվար զանգվածը, կարծելով, որ Հիմնադրի բերանով ճշմարտությունն է խոսում եւ համարելով նրան ամենաուժեղ թեկնածուն, կոչ է անում մեզ գնալ նրա հետեւից: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին ամենաուժեղ թեկնածուն չեմ համարում: 

Պետություն-բիզնես տարանջատման կենսական կարեւորության հասնող ներքին ըմբռնում կա Վազգեն Մանուկյանի ծրագրի մեջ: Ցավոք, սահմանային վիճակներում ներքին ինքնավստահությունը հաճախ վտանգավոր դրսեւորումներ է ընդունում ու կտրում է միջավայրից նրան, ինչը այս գործչի կերպարին տալիս է ռոմանտիկ երանգավորում: Հիշենք` ինչից սկսվեց մեր անկախացումը ու հիշենք «Գնացքից թռնելու ժամանակը» հոդվածը: Ավգուստին Երանելին գրում է  «անցյալի, ներկայի ու ապագայի տրոհված անպիտան ժամանակի» մասին: Այդ ոչ վաղ անցյալում նրա կողմից այլ կերպ հասկացվեց ժամանակը: Թերեւս Վազգեն Մանուկյան գործիչը միակն է, որը հետեւություններ է արել շարժումից ու իր ծրագրով արդեն մոտ է ժամանակի ամբողջական լինելու փաստը ըմբռնելուն:

«Հետքի» համար գրված իմ հոդվածաշարում ես հիշատակում եմ մեր երկու առաջնորդներին: Դա գալիս է այն ներքին համոզումից, որ մեր արդի պատմության զարգացումներն առավել ցայտուն են դրսեւորվել հենց այս երկու անձի համատեղ կամ հակադիր պայքարի համատեքստում:  Վազգեն Մանուկյանն էլ ամենաուժեղ թեկնածուն չէ: Ես սկզբունքորեն համաձայն չեմ իմ այն հայրենակիցների կարծիքի հետ, որոնք կոչ են անում միավորվել ուժեղ թեկնածուի շուրջը` ի նկատի ունենալով երեւի թե այս երկու գործիչներից մեկն ու մեկին: 

Առաջինը` ես ասացի ու նաեւ չեմ կարծում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ էլ Վազգեն Մանուկյանն է ամենաուժեղ թեկնածուն: Եվ երկրորդը` ընդհանրապես ինձ համար խորթ է որեւէ մեկի ետեւից գնալու միտքը: Մեր ժողովուրդն ամբողջապես ձեռք չի բերել գաղափարներով շարժվելու կուլտուրան, ինչին հետեւում է ազատ ընտրության ներընկալումը: Քաղաքակիրթ աշխարհն անձի ետեւից գնում էր շատ հարյուրամյակներ առաջ: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց գնում է ընտրության: Եվ ինձ համար ընկալելի է միայն «ընտրության գնալու» կոչը: 

Իսկ հիմա, հիմք ունենալով մեր վերջին Ազգային ժողովի ընտրությունը, խոսենք ուժեղ թեկնածուի մասին: Որպես առկա փաստ` «ուժեղ թեկնածուն» ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանն է: Սերժ Սարգսյանին սատարում է լեգիտիմ, նույն ժողովրդական հանրային քվեով ընտրված Ազգային ժողովի ճնշող մեծամասնությունը, նրան սատարում են ժողովրդի կողմից ընտրված համարյա բոլոր թաղապետերն ու համայնքապետերը, նրան սատարում են բանակն ու ոստիկանությունը, սատարում են համարյա բոլոր հայրենակցական միությունները, համարյա ողջ արցախահայությունը: Նրա հետ է իր իղձերի իրականացումը կապում հայ հավաքականության մեծ մասը: Նրան սատարում է խոշոր ու միջին սեփականատիրական խավը, պետական ծառայության մեջ գտնվող համարյա ամբողջ նոմենկլատուրան, բուհական դասախոսակազմն ու ուսանողության մեծ մասն ու էլի շատ-շատերը: Այդ ի±նչ հաշվարկով եք, սիրելի ժողովուրդ, ուժեղ թեկնածու ընտրել ու կոչ եք անում գալ ձեր ետեւից: Ինչեւէ: Ասել եմ ու կրկնում եմ. 

Մեկի ետեւից գնալու կոչ չեմ ընդունում ու նաեւ գնալու կոչեր չեմ անում

Եվ ով էլ որ ղեկավարի մեր պետության նավն ապագայում, այն լողալու է հարավկովկասյան բարձրավանդակում` մի փոքր հեռու Եվրոպայի ափերը ողողող ջրերից: Այս մասին խոսել ենք նախորդ հոդվածներում եւ կխոսենք նաեւ մի քիչ ուշ: Այն բանից հետո, երբ մի փոքր լրացում կկատարենք նախագահի ղեկին հավակնող մնացած թեկնածուների մասին: Քանզի նրանք էլ այդ նավի հին ու նոր ղեկերին մոտ կանգնածներից են: 

ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, իմ գնահատմամբ, կազմել ու կազմում են իշխանության մաս եւ ազգային նախագծի իմաստով, լինելով Հանրապետական կուսակցության մտակրկնօրինակը, իմացական ու վերլուծական իմաստով հետաքրքրություն չեն ներկայացնում այս հոդվածաշարի հեղինակի համար: Ընդհանրապես, մյուս թեկնածուների ծրագրերն այս կամ այն կերպ իրենց լոգոտիպով կրկնօրինակում են իմ կողմից հիշատակված երեք թեկնածուների նախագծերը եւ իրենց բովանդակությամբ մնում են նրանց ծրագրերի որոշ պարագրաֆների ծավալում:  Եվ այսպես, ո±ր ջրերում է վարելու հայ ազգի նավն այսօրվա վարչապետը ու նաեւ վաղվա ամենահավանական նախագահը: 

Հարավկովկասյան բարձրավանդակում ծվարած «ծովից ծով» Հայաստանում

ԽՍՀՄ փլուզման հետ զուգահեռ հարավկովկասյան երեք նորաստեղծ պետությունների ֆոնի վրա սկսեց ուրվագծվել Անդրկովկասի ուրվապատկերը: ԽՍՀՄ կազմի մեջ քնած անարդարությունները բարձրացան ջրի երես ու դարձան օրվա խնդիր: Սկսեցին փլուզվել նաեւ Մեծ կայսրության փոքրիկ կայսրիկությունները, որոնցից էին Վրաստանն ու Ադրբեջանը: Մեծ Հայրենիք հասկացությանը սկսեց փոխարինելու գալ «Մայր Հայրենիք» գաղափարը: Ի±նչ սկսեցին հասկանալ վրացին, ադրբեջանցին, հայը եւ մնացածները «Մայր Հայրենիք» ասելով, դրանով էլ պայմանավորվեց տվյալ ազգի` պետության հետ կապված գաղափարի իրացումը:

Ադրբեջանցին §Մայր Հայրենիք¦ ասելով հասկացավ սումգայիթյան նախերգանքով սկսված իր զբաղեցրած աշխարհագրական տարածքի մաքրազարդումը:
Հայը հասկացավ, որ սկսվել է հերթական գոյապայքարը: 
Հայության գոյապայքարը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի: 
Ավտոնոմիաներից ձեւավորված Վրաստան կոչված շինծու կոնգլոմերատը դարձավ միջազգային իրավունքի ու բարբաջանքի մի անսպառ ոլորտ երկու համաշխարհային պատերազմի միջով անցած քաղաքակիրթ կոչված աշխարհի համար, ինչը շարունակվում ու դեռ շատ երկար է շարունակվելու` տարածաշրջանը պահելով լարվածության մեջ: 

Հարյուրամյակներով կռվել ու համատեղ գոյատեւել են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Անգլիան, Իտալիան: Նրանք մի դաշտում կռվում էին, մյուս դաշտում գաղափարներ ու մշակույթ էին կիսում:  Նախաբեմում պատերազմ էր, բայց կուլիսներում զարգանում էր առեւտուրն ու շարունակվում էր փոխհարաբերությունը: Կային կենսական շահեր, որոնք տեւական ներզարգացումների արդյունքում բերելու էին խաղաղ համակեցության: Եվրոպական միտքն ու մշակույթը, դրանց կրողներով, թափառել են եվրոպական մայրաքաղաքներով` սերմանելով ապագա համակեցության դաշտը: Ոչ մի մայրաքաղաք չի դառնում Անդրկովկասի Փարիզը, որտեղ պետք է ծնվեր կոնֆլիկտներն իմաստավորող ու հարթող միտքը: 

Չկա, փաստորեն, մեզ` անդրկովկասյան երեք ճանաչված ու մի խումբ չճանաչված պետություններին միավորող ոչինչ, բացի անհոգի ու անսիրտ մարդու իրավունքների հռչակագիրը: 

ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության մասին խոսում էին հատկապես ռուսները:

Քաղաքակիրթ Եվրոպայի առաջ դրվեց ժողովուրդների բարեկամության մասին գրված կինոսցենարը: Լռեցին, ժպտացին ու հանձնախմբեր սկսեցին ուղարկել` կոնֆլիկտը լուծելու: Այն դեպքում, երբ սրտով նկարահանված ֆիլմը մի քանի հանձնախմբից ավելի օգտակար կլիներ: Ո’չ ռուսին է պետք մեր կոնֆլիկտը լուծի, ո’չ էլ Եվրոպային: Ես դա հասկացել եմ վաղուց ու գրել եմ այդ մասին: ԽՍՀՄ-ի աղճատված մանրակերտը դեռ գոյատեւում է Սարատովի երկաթուղայինների ապրանքային շուկայում: Չի լուծվելու կոնֆլիկտը: Դրա ներըմբռնումը չկա էլիտաների մակարդակով: Լուծումը պետք չի վերեւում նստած` իրենց ազգերի հաշվին ապրող վերնախավերին: 

Սարատովի շուկայում 20 աստիճան ցրտին իրար հետ կողք-կողքի չեն կանգնել հայ ու ադրբեջանցի նախագահներն ու օլիգարխները: Փախստականի մասին են խոսում, բայց նրանք ոչ փախստական են տեսել, ոչ էլ փախստական են եղել: Այս էլիտաներով խաղաղ գոյակցության սկիզբ չի դրվելու:  Ես գրում եմ հայրենիքը կորցրած մարդկանց մասին` Մեծ Հայրենիքն էլ, Մայր Հայրենիքն էլ կորցրածների մասին: Մաքրեք «ազգային» գոռացող ցանկացած մարդու վրայից ազգային շպարը ու կտեսնեք, որ տակը ոչինչ չմնաց: Հիմա էլ նոր բառ են հնարել՝ «կոմպլեմենտար»:  Քսան աստիճան ցրտին մարդիկ ազգ ու ազգություն չեն հարցնում, մի բաժակ տաք թեյ են իրար հասցնում: Սարատովի §Սեննոյ¦ շուկայի առաջ ցրտից կծկված ղարաբաղցի Զոյային չի հետաքրքրում, թե Հայաստանի արտգործնախարարը կամ Հայաստանի ղեկավարը որ նավի վրա, կամ որ բարձրաշխարհիկ սալոնում ում  հետ ինչ է ուտում ու ինչ «կոմպլիմենտ» է փոխանակում: Կամ էլ` Մոսկվայում Հայաստանի ղեկավարի ոտքի տակ ինչ գույնի գորգ փռեցին: Նա իր ոտքի տակի` ցրտից ճաքած հողին է նայում: Նա հեռուստացույց նայելու ժամանակ էլ չունի, դրա ժամանակը ղարաբաղցի Իբրահիմն ու նրա կինն էլ չունեն:

Սփյուռքը բարերարներից ու Քըրք Քըրքորյաններից չի կազմված միայն, այն կազմված է սարատովյան մայթեզրին ծվարած, մեջքի աղի կուտակումից բողոքող անանձնագիր ռաֆիկներից նաեւ: «Մայր Հայրենիք» ասողը թող մտածի դրա մասին էլ: Եվ ուզում եմ վերջապես ի մի բերել իմ այս վերջին թեզը:
Հայ-ադրբեջանական հարաբերություններն անտանելի ճգնաժամի մեջ են: 

Լուծումը պետք է հասունանա էլիտաների մակարդակով: Նրանք են պատասխանատուները: Ժամանակի ամբողջականության ըմբռնումը չկա այդ էլիտաների մեջ: Ըմբռնում, որը ներառում է ժամանակի բոլոր երեք հատվածները` անցյալը, ներկան ու ապագան: Ժողովուրդներն ու վերնախավերն ապրում են տարբեր ժամանակների մեջ: Ամենայն հավանականությամբ, մենք կստանանք վերարտադրված կիսահերոսական այս նույն վերնախավը: Այդ վերնախավի չզարգացող հոգեբանությունը մեզ դեռ մի քանի տասնամյակ կպահի ժամանակային վակուումի մեջ: 

Վազգեն Մանուկյանի կողմից հիանալի բնորոշված այս «թոշակառու պետությունն» այսպես կգոյատեւի լավագույն դեպքում էլի երկու տասնամյակ: 

Երբ այստեղից գնացածը կտանի իր մոտ կամ կմոռանա իր հարազատին, այն ժամանակ կդադարեն դրամական հոսքերը, ու կսկսվի տնտեսական կոլապսը: Երբ խոսում ենք ապագայի մասին, չմոռանանք, որ ժամանակն աշխատում է նաեւ մեր հարեւանների օգտին:

Արեւը դուրս է գալիս եւ’ անմեղների, եւ’ մեղավորների համար

Եթե թափ տանք նախագահացուների ծրագրերի վրայի ազգային փոշին, ապա կտեսնենք, որ նրանք ասում են նույն բանը: Հանրությանը ներկայացվող պետականության կառուցման բոլոր ինը նախագծերն իրենց մեջ պարունակում են անցյալը ու գրված են ներկայի համար: Այդ ծրագրերը չեն թափանցում ապագայի ժամանակային խորքը: Բարեբախտաբար, ժամանակի ըմբռնման նույն աստիճանին են նաեւ մեր հարեւանները: Դա է ծնում մեր մեջ զարգացման թյուր տեսիլքը, որն անդրկովկասյան համայնապատկերի աղճատված լանդշաֆտի ֆոնին` հայ վերնախավը կազմող մազութի Համոների ուղեղում թափառում  է որպես մի ուրվական, որպես միֆ, իսկ ազգային պետության չըմբռնված գաղափարը` Երկիր Նաիրին, որպես ֆիկցիա:

Հ.Գ.

Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում եւ սեր` ամեն ինչում

Ներսես Շնորհալին պետք է որ ծանոթ լիներ Ավգուստին Երանելու ստեղծագործությանը, ու նա նույնպես իր նախորդի նման այս խոսքերով ի նկատի ունի ժամանակը: Ներսես Շնորհալին նույնպես զգացել է ժամանակի տրոհվածությունը: Դա հիանալի է երեւում նրա հայտնի «Աղոթքի» մեջ: 

Այս կարճ մաքսիմը նույնպես փորձ է` սինթեզելու տրոհված ժամանակը:

Անցյալը` ժողովրդին միաբանող հավատն ու մշակույթը, նա համարում է գլխավորը: Ներկան, որը պարունակում է աշխարհիկ կյանքն ու ժողովրդի կեցությունը, մտածողը համարում է երկրորդային եւ ասում է` եղեք ազատ ու զուսպ: Ապագան նա տեսնում է սիրո հեռանկարում: 

«Ամեն ինչը» հասարակական պատմական այն լանդշաֆտն է, որի վրա փոխազդելով` զարգանում է մարդը: Ժամանակի օրգանական սինթեզի ու դրա ամբողջական ըմբռնման մասին է ասում հայ հանճարը: 

Նա հայ հավաքականությանը հարատեւման բանաձեւն է տալիս:
Իսկ մեզ մնում է սպասել ու հուսալ, որ նոր նախագահն անվրեպ կիրագործի Շնորհալու պատվիրանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter